Հայ ժողովրդի դեմ մղվող պատերազմում առկա է նաև ներքին ճակատ, որը ղեկավարում է Նիկոլը՝ զրկելով Հայաստանին լիարժեք պաշտպանվելու հնարավորությունից․ Արմեն Աշոտյան
«5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին:
«Առաջիկայում պատերազմ կլինի՞ ըստ Ձեզ. նկատվում է ադրբեջանական զորքերի շարժ, Ալիևն էլ հայտարարություններում ամեն ինչ դրան է տանում»,- Արմեն Աշոտյանից հետաքրքրվել է Սերոբ Գրիգորյանը:
Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն արձանագրել է՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեր դեմ հարուցված պատերազմը չի էլ ավարտվել։
«Այն ընթանում է առ այսօր` տարբեր ձևերով և ուղղություններով` դիվանագիտական, տեղեկատվական, հոգեբանական․․․ Ռազմական գործողությունները այդ պատերազմի ձևերից մեկն է։ Ուստի այո, շարունակվող պատերազմի ընթացքում նոր ռազմական գործողությունների հավանականությունը բարձր է, և Փաշինյանի ներդրումն այս իրավիճակում շատ քիչ է զիջում Ալիևին։
Հայ ժողովրդի դեմ մղվող պատերազմում առկա է նաև ներքին ճակատ, որը ղեկավարում է Նիկոլը՝ զրկելով Հայաստանին լիարժեք պաշտպանվելու հնարավորությունից։ Նա միտումնավոր տապալում է դիվանագիտությունը, փաստացի կազմալուծված է պահում Զինված ուժերը, բռնաճնշումներ է գործադրում իր օկուպացիոն ռեժիմի դեմ ձայն բարձրացնողների նկատմամբ։ Քանի Փաշինյանը վարչապետ է, նոր կորուստները, նոր զոհերը, նոր պարտություններն անխուսափելի են»,- ինչպես հաղորդում է 168․am-ը, ընդգծել է քաղաքական գործիչը:
Դատարանների նկատմամբ ատելությունը Կարեն Անդրեասյանի մոտ դեռ վաղ պատանեկան տարիքից է․ Պատճառներն ինձ վաղուց են հայտնի․ Արսեն Բաբայան («Փաստինֆո»)
Դատարանների նկատմամբ ունեցած ատելությունը Կարեն Անդրեասյանի մոտ դեռ վաղ պատանեկան տարիքից է, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ-ում գործող 51 դատարաններից 9 նստավայրի փակման վերաբերյալ որոշմանը։
Նստավայրերի փակման մասին ԲԴԽ-ն հայտարարեց, երբ հայտնի դարձավ սահմանամերձ Մեղրիի նստավայրի փակվելու մասին։ ԲԴԽ-ն որպես արդարացում նշեց, թե որոշ նստավայրեր անմխիթար վիճակում են, ու որոշում է կայացվել 9 նստավայրեր՝ Աշոցքի, Տաշիրի, Թալինի, Արթիկի, Մարտունու, Վեդու, Եղեգնաձորի, Սիսիանի և Մեղրիի նստավայրերի փակվելու մասին։
«Նշված նստավայրերից Աշոցքում և Մեղրիում տևական ժամանակ չի եղել մշտապես տեղակայված դատավոր, բայց այդ դատարանի շենքերում կատարվել են կոմունալ և պահպանության ծախսեր, իսկ դատական ծառայողները պետական բյուջեից ստացել են աշխատավարձ, բայց մատնված են եղել մասնակի կամ ամբողջական պարապուրդի։ Մյուս 7 նստավայրերում գործել են մեկ կամ երկու դատավորներ, այս դատարանները ևս բավարար չափով ծանրաբեռնված չեն գործել, և տեղի է ունեցել պետական ռեսուրսների ավելորդ ծախս: Կարևոր է նաև ընդգծել, որ 9 նստավայրերից 8-ն այնպիսի անմխիթար շենքային պայմաններում են գործել, որ պարզապես հարիր չեն դատարանի բարձր դիրքին, և այնտեղ մտնող քաղաքացիների համար վնասում էին դատարանի հեղինակությանը»,- նշել էր ԲԴԽ-ն՝ հավելելով որ այս որոշումների արդյունքում պետությունը կխնայի տարեկան շուրջ 200 միլիոն ՀՀ դրամ:
Փաստացի՝ բարեփոխումների քողի ներքո որոշում է կայացվել ոչ թե շենքային պայմանները բարելավելու, այլ՝ նստավայրերն առհասարակ փակելու մասին։ Ընդ որում, եթե այդ նստավայրերում գործող դատավորներին այլ նստավայրեր տեղափոխելու որոշում է կայացվել, ապա դատարաններում ծառայություն իրականացնող անձանց՝ դատական կարգադրիչների, աշխատակազմի ներկայացուցիչների ճակատագիրը պարզ չէ։
Փաստաբան Արսեն Բաբայանը, սակայն, այս որոշումը «բնական» է համարում։
«Ես շատ բնական եմ ընդունում Կարեն Անդրեասյանի այս որոշումը։ Իսկ մինչ օրս ի՞նչ է ստեղծել կամ կառուցել այդ մարդը։ Ոչինչ։ Դատարանների նկատմամբ ունեցած ատելությունը Կարեն Անդրեասյանի մոտ դեռ վաղ պատանեկան տարիքից է։ Պատճառներն ինձ վաղուց են հայտնի, բայց կարծում եմ՝ իմաստ չունի բարձրաձայնելը։ Այդ ատելությունը ես տեսել եմ դեռևս այն ժամանակներից, երբ ինքը Մարդու իրավունքների պաշտպանն էր։ Հիմա նա իր երանելի տարիներն է ապրում. վերջապես ստացել է դատարանները քանդելու հնարավորություն։ Իսկ այդ նստավայրում ծառայություն իրականացնողների հետ ինչ կլինի, ուր կգնան, ինչպես կապրեն, այդ հարցերը բոլորովին չեն հետաքրքրում ո՛չ Կարեն Անդրեասյանին, ո՛չ իր քաղաքական իշխանությանը։ Կարևորը, որ իր նստավայրում տաք լինի, որ հանկարծ չհիվանդանա ու դրա պատճառով թեկուզ մեկ օր չզրկվի դատական իշխանությանը վնասելու իր երազանքն իրականացնելուց»,- ասել է Արսեն Բաբայանը։
Այս որոշումը, փաստաբանի դիտարկմամբ, ստեղծելու է նոր դժվարություններ, նոր սոցիալական բեռ է դրվելու այդ համայնքների բնակիչների ուսերին։
«Մեր գրասենյակը մի գործ ունի Թալինի նստավայրում, որը նույնպես պետք է փակվի։ Կողմերը մոտակա բնակավայրից են։ Իմ վստահորդն էլ սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքի ներկայացուցիչ է։ Ամեն ամիս նիստեր ենք ունենում։ Փաստորեն, այսուհետ այդ մարդը ստիպված է լինելու Թալինից հասնել Աշտարակ, որպեսզի կարողանա պաշտպանել իր՝ որպես հանցագործությունից տուժածի, իրավունքները»,- նշել է փաստաբանը։
Դիտարկմանը, որ Դատական դեպարտամենտի պարզաբանմամբ՝ դրանք փակելով 200 մլն դրամ գումար են խնայում տարեկան, բայց որքանով է դա արդյունավետ տարբերակ՝ նկատի ունենալով նաև, որ օրինակ, կալանավորներին այլ դատարաններ տեղափոխելը ևս կարող է մեծացնել ծախսերը, Բաբայանն արձագանքել է՝ նշելով․ «Իսկ հաշվե՞լ են, թե որքան գումար կտնտեսվի, եթե փակվի Կարեն Անդրեասյանի ղեկավարած բարձրագույն դատական խորհուրդը։ Մոտավոր հաշվարկներով՝ մեկ միլիարդ դրամից ավելին։ Ավելին, այդ կառույցի փակմամբ, բացի ֆինանսական խնայողությունից, մեծ օգուտ կլինի ամբողջ դատական իշխանությանը։ Այդ կառույցը մինչ օրս աչքի է ընկել միայն օբյեկտիվ և արդար դատավորներին պատժելով, միաժամանակ՝ իրենց սիրելի և փաստաբանական համայնքին հայտնի վատագույն դատավորներին խրախուսելով»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Երևանում շտապօգնության մեքենան բախվել է այլ մեքենաների, 6 վիրավոր կա
Այսօր՝ հունվարի 27-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Mazda, Toyota և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաները:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Երկրի ապագան չեմ պատկերացնում. Մովսես Հակոբյան
Վաղը՝ հունվարի 28-ին լրանում է Հայոց Բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը։ Yerkir.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ, ով նաև եղել է Արցախի պաշտպանության նախկին նախարարը։
Ինչպիսի՞ բանակ ունենք 32 տարի հետո․ հարցին ի պատասխան գեներալ-գնդապետն ասել է․ «Բանակ չունենք, նույնիսկ ինձ հետաքրքիր էլ չէ»։
-Ինչո՞ւ եք վատատես, ինչո՞ւ հետաքրքրված չեք, պարոն Հակոբյան։
-Իմ ստեղծած բանակն Արցախի Պաշտպանության բանակն էր։
-Իսկ հնարավո՞ր է ապագայում վերակազմավորել և ունենալ նույն բանակը։
-Ես երազանքներով չեմ ապրում։
-Ուստի՝ ինչպիսի՞ բանակով երկիր եք պատկերացնում հետագայում։
-Կցանկանամ ունենանք բանակ, որն իրականում կապահովի մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգությունը։
-Այս իշխանությունների դեպքում հնարավո՞ր է ունենալ նման բանակ։
-Կարծում եմ 5 տարին բավարար է՝ հետևություն կատարելու համար։
-Հնարավոր իշխանափոխությունից հետո 1 տարին բավարար կլինի՞ մեր պատկերացրած բանակն ունենալու համար։
-Դժվար հարց եք տալիս։ Նախ՝ պետք է ուսումնասիրենք, գնահատենք բանակի իրական վիճակը, ինչ նպատակներ են դրված բանակի առջև և ինչ ենք ուզում ստանալ, նոր հետո խոսենք ժամկետի մասին։
-Պարոն Հակոբյան,Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր Արցախում ականապատ դաշտերի մասին տեղեկություններով 8 նոր ձևաթղթերի նույնականացման մասին, որոնք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին։ Ադրբեջանը հեգնանքով ու բացասաբար է արձագանել այս առաջարկին, նույնիսկ Հայաստանին մեղադրել է ռազմական հանցագործության մեջ, այսօր ՀՀ ԱԱԾ-ն դարձյալ հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ․ ասացեք խնդրեմ, թշնամուն շարունակ համոզելու, սիրաշահելու ՀՀ իշխանության այս վարքագիծը արդարացվա՞ծ է։
-Լավ է անում, եթե կարողանում է։
— Ադրբեջանի մասի՞ն է խոսքը, որ կարողանում է շարունակ հեգնանքով ու մեղադրանքներով պատասխանել հայկական կողմին։
-Այո՛։
-Ամեն դեպքում, այսօրվա որակներով բանակի պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում մեր երկրի ապագան։
-Չեմ պատկերացնում։
-Իսկ որևէ դրական խոսք չունե՞ք ասելու՝ նկատի առնելով Ձեր երկարամյա զինվորական ուղին և փորձը։
-Լավ եղեք, ձյուն է գալիս՝ ուրախացեք։
Երևան քաղաքը վերածվել է սահադաշտի
Երևան քաղաքը վերածվել է սահադաշտի, միայն «խնդրում եմ հետեվյալ համարներին դուրս գալ սահադաշտից» հայտարարությունն է պակասում։
Այսօր վաղ առավոտից մենք ականատես ենք լինում ՀՀ պատմության մեջ ամենաանպատրաստ և անկազմակերպ ձնամաքրման ՉԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ։
Սիրելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ բոլորիդ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ հնարավորինս զերծ մնացեք մեքենա վարելուց եթե դա իհարկե հնարավոր է, խնդրանքիս մեջ ենթատեքստ մի փնտրեք, ենթատեքստ չկա, ամենինչ շատ ակնհայտ է։ Այս պահի դրությամբ անձամբ ես համարում եմ, որ նման եղանակային և իհարկե Քաղաքապետարանի ԱՆՆԱԽԱԴԵՊ անգործության պայմաններում երթևեկելը խիստ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ:
Սա մի քանի օր առաջվա ձյան և սառույցի, քորոցով մաքրման աշխատանքների 2-րդ ռաունդն ա, որը առաջինից շատ ավելի շուտ ավարտվեց Քաղաքապետարանի պարտությամբ։ Երևի թե Տիգրան Ավինյանը մոռացել է որ իր նախընտրական կարգախոսը Ասեք կանենք-ա, ոչ թե ասեք կմտածենք կամ գուգլ կանենք։ Երևանցի վարորրդները ժամանակ չունեն սպասեն թե դուք երբ գուգլից կստանաք պատասխան, թե ես իրավիճակներում ինչ պետք է անի քաղաքապետը և քաղաքապետարանը, նրանք վաղ առավոտից սպասում են ինչ-որ գործողությունների քաղաքապետարանի կողմից, որոնք սակայն նույնիսկ չեն նախանշվում։ Վտանգի են նաև հետիոտները, ովքեր փորձելով հեռու մնալ մեքենաներից գնում շենեքերի տակով և ժամանակ առ ժամանակ հրաշքով փրկվում փոկված սառույցներից։
Հ․Գ․ Էդ որ նախընտրական փուլում հայաթներում, մեծ մեծ խոսում էիր որ դու մենակ քաղաքի հարցերի հետ կապ ունես և սաղ հարցերը “տեղը կգցես”, ու որ քեզ էդ աղետալի բաների մեջ չխառնեն, քանի-որ դու անձամբ կապ չունես։ Դե բա ու՞ր են բահերը, ու՞ր են մաքրողները:
Սերն աստվածային պարգև է, խաղաղության և համերաշխության երաշխիք
Սերն է ճարտարապետը տիեզերքի….
Սիրելի’ երիտասարդներ,
Այսօր Հայաստանում նշվում է Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը։
Սերն աստվածային պարգև է, խաղաղության և համերաշխության երաշխիք:
Շնորհավորում եմ բոլորիդ սիրո տոնի կապակցությամբ, թող մեր մեջ միշտ արթուն լինի մեր հավատի ու սիրո զինվորը:
ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Սյունիք գյուղից «Զանգեր» կոչվող հատվածը (միակողմանի) փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների համար։
Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Գոգավան-Ստեփանավան և Բլագոդարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզի, Ափնա-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի (բացառությամբ Բերդ քաղաքի) մարզերում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Ծաղկահովիտ գյուղում բուք է:
Երևանում Կամերային երաժշտության տան մոտ գտնվող ավտոկայանատեղիում կայանած մեքենաները ապօրինաբար տեղափոխում են հատուկ պահպանվող տարածք
Սիրելի՜ հայրենակիցներ, Երևանում Կամերային երաժշտության տան մոտ գտնվող ավտոկայանատեղիում կայանած մեքենաները ապօրինաբար տեղափոխում են հատուկ պահպանվող տարածք` պատճառաբանելով, որ այն գտնվում է այգու մեջ։ Այգին և կայանատեղին ուղղակի կողք կողքի են, վերոնշյալ տարածքը նախատեսված է Կամերային երաժշտության տան և Գրքերի շուկայի համար։
Ի՞նչ է նշանակում այս գործընթացի իրականացումը։
Կարմիր գծերի թանկացման նախագիծը ուժի մեջ մտնելուց հետո Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունը Տիգրան Ավինյանի բարձր հովանու ներքո այս և նմանատիպ տարածքներից քաղաքացիներին ստիպողաբար հեռացնում են, որպեսզի մեքենաները կարմիր գիծ կանգնեցնեն, չունենալով այլընտրանք։
Հ.գ Խնդիրների մեծամասնությունը Երևան քաղաքում ստեղծում է հենց Տիգրան Ավինյանը, սա է Տիգրան Ավինյանի բերած «բարեփոխումը», Երևան քաղաքում ապագա կա։
Ադրբեջանն առաջիկա օրերին Հայաստանին կներկայացնի խաղաղության պայմանագրի վերաբերյալ պատասխան առաջարկներ․ Բայրամով
Հունվարի սկզբին մենք Հայաստանից ստացանք առաջարկների փաթեթ՝ կապված խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ընդգծելով, որ այժմ աշխատում են պատասխան առաջարկների վրա։ Հայտնում է ադրբեջանական Ապա գործակալությունը։
Նա նշել է, որ մոտ ժամանակներում Հայաստանին կփոխանցվի առաջարկների փաթեթը։
Հայ Առաքելական եկեղեցին նշում է երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սրբերից է: Նա ապրել է 285-337 թվականներին, իր որդու՝ Մարտիրոսի և այլ քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ավելի ուշ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքը բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում, որտեղ նրա պատվին կառուցվել է եկեղեցի։
2007 թվականից Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։
Այսօր Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Այս տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սուրբ Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Ավանդույթի համաձայն, այս տոնին երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: