Այո՛, կար այդպիսի մարդ, ով և՛ ինձ հետ էր շփվում, և՛ Փաշինյանի հետ էր շփվում․ Թող Փաշինյանը հիշի՝ ի՞նչ էր այդ մարդուն ասում 2019 թվականի վերջին և 2020-ի սկզբին. Սերժ Սարգսյան
Սպասվող արհավիրքի մասին Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ զգուշացումներ են եղել, դրանցից մեկն էլ եղել է 2020 թվականի մարտին, երբ նա Վայոց ձորում Քովիդը «խեղդում էր» արաղով, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Նա բառացի ասաց՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն մեզ վախեցնում են պատերազմով։ Բա, եթե մենք չենք զգուշացրել, եթե չենք ասել, այդ բառերը որտեղի՞ց էին։ Ինչ վերաբերում է նրա ասածին, որ կար մարդ, ով և՛ ինձ հետ էր շփվում, և՛ իր հետ էր շփվում, այո՛, կար այդպիսի մարդ, բայց ցավոք, այդ մարդը հիմա չի կարող վկայություն տալ։ Չեմ ուզում ուղղակի անունը տալ։ Ուղղակի թող ինքը հիշի՝ այդ մարդուն և նրա քաղաքական թիմին ի՞նչ էր ասում 2019 թվականի վերջին ու 2020 թվականի սկզբին։ Ասում էր, որ ամեն ինչ լավ է, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, ամեն ինչ նորմալ է լինելու։ Բայց բանից պարզվեց, որ այդ մարդկանց թիկունքին կանգնել է, որ նրանց թիկունքից հարվածի։ Ու հարվածեց թիկունքից։ Անձամբ ես, երբ 2020 թվականի ամռանը մամուլի ասուլիս անցկացրեցի, ասացի, որ արդեն ռազմական գործողությունները մոտենում են։ Զգուշացումները պոզով-պոչո՞վ են լինում, էլ ինչպե՞ս պետք է զգուշացնեինք»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Շատ մեծ խնդիրներ են լինելու Տավուշի գյուղերը հանձնելու դեպքում. Սերժ Սարգսյան
Բազմաթիվ անգամներ եղել եմ Տավուշում, և այդ տեղանքը հենց հիմա էլ աչքիս առաջ է։ Ամենամեծ խնդիրն այն է, թե ինչի հիման վրա ենք մենք այդ գյուղերը հանձնում Ադրբեջանին։ Ցանկացած դիվանագիտական թեթև կուրս անցած մարդ գիտի, որ բանակցային գործընթացն այնպիսի գործընթաց է, որ երբ համաձայնեցված չի փաստաթղթի վերջին կետը, նախորդ բոլոր կետերը համաձայնեցված չեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Սա բանակցությո՞ւն է, սահմանազատման գործընթա՞ց է, թե՞ ուղղակի Ադրբեջանի պահանջին հագուրդ տալ է։ Ի՞նչ է մեր գլխավոր բանակցողը մեզ ասում։ Ասում է՝ եթե չտանք, ապա ադրբեջանցիները կհարձակվեն։ Մենք կարո՞ղ ենք արդյոք մտածել, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը կարող է պայման դնել և ասել՝ եթե Սյունիքը չտաք, մենք կհարձակվենք։ Եվ այսպես ինչ ուզի՝ կվերցնի։ Սա ի՞նչ մոտեցում է»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Ինչ վերաբերում է Տավուշի մարզի 4 գյուղերին՝ Սերժ Սարգսյանն ասաց.
«Շատ մեծ խնդիրներ են լինելու։ Կարծում եմ, որ նույնիսկ մինչև այդ որոշումն ընդունելը նրանք չգիտեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենալու, թե ինչպես են այս փուլում հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի խաղաղ ապրելու, թե ինչից ելնելով նրանք մեր հանրապետություն մտնող գազատարը պետք է անվնաս թողնեն»։
Սարգսյանը նշեց, թե 90-ականների սկզբին շատ մեծ դժվարությունների գնով է Հայաստանին հաջողվել վերջ տալ այդ գազատարների պայթեցմանը.
«Եթե իրենց թվում է, թե արդեն ամեն ինչ լավ է, հայերն ու ադրբեջանցիները եղբայրացել են, ի՞նչ ասեմ»։
Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է. Սերժ Սարգսյան
Որևէ մեկը չի զարմանա, եթե ևս մեկ անգամ ասեմ, որ Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Նա զրպարտել է ինձ այն առումով, որ ես իբր կենցաղային հարցերով իրեն նամակներ եմ ուղղել։ Իմ աշխատակազմի ղեկավարը միանգամից հերքեց և պահանջեց, որ այդ, այսպես ասած, նամակները հրապարակեն։ Պարզ է, որ ոչինչ տեղի չունեցավ, որովհետև այդպիսի բան չէր եղել»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, թե արհավիրքը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էր.
«Արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր։ Մնացած ողբերգություններն ընդամենն այդ արհավիրքի հետևանքներն են»,-ասաց Սարգսյանը։
ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը ՀՀ-ն «պալիգոն» դարձնելու և ՀՀ-ի գլխին նոր արհավիրք բերելու հերթական քայլն է. Շարմազանով
Սա Հայաստանի հակառուսական դառնալու հերթական քայլն է. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպմանը։
«Շատ պարզ է և դրա մասին չեն էլ թաքցնում եվրոպացի պաշտոնյաները։ Բլինքենը չասե՞ց, Ալիև ջան մի անհանգստացի, սա քո դեմ ուղղված չէ, բա ու՞մ դեմ է ուղղված՝ ՌԴ-ի՞, Իրանի՞, դե տենց էլ ասեք։ ՀՀ կառավարիչները չեն հասկանում, որ ուկրաինական պատերազմից հետո աշխարհը դարձել է ռեգիոնալ և այստեղ կա երեք խոշոր խաղացող՝ Թուրքիա, ՌԴ, Իրան»։
Ըստ նրա՝ սա ՀՀ-ն «պալիգոն» դարձնելու և ՀՀ-ի գլխին նոր արհավիրք բերելու հերթական քայլն է։
Աշոտյանը ժողովրդավարական Հայաստանի քաղբանտարկյալներից է, ում գործի շինծու լինելու մասին որեւէ մեկը թերեւս արդեն կասկած չունի. Պատգամավոր
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրերս տեսակցության էի գնացել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին: Նա ժողովրդավարական Հայաստանի քաղբանտարկյալներից է, ում գործի շինծու լինելու մասին որեւէ մեկը թերեւս արդեն կասկած չունի: Այս գործով անգամ տուժողին չեն կարողանում գտնել դատական կամ իրավապահ այլ մարմինները: Բայց Արմեն Աշոտյանը մոտ 10 ամիս է՝ անհիմն գտնվում է կալանքի տակ։ Ապրիլի 10-ին դատավոր Վահե Դոլմազյանը պետք է քննի Աշոտյանի կալանքի հարցը, որոշելով՝ քաղբանտարկյալը կշարունակի՞ մնալ կալանքի տակ, թե՞ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կփոխարինվի այլ տեսակով:
Եթե շարունակվեց նրա կալանքը, նշանակում է, որ Վահե Դոլմազյանը կատարում է քաղաքական հրահանգ, քանի որ Աշոտյանին կալանքի տակ պահելու որեւէ իրավական հիմք չկա:
Ուզում եմ տեղեկացնել, որ Արմեն Աշոտյանի գործով հրատապ գրություններ եմ ուղարկել Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին, միջազգային կարեւորագույն կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ապրիլի 10-ի դատական նիստի վրա:
Ինչ վերաբերում է Աշոտյանի տրամադրությանը, ապա այն, ինչպես միշտ, բարձր էր, մարտական: Միակ մտահոգությունը, որ ուներ մեր երկրին պատուհասած վտանգների պատճառով էր, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր սադրանքներով եւ ոչ կոմպետենտությամբ բերել հասցրել է կրիտիկական պահի»:
Անահիտ Մինասյանն այցելե՞լ է Նարեկ Սամսոնյանին, ում խոշտանգելով են ձերբակալել, Վազգեն Սաղաթելյանին, ով ընդամենը յութուբում հաղորդման ժամանակ իր կարծիքն է հայտնել. Մկրտչյան
Անահիտ Մինասյանն այցելե՞լ է անձամբ Նարեկ Սամսոնյանին, ում խոշտանգելով ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, այցելե՞լ է արդյոք Վազգեն Սաղաթելյանին, ով ընդամենը յութուբում հաղորդման ժամանակ իր կարծիքն է ասել. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նա շարունակեց, թե արդյո՞ք ՄԻՊ-ն այցելել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով իր կյանքի վերջին մի քանի տասնամյակը զբաղվել է քաղաքականությամ, կամ՝ Նարեկ Մալյանին։
570գ. սինթետիկ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք՝ Երևանում. 36-ամյա տղամարդը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, 2024թ. մարտի 30-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայից Ոստիկանության համապատասխան բաժին են տեղափոխվել 36 և 42–ամյա տղամարդիկ՝ վերջինիս կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: 36–ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ լցված սպիտակ բյուրեղանման՝ թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննության ընթացքում նշանակված դատաբուսաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված 570,81 գրամ քաշով բյուրեղանման զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է:
Քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի գյուղերից մեկի 36–ամյա բնակիչը, ով զբաղվում է բեռնատար ավտոմեքենայով Իրանից Հայաստան շինարարական ապրանքների տեղափոխմամբ, 2024թ. մարտի 30-ին իր համագյուղացի 42-ամյա տղամարդու հետ, վերջինիս պատկանող և որպես տաքսի շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Կոմիտաս 7 հասցեին հարակից հատված, ապա, շահադիտական դրդումներով, ինքնությունը չպարզված անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և նույն նպատակով իր մոտ ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով՝ 570,81 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Այն իր հետ ապօրինի տեղափոխելով՝ նույն տաքսով ուղևորվել է Երևան քաղաքի Կոմիտասի փողոցի մեկ այլ հասցեում գտնվող ռեստորանի դիմացի հատված, սակայն ոստիկանության ծառայողների կողմից ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է:
36-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը բավարարվել է:
Կատարվել են խուզարկություններ, հետաքննության մարմնին հանձնարարություններ են տրվել՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել՝ 36–ամյա տղամարդու մոտից հայտնաբերված թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:
Ձերբակալված 42–ամյա տղամարդը անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով արգելանքից ազատ է արձակվել:
Նախաքննությունը շարունակվում է։
Նիկոլը սարսափում է ճշտից և ճիշտ խոսողներից. Միքայել Գրիգորյան
Լուսինե Այրապետյանի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը
Երուսաղեմի ոստիկանները բռնի գործողություն են իրականացրել հայ հոգևորականների ու տեղացի հայերի նկատմամբ. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է Իսրայելի ոստիկանության ապօրինի գործողությունների մասին: Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 3-ին՝ մոտավորապես ժամը 11-ին, իսրայելցի ոստիկանները՝ Ասաֆ Հարել անունով սպայի գլխավորությամբ, հարձակվել են հոգևորականների ու տեղացի հայերի վրա, ոչնչացրել են պատրիարքարանի գույքը:
Երբ ոստիկաններից հոգևորականներին և հայերին բռնի տեղահանելու, վտարելու, գույքը փչացնելու մասին արտոնագիր կամ դատարանի որոշում են պահանջել, իրավապահները նման փաստաթղթեր չեն ներկայացրել և հայտարարել են, որ եկել են պաշտպանելու «Կովերի պարտեզի» ներկայացուցիչների իրավունքները:
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հայտարարել է, որ քաղաքի չորս թաղամասերից մեկի վերահսկողն են և Իսրայելի իշխանություններից ու ոստիկանությունից ակնկալում են ստանալ տեղի ունեցածի վերաբերյալ պատասխաններ և ամբողջական պատշաճ գործընթաց:
«Աներկբա է, որ այսօրվա սադրանքները Հայկական թաղամասի և նրա օրինական հողերի դեմ նախադեպ ստեղծելու փորձեր են: Մենք պետք է շարունակենք ամուր մնալ մեր դիրքերում և պետք է ամբողջ աշխարհի քրիստոնյաների ուշադրությունը հրավիրենք խաղաղ հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգությունների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կասեցվել է պահածոների արտադրամասի վառարանների շահագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «ԷԿՈ ԱԳՐՈ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ պահածոների արտադրամասում վառարանները շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության:
Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ առանց թույլտվության գործարկվող 2 վառարանի շահագործումը կասեցվել է, փականները կնքվել են։
Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության, նաև ներկայացվել է վնասի փոխհատուցման պահանջ։