Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն ճանապարհը. Գառնիկ Դանիելյան

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը շարունակում է փակ մնալ։ Արդեն տեղեկություններ կան, որ իշխանությունները որոշել են ուժի գործադրմամբ այն բացել։

«Մեզ ասել են, որ այս մի քանի օրն էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն»,- «Փաստինֆո»-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանելյանը՝ նշելով, որ բնակիչները հաստատակամ են ու ճանապարհը բացելու, վրանները հանելու մտադրություն չունեն։ Միաժամանակ պատգամավորը նշել է, որ իշխանության ուղարկած մասնագետները այլ ճանապարհով գնում են Կիրանց՝ իրենց նախաձեռնած սահմանազատումն անելու համար։

«Անտառային տարածք է, արահետները շատ են»,- ասել է Դանիելյանը։

Նրա փոխանցմամբ՝ բնակիչների տրամադրությունները չեն փոխվել, միայն թե արդեն համոզվել են, որ իշխանություններն իրենց ստել են՝ հույսեր տալով, թե բանակցություններով հարցերը լուծվելու են։

«Պատկերացրեք՝ այդ արահետները, որոնք հիմա օգտագործվում են մասնագետների կողմից, թշնամու համար էլ են լինելու, բնակիչը ո՞նց կարող է իրեն ապահով զգալ՝ այս ապօրինի սահմանազատումից հետո»,- ընդգծել է Գասռնիկ Դանիելյանը։

Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան

Այն, ինչ կատարվում է Տավուշում՝ «սահմանագծման» անվան տակ, հակասում է և՛ միջազգային պրակտիկային, և՛ մեր սահմանադրությանը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով գտնվում է Կիրանցում։

Վազգեն Մանուկյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն իրեն Հայաստանի «սեփականատեր» է զգում՝ ինքնակամ որոշում է՝ որ կտորը հողը ում տա, ում չտա։

«Եվ կարևոր է, որ ժողովուրդը պայքարում է իր իրավունքների համար, այդ իրավունքները ամբողջ Հայաստանի իրավունքներն են»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

ՀՀ գործող իշխանությունը, հայտարարելով, թե ուզում է կնքել խաղաղության պայմանագիր, որպեսզի Հայաստանը խաղաղ ապրի, հաշվի չի առնում Ադրբեջանի հետապնդած իրական նպատակները, կարծիք հայտնեց Վազգեն Մանուկյանը։

«Ադրբեջանը լրիվ ուրիշ խնդիրների մասին է խոսում․ խոսում է Հայաստանի մասին՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի»։ Նրա նպատակն է ամրապնդվել մեր բարձունքների վրա, որպեսզի շարունակի իր նվաճողական ընթացքը։ Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը»,- ընդգծեց Մանուկյանը։

Ըստ նրա, սակայն, անդառնալիության կետը հատված չէ․ եթե ժողովուրդը միասնական որոշում ընդունի և միասնաբար պայքարի, դրան դժվար կլինի դեմ գնալ։

Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք. Սուրեն Պարսյան

ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` նպատակ ունենալով ավելի մատչելի դարձնել վարկերը բիզնեսի և տնտեսության համար, սակայն գործնական վարկերի տոկոսադրույքները շարունակում են մնալ բարձր, բանկերը գանձում են անհասկանալի բարձր միջնորդավճարներ և սպասարկման վճարներ` ապահովելով գերշահույթ, այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Ըստ նրա` ԿԲ-ի ձախողված դրամավարկային քաղաքականությունը ևս մեկ անգամ փաստում է, որ արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք:

«Հակառակ դեպքում ֆինանսաբանկային հատվածը ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը և աղքատության կմատնի մեր ազգաբնակչությանը»,- նշել է տնտեսագետը:

Լոռու մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Լեռնապատ» ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Վանաձոր քաղաքի՝ Տավրոս-Առափնյա, Գործարանային, Ուկրաինական, Շրջադարձային, Վերածննդի, Լեռնային փողոցների, Տավրոս 1-22 փողոցների՝ իրենց նրբանցքներով եւ փակուղիներով, Ուկրշին տնակային ավանի, Բաղրամյան պողոտայի, Բաղրամյան 1-ին և 2-րդ փողոցների՝ իրենց փակուղիներով, Տավրոս — Սարի թաղամասի, Փարաջանովի, Վերածննդի փողոցների, Շիրակի և Տաշիրի խճուղիների, Տարոն 1, 2, 3, 4 թաղամասերի, Բելառուսների, Մինէներգոյի, Ածխահատների, Կանակայի, Սեբաստիայի, Միջին Մեքենաշինականի, Քոթեջային թաղամասերի, Տիգրանյան, Քիմիկների 1-ին և 2-րդ փողոցների, Ֆիդայինների փող. 1-43 /կենտ/, 2-62/զույգ/, 78ա անհատական տնատիրությունների, Լանջային փողոցի անհատական տնատիրություների, Շիրակացի փող. 4ա, 11, 13 անհատական տնատիրությունների և նրբանցքի, Պռոշյան, Մարգարյան փողոցների և իրենց նրբանցքի, Նալբանդյան 2-րդ նրբանցքի, թիվ 12 դպրոցի, Լեռնապատ, Դարպասի գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս. Սուրենյան

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է՝ մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր մինչև 1 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։

Այս մասին գրել է Գագիկ Սուրենյանը՝ հավելելով.

«Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս»։

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում վերջին օրերին Լճափ և Բերդկունք բնակավայրերին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց:

64 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ:

Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ու ներողություն է պահանջում ՔՊ-ական երիտասարդից, ով սուտ լուր է տարածել Բագրատ Սրբազանի մասին

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում է պահանջում ՔՊ-ական Վազգեն Մանուկյանից, ով Բագրատ Սրբազանի մասին կեղծ լուր է տարածել:

«Ապրիլի 30-ին «Facebook» սոցիալական հարթակի անձնական էջում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջ անձնական հաշվում զետեղվել է «Բագրատ սրբազանը երկու որդիներն էլ ազատել է բանակից» բովանդակությամբ գրառում։

Հայտնում ենք, որ սույն անձն այս հայտարարության հրապարակման պահից սկսած՝ ունի 24 ժամ ժամանակ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողության հայցման համար:

Նշված ժամանակահատվածում ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան և դատական կարգով սույն անձից պահանջել հերքել իր կողմից տարածված կեղծիքը և հրապարակային ներողություն հայցել զրպարտության և անձի արժանապատվությանը հասցրած վնասի համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 47 կմ հատվածում՝ Արարատի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Renault» մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը եղել է կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է նրան:

Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթաց, բայց իրականում այս գործընթացը ոչ այլ ինչ է, քան հայկական կողմի միակողմանի զիջումներ

Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթաց, բայց իրականում այս գործընթացը ոչ այլ ինչ է, քան հայկական կողմի միակողմանի զիջումներ և չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը նույնպես կգնա ընդհանուր պայմանավորվածությունների կատարման: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով, Հայաստանում բավականին անհասկանալի գործընթաց է ընթանում, որոշ իմաստով՝ մանիպուլյացիոն, քանզի բոլոր նրանք, ովքեր խոսում են խնդիրների մասին ու հարցեր են բարձրաձայնում, պիտակավորվում են իշխանությունների կողմից, թե պատերազմ են ուզում, խաղաղություն չեն ուզում: Սակայն իրականում հասկանալի է, որ բոլորն են ուզում խաղաղություն, բայց որտե՞ղ են միջազգային երաշխիքները: Խնդիրը, ըստ բանախոսի, նրանում է, որ հենց այդ երաշխիքներն է, որ չկան.
«ՀՀ իշխանությունները դժգոհ էին Ռուսաստանից, հրաժարվել են ռուսական կողմի միջնորդությունից, բայց տեսանելի չէ, որ կա Արևմուտքի միջնորդությունը այս գործընթացում: Չկան որևէ միջազգային երաշխիքներ և հասկանալի չէ, թե ի՞նչ հիմքով են իշխանություններն այդքան վստահ, որ Բաքուն կպահի պայմանավորվածությունները և տեղի կունենա սահմանազատում և սահմանագծում, և որպես վերջնարդյունք՝ կլինի խաղաղություն: Միջազգային երաշխիքների բացակայությունը ընդհանրապես վստահություն չի ներշնչում՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի մշտական գործելաճը»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, աշխարհաքաղաքական տեղափոխումներ, և այս ամենի ֆոնին Հարավային Կովկասը այդ առումով բավականի հետաքրքիր է դառնում, Ղուկասյանը նշեց, որ Հայաստանը այս ամենի մեջ պետք է փնտրի իր շահը, կարողանա այնպես անել, որ այդ շահը մաքսիմալ կերպով առաջ տանի ու պաշտպանի, և ոչ թե ՀՀ միջոցով որոշ երկրներ փորձեն մեր շահի փոխարեն իրենց շահը առաջ տանեն, ինչը փորձում են անել բոլորը:
«Այս առումով ՀՀ իշխանությունների գործելաոճը կամ գուցե գործընթացների ոչ այդքան ճիշտ ընկալումները տեղիք են տալիս մտածելու, որ մենք, մեղմ ասած, լավ վիճակում չենք գտնում: Տեսանելի է, որ Թուրքիան և Ադրբեջանը և որոշ երկրներ, արտաքին քաղաքական ուժեր փորձում են իրենց խնդիրները լուծել Հայաստանի շահերի հաշվին: Եվ եթե մենք խոսում ենք սահմանազատում-սահմանագծում գործընթացների մասին, ապա դա պետք է սկսվեր զուգահեռաբար, բայց դեռևս տեսնում ենք միակողմանի գործընթաց: Հասկանալի է, որ սա շատ վատ նախադրյալ է, որ գործընթացը մեր հաշվին է ընթանում և հասկանալի չէ, թե ինչու հայելային չի ընթանում գործընթացը»,- նկատեց նա:
Բանախոսը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասաց, որ ՀՀ իշխանությունները, խնդիրներ ստեղծելով դրանցում քաղաքական բաղադրիչի առումով, այնուամենայնիվ տնտեսական մասով շատ լավ հասկանում են, որ թե՛ ռուսական շուկան, թե՛ ԵԱՏՄ-ն այսօր իսկապես չունեն այլընտրանք Հայաստանի համար.
«Խնդիրը նրանում է, որ ՀՀ իշխանությունների մոտ թյուրըմբռնում կա, թե տնտեսականն ու քաղաքականը կարելի է տարանջատել: Մինչդեռ նման բան չի կարող լինել, որ ՀՀ-ն, օրինակ դուրս գա ՀԱՊԿ-ից և այդ քայլը չազդի տնտեսության վրա: Այդպես չի կարող լինել, ավելին՝ դա շատ վտանգավոր քաղաքականություն է. չես կարող մերժելով քաղաքականը, պահել տնտեսականը»,-նշեց նա:
ՀՀ-ՌԴ հարաբերություններում առաջացել են հարցեր ոչ միայն հայկական կողմի ոչ ճիշտ կողմնորոշվելու և ոչ ճիշտ քաղաքականություն վարելու պատճառով, այլև բնական պատճառներով պայմանավորված՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների փոփոխությունները: Եվ, ասաց Արման Ղուկասյանը, սա նշանակում է, որ կա անելիք՝ պետք է լինի երկխոսություն, պարզ ու թափանցիկ երկխոսություն այս հարցերը բարձրաձայնելու, լուծումներ գտնելու համար.
«Ցավոք, ես նման գործընթաց չեմ տեսնում հայկական կողմից, բայց այն անհրաժեշտ է, քանի որ փոխվում են իրողությունները, դրանց զուգահեռ տարածաշրջանում փոխվում են ՌԴ շահերը և այլն: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է ուզում ՌԴ-ն տարածաշրջանից, պետք է հասկանանք, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի են տեղափոխվում և պետք է հասկանանք, թե դա ինչ կարող է մեզ տալ: Բայց, ցավոք, երկխոսություն չկա, ինչը մոր օգտին չի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դիվերսիֆիկացիոն քաղաքականությանը, ապա Ղուկասյանը դրան դեմ չէ, քանի որ ՀՀ շահերից ելնելով ճիշտ է բոլորի հետ փորձել վարել այն քաղաքականությունը, որը բխում է մեր պետական ու ազգային շահից, բայց դա չպետք է տեղի ունենա մյուսի հաշվին: Օրինակ, եթե ՌԴ հետ տարվի ճիշտ երկխոսություն, ապա ՀՀ-ին կհաջողվեր վարել այն դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը, որի մասին հայտարարվում է: Բայց ամենը արվում է ի հաշիվ ՀՀ-ՌԴ հարաբերությունների, ընդ որում՝ բավականին կոշտ ձևով.
«Առաջիկայում Հայաստանը հայտնվելու է էլ ավելի տուրբուլենտ վիճակում: Աշխարհի անկայունացմանը զուգահեռ գործընթացները ավելի են արագանալու, ինչը ազդելու է նաև մեր տարածաշրջանի վրա: ՀՀ իշխանությունների կուրսը շատ վտանգավոր է հենց Հայաստանի կայունության համար, քանի որ ունեցածի հաշվին տարվող դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը վտանգ է իր մեջ պարունակում ու խնդիրներն արդեն իսկ տեսանելի են: Գործող իշխանությունների քայլերը խաղաղության չեն կարող բերել»,- հավելեց քաղաքագետը:

Բոլորը իրար հարցնում են` ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը. այս իշխանության հակաթույնը ներքին հաշտությունն է. Վահե Հովհաննիսյան

Այս օրերին բոլորը իրար հարցնում են. ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը։ Շատերը հարցնում են՝ իրենց անձնական անելիքը կամ դիրքորոշումը պլանավորելու համար. սա էլ է նորմալ։

Փորձեմ պատասխանել։

Վերջին զարգացումները մեզ կանգնեցրել են ընտրության առաջ, որից ոչ ոք չի կարողանալու խուսափել, ինչքան էլ, բնավորության համաձայն, փորձեն անձայն ու անտեսանելի մնալ։ Իսկական ընտրությունը սկսված է, և այդ ընտրության համար ո´չ ԿԸՀ է պետք, ոչ՝ ընտրատեղամասեր։

Քվեաթերթիկում մի քանի պարզ-հստակ հարց է.

Պետությունը պահո՞ւմ ենք,  թե՞ ոչ

Մնում ենք մա՞րդ, թե՞ վերածվում ենք անողնաշար անասունի

Այս պատմական ընտրության պահին որտե՞ղ եմ ես՝ ամեն մեկս անձնապես։

Այս ձևակերպումները քաղաքական չեն։ Սրանք արժեհամակարգային են, և հենց սրանով է անխուսափելի այս պատմական ընտրությունը։

Այս իշխանության հակաթույնը ներքին հաշտությունն է

Այս շարժումը Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին չէ, այլ՝ Հայաստանի ներքին կյանքի։ Սա ոչ հակաթուրքական, ոչ հակաադրբեջանական, ոչ հակաարևմտյան, ոչ հակառուսական շարժում է. սա Հայաստանի ներքին կառուցվածքի, Հայաստանի՝ որպես կենսունակ պետություն վերականգնման շարժում է։ Երբ ասում են, որ սա «ճշմարտության շարժում է», պետք է հասկանալ, որ դա պաթետիկ բառակապակցություն չէ, պետք է հասկանալ հարցի անատոմիան։ Սա Կիրանցի կամ քարտեզների մասին չէ։ Մարդիկ հոգնել են անդադար ստից, կեղծիքից, պատերազմի սպառնալիքի տակ արվող պետական խուլիգանությունից։ Հետևաբար այս շարժումը չի կարող լոկալիզացվել մեկ գյուղում կամ մարզում։ Բոլոր սոցիալական շերտերն ու բոլորն անհատապես առաջիկայում այս կամ այն չափով ներգրավվելու են, որովհետև ներքին սուտը, կեղտն ամենուր է, մեր պետության ամեն միլիմետրի մեջ։

Ի՞նչ տեխնիկական լուծումներ կստանա շարժումը և ե՞րբ. սա հարցի քաղաքական կողմն է, որի շուրջ պետք է սկսել ակտիվ քննարկումները և ճիշտ լուծումների փնտրտուքը։

Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում, և միշտ որպես դիտորդ են նայում պրոցեսներին։

Ընդամենը հիշեք, թե Դեր Զորի ճանապարհին, որքան հարուստ, կրթված, իբր ապահով, իբր կապեր ունեցող, իբր դրսում գույք ունեցող, իբր  «քաղաքականությամբ չզբաղվող» է զոհվել։ Հավատացեք, բան չի փոխվել. կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու։ Այնպես որ ընտրությունը մերն է։ Եկեղեցին ու հանրային նոր շերտը պետք է տանեն ներհանրային հաշտության, որի տրամաբանական հանգրվանը պետք է լինի նոր կառավարության ձևավորումը՝ իր հստակ առաքելությամբ։ Այդ առաքելությունն է դեէսկալացիան՝ երկրի ներսում և երկրի սահմաններին։ Հետո կլինեն բնականոն, հանդարտ քաղաքական պրոցեսներ։

Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան