Նոր Նորքում գիշերային ժամերին փողոցներ են փակվելու

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 5-ից մինչև հունիսի 23-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Ն. Ստեփանյան փ. — Գայի պողոտա խաչմերուկից մինչև Ն. Ստեփանյան փ. — Թոթովենցի փ. խաչմերուկ ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»:

Կարգալույծ է հռչակվել Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Շոխիկյան ավազանի անունով:

Կրկին սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում հունիսի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Մարզերում հունիսի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում ինտենսիվ՝ հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

Դատաիրավական համակարգը օգտագործվում է որպես գործիք, որպեսզի լռեցնեն ազգային պայքարի մասնակիցներին

Ժորա Ավետիսյանին շինծու քրեական գործի շրջանականերում այսօր դատավոր Արտուշ Գաբիելյանը կալանավորեց երկու ամսով, այն պարագայում, երբ Ժորան ունի ծանր առողջական խնդիրներ՝ աստմա, որի պատճառով կարող էր միջնորդությունը ընդունվել։ Այսօր ականատես եղանք բռնաճնշումների նոր դասական օրինակի։ Դատաիրավական համակարգը օգտագործվում է որպես գործիք, որպեսզի լռեցնեն ազգային պայքարի մասնակիցներին։
Ժորա Ավետիսյանը ՀՀԿ ԵԿ անդամ է, նա այն կուսակցության ներկայացուցիչն է, որի նախագահ Սերժ Սարգսյանը հող ազատագրող կենդանի լեգենդ է, ով չի վախեցել թուրքերից ազատագրել ու պահել Արցախը։ Դեռ խորհրդային ժամանակներից կուսակցության հիմնադիր հայրերը՝ Աշոտ Նավասարդյանը (Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում՝ 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում),
Անդրանիկ Մարգարյանը (1974 թվականին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով),
Ռազմիկ Զոհրաբյանը (1974-1984 թթ. դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով) չեն վախեցել պայքարել իրենց հայրենիքի ազատագրման համար, Արմեն Աշոտյանը, ով ևս քաղաքան բանտարկյալ է արդեն մեկ տարի է բանտում է։
Մեզ որևէ եղանակով հնարավոր չէ վախեցնել, հանրապետականի ձայնը եղել է լսելի և այդպես էլ լինելու է, թե’ բանտում, թե’ ազատության մեջ։

Իշխանությունը որպես մարդկանց բերանները փակելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ևս կալանավորվեց:

Արդեն թվերը խառնում ենք, թե ով երբ է բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել, հետագայում ում տնային կալանք տվեցին, վարչական հսկողություն կամ ազատ արձակեցին:

Իհարկե, սրա մասին գիտեն այն նվիրյալ իրավապաշտպանները, ովքեր օր ու գիշեր այս գործերով դետալային զբաղվում են:

Կալանավայրերում անընդհատ հանդիպում ես տարբեր քաղաքական իրավիճակներում ազատությունից զրկված անձանց` Արմեն Աշոտյանից, Նարեկ Մալյանից, Մամիկոն Ասլանյանից մինչև վերջին օրերին կալանավորվածներ:

Իշխանությունը որպես մարդկանց բերանները փակելու և պայքարից հետ կանգնեցնելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը: Դա իր ճակատագրական ընտրությունն է դառնալու»:

ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը կալանավորվեց երկու ամսով

ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը կալանավորվեց երկու ամսով։ Երիտասարդները այսօր կռիվ են տալիս իրենց հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի համար։ Մենք ոչնչից չենք վախենում և այս պայքարը տանելու ենք մինչև հաղթական հանգրվանի։

ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը կալանավորվեց երկու ամսով

ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը կալանավորվեց երկու ամսով։
Երիտասարդները այսօր կռիվ են տալիս իրենց հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի համար։
Մենք ոչնչից չենք վախենում և այս պայքարը տանելու ենք մինչև հաղթական հանգրվանի։

Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում Գարեգին Խումարյանի վերընտրվելու հնարավորությունն Արա Շիրինյանը չի բացառում

«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթը կամփոփվի այսօր։

Խորհրդարանում լրագրողները Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանից հետաքրքրվեցին, թե արդյոք թեկնածուների հետ հարցազրույց անցկացվել է։

«Խորհրդի անդամները անհրաժեշտություն չեն տեսել հարցազրույց իրականացնել թեկնածուների հետ։ Ծանոթացել են թեկնածուների ներկայացրած հայեցակարգերին, աշխատանաքային կենսագրությանը։ Աշխատանքային նիստում կարտահայտեն իրենց վերաբերմունքը՝ քվեարկությամբ»,-պատասխանեց Շիրինյանը։

Նա ասաց, թե մասնակցելու է քվեարկությանը։

Հարցին, թե որևէ մեկին տեսնո՞ւմ է այդ պաշտոնում, Շիրինյանը պատասխանեց.

«Թույլ տվեք իրադարձությունից կես ժամ առաջ անոնս չանել դա»։

Գարեգին Խումարյանի վերընտրվելու հնարավորությունը, Շիրինյանը չբացառեց, նշելով, թե դա սկզբունքորեն հնարավոր է, քանի որ Խումարյանն առաջադրել է իր թեկնածությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ անձինք՝

Գարեգին Խումարյան

Բելա Հովհաննիսյան

Մարիամ Մանուկյան

Մհեր Մարգարյան

Ով, ով, բայց իրենք լեզուները պետք է պահեն ուրիշ տեղ. Շարմազանովը՝ Միրզոյանին

Իրենք կողմոնորշվում են՝ ինչ են ուզում, օրինակ, իրենց 2021թ.-ի ծրագրում գրված էր՝ Արցախի անջատում՝ հանուն փրկության, գրված չի Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և մյուս ՔՊ-ականները ճանաչեն Արցախն Ադրբեջանի կազմում. ի պատասխան հարցի, թե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, թե «ընդդիմությունը չի կողմնորոշվում՝ զոհվել ու տարածքներ ազատագրե՞լ, թե՞ ինչ»՝ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Եթե Արցախն ըստ իրենց հայկական չէր, ինչո՞ւ 5000 երեխու վարի տվին։ Կամ՝ պատերազմի ժամանակ, Արցախի հայաթափման ժամանակ դիտորդի դեր ստանձնեցին, կամ՝ կողմնորոշվո՞ւմ են իրենք ՀԱՊԿ անդա՞մ են, Եվրասիակա՞ն են, թե՞ արդեն Եվրոպա, Թուրքիա են գնում։

Ցեղասպանության ճանաչման մասին են գրել, հիմա ուրացել են։ Իրենց ծրագրում գրվա՞ծ է եղել պատմական և իրական Հայաստանի մասին։ Իսկ իրենց ծրագրում գրվա՞ծ է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ խուժան արշավ սկսեն։ Ով, ով, բայց իրենք լեզուները պետք է պահեն ուրիշ տեղ, ընդդիմությունը չի կողմնորոշվում….կողմնորոշվում է, որ դուք թրքահպատակ Հայաստանի թշնամիներ եք»,-ասաց Շարմազանովը։

Սրբապղծություն՝ Տավուշում. թալանել են 44-օրյայի հերոսի հիշատակին կառուցված մատուռը, որը Բագրատ Սրբազանն էր օծել

Երեկ՝ հունիսի 4-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Պառավաքար բնակավայրում գտնվող՝ Արցախյան պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռը թալանել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ անհայտ անձը կամ անձիք մտել են հերոսի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռ, կոտրել գանձանակը ու հափշտակել այնտեղ եղած գումարը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Պարզվել է հանցագործություն կատարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու ժամերի ընթացքում հայտնաբերվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործություն կատարած անձը նույն մարզի բնակիչ 63-ամյա Վ. Ա.-ն է, ով խոստովանել է, որ գողությունը կատարել է մայիս ամսվա վերջին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։