Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում
Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։
Դոլարի առքի միջին գինը 387 դրամ է, վաճառքինը՝ 393 դրամ։
Ռուբլու առքի միջին գինը 4 դրամ է, վաճառքինը՝ 4.5։
Եվրոն բանկերում գնվում է միջինը 410 դրամով, վաճառվում՝ 425 դրամով։
1 ամիս գիշերային ժամերին փակ են լինելու Նորք-Մարաշի որոշ փողոցներ
Երևանի Քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 17-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Ս. Բաղդասարյան փող. — Է. Իսաբեկյան փող. խաչմերուկից մինչև «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ ընկած ճանապարհահատվածը:
Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
Գեղարքունիքում ծղրիդները շատացել են, նախատեսվում են քիմիական միջոցառումներ
Ի պատասխան Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում ծղրիդների տարածման վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա տեսանյութերի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետները քաջատեղյակ են խնդրից, և արդեն իսկ մասնագիտական աշխատանքային խումբ է գործուղվել Գեղարքունիքի մարզ՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ծղրիդներով վարակվածության աստիճանը ճշտելու և մշտադիտարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
«Նախարարության կողմից մարզին անհատույց հատկացվել են բույսերի պաշտպանության միջատասպան միջոցներ՝ ծղրիդների դեմ պայքարի աշխատանքների իրականացման նպատակով։
Նախատեսվում են ծղրիդների դեմ համալիր պայքարի քիմիական միջոցառումներ, այդ իսկ պատճառով՝ խորհուրդ է տրվում մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ստեփանավանի շրջակայքում պտտահողմ է. Գագիկ Սուրենյան
Այս պահին Ստեփանավանի շրջակայքում առկա է պտտահողմ: Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի Ֆեյսբուքի էջում:
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 101 հատ խեցգետնաորսիչ և 7 հատ ձկնորսական ցանց
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից հերթական անգամ իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, միջոցառումների արդյունքում Նորաշենի արգելոցի ջրային տարածքներից և Սևան համայնքին հարող լճի ափամերձ հատվածից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 101 հատ խեցգետնաորսիչ և 7 հատ ձկնորսական ցանց:
Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, իսկ խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
Գորիսում 24-ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է իր 33-ամյա մտերմուհուն
Հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գորիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա կնոջ, ով հայտնել է, որ վնասվածքների հետ կապված ոչինչ չի հիշում:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գորիսցի կինը իր տան խոհանոցում վիճաբանել է համաքաղաքացի 24-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում էլ նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 16-ին երիտասարդը ներկայացել է Գորիսի բաժին և հայտնել, որ ինքն է խոհանոցային դանակով հարվածներ հասցրել 33-ամյա մտերմուհուն:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Երևանում հունիսի 17-ին, 19-20-ին, երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին և 21-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Հունիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հունիսի 17-ին, 19-20-ին, 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին, 21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Իրավունք չունենք Եռաբլուրը գերեզմանատան վերածելու, մենք այցելում ենք որպես ուխտատեղի. Բագրատ Սրբազան
Իրականում այս շիրիմները մեկ անուն ունեն, բոլորը միասին հայության անունն են կրում, մեր պատվի, արժանապատվության, ճշմարտության և հաղթանակի անունն են կրում, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Յուրաքանչյուր շիրիմ այցելելը նշանակում է այցելել բոլորին անխտիր՝ առանց տարանջատելու կամ անտեսելու որևէ մեկին, որովհետև սա հավաքական նկարագիր է։ Սա մեր մեծ ընտանիքն է՝ հավաքական նկարագրով և հավաքական անունով։ Պատիվն իրենցն է, անպատվությունը՝ մերը, հաղթանակն իրենց է, պարտությունը՝ մերը, վեհությունն իրենցն է, ամոթը՝ մերը։ Մենք իրավունք չունենք Եռաբլուրը գերեզմանատան վերածելու, մենք այցելում ենք որպես ուխտատեղի, իրենցից ուժ ենք խնդրում, որ մեր անպատիվ կյանքը կարողանանք վերացնել պատվի կյանքի»,-ասաց Սրբազանը։
Այսօրվա հավաքը շատ կարևոր է. 18։30-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում. «Սրբազան պայքար»
«Սրբազան պայքար»-ը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով 18։30-ին հավաքվել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 18։30-ին, հանդիպում ենք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։
Սա շատ կարևոր հավաք է մեզ համար։ Իհարկե, գրեթե վստահ ենք, որ ՔՊ պատգամավորներն այս անգամ նույնպես փախչելու են ժողովրդի առաջ քաշած օրակարգերը քննարկելուց։ Բայց, միևնույն է, պետք է հավաքվենք և կարևոր արձանագրումներ անենք։
Բացի այդ, պետք է բռունցվենք, ցույց տանք մեր ուժը և որոշենք հետագա անելիքները։ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը։
Եվ ուրեմն՝ մեծ հավաք ժամը 18։30-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում»,- ասվում է հայտարարությունում։
Ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը. Հովհաննիսյան
Շարժման իրական «զենքը»
Հասկանում եմ, որ էմոցիաները շատ են՝ հունիսի 12-ից հետո և շարժման ապագայի շուրջ, և դա բնական է, բայց առաջ պետք է գնալ ռացիոնալ փաստարկների վրա հենվելով։
— Հայաստանում ձևավորվել է ինքնատիպ իշխանություն. դա պետությա´ն իշխանություն չէ, դա պետության անկման մի փուլում հայկական ռեզերվացիայի կառավարման մարմինն է։ Սուտը, բերետը և նրանց արդարացնողներն են իշխող էլիտան։ Պայքարը սրա դեմ պետք է լինի։
— Պարագլուխը հայտարարում է «ուժեղ իշխանության» վճռականության մասին։
«Ուժեղ իշխանության» տակ հասկացվում է. ամեն ինչի պատրաստ կարմիր բերետավորներ, Կարեն Քոչարյանի դիպուկ գնահատմամբ՝ բարեփոխված գեստապո, «ուժեղ» քննչական կոմիտե և դատարաններ, որոնք պատրաստ են ցանկացածի վրա քրեական գործ հարուցել ու կալանավորել։
Այս իշխանությունն ունի երկու ֆունկցիա՝ պահել իշխանություն և բավարարել հարևանների ու միջնորդների ազգային շահերը։ Իշխանության զենքերն են սուտը, բերետը և իրենց արդարացնողները։ Հենց այս կոնստրուկցիան պետք է կարողանանք քանդել։ Հակազենքը պետք է ճիշտ գտնել։
Սուտը
Հաննա Արենդտն ասում էր. «Ֆաշիստները երբեք չեն բավարարվում սովորական ստով. նրանք իրենց սուտը վերածում են մի նոր իրականության և ստիպում, որ մարդիկ հավատան իրենց ստեղծած այդ «անիրականությանը»։ Եվ հենց մարդիկ դրան հավատան, նրանց կարելի է համոզել անել ՑԱՆԿԱՑԱԾ բան»։
Մենք գտնվում ենք հենց այս վիճակում, և պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելն ու որոշակի քանակի մարդկանց համոզել կարողանալը հենց այս տրամաբանության մեջ է։
Բերետը
Ես ունեմ խոր մտավախություն հետևյալի շուրջ. ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը, այնպես էլ մի օր հանգիստ վերաբերվելու է թուրքական բայրաքթարների կիրառմանը Երևանի այս կամ այն հատվածում։ Սա էպատաժային ձևակերպում չէ։ Մենք աստիճանաբար կորցնում ենք միասնական Երևանի, միասնական հասարակության ընկալումը։ Պաղեստինցիների փախստականների մի ճամբարը կարող է ռմբակոծվել, կողքինը՝ դեռ խաղաղ ապրել։ Փաստ է, որ ամբողջական Երևանը չվիրավորվեց, Երևանը չընդվզեց, որ իր կենտրոնում խաղաղ մարդկանց վրա ՄԵԿ-ի ցուցումով զենք կիրառեցին։ Ուրեմն ինչո՞ւ պիտի Երևանն ընդվզի, եթե այդ զենքը կիրառի ա´յլ պետության ՄԵԿ հոգին։ Մենք սկսել ենք չընդվզել։
Արդարացնողները
Այս իշխանության նեղ խմբի լեգիտիմության ամենամեծ աղբյուրը նրանց արդարացնողներն են։ Հաջորդիվ այս իշխանությանը «լեգիտիմություն» տալիս են երկերեսանիները, ովքեր մի միջավայրում խոսում են սրանց հեռացման անհրաժեշտության մասին ու իբր մտահոգ են տեղի ունեցող պատմական ողբերգություններով, բայց այլ միջավայրերում, պարզվում է, լավ էլ «նիկոլական» են ու օգտվում են հնարավոր բոլոր բարիքներից։ Սրանք անհատներ չեն, սա արդեն սոցիալական շերտ է։
Նրանք մենթալ խոպանի մեջ են. լինել կուշտ, հնարավորինս անվտանգ, ու անկարծիք։ Մենք պետք է սա, իհարկե ցավով, ընդունենք, որպեսզի ճիշտ կազմակերպենք մեր անելիքը։
Շարժման շարունակությունը
Սկզբնական փուլում այս շարժումը ստացավ կարևոր բնորոշում՝ ճշմարտության շարժում։ Եվ դրա շնորհիվ այն թափ հավաքեց։ Բայց հավաքեց կիսաթափ, որովհետև ասվում էր կիսաճշմարտությունը (տարբեր պատճառներով)։
Ավելի մեծ թափի համար, ավելի լայն համախմբման համար ավելի շատ ճշմարտություն է պետք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Այս անասնական իրավիճակի դեմ կենսական հակաթույնը ճշմարտությունն է։
Ինձ չմեղադրեք տեսական դաշտ մտնելու մեջ. ես շատ ռացիոնալ պայքարի կողմնակիցն եմ և մասնակիցը։ Պարզապես ճշմարտության շարժումը իմ կարծիքով ամենազորեղ զենքն է երկրում էական փոփոխություններ անելու համար։ Մենք պետք է այս շարժման բովանդակությունը վերափոխենք ճշմարտության և արդարության շարժման։
Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ