Ստեփանակերտի քաղաքապետին ու ևս երեք անձի ձերբակալեցին

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքային տեսչության եկամուտների բաժնի պետ աշխատած Սուսաննա Բեգլարյանը, Սաշա Ղազարյանն ու Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն հանդիսացած Գագիկ Պողոսյանը ձերբակալվել են։

Նրանց մեղադրում են  «առերևույթ խարդախությամբ, փաստաթղթերի կեղծմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 4 ավտոմեքենաների հափշտակություն կատարելու համար»։  Բնորոշումը տվել է ՀՀ ՔԿ-ն։

Կհամախմբենք՝ հանուն Հայի, Հայաստանի, Հայրենիքի, Աստծո, կունենանք պետություն, բանակ, անվտանգություն, արժանապատվություն․ Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ Սրբազան պայքարին։

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի շուրջ օղակն օրեցօր սեղմվում է։ Տարածաշրջանում ռազմաքաղաքական սրընթաց զարգացումները ստիպում են օր առաջ համախմբվել և ամուր, անխոցելի ճակատ կազմել մեզ ուղղված բացահայտ թշնամանքի, սպառնալիքների առաջ։

Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների կողմից շահարկվող «խաղաղության օրակարգը», Տավուշում միջազգային և պետական օրենքների կոպտագույն խախտումներով իրականացվող սահմանագծման գործընթացը հերթական «տրոյական ձին» է, հերթական դավադրությունը՝ ծրագրված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, հայ ժողովրդի անվտանգության, լինելիության դեմ։

Սակայն այս ճակատամարտի ելքը որոշվելու է մեր ընտրությամբ։

Կհամախմբենք՝ հանուն Հայի, Հայաստանի, Հայրենիքի, Աստծո, կունենանք պետություն, բանակ, անվտանգություն, արժանապատվություն։

Ուստի կոչ եմ անում բոլորին այս գիտակցումով մայիսի 26-ին՝ ժամը 16:00, գալ Հանրապետության հրապարակ և միանալ համազգային ազատագրական շարժման այլևս անբեկանելի ալիքին։

Մեր պայքարն արդար է»։

«Դեմ ենք միակողմանի զիջումներին»․ Շիրակի թեմի առաջնորդի հետ են հանդիպել տարբեր համայնքների ավագանիների անդամներ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ  Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ են հանդիպել  Գյումրիի, Շիրակի մարզի խոշորացված համայնքները ներկայացնող ավագանու անդամները (Անի, Ամասիա, Ախուրյան խոշորացված համայնքներ), համայնքների ղեկավարման փորձ ունեցող գործիչներ  (Ազատան, Մարալիկ, Ախուրյան), Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները։ 

Հանդիպմանը նախորդել էր «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցությունը, որի ժամանակ էլ որոշվել էր ընդլայնված կազմով քննարկում կազմակերպել։

Ներկաներն իրենց աջակցությունն են հայտնել Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, ինչպես նաև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ «Դեմ ենք սահմանազատման, սահմանագծման անվան տակ և ուժի կիրառման սպառնալիքի ներքո տեղի ունեցող միակողմանի զիջումներին»։

Երևանի ու Շիրակի մարզը ներկայացնող ավագանու անդամները կոչ են անում մյուս մարզերի ավագանու անդամներին (անկախ կուսակցական ու խմբային պատկանելությունից) հանդես գալ համանման հայտարարությամբ։

Քաղաքական կյանքիդ վերջին օրերն ես ապրում, Նիկոլ Փաշինյան, խոփդ ուրիշ քարի է կպել. Սրբազան

Մարդը վախեցած է և դեռ շատ ավելի է վախենալու, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով արցախցի քաղաքապետերի ձերբակալություններին և նրանց բնակարաններում իրականացվող խուզարկություններին։

«Պարզապես մտածում եմ, որ վախից բան չպատահի։ Սա իր վախերի դրսևորումն է, որն արտահայտվում է այս կերպ. հալածում են մարդկանց, որպեսզի պատրանք ստեղծեն, որ մայիսի 26-ին մարդիկ չգան հանրահավաքի։ Գործարարներին են հալածում, այսօր մտել են մի շատ պատվավոր մարդու՝ Հայկ Շահնազարյանի գործարան, ձերբակալել են։ «Շահնազարյան» գինու-կոնյակի գործարանն է, որը բացահայտ մեր աջակիցն է, անթաքույց է գործել»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, թե, ըստ լուրերի, իշխանությունները 15-17 հոգանոց խմբեր են կազմում՝ հայտնի օլիգարխի գլխավորությամբ։

«Նույնիսկ՝ մարտական տրամադրության խմբեր են կազմում ինչ-որ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ։ Հստակ ասում եմ՝ եթե այդ լուրերը ճիշտ են, ամենածայրաստիճան պատասխանն են ստանալու, թող մարդկանց ավելորդ չհրահրեն։ Հստակ ասում եմ՝ քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում, Նիկոլ Փաշինյան, խոփդ ուրիշ քարի է կպել»։

Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ

Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 25-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում, այդ թվում Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։

Երևանում մայիսի 25-ին կեսօրից հետո, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Մարզերում մայիսի 25-ի ցերեկը, 26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավաչրելյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 27-30-ին նույնքան կբարձրանա։

Առերևույթ փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել

2024 թվականի մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Մ. Շ-ն և Վ. Ս-ն նախնական համա­ձայ­նությամբ՝ խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի, 2010 թվականի թողարկման թեթև մարդատար ավտո­մեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, 2024 թվականի հունվա­րի 12-ին միասին ներկայացել են ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու պե­տական մարմին, որտեղ Վ. Ս-ն ներկայացնելով կեղծ տեղեկություններ վերոգրյալ ավտոմեքենան օտարելու լիազորություն ունենալու մասին, նույն օրը, առանց օրինական հիմքի, հանդես գալով պայմանագրի կողմեր՝ Վ. Ս-ն որպես նվիրատու, իսկ Մ. Գ-ն ՝ նվիրառու, կազմել են իրավաբանական նշանակության փաստ հավաս­տող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրի­նի օտարել են Մ․ Գ․-ին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի վերոնշյալ ավ­տո­մեքենան:

Այսինքն, Մ․ ԳԳ․-ն, նախնական համաձայնությամբ, խմբով, իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ կազ­մե­լու և օգտագործելու միջոցով առերևույթ կատարել է խոշոր չափերով գույքի հափշտակություն:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Մ. Գ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։

Մ.Գ-ն ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ՝ այլ գույքերի, հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մի թաքնվեք ձեր կոմֆորտի հետևում. Էլինար Վարդանյան

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրել է.

«Վաղը բոլորիս հնարավորություն է ընձեռված ընտրություն կատարելու մի կողմից՝ ստի և կեղծիքի, խաղաղության անվան տակ պատերազմների և զիջումների, մյուս կողմից՝ ճշմարտության, պատվի, արժանապատիվ խաղաղության և հայրենիքի միջև:

Վաղը բոլորիս՝ հասարակ, սովորական մարդկանց, հնարավորություն է տրվելու գնալ սովորական և նվիրական երազանքների հետևից: Գնալ ինքնության, ազգայինի, հավատի, ազնվության, պատվի, արժանապատվության, համերշխության, արդարության հետևից:
Դրա համար պետք է գնալ խաղաղ հանրահավաքին: Մի թաքնվեք ձեր կոմֆորտի հետևում»։

Լրագրող Անի Գևnրգյանին Բաղանիunւմ Փաշինյանի անվտանգnւթյան աշխատակիցները nւժի կիրառմամբ hեռացնում են դպրոցից

Լրագրող Անի Գևnրգյանին Բաղանիunւմ Փաշինյանի անվտանգnւթյան աշխատակիցները nւժի կիրառմամբ hեռացնում են դպրոցից։
Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելում է Բաղանիս։

Պարեկային ծառայության կարիքների համար նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարիքների համար մրցութային ընթացակարգով նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոմեքենաներ:

Հանրային քննարկման է դրվում էլեկտրական ավտոմեքենաների վերաբերյալ կազմված տեխնիկական բնութագրի նախագիծը:

Ձեր կարծիքները և առաջարկությունները կարող եք ուղարկել tv_auto@mia.gov.am էլեկտրոնային հասցեին: