Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին իր դիրքորոշումը հայտնելու համար խոշտանգված ու ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ դատարանի սահմանած գրավի գումարը՝ 7 միլիոն դրամը, հավաքվել է 5-6 ժամվա ընթացքում։
Հիշեցնենք՝ դրամահավաք էր հայտարարվել՝ անհրաժեշտ գումարը 2 օրվա ընթացքում վճարելու համար։ Երեկ դատարանը, քննելով Վարդանյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրա նկատմամբ կիրառել տնային կալանք ու 7 միլիոն դրամի գրավ։ 2 օր կար՝ գրավի գումարը վճարելու համար։
«Գումարը հավաքվեց։ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք։
Ժամը 18:40-ի դրությամբ՝ հավաքվել է 5 միլիոն 800 հազար դրամ, իսկ մնացած գումարը կփոխանցի Ռուբեն Հայրապետյանը։
Բոլորին շնորհակալություն։ Ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց ընդամենը 5-6 ժամում»,- գրել է փաստաբանը։
Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Հատված հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքից՝ News.am-ին տված հարցազրույցի շրջանակում․
«Սա իրական Հայաստանը չէ, սա Հայաստանի խայտառակությունն է։ Սա հայ ժողովրդի խայտառակությունն է։
5 000-ամյա բնիկն ժողովուրդն այստեղ ունենա ամենափոքր երկիրը և սեղմված լինի Ադրբեջանի և Թուրքիայի միջև՞ և կենսունակ չլինի՞․ բնիկ ժողովուրդը։
Թե՞ դուք բնիկ չեք, թե՞ բնիկները թուրքերն են, որ համարում են, թե Ադրբեջանը Բաքվից ձգվում է մինչև Բաթում։ Իսկ Թուրքիան էլ համարում է, որ Թուրքիան ձգվում է Ստամբուլից մինչև Բաքու։ Որտե՞ղ է ձեր Հայաստանը․ ձեր Հայաստանը որտե՞ղ է՝ «իրական Հայաստանը» որտե՞ղ է։
Դուք բնիկ ժողովու՞րդն եք այս լեռնաշխարհի, Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովու՞րդն եք, թե՞ ոչ։ Դուք պահանջ ունե՞ք, թե՞ ոչ։ Խոսքն ա՛յս մասին է։
Ի՞նչ է նշանակում՝ «իրական Հայաստան»։ Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական սահմաններով․ բնական, աստվածատուր սահմաններով։
Եթե ամբողջ դարերի ընթացքում տեր չեք եղել, էլի էսպես մանր առևտրականի հոգեբանությամբ, «առևտուր կանենք» հոգեբանությամբ ծախծխել եք հայրենիքը, թուրքն էլ մնացածը ոչնչացրել և բնաջնջել է, հայի ներկայությունը վերացրել է, սա նշանակում է, որ իրական Հայաստանը սա՞ պիտի լինի։ Էդպես է՝ գնացեք, 10 000 քառակուսի կիլոմետրի վրա կենտրոնացեք՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով, ասեք՝ սա է «իրական Հայաստանը»։ 10 000 քառակուսի կիլոմետրն էլ է «բավարար»՝ լիուլի երջանիկ ապրելու համար՝ փողի իմաստով։
Ի՞նչ պետք ունեք․ 30 000 քառակուսի կիլոմետրի էլ պետք չունեք, 10 000-ի էլ պետք չունեք․ Երևանի մեջ պարփակվեք, Երևանի սահմանները գծեք, «գոհ ու երջանիկ»՝ ապրեք։
Չի՛ կարելի ազգի պատմությունը ջնջել։
Որ ուրիշ ազգեր մեր պատմությունը ջնջում են, հասկանալի է, բայց որ մենք մեր ձեռքով մեր պատմությունը ջնջում ենք, սա ինչպե՞ս կարելի է հասկանալ»։
Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հաղորդավարուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» սիրտ-անոթային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Նա սրտի հետ կապված խնդիրների ունի։
ArmLur.am-ը կապ է հաստատել Զառա Արամյանի հետ՝ հետաքրքրվելով՝ ինչպես է այժմ առողջական վիճակը։
«Սուր վիճակը ստաբիլացել է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ, բայց դեռ բարդ է վիճակս և թթվածնի տակ եմ, բժիշկները ամեն ինչ անում են»,- պատասխանել է Զառա Արամյանը:
«Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր իմ համար անհանգստացել են, աղոթել են»,- ասել է նա։
Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է մամուլի խոսնակի մեկնաբանությունն՝ ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․
— Լրատվամիջոցներում լուրեր են տարածվում ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ, վերջերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են թուղթ, որն իբրև ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում: Ի՞նչ կասեք սրա մասին:
— Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել:
Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին:
13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է խմբի կողմից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։
2024թ․ մարտի 15-ին, ապօրինի թմրամիջոցներ ներմուծելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Սյունիքի մարզի Քաջարան֊Կապան ավտոճանապարհից ձերբակալվել էին 42-ամյա կին ու 27-ամյա երիտասարդ։
Վերջինիս վարած ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել էր ընդհանուր 3288 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 2459 գրամ քաշով՝ «Հերոին» տեսակի թմրամիջոցի և 7505 գրամ քաշով՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։
Դեպքի առթիվ իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ձերբակալված կինն ու երիտասարդը, ևս մեկ՝ ինքնությունը պարզված տղամարդու, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել դեռևս չպարզված անձի կողմից մարտի 15-ին Իրանից Հայաստան մաքսանենգությամբ տեղափոխված, ապա ՀՀ ու ԻԻՀ սահմանին մոտ գյուղի թաքստոցում տեղադրված՝ «Մեթամֆետամին», «Հերոին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող վերոնշյալ զանգվածները` որոնցից մի մասով իրականացված նախնական փորձաքննությամբ արդեն իսկ հաստատվել է դրանց թմրամիջոցներ լինելու հանգամանքը։
Այնուհետև, 42-ամյա կինը ու 27-ամյա երիտասարդը ապօրինի ձեռք բերված թմրամիջոցները տեղավորել են իրենց կողմից վարձակալած ավտոմեքենայում, դրանք վաճառքի համար նախատեսված տարբեր չափերի բաժանելու և ՀՀ-ում իրացնելու նպատակով շարժվել Երևան քաղաքի ուղղությամբ, սակայն ճանապարհին ձերբակալվել։
Կնոջ և վերոնշյալ երկու տղամարդկանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Կինը և երիտասարդը կալանավորվել են, իսկ ինքնությունը պարզված երրորդ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, ինչպես նաև օպերատիվ հետախուզական համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի բոլոր անդամներին բացահայտելու ուղղությամբ։
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին
Ակնհայտ է, որ որոշումը կայացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, միգուցե, նաև Թուրքիայի միջամտությամբ: Պատճառները շատ դժվար է գնահատել, բայց աշխարհաքաղաքական են: Թե Ադրբեջանն ի՞նչ գին է վճարում դրա համար կամ ինչպիսի՞ սպառնալիք կամ շանտաժ են կիրառել Ռուսաստանի դեմ, ինչի՞ դիմաց է ստացվել սա, դժվար է գնահատել: Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չի ուզել կամ լրացուցիչ կոնֆրոնտացիայի գնալ Ադրբեջանի ղեկավարության հետ, տվյալ դեպքում նաև Թուրքիայի, կամ ինչ-որ աշխարհաքաղաքական պայմանավորվածություն է եղել այլ տեղերում Ադրբեջանի կամ Թուրքիայի որոշակի վարք ապահովելու նպատակով, News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Արցախից ռուս խաղաղապահների դուրս բերման մասին:
«Ինչ-որ բանի դիմաց է արվել: Այդ ինչ-որ բանը գործողությո՞ւն է, թե՞ անգործութուն, օրինակ, Ուկրաինայի հարցում Թուրքիայի կամ Ադրբեջանի որոշակի վա՞րք, թե՞ այլ ուղղություններում որոշակի դրական քայլեր, արդեն ընթացքում կերևա: Մի քիչ դժվար կլինի գնահատել, թե աշխարհաքաղաքական ինչ փաթեթի մաս է եղել ռուս խաղաղապահների դուրսբերումը, բայց վստահ եմ, որ պատճառները աշխարհաքաղաքական են»,-ասել է նա:
Հարցին՝ ինչու՞ է ամեն դեպքում ռուս խաղաղապահների մի մաս մնացել Արցախում, Արտակ Բեգլարյանը պատասխանել է, որ պաշտոնական որևէ հայտարարություն չի տեսել այդ մասին և քանի դեռ հայտարարություն չկա, վերապահումով է մոտենում այդ կարծիքին:
«Ավելին ասեմ, ո՞վ ասաց, որ սեպտեմբերից ի վեր հենց 1960 խաղաղապահ է եղել Արցախում: Ես կարծում եմ, որ միգուցե դեռ այն ժամանակ թիվը որոշակիորեն կրճատվել էր: Բայց հիմա պետք է հասկանանք, որ կապ չունի, թե քանի խաղաղապահ կմնա, կապ ունի՝ ընդհանրապես խաղաղապահ կմնա՞ թե՞ ոչ: Գոնե սիմվոլիկ ձևով Ռուսաստանի ներկայությունը Արցախում կլինի՞, թե՞ չի լինի: Դրանից հետո, եթե իրենք մնում են, հաջորդ հարցն այն է, թե իրենք ի՞նչ լիազորություններ են ունենալու, ի՞նչ գործառույթ են կատարելու»,-ասել է Արտակ Բեգլարյանը և հավելել՝ նախկին պայմանավորվածությունները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված, արդեն սեպտեմբերից ի վեր, ընդհանրապես չեն գործում:
Նրա խոսքով, ռուս խաղաղապահների գործառույթները փաստացի չեն կատարվել սեպտեմբերից․ հիմա եթե նույնիսկ խաղաղապահներ մնային, նոր փաստաթուղթ պետք է ստորագրվի՝ նրանց գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները հստակեցնելու համար:
Ըստ Բեգլարյանի, ցանկալի է, որ որոշակի միջազգային ներկայություն լինի Արցախում: Նա հիշեցրել է, որ օրեր առաջ էլ Կարմիր խաչի ներկայացուցիչը հայտարարեց, որ Ստեփանակերտի գրասենյակը դուրս է բերվել և Բարդա է տեղափոխվել: Նրա կարծիքով՝ այս երկու իրադարձությունները՝ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների դուրսբերումը նշանակում է միջազգային հանրության բոլոր տեսակի ներկայացուցիչների դուրսբերում Արցախից, և հիմա արդեն Ադրբեջանը շատ ավելի անկաշկանդ է լինելու իր հանցագործություններն անելիս։
Հարցին՝ արդյոք ռուս խաղաղապահների դուրսբերումը նշանակո՞ւմ է, որ Արցախի էջը փակվում է, Արտակ Բեգլարյանը պատասխանել է, որ դա վտանգում է արցախցիների վերադարձի հեռանկարը, բայց ինքը չի կարծում, թե դա գլխավոր գործոնն է, որ արցախցիները վերադառնան:
«Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով կամ մինչև 2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով վերադարձող լինեին, ապա դուրս չէին էլ գա, չէին տեղահանվի: Եթե արցախցիները ռուս խաղաղպահների ներկայությամբ բռնի տեղահանվել են, և Ռուսաստանը գործողություններ չի կարողացել անել կամ չի արել դա կանխելու համար, արդեն նշանակում է, որ վերադարձի համար լրացուցիչ գործոններ պետք է ավելացվեին, կամ միջազգային պաշտպանության նոր մեխանիզմներ գործարկվեին, որպեսզի Արցախի ժողովուրդը վստահություն ունենա և այնտեղ բարենպաստ անվտանգային միջավայր ունենա հավաքական վերադարձի համար»,-հավելել է Բեգլարյանը։
Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան
Շատերը երևի գնահատում էին, որ սա ոստիկանության կողմից խոշտանգումների, դաժան վերաբեմունքի հերթական դրսևումն է, բայց հստակ հայտարարում եմ, որ քաղաքական իշխանությունն է կանգնած այս ամենի հետևում. ասուլիսին հայտարարեց խոշտանգված Սամվել Վարդանյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Նման կարծիք չէի հայտարարի, եթե չլիներ ՔԿ-ի անգործությունն այս հայտարարությունից հետո»,-ասաց փաստաբանը և նշեց, որ մամուլը հեղեղված էր այս հայտարարությումբ, բայց էլի ոչ մի արձագանք։
Իրենք հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին և ՔԿ-ից միայն երեկ են արձագանքել, որ ստացված հաղորդման հիմքերն են ստուգում, տեսնեն՝ քրեական վարույթ նախաձեռնե՞ն, թե՞ ոչ։
Նա նշեց՝ դեպքի հետ առնչություն ունեցող ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ միտք չուներ հաղորդում տալու և իրեն հաջոդ օրը ստիպել են․ Սամվել Վարդանյանին բռնել են և պետք է գնա հաղորդում տալու։
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց
Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է մոտ 2 տարի 7 ամիս կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական թիմի հերթական միջնորդությունը: Այդ մասին հայտնում է 168․am-ը։
Հիշեցնենք, որ Տոնոյանն անցնում է «անպիտան հրթիռների» գործով:
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունում շարունակվում են ռուսերեն լեզվի եռամսյա ԱՆՎՃԱՐ դասընթացները
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունում շարունակվում են ռուսերեն լեզվի եռամսյա ԱՆՎՃԱՐ դասընթացները։
Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա
Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք և հերքում է ակնկալում այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեց ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների» մասին տեղեկությունը, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախկինում Երևանը հրապարակավ վստահեցնում էր, որ արևմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Հաշվի առնելով այս գործոնների համադրությունը՝ մենք ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների հստակ արձագանքն այդ տեղեկատվության վերաբերյալ»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հանդիպմանն, իբր, պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմաքաղաքական ոլորտում։