Ապարանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր

«Ճանապարհային դեպարտամենտից» տեղեկացնում են՝ Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ)։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Այս իշխանության համար սպայի կյանքը արժեք չունի․ Տիգրան Աբրահամյան

Բռնության ենթարկված, 4 տարի կոմայի մեջ գտնված և 2023 թվականին մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով իշխանությունը հերթական անբարոյականությանն է դիմել, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբաակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«4 տարի առաջ, դաժան ծեծի ենթարկելու և սպային կոմայի հասցնելու համար 5 տարի ժամկետով դատապարտված անձին, ըստ Մխիթարյանի հարազատների, վաղաժամ ազատ են արձակել:

Սա այն դեպքում, որ փոխգնդապետի մահից հետո նրա ծնողները դիմել էին իրավապահներին` վերաորակավորելու գործը, սակայն շուրջ 6 ամիս մարդկանց «ֆռցնելուց» հետո, դատարանի վճռով սպային մահվան հասցրած անձը, շուրջ 4.5 տարի նստելուց հետո վաղաժամ ազատ է արձակվել:

Հիշեցնեմ, որ այս գործով անցնում էին Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայումս քպ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի մերձավոր անձինք, իսկ ըստ Արա Մխիթարյանի ընկերների, Տրդատ Սարգսյանը ևս դեպքի վայրում է եղել:

Այս 4 տարիների ընթացքում իշխանությունն ինչպես հասցրեց՝ այլանդակեց գործը, արանքից մարդիկ հանեց, միջադեպին ներկա փոխգնդապետի ծառայակից ընկերներին բանակից հանեց, գլխներին գործ սարքեց ու դա միայն այն բանի համար, որ վերջիններս իրենք հարվածներ ընդունելով՝ փորձել էին փրկել սպայի կյանքը, ինչի մասին մանրամասն հայտնել էին նաև իրենց ցուցմունքներում:

Սա է այս իշխանության դաժան ու գարշելի կերպարը, որի համար սպայի կյանքը արժեք չունի»,- ընդգծել է Տիգրան Աբրահամանը:

Սիրելի՛ վարդենիսցիներ, սա էր այն ապագան, որը Նիկոլ Փաշինյանը ձեզ խոստանում էր և պարգևեց․ Վարդենիսից արևելք դարձել է վտանգավոր գոտի․ Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը անդրադարձել է ԱՄՆ դեսպանատան՝ այսօր հրապարակած նախազգուշացմանը։

«Արցախը թշնամուն «բանտիկով» նվիրելուց հետո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ասում էր` Արցախը տանք, Հայաստանը պահենք: Եվ ահա արցախցիները զոհաբերեցին իրենց տունն ու ունեցվածքը, իրենց գերեզմաններն ու հիշողությունները, մի բանալի վերցնելով՝ եկան Հայաստան, որ փրկեն մայր հայրենիքը: Եվ ինչ, պարզվում է, որ վտանգված է նաև մայր Հայաստանի առնվազն երեք մարզ:

Սիրելի՛ վարդենիսցիներ, ցավոք, հասանք այն վիճակին, որ Վարդենիսից արևելք դարձել է վտանգավոր գոտի: Սա էր այն ապագան, որ Նիկոլ Փաշինյանն ու իր մյուս խաբեբաները ձեզ խոստանում էին և պարգևեցին:

Տեղեկացնեմ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել.

«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է գնալ

Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք,

Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք,

Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ,

Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ…»,- գրել է Թովմասյանը՝ սոցցանցի իր էջում:

Ծանոթացել ենք Հայաստանի անունից Ադրբեջանին ուղարկած առաջարկներին․ զիջումների մասին մտահոգությունները պահպանվում են, իսկ մեր հրապարակային խոսքը քննվում է․ Հայտարարություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի եւ Արթուր Խաչատրյանի համատեղ հայտարարությունը․

«Այսօր ԱԳՆ-ում ծանոթացել ենք Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանին 2024 թ․ հունվարի 4-ին ուղարկած առաջարկների փաթեթին։

Արձանագրում ենք, որ բանակցային գործընթացում որևէ էական տեղաշարժ չկա, և առաջարկների նախկին փաթեթներին ծանոթանալուց հետո մեր հնչեցրած բոլոր մտահոգությունները, կապված ՀՀ-ի կողմից որևէ հավելյալ անվտանգային երաշխիք չստանալու, ուժի և ուժի սպառնալիքով Ադրբեջանի ձեռքբերումներն ամրագրելու, ՀՀ-ին ուժի սպառնալիքով նոր զիջումներ պարտադրելու հետ, պահպանվում են։

Սակայն, ուշագրավ ենք համարում հետևյալ հանգամանքը. պայմանագրի կետերին ծանոթանալու ընթացքում ԱԳՆ աշխատակիցները մեզ ակնարկեցին, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վտանգների և կեղծ խաղաղության թեզի վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված մեր ջանքերը հայտնվել են համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում, և ԱԳՆ֊ն ուսումնասիրում է մեր կողմից գաղտնի տեղեկությունների չհրապարակայնացման դրույթը խախտելու հանգամանքների առկայությունը։

Փաստորեն, Ադրբեջանի նախագահի` ՀՀ-ին և հայ ժողովրդին ամենօրյա ռեիժիմով ուղղվող սպառնալիքների ֆոնին, ՀՀ ԱԳՆ֊ն զբաղված է ընդդիմադիր պատգամավորների հարցազրույցները և հրապարակային խոսքերը քննելով։

Հայտնում ենք, որ մենք սա գնահատում ենք ուղիղ սպառնալիք և պատգամավորական գործունեությանը խոչընդոտող քայլ, միաժամանակ` տեղեկացնում, որ շարունակելու ենք մեր ժողովրդի համար կարևորագույն օրակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը միտված մեր գործունեությունը»։

Այո, եղել է մտադրություն՝ նկարահանել «Դուխով» ֆիլմ. Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Միշտ չեմ արձագանքել փողով ընդդիմադիր աշխատող մանր մարդկանց: Երևի սխալ եմ եղել ․.. Հորիցս ժառանգած մեծ ներքին կուլտուրան ա խանգարել:

Հիմա ակտիվացել են ընդդիմության Քոչարյանական վարչության գերազանցիկները: Այս անգամ սիրով պատասխանեմ․

Ուրեմն …

1. Ես իսկապես ուրախացել եմ, երբ 2018-ին իշխանափոխություն ա եղել: Բազում անգամ եղել եմ Հրապարակում: Ինչի՞։ Զզվել եմ (կապ չունի՝ ո՛ր նախագահի օրոք) հղպացած հաստավիզ դեմքերից, որոնք քաղաքի ու երկրի տեր էին խաղում: Հիմա նրանցից շատերը, իհարկե, Նիկոլենց մոտ «փիսո» են դարձել ու համատեղ բիզնեսներ են անում, բայց դա արդեն կարևոր չի… Մյուս կողմից էլ` Մոսկվայում  եմ 27 տարի ապրել, Նիկոլի մասին գրեթե չեմ լսել… Կարևորը` երբեք դա չեմ թաքցրել:

2. Այո… Եղել ա մտադրություն նկարահանել «Դուխով» ֆիլմ: Բայց սցենար երբեք չի գրվել` միայն միտք Էր: Վիվառոյի Վիգենի հետ ( հիշում եք չէ՞, որ «Դուխով»-ը Վիվառոյի բրենդն ա): Հետո փոշմանեցինք, պատմությունից մնաց էս պոստերը: Ուզում եք խոցել մի բանով ինչի մասին ես խոսել եմ հանրայի՞ն: Ղեկավարությունը գո՞հ ա ձեր աշխատանքից:

3. Իսկ ինձ տեսել ե՞ք Նիկոլենց հարսանիք-կնունքներին: Ո՞չ: Իսկ ձեր որոշ դեմքերի՞ն:

4. Արա, էդ ինչ մաքուր եմ ապրել, որ էս 2018-ի «Դուխով»-ից բացի էսքան տարի ուրիշ թեմա չունեք:

Հ.Գ. Լայքը եկող գնացող բան ա: Ծանր մի տարեք: Դուք ավելի լավ աշխատեք ՝ աշխատավարձից պահումներ չանեն ՝ իմ փոքրիկ խանդոտ բարեկամներ»։

Արդյունաբերության ոլորտի զարգացումները մտահոգիչ են, արտահանման կառուցվածքը վատթարացել է, գյուղատնտեսության ոլորտն «ավանդաբար» շարունակում է անկում ապրել․ «Լույս»

«Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։

Այսպես՝

2023 թվականն ավարտվել է տնտեսական ակտիվության բավական բարձր տեմպով, սակայն տնտեսության կառուցվածքը վատթարացել է:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա վերջին երկու ամիսներին կտրուկ արագացել է՝ պայմանավորված ոսկերչական գործունեության աճով, ինչի արդյունքում 2023թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%: Միևնույն ժամանակ, ինչպես 2022թ.-ին, 2023-ին ևս, տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել ժամանակավոր և աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված գործոններով, որոնք կարող են չեզոքանալ՝ թողնելով տնտեսությունն առանց աճի «լոկոմոտիվների»: Այս պայմաններում, թեև աճում է արտահանումը, սակայն զարգանում են տնտեսության ոչ արտահանելի հատվածները, մասնավորապես՝ առևտուրը, որը բավական տատանողական է և զգայուն շոկերի նկատմամբ: Ավելին, 2023թ. բարձր աճին զուգահեռ անկում է գրանցվել տնտեսական ավանդական մի շարք ճյուղերի թողարկումներում (սննդի, խմիչքների, հագուստի արտադրություն), հետևաբար նաև այդ ճյուղերի արտադրանքի արտահանման ծավալներում, ինչն արտացոլում է արտահանելի հատվածում առկա էական խնդիրները:

Արդյունաբերության ոլորտի 2023թ. զարգացումները բավական մտահոգիչ են:

2023թ. արդյունաբերության ոլորտում գրանցվել է բավական ցածր աճ՝ չնայած այն հանգամանքին, որ տարեվերջին աճի տեմպը սկսել է կտրուկ արագանալ: Մտահոգիչ է այն, որ անկման միտումներ են գրանցվել մշակող արդյունաբերության ավանդական կարևոր ճյուղերում, մինչդեռ ընդհանուր արդյունաբերության աճի տեմպի արագացումը պայմանավորված է ոսկերչական գործունեության աճով, որը հանդիսանում է վերաարտահանման գործընթացի բաղկացուցիչ և հնարավոր է ունենա կարճաժամկետ բնույթ: Այս առումով, ինչպես նշվեց վերևում, նկատվում է տնտեսության կառուցվածքի վատթարացում, որն արտահայտվում է նաև արդյունաբերության ոլորտի կառուցվածքի վատթարացմամբ, քանի որ մեծանում են առավել անկայուն ոլորտների կշիռները, ինչը միջնաժամկետում կարող է մեծացնել ՀՀ տնտեսության խոցելիությունն արտաքին իրավիճակի փոփոխությունների հանդեպ:

Արտահանման կառուցվածքը նույնպես վատթարացել է:

Արդյունաբերության ոլորտի զարգացումները արտացոլվում են նաև արտահանման կառուցվածքում, ինչը ևս անհանգստության տեղիք է տալիս: Թեև արտահանման ծավալները 2023թ. էական աճ են գրանցել, դա հիմնականում պայմանավորված է եղել ոչ հայկական արտադրանքի արտահանմամբ, այսինքն՝ վերաարտահանմամբ: Միևնույն ժամանակ, ինչպես և սպասելի էր (դեռևս 2022թ. սկզբին տնտեսագետներն արդեն իսկ մտահոգություններ էին հայտնում ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված նոր հնարավորությունների՝ ՀՀ տնտեսության վրա բացասական ազդեցությունների հեռանկարի մասին), հայկական արտադրության մի շարք ապրանքատեսակների գծով նկատվում է արտահանման ծավալների նվազում: Այսինքն՝ արտահանման աճը պայմանավորված է եղել անկայուն և արտաքին իրավիճակով պայմանավորված գործոններով, մինչդեռ ՀՀ արտադրվող ապրանքների արտահանումը կրճատվել է: Այս պարագայում, արտաքին իրավիճակի փոփոխության դեպքում, արտահանման աճն ապահովող գործոնները կչեզոքանան, և ՀՀ արտահանումն այլևս նույն ծավալներով չի լինի՝ հանգեցնելով արտահանման զգալի կրճատման: Սա նույնպես խոսում է տնտեսության ներուժի թուլացման մասին:

 Գյուղատնտեսության ոլորտն «ավանդաբար» շարունակում է անկում ապրել:

2023թ. գրանցվել է 0.3% անկում: Թեև կառավարությունը մի շարք միջոցառումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտի խթանման համար, սակայն ոլորտը շարունակում է անկում ապրել: 2023թ. անկումը հիմնականում պայմանավորված է անասնապահության անկմամբ, ինչն էլ իր հերթին հանդիսանում է սահմանամերձ գոտիներում մի շարք արոտավայրերի կորստի հետևանք: Սա ևս մեկ գործոն է, որը նվազեցնում է տնտեսության ներուժը, սակայն սա ունի նաև սոցիալական հետևանքներ, քանի որ ուղղակիորեն ազդում է գյուղական բնակավայրերում ապրող բնակչության կենսամակարդակի վրա:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ

Չի կարելի անմեղսունակի նման դառնալ մեր սուրբ հայրենիքի ադրբեջանացման դիտորդը․ Աստված սա մեզ չի ներելու

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Չի կարելի անմեղսունակի նման դառնալ Հայաստանի ադրբեջանացման անտարբեր դիտորդ. Աստված սա մեզ չի ներելու։

Պատերազմից ու վերջնական պարտությունից խուսափելու գլխավոր նախապայմանը նիկոլիզմի հեռացումն է։

Մեզ առաջարկվում է մոռանալ մեր արժեքները, ազգային իղձերն ու վերածվել պանթուրքիզմի ճորտի։

Ի՞նչ է փաստացի առաջարկում ՀՀ քաղաքացիներին Նիկոլը։

Ասում է՝ Հայաստանը պետք է հրաժարվի Անկախության հռչակագրի կարեւորագույն դրույթներից, որ Ադրբեջանը չհարձակվի։

Բայց իրականությունն այլ է…

Ադրբեջանը հարձակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը ՀՀ կառավարիչ է։

Փաստե՞ր եք ուզում, խնդրեմ․

2020-ի դեկտեմբեր. Նիկոլը հանձնեց Սյունիքի բարձունքները, որ Ադրբեջանը չհարձակվի։

Հետո տվեց Սեւ լճի 30 տոկոսը։ Հետո Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ը։ Հետո հանձնեց Լաչինն ու Աղավնոն։

Բայց Ադդբեջանը հարձակվեց 2022-ի սեպտեմբերին՝գրավելով 200 քառ.կմ։

Դրանից հետո Ալիեւը փակեց Արցախը ,հարձակվեց Արցախի վրա ու հայաթափեց այն՝ գերեվարելով Արցախի ռազմա-քաղաքական ընտրանուն։

Հիմա Ալիեւն ու Փաշինյանն ասում են՝ փոխեք Սահմանադրությունը։

Հետո պահանջելու են փակել Ցեղասպանության ու Սարդարապատի հաղթանակի հուշահամալիրները, Կոմիտասի թանգարանը, Արամ Մանուկյանի ու Գարեգին Նժդեհի, Վազգեն Սարգսյանի ու Անդրանիկի արձանները։

Հետո հերթը կգա Եռաբլուրին ու Պանթեոնին։

Դրանից հետո պահանջելու են Մատենադարանից հեռացնել Մաշտոցի ու Թորոս Ռոսլինի արձանները, քանի որ նրանք չեն ծնվել այսօրվա ՀՀ տարածքում եւ նրանց արձանների տեղադրումը տարածքային պահանջի ակնարկ է Թուրքիայի հանդեպ։

Դե, իսկ Մխիթար Գոշի արձանի վրա էլ նիկոլականները Ալիեւի պահանջով կարող են գրել «աղվանական ու ադրբեջանական իրավագիտության հայր»։

Դրանից հետո նիկոլիզմի երեսփոխանները կարող են օրենքով Արարատ լեռը Ağrı Dağı, իսկ Հայաստանն էլ՝ Ermenistan վերանվանել։

Հնարավոր է՝ սրան հաջորդեն նոր «զեյնաբների» ու նոր «թարքանների» համերգային հյուրախաղերը «Իրեւանի» Հեյդար Ալիեւի անվան մարզադաշտում։

Սա է Նիկոլի խոստացած «խաղաղությունը»՝ մոռանալ անցյալն ու մարդուց վերածվել հիշողությունը կորցրած անասունի։

Ի՞նչ պետք է անել։

Պետք է հասնել նիկոլիզմի հեռացմանն ու շարունակել պաշտպանել մեր ազգային արժեքները, ինչպես պաշտպանվել է 1988-2018թթ. Հայոց Ոսկեդարի ժամանակաշրջանում։

Չի կարելի անմեղսունակի նման դառնալ մեր սուրբ հայրենիքի ադրբեջանացման դիտորդը։

Աստված սա մեզ չի ներելու»։

31-ամյա երիտասարդին խուզարկելուց հետո հերոին ու դեղահաբեր են հայտնաբերել

Ոստիկանությունից հայտնում են․

«Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հունվարի 31-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդի։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2,74 գրամ հերոին և լիրիկա տեսակի 26 դեղահաբ։
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը իրենն է՝ անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»։

Վահան Քերոբյանն Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող կոռուպցիոն չարաշահումների գործը մտացածին սկանդալ որակեց

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախարարության աշխատակիցների, նաև փոխնախարարի կոռուպցիոն չարաշահումների գործով ձերբակալումն ու կալանավորումը մտացածին սկանդալ որակեց։

«Այսօր մենք հավաքվել ենք անհամեմատ ավելի կարևոր միջոցառման համար, քան այդ մտացածին սկանդալը, որի մասին խոսում եք»,-ասաց նա՝ պնդելով, որ հանրային հետաքրքրության պատճառը լրագրողներն են։

Կրակոցներ՝ Գորիսում. վիրավոր կա

Այսօր՝ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12:20-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիսում կրակոցներ են հնչել:

Ոստիկաններն ու պարեկները միջադեպի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր և BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան կրակոցի հետքեր:

Ոստիկանները պարզել են, որ 1 հոգի, հրազենային վնասվածքով, տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: