Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, սպասվում են տեղումներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ին, 12-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 8-ի և 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի երեկոյան ժամերին, 10-ի և 12-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։

Խոշոր հրդեհ՝ Կապանը սնուցող էլեկտրաենթակայանում

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում էլեկտրաենթակայան է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․):

Պարեկները սահմանազատել են տարածքը: Հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պազվում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 81, զոհվել՝ 14 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփել է շաբաթը

Ապրիլի 1-ից 7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 516 դեպք, որից 225-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 153, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի 3-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, բնական հրդեհի, երկրաշարժի, ուժեղ քամու՝ 1-ական, քարաթափման, փլուզման 2-ական, օձի նկատման, կեղծ ահազանգի՝ 4-ական, թունավորման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 159, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 21, 67 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 40 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 98 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 49 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 81, զոհվել՝ 14 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:

Վայքի Գոմք բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է տակտիկական ուսումնավարժություն

Ապրիլի 9-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

Նախորդ օրվա համեմատ՝ դոլարի գինը բարձրացել է

Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։

Դոլարի առքի միջին գինը 386.58 դրամ է, վաճառքինը՝ 392.97 դրամ։ Նախորդ օրվա համեմատ դոլարի գինը բարձրացել է 0.44 դրամով։

Ռուբլու առքի միջին գինը 4.10 դրամ է, վաճառքինը՝ 4.33։ 

Եվրոն բանկերում գնվում է միջինը 414.55 դրամով, վաճառվում՝ 428.41 դրամով։ 

Գողացել է շենքի բակում կայանված «ՎԱԶ-21074»-ը

Ապրիլի 6-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 5-ի ժամը 17-ից ապրիլի 6-ի ժամը 9-ը ընկած ժամանակահատվածում գողացել են Կապանի Մինասյան փողոցի շենքի բակում կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան. հայտնում են ոստիկանությունից։

Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան գողացել է 33-ամյա երիտասարդը: ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ՊԾ Սյունիքի գումարտակի, Կապանի և Սիսիանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում երիտասարդը Երևան-Մեղրի ճանապարհի 180-րդ կմ-ին հայտնաբերվել, ձերբակալվել և, նշված ավտոմեքեենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Կասեցվել է «Արթուրս Աղվերան Ռեզորթ»-ի ապօրինի ջրառը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Կոտայքի մարզի Արզական համայնքում գործող «ԴՐԻՄ ՌԵՍԹ» ՍՊԸ-ում։

Պարզվել է, որ Ընկերությանը պատկանող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում առանց համապատասխան թույլտվության բնական աղբյուրից իրականացվում է ապօրինի ջրօգտագործում։

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրառը կասեցվել է, տարածք մտնող խողովակաշարը կապարակնքվել։

Տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք ու ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջ:

Վտանգավոր եմ համարում այն ուղղությունները, որոնց հետ կապված Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացրել. Աբրահամյան

Ադրբեջանը սպառազինվում է բոլորի աչքի առաջ, բնականաբար, այդ զենքերը մի օր կրակելու են, ԱԳՆ դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Կարծում եմ, որ այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունն այդքան էլ մեծ չէ, ինչն, իհարկե, չի բացառում ճակատի սահմանափակ ուղղություններով որոշակի գործողությունների ծավալումը։ Վտանգավոր եմ համարում բոլոր այն ուղղությունները, որոնց հետ կապված Ադրբեջանը պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով տարածքային պահանջներ է ներկայացրել։ Այդ ուղղություներով Ադրբեջանի կողմից հնարավոր գործողությունների հավանականությունը շատ ավելի մեծ է»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Այն կառույցները, որոնք տարիներ շարունակ պայքարում էին ազատ խոսքի, այլակարծության համար, հիմա լուռ են. դրա համար երկու պատճառ կարող է լինել. Սաղաթելյան

Սա իրազեկման ակցիա է՝ ուղղված այն կառույցներին, պաշտոնյաներին, որոնք տարիներ ի վեր ակտիվ գործողություն էին ծավալում, այդ թվում՝ Հայաստանում, քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով, որպեսզի տարածեն եվրոպական արժեքներ, պայքարեն մարդու իրավունքների, խոսքի ազատության, լրատվամիջոցների ազատությունների համար։ Իսկ հիմա այդ կառույցները լուռ են, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այս լռության հիմքում կարող է երկու պատճառ լինել.«Առաջինն այն է, որ իրենք պատշաճ իրազեկված չեն, քանի որ այլևս ռեսուրս չունեն օբյեկտիվ իրականությանը ծանոթանալու։ Իրենցից շատերը, ովքեր ժամանակին պայքարում էին ազատությունների համար, հիմա այս իշխանության կազմում են։ Եվ երկրորդ տարբերակը՝ իրենք պարզապես նախընտրում են կույր մնալ, և ինչ-ինչ շահերն այսօր գերակա են, քան արժեքները։ Ցանկացած պարագայում, եթե դա այդպես է, մենք ուղղակի արձանագրենք այդ փաստը, որ աշխարհում բան է փոխվել և այլևս արժեքներն առաջնային չեն, երբ խոսք է գնում շահերի մասին»։

Հարցին՝ երբ ՀՀԿ-ի իշխանության տարիներին էին ընդդիմադիրները բարձրաձայնում քաղբանտարկյալների հարցը, ԵԽ-ի և մյուս կառույցների արձագանքն ինչպիսի՞ն էր՝ Սաղաթելյանը նշեց.«Ես շատ լավ եմ հիշում բոլոր արձագանքները։ Ավելին՝ դժվար չէ դրանք գտնել բաց աղբյուրներում։ Դուք էլ կհիշեք, որ ցանկացած առիթով՝ կլիներ «թթու» խոսք կամ ընկճում, անմիջապես շատ մեծ աղմուկ էր բարձրանում։

Սա առաջին դեպքը չէ, առաջին դեպքը եղավ, երբ այս բռնապետիկները գործողություններով ճնշում գործադրեցին դատական իշխանության վրա։ Այսինքն՝ դատական իշխանության դեմ ոտնձգություն արվեց, երբ շրջափակվեցին դատարանները, իսկ դատավորները, ովքեր շտապում էին աշխատանքի, նրանց ուղղակի բռնում և գցում էին գետնին։ Ամեն դեպքում՝ բոլոր իշխանությունների ժամանակ կան կնճռոտ էլեմենտներ, հարցեր, որոնք կա՛մ գտնում, կա՛մ չեն գտնում իրենց հանգուցալուծումը և որոնց վերաբերյալ կարելի է կամ չի կարելի խոսել։

Ես 30 տարվա ընթացքում չեմ հիշում այս տեսակ աննախադեպ ոտնձգություններ ցանկացած բնույթի խոսքի ազատության, այլակարծության, քաղաքական դիրքորոշումներ ու կարծիքներ հայտնելու վերաբերյալ։ Ի վերջո, եթե դուք ուզում եք հիշատակել մինչև 2018 թվականը, ապա ասեմ, որ 2018 թվականը տեղի չէր ունենա, եթե այդ ամենը՝ խոսքի ազատությունը, այլակարծությունը  չլինեին»։

Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի (News.am)

Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնցից թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա:

NEWS.am-ի արտերկրի աղբյուրներից ստացված այս լուրը հաստատել են նաև Ռուբեն Վարդանյանի գրասենյակից: «Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր և աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական և մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում: Առաջադրողները տպավորիչ և միջազգային գնահատականի արժանի են համարել Ռուբեն Վարդանյանի՝ որպես մարդասերի և բարերարի կերպարը և նրա հետևողական ջանքերը՝ ուղղված անգամ պատերազմների ու դրանց սպառնալիքի, ֆինանսական և քաղաքական ճգնաժամերի ընթացքում մարդասիրական, բարեգործական ու սոցիալական ծրագրերի միջոցով երկարատև կայունության ու զարգացման գործիքների ներդրմանը:

Այդ համատեքստում մասնավորապես հիշատակվել է նրա գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ Ռուբեն Վարդանյանը մեծ ջանքեր է ներդրել՝ փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլև դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների կենսական պայմանների բարելավման հնարավորություններ ստեղծել:

Գնահատելի է համարվել այն, որ Ռուբեն Վարդանյանի բարեգործությունն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլև միջազգային մակարդակները և գլոբալ ազդեցություն ու նշանակություն ունի: Նրա հեղինակային խոշոր նախագծերից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մայրցամաքներում օգնելու և ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը բարիք են գործում: Վարդանյանին առաջադրման ներկայացված հարգարժան անձանց նամակում կարևոր է համարվում նաև այն, որ նա հարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի, կրոնի, այլև այլոց ժառանգության նկատմամբ. որպես դրա վառ օրինակ նշվում է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգված Շուշիի իրանական մզկիթը»,- News.am-ին հայտնել են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։