Ողբերգական դեպք՝ Տավուշում. հրշեջները հայտնաբերել են կնոջ մոխրացած մարմինը

Այսօր՝ հուլիսի 13-ին ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18-30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում կայարանում՝ մաքսատան հարևանությամբ, տուն է այրվում:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ հրդեհը մարելուց հետո հրշեջները երկաթուղային փողոցի թիվ 21 տանը հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 85-ամյա Լուսիկ Դ.-ի դին՝ մոխրացած վիճակում:

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:

Հուլիսի 15-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

10։00-16:00 Շիրակի փ․ 4-րդ նրբ․ 8, 8ա, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-15:00 Աթոյան անց․ 11, 13, 15, 17, 19, 21 շենքեր, Ազատամարտիկների փ. 76, 78 շենքեր,

11։00-17:00 Տիգրան Մեծի պող. 27, 27ա, 29, 29ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Մարգարյան փ. 4, 6, 17, 19, 23 շենքեր, Ֆուչիկի 1-ին նրբ․ 13, 15, 17 շենքեր, Մուշ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գոգոլի փ. 3-5 շենքեր, Ռուբինյանց փ. 2-6 շենքեր, Քանաքեռ 6 փողոց 1 նրբանցք 2 առանձնատներ, Քանաքեռ 6 փողոց 1-34 առանձնատներ, Քանաքեռ 7 փողոց 1-37 առանձնատներ, Ֆանարջյան փ. 5/1-28, 48/7-52/7 առանձնատներ, թիվ 117 դպրոց, Սարկավագի փ. 42/2-42/14 առանձնատներ, Հասրաթյան փ. 15-40/3 առանձնատներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդ-Մոլդովական փողոցների խաչմերուկի հարակից առանձնատներ, Մոլդովական փ. 49/93, 49/57 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթ Մալյան փ. 20 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզ՝

10:30-12:30 Մխչյան գյուղ մասնակի,

10:00-13:00 Սիսավան գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

10:00-16:00 Եղեգնաձոր քաղաք՝ Երևանյան խճուղու 1, 1/1 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Ագարակաձոր գյուղ մասնակի,

10:30-12:30 Արտավան գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

10։00-13:00 Ֆանտան, Ալափարս և Բջնի համայնքներ, «Բջնի» հանքային ջրերի գործարան, «Խորդանա» ՍՊԸ, «Կար-Կոր» գազալցակայան, «Յուքոմ», «Վիվա-ՄՏՍ», «Թիմ Տելեկոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-14։00 Բալահովիտ գյուղ մասնակի,

11։00-16։00 Աբովյան քաղաք՝ Սարալանջ թաղամաս մասնակի,

Գեղարքունիքի մարզ՝

10։30-16։30 Սևան քաղաք՝ Նաիրյան փ. 129-153 առանձնատներ, Նալբանդյան փ. 24-35 առանձնատներ, Սայաթ-Նովայի փ. 4-10 առանձնատներ, Սյունյաց փ. 13 առանձնատուն, «Գոմաձոր» թաղամաս մասնակի, Հեռուստակայան, «Մարս» կոոպերատիվ, «Էռլիան» ՍՊԸ, «Հայ Փոստ» ՓԲԸ, «ՏԷԱՄ» ՓԲԸ, Սևանի ոստիկանության բաժնի պահուստային սնուցում, «Կ. Մովսիսյան» տարածք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Շիրակի մարզ`

11:00-17:00 Աշոցքի տարածաշրջան՝ Ցողամարգ, Գոգհովիտ, Թորոսգյուղ, Արփենի գյուղեր, «Մանուշակ» մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Սյունիքի մարզ`

09:30-12:00 Կավճուտ գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Ռուսաստանն ունի բավարար հնարավորություններ՝ արձագանքելու Եվրոպայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայմանը. Պեսկով

Ռուսաստանն ունի բավարար հնարավորություններ՝ արձագանքելու Եվրոպայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայմանը, սակայն այս դեպքում պոտենցիալ զոհերը կլինեն եվրոպական մայրաքաղաքները։

Այս մասին նախազգուշացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինի հարցերին։

«Միշտ էլ եղել է պարադոքսալ իրավիճակ՝ ԱՄՆ-ը տեղակայել է տարբեր տեսակի հրթիռներ, տարբեր հեռահարության, բայց ավանդաբար ուղղված մեր երկրին, համապատասխանաբար, մեր հրթիռների թիրախ են համարում եվրոպական կետերը»,- ասել է Պեսկովը։

«Պարադոքսալ իրավիճակ է․ Ամերիկան շարունակում է գումար վաստակել, Եվրոպան մեր հրթիռների թիրախում է, իսկ մեր երկիրը՝ Եվրոպայում գտնվող ամերիկյան հրթիռների թիրախում։ Մենք արդեն անցել ենք դա։ Այդ ամենն արդեն եղել է»,- զգուշացրել է Կրեմլի ներկայացուցիչը։

Կրակոց՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հուլիսի 13-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Մեծամորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի ննջասենյակում՝ անկողնում հայտնաբերել են նույն տան բնակիչ 55-ամյա Արթուր Ա․-ի դին։ Մարմնի մոտ հայտնաբերվել է նրա անվամբ հաշվառված «ԻԺ 18 Ե» տիպի 16 մմ տրամաչափի մեկ փողանի որսորդական հրացան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված հրացանով կրակոց է արձակել իր ձախ կրծքավանդակի շրջանին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Գերիների հարցով այս ամբողջ ընթացքում կառավարությունը ոչ մի քայլ չի արել. Սրբազան

Խոսել ենք մեր գերեվարված հայրենակիցների մասին։ Այդ ամբողջ գործընթացի մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի քայլ չի արել, Չարենցավում բնակիչների հետ հանդիպմանն ասել է Բագրատ Սրբազանը։

«Ամենամեծ խոչընդոտը այս կառավարությունն է, այս չարիքը։ Դուք որևէ ձայն լսե՞լ եք Հայաստանի իշխանության կողմից։ Ժամանակին աղաղակում էին՝ հերոս գերիներ, հերոս գերիներ, որովհետև իրենց թվեր էր պետք»,-ասել է Սրբազանը։

Ի հեճուկս նիկոլական ջանքերի, Սրբազանը չվարկաբեկվեց․ բոլոր նախադրյալները կան պայքարի նոր փուլի համար

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ, հաղորդում է «Առավոտը»։

 Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ 

Տաթև Մամրեյան․ «Նիկոլական թևն անընդհատ համոզում է մարդկանց, որ եկեղեցին իրավունք չունի խառնվել պետության գործերին։ Ի՞նչ եք կարծում այս մասին»։ 

Արմեն Աշոտյան․ Նիկոլական քարոզիչների նման պնդումները ոչ միայն անհիմն են, այլև անգրագետ։ Թվարկեմ ընդամենը մի քանի փաստով։ 

1 ) Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միջև հարաբերությունները հստակ կարգավորված են թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ համապատասխան օրենքով։ Եկեղեցին երբեք չի խախտել դրանք, ի տարբերություն նիկոլական իշխանությանը։

2 ) Եկեղեցին պետության նման հիմնադրվել է հայ ժողովրդի կողմից։ Փաստացի նրա մանդատը նույնքան առաջնային է, որքան պետությանը, պարզապես շատ ավելի հին։

 3 ) Նիկոլենք դիտավորյալ նույնականացնում են իրենց «կառավարությունը» պետության հետ, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից և քննադատությունից, ինչի իրավունքը ունեն ՀՀ-ում գործող բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ կրոնական։ Եկեղեցին ոչ թե «խառնվում է» պետության գործերին, այլ քննադատում է կառավարությանը, ինչը լիովին օրինական է։ 

4 ) Եկեղեցականներն ունեն միևնույն իրավունքները և ազատությունները, ինչ ՀՀ ցանկացած քաղաքացի։ Ավելին, նորմալ ժողովրդավարական երկրներում կրոնական կառույցները քաղաքացիական հասարակության կարևորագույն էլեմենտներից են և ազատ են իշխանությունների նկատմամբ իրենց կարծիքների մեջ։ 

Իսկ Նիկոլենց հարձակումները եկեղեցու վրա հասկանալի են․ Նրանց «թազա Հայաստանում» ազգային և բարոյական արժեքներ դավանող այդ կառույցը տեղ չպետք է ունենա։ 

Սիլվի Պողոսյան․ «Չինաստանն ակտիվացել է մեր տարածաշրջանում, վերջերս էլ նոր պայմանագիր ստորագրեց Ադրբեջանի հետ։ Ի՞նչ ազդեցություն այն կունենա Հայաստանի վրա»։ 

Արմեն Աշոտյան․ Փաստացի մեկ տարվա ընթացքում Հարավային Կովկասի 3 պետություններից երկուսը՝ Վրաստանն ու Ադրբեջանը, ռազմավարական բնույթի փաստաթղթեր ստորագրեցին Չինաստանի հետ, իսկ նիկոլական Հայաստանը ոչ միայն մնաց Սերժ Սարգսյանի թողած դիրքում, այլև անհայտ քայլեր արեց հակառակ ուղղությամբ (մտավ հակաչինական դաշինք, արհամարհեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովները և այլն): Այնինչ Չինաստանը ոչ միայն հզորագույն տնտեսություններից և ամենաազդեցիկ գեոպոլիտիկ խաղացողներից մեկն է, այլև մեր բնական դաշնակիցը պանթուրքիզմի դեմ։ 

Ուշադրություն դարձրեք հետևյալ զարգացումների վրա։ Որքան էլ Եվրոպա-Չինաստան առևտրային ուղիների քողի ներքո Թուրքիան և Ադրբեջանը փորձեն մատուցել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», չինական ներդրումները այս պահին գնացին այլ ուղղությամբ։ Չինաստանը գնեց Սև ծովի ափին Վրաստանում Անակլիա նավահանգիստը, որի վերակառուցումից հետո օգտագործվելու է Եվրոպայի և Չինաստանի միջև լոգիստիկան ապահովելու համար։ Անակլիա նավահանգստով Չինաստանը գործնականորեն հարված հասցրեց պանթյուրքիստական միջանցքին։ 

Անժելիկա Բոյաջյան․ «Հնարավո՞ր է սեպտեմբեր ամսին լինեն խորհրդարանական ընտրություններ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Եթե այո, ապա ինչո՞ւ»։ 

Արմեն Աշոտյան․ Վերլուծելով իրավիճակը՝ կարելի է բացառել սեպտեմբերին արտահերթ ընտրությունները։ Ինչո՞ւ։ Որովհետև դրանք ոչ մեկին պետք չեն։ Նիկոլը և ՔՊ-ն ունեն կատաստրոֆիկ ցածր վարկանիշ, որը արհեստական ուռճացնելու համար ժամանակի կարիք ունեն։ Ինչ վերաբերում է իրական ընդդիմությանը, ապա հուսով եմ, այն սերտել է նախորդ անհաջողությունների դասերը և լավ հասկանում է, որ Նիկոլի ղեկավարությամբ ցանկացած արտահերթ ուղեկցվելու է խայտառակ վարչական ռեսուրսով, անզուսպ և կեղծ քարոզչությամբ, հանդուգն բռնաճնշումներով և միջազգային կառույցների կուրությամբ։ Միայն իշխանափոխությունից հետո է պետք գնալ արտահերթի, այն էլ՝ որոշակի ժամանակ անց, որպեսզի, նախ և առաջ կայունացվի իրավիճակը երկրի ներսում և երկրի շուրջը։ Այսօրվա դրությամբ ափալ-թափալ ընտրությունները ձեռնտու են մարգինալացված քաղաքական ավանտյուրիստներին և Նիկոլից իշխանության ավելի մեծ փայ պահանջող «արևմտամետներին»։ 

Շողեր Հարությունյան․ «Եթե ԱՄՆ նախագահ ընտրվի Թրամփը, ի՞նչ դրական և բացասական ազդեցություն կունենա ՀՀ֊ի համար»։ 

Արմեն Աշոտյան․ Դժվար է ամբողջությամբ կանխատեսել նման ազդեցությունները, բայց կարելի է փորձել դիտարկել որոշ գործոններ․ 

1 ) Եթե Թրամփի մոտ իրականում ստացվի դեէսկալացիայի խոստումը կյանքի կոչել, ապա համաշխարհային լարվածության թուլացումը դրական կազդի նաև Հայաստանի վրա, նվազեցնելով գեոպոլիտիկ վտանգավոր խաղեր տալու կասկածելի ցանկությունը։ 

2 ) Հանրապետականները և, հատկապես, Թրամփը մեծ նշանակություն չեն տալիս «ժողովրդավարության էքսպորտին», ուստի ենթադրելի է, որ աջակցությունը և աչքփակոցին նիկոլական ռեժիմի նկատմամբ կնվազի։ 

3 ) Թրամփը առավել պրագմատիկ գործիչ է, և գերադասելու է «գործ բռնել» ազդեցիկ դերակատարների հետ։ Չեմ բացառում, որ ԱՄՆ համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ առավել ընդգծված կլինի, այդ թվում՝ ի հաշիվ հայկական շահերի։ 

Պետք է հաշվի առնել նաև Նահանգներում «խորքային պետության» դերակատարությունը, որը մեղմելու է անձի ազդեցությունը ամերիկյան համակարգային քաղաքականության վրա։

Անանուն հարցատու․ Սրբազան պայքարի և Սրբազանի հանդիպումները խոսո՞ւմ են այն մասին, որ շարժումը չի մարել։ 

Արմեն Աշոտյան․ Շարժման մարել-չմարելու մասին քննարկումները արհեստական են և ներմուծված են նիկոլական քարոզչամեքենայի կողմից։ Կարիք չկա ոչ նեղվել, ոչ լարվել այդ թեմայից։ 

Եկեք երկու ազնիվ արձանագրում անենք․ 

ա) Շարժումը այս փուլում չհասավ իր նպատակին նաև սեփական թերացումների պատճառով, և 

բ) ամառային ամիսներին զանգվածային ակցիաներ կազմակերպելը արդյունավետ չէ , ու այդ դադարը բնական է։ Ի՞նչ է իրականում շարժումը։ Գաղափարախոսություն, մարդիկ, առաջնորդ՝ այս երեք հիմնական բաղադրիչներից է այն կազմված։ 

Ի՞նչ ունենք այսօր։ Գաղափարախոսությունը մնում է կենսունակ և մրցունակ։ Դժգոհությունը Փաշինյանից չի վերացել, այն միայն ավելանում է և ստիպում է մարդկանց պատեհ պահին և ձևերով այն արտահայտել։ Ինչ վերաբերում է առաջնորդին՝ Բագրատ Սրբազանին, ապա ի հեճուկս նիկոլական ջանքերի, նա չվարկաբեկվեց, չփչացավ, ոչ մի կեղտ, որ տարածում էր իշխանությունը, նրան չկպավ։ 

Այսինքն` ճիշտ և համակարգված աշխատանքների դեպքում, որ պետք է ներառի նաև նախորդ փուլից արած հետևանքները, բոլոր նախադրյալները կան պայքարի նոր փուլի համար։ Վստահ եմ, դրանով զբաղվող մարդիկ շատ լավ հասկանում են ինստիտուցիոնալիզմի և ֆորմալիզմի միջև եղած սկզբունքային տարբերությունը։ 

Հարգանքով՝ 
Արմեն ԱՇՈՏՅԱՆ 
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ 
12.07.2024

Սերբիան և Եգիպտոսը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Սերբիան և Եգիպտոսը շուտով համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հիմնականում՝ հատուկ նշանակության ջոկատների, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Սերբիայի ղեկավարը երկօրյա աշխատանքային այցով Եգիպտոսում է։ Շաբաթ օրը նա հանդիպել է իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ և ընդգծել, որ Եգիպտոսի առաջնորդն այժմ այն ​​բացառիկ քաղաքական գործիչներից է, ով ցանկանում է խաղաղություն աշխարհում և շնորհակալություն է հայտնել «ուկրաինական ճգնաժամի և այլ թեժ հակամարտությունների վերաբերյալ նրա իմաստուն խոսքերի համար»:

«Մենք քննարկել ենք աշխարհաքաղաքական բոլոր հարցերը, խոսել համագործակցության կոնկրետ տեսակների մասին՝ գյուղատնտեսությունից մինչև ռազմատեխնիկական համագործակցություն։
Շատ շուտով տեղի կունենան սերբական և եգիպտական ​​բանակների, առաջին հերթին մեր հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները»,- ասել է Վուչիչը:

Սերբիայի և Եգիպտոսի կառավարական պատվիրակությունները շաբաթ օրը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր և ևս 10 փաստաթուղթ տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

Օգնել երիտասարդությանը իրացնել ներուժը նշանակում է օգնել երկրի զարգացմանը

Ի՞նչ խնդիրներ են տեսնում շիրակցի երիտասարդները Շիրակի մարզի զարգացման հարցում, ո՞ր ոլորտներն են, որտեղ կա մեծ ներուժ, սակայն այն չի իրացվում և երիտասարդները ստիպված են լքել հայրենի բնակավայրերը՝ այլ տեղերում աշխատանքի, ավելի լավ կյանքի փնտրտուքով: Այս հարցերի պատասխանները արդեն մի քանի ամիս է հենց տեղերում փորձում է ստանալ Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը, ով «Զարգացման առաջնորդների ֆորում» ծրագրի շրջանակներում շարունակում է իր մարզային այցելությունները և հանդիպումները տեղի երիտասարդների հետ։
Հերթական հանդիպումը երիտասարդների հետ տեղի ունեցավ նախօրեին Գյումրիում, որի շրջանակում քննարկվեցին մարզի խնդիրները, որոնք խոչընդոտում են զարգացմանը, որոնք չեն ներառում երիտասարդների ներուժը, ինչպես նաև մատնանշվեց երիտասարդության կարևոր դերը մարզային կյանքի փոփոխության և զարգացման հարցում:
Ղուկասյանը տեղեկացրեց, որ մարզային այցելությունների շրջանակում արդեն եղել են Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզում և ահա հանդիպում են հայրաքաղաքում՝ հասկանալու, թե ինչ խնդիրներ են տեսնում շիրակցի երիտասարդները իրենց հայրենի մարզում:
Քննարկումների առանցքում ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրներն էին՝ զբաղվածության, ժողովրդագրության, մշակութային կյանքի ակտիվացման: Շիրակի մարզը ավանդաբար ամենաբարձր արտագաղթի տեմպերն ունի և Արման Ղուկասյանի հրավերով՝ երիտասարդները ներկայացրեցին իրենց մոտեցումներն ու պատկերացումները, թե ինչպես կարելի է արտագաղթի տեմպերը մեղմել, հատկապես, որ հենց երիտասարդներն են հիմնականում ձգտում մեկնել երկրից, քանզի հայրենիքում աշխատանք գտնելը բարդագույն խնդիր է: Եվ, ցավոք, նրանցից քչերն են վերադառնում:
«Մարզային այս այցերի հիմնական նպատակն է հասկանալ, ապա ծրագրեր մշակել, որոնք կօգնեն ակտիվացնել երիտասարդների ներուժը իրենց հայրենի բնակավայրերում, որպեսզի նրանք կարողանան լիարժեք իրացնեն իրենց գիտելիքներն ու կարողությունները, չձգտեն փնտրել այն, ինչ չեն գտնում, օրինակ, Գյումրիում ու Արթիկում, Երևանում կամ արտերկրում: Երիտասարդները երկրի ապագան են, սա ճշմարիտ է, սակայն արդեն այսօր նրանք պետք է կարողանան լինել կարևոր երկրի զարգացման գործում, նրանց ձայնը պետք լինի լսելի իշխանությունների համար»,- ասաց Ղուկասյանը:
Հանդիպման ավարտին նա նշեց, որ այն շատ արդյունավետ էր, քանզի վերհանվեցին թիրախներ, որոնք տեղ կգտնեն առաջիկայում մշակվելիք ծրագրերում ու հայեցակարգերում՝ ուղղված մշակութային, հումանիտար զարգացմանը և այլն։
Նշենք, որ հանդիպումը, որին մասնակցել է մի քանի տասնյակ երիտասարդ, տեղի է ունեցել Զարգացման առաջնորդների համաժողով նախագծի շրջանակներում: