«ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, այն կրում է պաշտպանական բնույթ»․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին իրականացրած ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների տեսամոնտաժված կադրերը` այսպիսով փորձելով դրանք ներկայացնել իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

Ինչպես նշել էինք, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:

«Կազմակերպության պատասխանատվության գոտին անդամ պետությունների ինքնիշխան տարածքն է»․ ՀԱՊԿ-ից պատասխանել են Փաշինյանին

ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում  Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական ​​սահմանների շրջանակներում, РБК-ին ասել են ՀԱՊԿ-ից։

«Պատասխանատվության գոտուն վերաբերող ձևակերպումը բավականին բարդ է,  հայտարարությունն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել երկրում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան, քանի որ համաձայն «Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման ու գործունեության մասին համաձայնագրի, որը 2010 թվականին ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, Կազմակերպության պատասխանատվության գոտին անդամ պետությունների ինքնիշխան տարածքն է»,- ասել են ՀԱՊԿ-ից՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե Կազմակերպությունը չպատասխանի՝ որն է իր պատասխանատվության գոտին Հայաստանում։

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական ​​սահմանը՝ երկկողմանի հիմունքներով կարգավորված Հայաստանի և նրա հարևանների միջև»,- ասել են ՀԱՊԿ-ից։

Պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին, այլ պետության պաշտպանունակությամբ զբաղվել․ Էդուարդ Շարմազանով

Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ «խաղաղ» ադրբեջանացումից, գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը․

«Պատերազմներն աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։

Ավելին, առանց պատերազմների պատրաստ լինելու՝ ազգերը լճանում են ու դառնում անմարտունակ։

Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։

Հետևաբար, պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին, այլ պետության պաշտպանունակությամբ զբաղվել՝ ոտքի տակ չընկնելու համար։

Ամբողջ աշխարհը պատերազմի է պատրաստվում, իսկ Նիկոլը՝ խաղաղ հանձնվելուն։

Նիկոլն ինձ հիշեցնում է Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Չեմբեռլենին, որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաև պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։

Բրիտանիան, եթե մնար Չեմբեռլենի հույսին, կկործանվեր։

Նրան հանեցին և վարչապետ դարձավ «պատերազմի կուսակցության» առաջնորդ Չերչիլը՝ բերելով հաղթանակ բրիտանացի ժողովրդին։

Նիկոլը խաղաղություն չի բերելու, նա անվերջ զիջելու է ՝ բերելով նոր աղետներ ու պարտություններ։

Հ.Գ. — Անբարոյականանում են անմարտունակ հասարակությունները․ Գարեգին Նժդեհ»։

Պատերազմի ռիսկի տակ գտնվող մեր երկրի համար աններելի է Արցախի ԱԱԾ աշխատակիցների ներուժը, փորձն ու գիտելիքները չօգտագործելը․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությունը․

«ԱԱԾ-ում մշտապես եղել է համակարգից դուրս գտնվող գործընկերների նկատմամբ հոգածու վերաբերմունք: Այս ավանդույթը քաջալերվել է կառույցի ղեկավարության կողմից, որն այսօր կարծես մոռացության է մատնվել մասնավորապես Արցախից Հայաստան տեղափոխված ԱԱԾ աշխատակիցների պարագայում: Այնինչ պիտի տեղի ունենար հակառակը` նրանց պոտենցիալը պիտի օգտագործվեր ոչ միայն հումանիստական մոտեցումներից ելնելով` սոցիալ-կենցաղայի խնդիրները լուծելու համար, այլև Հայաստանի անվտանգության ամրապնդման նպատակով` հաշվի առնելով ահռելի փորձը, որը մեր գործընկերներն ըստ էության կուտակել են առաջնագծում հակառակորդի դեմ պայքարի ընթացքում:

Իրավիճակը շտկելու, ԱԱԾ գործող ղեկավարության ուշադրությունը հիմնախնդրի վրա բևեռելու համար ներկայացնում ենք հետևյալ փաստարկները`

ԱՀ ԱԱԾ հակահետախուզության և ռազմական հակահետախուզության աշխատակիցները ծառայությունը երկար ժամանակ իրականացրել են հակառակորդի կողմից երկրի վրա առկախված ամենօրյա վտանգի, կազմակերպվող սադրանքների պայմաններում։ Նրանց մեծամասնությունն ունեցել է անմիջական մասնակցություն Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններին, դրա հետ միասին իրականացրել է գործառնական պարտականություններով իրեն վերապահված օպերատիվ սպասարկումը,

ԱՀ ԱԱԾ աշխատակիցների որոշ մասը մասնագիտական ուսումը ստացել է նեղ մասնագիտական բարձրակարգ ուսումնական հաստատություններում, վերապատրաստվել, դասընթացներ է անցել համապատասխան ուսումնական կենտրոններում,

ԱՀ ԱԱԾ ծառայության կազմում գործած, ԱԹՍ-ների միջոցով հետախուզության և այլ մարտական խնդիրների կատարումն ապահոված աշխատակիցների փորձը (նոր սարքերի, ծրագրային ապահովման և զինամթերքի մշակման աշխատանքներ, դրանց կիրառման նոր մեթոդներ) անգնահատելի է Հայաստանի պայմաններում,

ԱՀ ԱԱԾ ռադիոհակահետախուզության բաժնի աշխատակիցները Արցախի Հանրապետության պաշտպանողական միջոցառումների կազմակերպման ընթացքում կիրառել են ռադիո-էլեկտրոնային գործառույթ, իրականացրել են հակառակորդի կողմից կիրառված ՌԷՊ միջոցների, վնասազերծված ու գրավված իսրայելական և թուրքական ԱԹՍ-ների մանրամասն ուսումնասիրություն, ներկայացրել համապատասխան առաջարկներ,

ԱՀ ԱԱԾ տեղեկատվական վերլուծական բաժնի աշխատակիցները տարիների ընթացքում սովորել են ճիշտ հասկանալ հակառակորդի և այլ երկրների բաց աղբյուրների տեղեկատվական հոսքը, տեսնել և ճիշտ գնահատել օպերատիվ արժեքը, հետախուզական տվյալների հետ համադրման արդյունքում ստանալ այդքան կարևոր արդիական վերլուծություն,

ԱՀ ԱԱԾ կապի, տեղեկատվական անվտանգության աշխատակիցները կուտակել են խաղաղ և ռազմական գործողությունների ընթացքում հաղորդակցության կազմակերպման և դրա հիման վրա կապի համապատասխան հանգույցների ստեղծման, իսկ տեխնիկական բաժնի աշխատակիցները` տեսողական հետախուզության կազմակերպման նպատակով ԱՀ ամբողջ սահմանի երկայնքով և ՀՀ շփման գծի որոշ հատվածներում տեսադիտարկման համակարգերի տեղադրման անգնահատել փորձ։

ԱՀ ԱԱԾ գործընկերների հետ մեր շփումները վկայում են, որ հնարավորություն ընձեռելու դեպքում պատրաստակամ են օր առաջ ներգրավվել Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներում: Հետևաբար պատերազմի ամենօրյա ռիսկում գտնվող մեր երկրի համար աններելի է չօգտագործել նման մարդկանց ներուժը, փորձն ու գիտելիքները:

Չպետք է մոռանալ, որ պաշտոնը ժամանակավոր է, իսկ ավանդույթները` մնայուն…»:

Հայաստանի բանկերը «Միր» քարտերի ընդունումը դադարեցրել են ԱՄՆ աննախադեպ ճնշման պատճառով. Պեսկով

Հայաստանի բանկերը ապրիլին դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ աննախադեպ ճնշման պատճառով, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի կողմից աննախադեպ ճնշման՝ պատժամիջոցների, երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի», — բացատրել է Կրեմլի խոսնակը:

«Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը և այլ հաստատություններ միջոցներ են ձեռնարկում ռիսկերը կանխելու համար», — եզրափակել է Կրեմլի խոսնակը:

2024 թվականի փետրվարին «Միր»-ը կամ ռուսական ազգային վճարային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների թիրախում է հայտնվել, Վաշինգտոնը պնդում է, որ այդ համակարգի միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։

Պաշտոնապես Ադրբեջանում պահվում են 23 հայեր, շուրջ 80 բռնի անհետացման դեպքեր կան, 210 գերեվարված անձինք Ադրբեջանից հայրենադարձվել են

Պաշտոնապես Ադրբեջանում պահվում են 23 հայեր, որոնք չունեն նույնական իրավական կարգավիճակ. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Նրանց մի մասը զինվորականներ են և որակվում են որպես ռազմագերիներ, ունենք նաև քաղաքացիական գերիներ և նաև Արցախի Հանրապետության նախկին ղեկավարներ, ովքեր իրենց գործունեության և տեսակետների համար են հետապնդվում, ուստի դիտարկվում են որպես քաղբանտարկյալներ։ Այս բոլոր գործընթացներում էական նշանակություն ունի էթնիկ պատկանելիության հատկանիշը»,-ասաց նա։

Ըստ Սահակյանի՝ Ադրբեջանը նրանց ներկայացնում է որպես հասարակ հանցագործներ՝ ֆինանսական ահաբեկչություն, զինվորական ապօրինի խմբավորումներ ստեղծելու, զինելու, ապօրինի խոշտանգման, և այլնի համար, և հարցը ներկայացնում է ներպետական կարգավումների կոնտեքստում։

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչը նշեց, որ կան նաև բռնի անհետացման ենթարկված գերիներ։

«Մենք չունենք տեղեկություն 2023թ.-ի պատերազմի հետևանքով բռնի անհետացման դեպքերի մասին, բայց շուրջ 80 գործ ունենք դեռևս 44-օրյա պատերազմից, և այստեղ Ադրբեջանն ունի մերժողական քաղաքականություն, որևէ կերպ չի ցանկանում հետաքննության միջոցով բացահայտել դեպքերը և ճշմարտության իրավունքն ապահովել ընտանիքներին»,-ասաց նա և նշեց, որ անհետ կորածների խնդիրը ևս շարունակվում են չլուծված մնալ։

Սահակյանը նշեց, որ շուրջ 210 գերեվարված անձինք Ադրբեջանից հայրենադարձվել են։

Ի՞նչ է սպասվում Տավուշի մարզի բնակավայրերին` 4+4 տարբերակով հանձնելու դեպքում․ Աբրահամյան

Եվս 2 պատկերավոր քարտեզ, որոնք ցույց են տալիս, թե ի՞նչ է սպասվում Տավուշի մարզի բնակավայրերին և հանրապետական, միջպետական նշանակության ենթակառուցվածքներին` 4+4 տարբերակով (Ադրբեջանի հետ սահմանագիծ ունեցող 4 գյուղերն առաջին փուլով և, այսպես կոչված, 4 անկլավները 2-րդ փուլով) հանձնելու դեպքում:
Առաջին քարտեզում Ադրբեջանի հռչակած Սոֆուլու և Բարխուդարլու բնակավայրերն են, որոնք ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի մեր համայնքների մաս են կազմում և հատում են (փակում) Իջևանից դեպի Ազատամուտ-Կայան-Վազաշեն-Բերդ գնացող ճանապարհը:
Այլընտրանքային համարվող Ճամբարակ-Բերդ ճանապարհը չնայած հիմնանորոգվում է, սակայն ռելիեֆի, կլիմայի առումով խնդրահարույց է, իսկ դրա մի քանի հատվածները շատ մոտ են առաջնագծին և տարբեր ժամանակներում Ադրբեջանը ճանապարհի որոշ հատվածներ կրակի տակ է առել:
Ի դեպ, Սոֆուլուն ու Բարխուդարլուն շատ մոտ են գտնվում Իջևանից դեպի Աչաջուր, Սևքար ու այնտեղից Ոսկեպար, Բաղանիս և Նոյեմբերյան գնացող ճանապարհին:
Երկրորդ քարտեզում, բաց կանաչ գույնով փորձել եմ ցույց տալ, այսպես կոչված, «սեռի զոնաները», որոնք կձևավորվեն 8 գյուղերի հանձնումից:
Ինչպես երևում է քարտեզից, այս գյուղերի հանձնումն ունի ուղղակի և անուղղակի ծանր հետևանքներ, որի պայմաններում մեծ թվով գյուղեր հայտնվում են մեկուսացման, կիսամեկուսացման մեջ (հանրապետական, մարզային լոգիստիկ ուղիներից դուրս) և որ այստեղ ամենավտանգավորն է` անվտանգության առումով խիստ խոցելի են դառնում:
Այն, ինչի մասին ասում եմ` որոշակի համեմատության մեջ արտահայտված է Սյունիքի մարզում` հատկապես Գորիսից Կապան հատվածում:
Այս իրավիճակն առաջացավ 2020 թվականի դեկտեմբերից հետո, երբ իշխանությունը հանձնեց Գորիսից Կապան ճանապարհատվածի տարբեր կտորներ` Որոտան և Շուռնուխ գյուղերի հարակից թևերում, իսկ այդ տարածքներում գտնվող բնակավայրերի կյանքը, այդ թվում` Գորիս և Կապան քաղաքի, շրջադարձային փոփոխության ենթարկվեց:

ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել շարժական հրահանգիչների խումբը. ՊՆ-ում փորձի փոխանակման վարժանքներ կլինեն

Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

ՊՆ վարչական համալիրում ապրիլի 1-5-ը հրահանգիչները ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի ծառայողների հետ անցկացնելու են հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակման վարժանքներ:

Ծրագրի մեկնարկին խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի շնորհավորանքը՝ Նիկոլ Փաշինյանին.

«Աշխարհում բոլորն այս օրը նշում են որպես հումորի և միմյանց հետ կատակելու օր։ Հայ ժողովրդի համար, սակայն, այս օրը խորհրդանշում է մանկուրտների իշխանության պարագլխի էությունը։ Ստի, կեղծիքի, դավաճանության և աղետի հետ ասոցացվող և վերոթվարկվածների հոմանիշը դարձած ռեժիմի պարագլխի տոնը ասենք շնորհավոր։

SutNikol-ը շատ շուտով անցյալում է մնալու՝ իր հետևից թողնելով միայն ամոթ ու խայտառակություն և ապագա սերունդներին պատգամ՝ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չլինել նիկոլ…»։

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
«Արմանվիր» քրեակատարողական հիմնարկ

01.04.2024թ.

36-ամյա վարորդը խոստովանել է, որ ճանապարհին նետել է մեքենայի թափքում գտնվող մարտական նռնակը՝ իր պայթուցիչով

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ իրացնելով, մարտի 25-ին Արագածավան գյուղի վարչական տարածքում հայտնաբերել և Թալինի բաժին են տարել Երևանի բնակիչ 26 և 36 տարեկան երկու երիտասարդի՝ օբսիդիան տեսակի հանքաքարով բեռնված «ԳԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ:

Բացատրական աշխատանքի արդյունքում 36-ամյա վարորդը խոստովանել է, որ ճանապարհին նետել է մեքենայի թափքում գտնվող մարտական նռնակը՝ իր պայթուցիչով: Նրա մատնանշած վայրում՝ Դաշտադեմ-Քարակերտ ճանապարհի 2-րդ կմ հատվածում, հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի մարտական նռնակ` պայթուցիչով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: