ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցած Գնել Պետրոսյանին կալանավորել են

ԱԳՆ-ի շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցած Գնել Պետրոսյանին կալանավորել են, նրան «խուլիգանության» մեղադրանք էին առաջադրել։

Այդ մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ քաղաքացուն կալանավորել են մեկ ամսով։

Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հունիսի 5-ից Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, հունիսի 5-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:

Սերժ Սարգսյանը Չիլինգարովի մահվան առիթով ծաղկեպսակ է ուղարկել Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճար

24News-ի թղթակիցը Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում, որտեղ ընթանում է ԽՍՀՄ հերոս, ականավոր բևեռախույզ-գիտնական, ՌԴ պետդումայի փոխնախագահ, պատգամավոր Արթուր Չիլինգարովի հոգեհանգստի արարողությունը, նկարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղարկած ծաղկեպսակը։

Հիշեցնենք, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը մահացել է սույն թվականի հունիսի 1-ին Մոսկվայում, նրա հուղարկավորությունը կիրականացվի Նովոդևիչյան գերեզմանատանը։

Հավելենք նաև՝ Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում։

Էրեբունու ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Հունիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում տված 34-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 07.30-ից ժամը 11.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, Նոր Արեշի 40-րդ փողոցի իր տնից գողացել են «Ռեդմի» և «Սամսունգ» բջջային հեռախոսներ՝ պատճառելով 210 000 դրամի վնաս:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ։

Նա Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

Արատես գյուղում քաղաքացին վայրի բույսեր հավաքելիս հանդիպել է գորշ արջի, որը վնասել է նրան. FPWC

Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ և ցավալի դեպք է արձանագրվել Վայոց ձորի Արատես գյուղում: Քաղաքացին վայրի բույսեր հավաքելիս հանդիպել է գորշ արջի, որը վնասել է նրան։ Դեպքի վայր ժամանել և քաղաքացուն օգնություն են ցուցաբերել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռենջերները, որոնք նաև դեպքի վայր են ուղղորդել ՀՀ ՆԳՆ աշխատակիցներին։

Ըստ նախնական տվյալների՝ արջի հետ հանդիպած 38-ամյա քաղաքացին Արատես գյուղի բնակիչ է, զբաղվում է բոխու հավաքչությամբ և հաճախակի գնում է դաշտ։ Այսօր նույնպես գնացել է հանդամաս բոխի հավաքելու, սակայն բարձրանալով սարի գոգավորությունը մոտ 20-30 մետր հեռավորության վրա նկատել է արջի, բարձր ձայներ է արձակել և կենդանին փախչել է։ Ցավոք, քաղաքացին չի նկատել, որ տարածքում ևս մեկ արջ է եղել և արդեն 2-րդը վնասել է նրան։

Դեպքը տեղի է ունեցել Հերմոն վարչական տարածքում։ Արատես գյուղի բնակիչը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և այժմ բժշկական օգնություն է ստանում «Եղեգնաձոր» ԲԿ-ում։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ևս մեկ անգամ հորդորում է վայրի բնության հետ առնչվող յուրաքանչյուր քաղաքացու լինել շատ զգոն, ուշադիր, ինչպես նաև՝ իր հետ ունենալ պաշտպանիչ միջոցներ։

Տղամարդը վիճաբանության ժամանակ կրակել և վնասվածք էր պատճառել հորեղբորորդուն

Հունիսի 3-ի ժամը 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նոր Արեշի 41-րդ փողոցից հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխել 52-ամյա մի տղամարդու:

Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել:

Պարզվել է, որ ժամը 18.30-ին վերոհիշյալ փողոցի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 52-ամյա տղամարդու ուղղությամբ ողորկափող հրազենով կրակել և մարմնական վնասվածք էր պատճառել նրա 46-ամյա հորեղբորորդին:
Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ 46-ամյա տղամարդը ներկայացել է բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:

Դեպքի վայրի զննությամբ ողորկափող հրազենը հայտնաբերվել և առգրավվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վրաստանի հյուսիսում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հյուսիսում՝ Ռաչայի շրջանի Օնի քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Իրի գյուղի մոտ, 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Թբիլիսիում։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Անպատժելիության այն մթնոլորտը, որն այսօր իշխանությունն է ստեղծել ու որպես զրահաբաճկոն հագցրել ոստիկանությանը, անհետևանք չի մնալու. Տիգրան Աբրահամյան

Անպատժելիության այն մթնոլորտը, որն այսօր իշխանությունն է ստեղծել ու որպես զրահաբաճկոն հագցրել ոստիկանությանը, անհետևանք չի մնալու, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Քննչականի դիմաց ոստիկանության որոշ ներկայացուցիչներ նեղսրտած բողոքում էին, թե ինչու է Սրբազանը կամ տեղում հավաքված անձինք անհարգալից, իրենց համար ոչ դուրեկան բառապաշարով խոսում ոստիկանության ու նրա գործողությունների մասին:

Պատկերացնո՞ւմ եք` դեռ իրենք են զարմացած:

Ոստիկանական գործողությունների ժամանակ շատերդ ամեն ինչ մի կողմ թողած` օրենք, բարոյականություն, քաղաքավարության տարրական նորմեր, ամենանենգ, ստոր ձևով մարդկանց բռնության էիք ենթարկում, հայհոյում, վիրավորում ու մտածում էիք` անցավ գնա՞ց:

Նման բաները տարիներով հետք ու նստվածք են թողնում ոչ միայն համակարգի, այլև հենց ձեր վրա»,- նշել է Աբրահամյանը։

Երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են

Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղային ենթակառուցվածքի վնասված 8 հատվածներից երկուսում գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով։

Ներկայումս իրականացվում է Ալավերդի-Հաղպատ ճանապարհի փլուզված հատվածի մաքրում՝ քանդված կառույցների պայթեցման և ապամոնտաժման միջոցով, տարածքների մաքրման և շինարարական տեխնիկայի համար մուտքի ճանապարհներ կառուցելու ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Ավերված հատվածներից մեկի վրա կառուցվում է սանդղավանդ։

Ախթալա կայարանում ավարտվել են 230 մետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի, ինչպես նաև 400 մետր երկարությամբ կապի հենարանների և մալուխների վերականգնման աշխատանքները: Իրականացվել է նաև կայանի հատակի սարքավորումների ապամոնտաժում և լվացում կեղտից:

Ավարտվել է կայանի արտաքին սարքավորումների կեղտից մաքրումը և վնասված ավտոմատացման սարքերի ապամոնտաժումը։

Միևնույն ժամանակ, մատակարարվում են նյութեր և սարքավորումներ արտերկրից, պայմանագրեր են կնքվել, քարի մատակարարումներ են իրականացվում տարբեր քարհանքերից։

Այրում կայարանում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ և ներմուծվում են նյութեր և սարքավորումներ՝ նավթամթերքների ընդունմանը նախապատրաստվելու նպատակով։ Նախատեսվում է, որ Այրում կայարանի բազայի հիման վրա կկազմակերպվի Հայաստան բեռների ներկրման ժամանակավոր սխեմա։

Ընդհանուր առմամբ, վերականգնման աշխատանքներում ներգրավվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 265 աշխատակից։ Ռուսաստանից գործուղված աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 30 մարդ։ «Վրացական երկաթուղիներ» ընկերությունից սպասվում են ևս մի քանի մասնագետներ։

Միևնույն ժամանակ ընկերության մանևրային ջերմաքարշը շարունակում է տեխնիկա և մարդկանց տեղափոխել ճանապարհներից կտրված Քարկոփ, Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում բնակավայրեր: