Շատ լավ գիտեմ՝ որ մեկդ 2018-ին ինչ ծանոթ է խառնել Փաշինյանին հանդիպելու համար, որ մեկդ հրապարակի որ մասում է «դուխով» գոռացել, որ մեկդ ինչ նամակ է գրել Փաշինյանին․ Մի՛ ստիպեք՝ պատմեմ․ Հայկ Մամիջանյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը գրել է․

«Երբ գործուղումներից վերադառնամ Երևան, ինչպես միշտ, այցելելու եմ քաղբանտարկյալ ընկերներիս՝ Արմենին, Նարեկին, Մամիկոնին, ու «ո՞նց ես, ի՞նչ կա»-ից հետո ստանալու եմ նույն հարցը՝ պայքարի առաջիկա անելիքների մասին:

Ու ի՞նչ պիտի իրենց պատասխանեմ: Ասե՞մ, որ երբ իրենք մեր բոլորի փոխարեն նեղության մեջ են, որոշ մարդկանց չհիմնավորված ամբիցիաների պատճառով բան ու գործներս թողած՝ արձագանքում ենք (իսկ շատ հաճախ՝ շան տեղ չենք դնում) «ընդդիմադիրների» ստերին:

Փաշինյանին ո՞վ ա բերել… Հայելու մեջ նայելով՝ այդ հարցը տվեք, տիկնա՛յք և պարոնայք: Ախր շատ լավ գիտեմ, թե որ մեկդ 18-ին ինչ ծանոթ է խառնել Փաշինյանին հանդիպելու համար, որ մեկդ հրապարակի որ մասում է «դուխոոոոոով» գոռացել, որ մեկդ որ ռեստորանում ինչ խմիչք է խմել էդ առիթով, որ մեկդ ինչ նամակ է գրել Փաշինյանին, որ մեկդ ինչ հագած ու անհանգստությունից քրտնելով՝ ինչքան է սպասել իրա ընդունարանում…

Բոլորը գիտեմ:

Մի՛ ստիպեք պատմեմ, թե ոնց այն ժամանակ, երբ մենք փողոցում պայքարում էինք, լուրջ դեմքերով սրճարաններից մեկում «հանդիպումներ» էիք անում «հերթագրվածների» հետ: Պատմե՞մ, թե ինչից էիք խոսում:

Մի՛ ստիպեք, ախպոր պես, մի՛ ստիպեք անցնենք դաշտը մաքրելուն. դրա ժամանակ չի:

Հանրապետականը մի նպատակ ունի՝ իշխանափոխություն՝ իշխանափոխություն հանուն մեր հայրենիքի: Ձեր կեղտոտ խաղերի ժամանակն ու հավեսը չունենք:

Հուսամ՝ կսթափվեք:

Գո՛րծ արեք, իսկ եթե չեք կարողանում, մի՛ խանգարեք»:

Քննչական կոմիտեից պնդում են՝ Նարինե Հայրապետյանը ցուցմունքում ասել է, որ իրեն չեն առևանգել

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի առևանգման դեպքին ու գրել է․

«Նկատի ունենալով Նարինե Հայրապետյանի առերևույթ առևանգման դեպքի վերաբերյալ տարատեսակ շահարկումները և քաղաքականացման անհարկի դրսևորումները՝ հարկ եմ համարում որոշ հանգամանքների վրա կանգ առնել՝ խոստանալով առավել մանրամասն տեղեկատվություն հրապարակել վարույթն ավարտվելուց և վերջնական իրավական գնահատականները տրվելուց հետո։

Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեն 2024թ․ հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացել է Նարինե Հայրապետյանի հաղորդումը մի խումբ անձանց կողմից հունվարի 15-ին իրեն առևանգելու մասին։ Ինչպես նաև ստացվել է Ոստիկանության կողմից կազմված արձանագրություն, ըստ որի՝ Ն․ Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով։

Հաղորդման և ստացված փաստաթղթերի հիման վրա մի խումբ անձանց կողմից մարդու առևանգման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացվող բազմակողմանի նախաքննությամբ քննության առարկա են բոլոր վարկածները, այդ թվում՝ առևանգում կատարվելու։ Եվ հանգամանքները պարզելու նպատակով շարունակվում են կատարվել բոլոր անհրաժեշտ, անհետաձգելի վարութային և քննչական գործողությունները։

Հարկ է ընդգծել, որ տուժող Նարինե Հայրապետյանի մասնակցությամբ կատարվել են մի քանի քննչական գործողություններ, որոնց ընթացքներն ամբողջությամբ, սահմանված կարգով, տեսաձայնագրառվել են։ Բացի այդ, տուժողը նաև ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել։

Այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան առաջարկվել է, որ եթե իր նկատմամբ, այնուամենայնիվ, գործադրվում է ճնշում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է նրա նկատմամբ սահմանված կարգով կիրառվել հատուկ պաշտպանության միջոցներից որևէ մեկը։ Վերջինս, սակայն, կրկին հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել առաջարկված՝ իր նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցից։

Նախաքննությունը շարունակվում է»։

Ոմանց շտապ հարկավոր են «մեղավորներ»․ Չեմ զարմանա, որ նաև ՔՊ-ականները սկսեն հարցնել՝ «իսկ ո՞վ է բերել Նիկոլին»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Ոմանց շտապ հարկավոր են «մեղավորներ»։

Մեր երկրի հանրային դաշտում «ջուր պղտորողների» պակաս երբեք չի զգացվել, իսկ հիմա՝ առավել ևս: Միշտ էլ գտնվել են թեմաներ, որոնց արհեստական և սխալ հնչեղություն են տրվել, և շնորհիվ պղտորողների «մասնագիտական հմտությունների», տեղեկատվական տիրույթներն ու կենցաղային զրույցները ծանրաբեռնվել են դատարկամիտ խոսակցություններով:

2018թ. իրադարձությունները շատ ծանր նստեցին հայ ժողովրդի վրա ու դեռ շարունակելու են իրենց դառը ազդեցությունը թողնել Հայաստանի Հանրապետության հետագա ընթացքի վրա: Կյանքը ցույց տվեց, որ ոչ միայն պետական, քաղաքական, հանրային, մշակութային, գիտական, ռազմական գործիչներն են սխալվում, այլ նաև ժողովրդի մեծամասնությունը: 2018թ. ապրիլ-մայիս ամիսները, և հատկապես 2018թ. դեկտեմբերի 9-ի և 2021թ. հունիսի 20-ի ընտրությունները վառ ապացույցն են այն բանի, որ ժողովուրդը ևս կարող է սխալվել:

Նիկոլի և իր իշխանության հարցում սխալվողների շրջանակը շատ լայն է և բազմաբնույթ: Ոմանք սխալվել են ՀՀ ընտրված Վարչապետ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին մերժելու հարցում: Ոմանք սխալվել են Նիկոլի հետևից գնալու և փողոցներում զանգվածային ակցիաներ անելու հարցում: Ոմանք սխալվել են նրան միանալու, ողջունելու և աջակցելու հարցերում: Ոմանք սխալվել են Նիկոլի ստերին ու կեղծիքներին հավատալով՝ նրա կուսակցությանը ձայն տալու հարցում: Ոմանք սխալվել են օրինական իշխանությունն ամեն գնով չպահելու հարցում: Ոմանք սխալվել և սխալվում են՝ Նիկոլի կողքին կամ նրա իշխանությանը հենարան լինելու ու ազգակործան քաղաքականությանը ծառայելու հարցում, և այլն:

2018թ. գարնանային էյֆորիան և «ոգևորվածությունն» այնքան մեծ էր ու անտրամաբանական, որ շատ-շատերն այդպես էլ չգիտակցեցին, որ ամեն մեկը մի լուցկու հատիկ վերցրած, իրենց իսկ ձեռքով պատրաստվում են հրդեհել ու կործանման տանել Հայ Ժողովրդի բոլոր հավաքական ձեռքբերումները:

Իմ խորին համոզմամբ, հիմա շատ-շատերն են գիտակցել և գիտակցում իրենց գործած ուղղակի և անուղղակի սխալները: Բայց առայժմ բոլորը չեն պատրաստ ընդունել այն և միավորվել՝ դրանք ուղղելու համար: Որովհետև, ինչպես որ նախկին իշխանությունների դեմ միավորված կերպով՝ կամա թե ակամա գործվել են սխալները, այնպես էլ Նիկոլի իշխանությունների դեմ միավորված կերպով է հնարավոր ուղղել դրանք: Այս պարզ ճշմարտությունը հասկանում և այդ մասին խոսում են նաև մեր թշնամիները՝ անունը դնլով ռևանշ:

Վերջին տարիներին գործած բազմապիսի սխալներից հետո որոշ շրջանակներ, ջուր պղտորողի ջանասիրությամբ, փորձում են իրենց մեղքերը լվանալ այս ողբերգության դեմ հենց սկզբից պայքարող, Նիկոլի տխուր հետևանքների մասին հազար լեզվով զգուշացնող և ամենատուժող ուժի հաշվին: Նրանք պարզապես մոռանում են, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը խլելուց և այն Նիկոլին փոխանցելուց հետո, որքան հպարտ և ուրախ էին իրենց «հաղթանակով»: Իհարկեմ պատճառները վաղուց հասկանալի էին:

Հասկանալի է նաև, թե ինչո՞ւ են հենց հիմա բարձրացնում «ո՞վ է իշխանության բերել Նիկոլին» տխմար հարցադրումը, և ոչ թե օրինակ՝ 2018-20թթ-ին: Դա խոսում է այն մասին, որ Նիկոլի իշխանության հեղինակությունը ձգտում է զրոյի, և ոչ ոք այլևս չի ցանկանում ասոցացվել նրա և նրա համազգային ձախողումների հետ: Շատ հանրային ու քաղաքական գործիչներ, որ սխալվելով ողջունել ու աջակցել են Նիկոլի իշխանափոխությանը՝ գիտակցում են, որ փոքր երկրում պատմությունից աննկատ մնալը դժվար է: Գիտակցում են, որ 2018թ. իշխանափոխությունը, հակառակ իրենց կամքի, վերածվել է ազգային շահերի դավաճանության, Արցախի ամբողջական կորստի, 5 000-ից ավելի զոհերի, ՀՀ անվտանգությանն ու պետականությանն ուղղված սպառնալիքների: Հետևաբար, ինչպես Նիկոլին ձախողումների համար են հաճախ շտապ պետք լինում մեղավորներ, այնպես էլ որոշ շրջանակների են շտապ հարկավոր մեղավորներ: Այնինչ Աստծո առաջ մեղքերը քավել է հարկավոր (յուրաքանչյուրս՝ մեր մասով): Յուրաքանչյուրը թող մեղավորներ փնտրի իր մեջ, ու հեռու մնա Նիկոլի կապիտուլյացիոն ջրաղացին ջուր լցնող և ընդդիմադիր դաշտի ջրերը պղտորող վնասական գործունեությունից:

Հ.Գ.- Տարածվում են նույնիսկ շշուկներ, որ անգամ ՔՊ խմբակցությունից շատերը խուսափում են հանրային խոսքից ու շփումներից՝ գիտակցելով մոտեցող պատասխանատվության անբացատրելի բեռը: Չեմ զարմանա, որ նաև ՔՊ-ականները սկսեն հարցնել՝ «իսկ ո՞վ է բերել Նիկոլին»:

Տեղումների քանակը Հայաստանի ամբողջ տարածքում գերազանցել է ամսական նորման. կրկին սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում` բուք

Վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Տեղումների քանակը հունվարի 25-ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում գերազանցել է ամսական նորման՝ կազմելով կլիմայական նորմայի 150-200 տոկոսը, Սյունիքի առանձին հատվածներում՝ մինչև 350 տոկոս։

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը այս պահին Արագած բարձր լեռնային կայանում կազմում է 118սմ, Ջերմուկում՝ 103սմ, Ամբերդում՝ 84սմ, մյուս լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Լոռիում և Տավուշում՝ 21-37սմ, Սյունիքում՝ 13-24սմ, Արարատյան դաշտում՝ 5-15սմ, Երևանում՝ 10-15սմ։

Առաջիկա ժամերից սկսած հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն։ Առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև հունվարի 26-ի երեկո։ Հունվարի 26-ի ուշ երեկոյան և հունվարի 27-ին Միջերկրական ծովից հաջորդ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում բուք։

Հունվարի 28-ից կրկին սպասվում է տեղումների դադար։ Առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում էական տատանումներ չեն կանխատեսվում

Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Էսջիայ-Ինվեստ» ԲԲԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում։ Կրկնակի նմուշառում է կատարվել փորձնական արտադրանքից՝ հավի խաշած կրծքամսից, և ուղարկվել լաբորատոր փորձաքննության։ Համաձայն «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրության արտադրանքի նմուշը համապատասխանել է իրավական ակտերով պահանջվող նորմերին։

Ինչպես հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, «Էսջիայ-Ինվեստ» ԲԲԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք՝ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։ Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի կողմից ձերբակալվել է Հակարիի ապօրինի անցակետի մոտ՝ դեպի Հայաստան մեկնելու ճանապարհին։

Ադրբեջանն իր գործողություններով վնաս է հասցնում Արևմուտքի` Հարավային Կովկասում ռազմավարական նպատակին. Պատգամավոր

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արևմուտքը կոշտացնում է Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը, որի դրսևորումներից մեկը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների չվավերացումն է, ինչը նշանակում է, որ նվազագույնը 1 տարով Ադրբեջանի պատվիրակությունը հեռացվում է ԵԽԽՎ-ից:

Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն իր գործողություններով մեծ վնաս է հասցնում Արևմուտքի` Հարավային Կովկասում հռչակած ռազմավարական նպատակներին:

Ինչ է դա առաջին հերթին ենթադրում: Արևմուտքը ՌԴ-ի հետ ագրեսիվ դիմակայության պայմաններում փորձում է տարածաշրջանում իրավիճակն իր ձեռքը վերցնել, իսկ դա այս փուլում ենթադրում է խաղաղության և կայունության հաստատում: Սա մի գործընթաց է, որը Խորհրդային Միության փլուզումից հետո մշտապես իր ձեռքում էր պահում ՌԴ-ն:

Այս պահին խաղի կանոններ սահմանելու և դրանք պահպանելու շրջանակներում մեծ պայքար է ընթանում, իսկ Ադրբեջան, ըստ էության, Արևմուտքի հետ ներքին պայմանավորվածությունները չի կատարում: Պայմանավորվածությունը հետևյալն էր` Արցախը հանձնվում է Ադրբեջանին, իսկ Հայաստանի հետ կապված հարցերը բանակցությունների միջոցով է կարգավորվում:

Ադրբեջանը ՀՀ-ի դեմ նոր տարածքային պահանջներ ներկայացնելով, ինչպես նաև հիմնական ուղղություններով աշխատանքը տապալելով ձախողում է խաղաղության հեռանկարը, ինչն Արևմուտքի հաշվարկների մեջ չի մտնում:

Սա է պատճառը, որ Արևմուտքը հենց այս պահին է կոշտացման գնում, այլ ոչ թե Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի կամ Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելուց առաջ:

Այն հիմնական պատճառները, որոնք պաշտոնապես դրված են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցի կիրառման հիմքում, նախորդ տարիներին արձանագրված խնդիրներ են, սակայն կրկնում եմ` քաղաքական նպատակահարմարությունն այս պահին է Արևմուտքին ստիպում նման քայլերի գնալ»:

Պարեկները կասեցրել են «Ճվճվ Արոյի» որդու փախուստը. shamshyan

Հունվարի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանում Mercedes մակնիշի 37 ավ 344 համարանիշի ավտոմեքենան մի քանի ժամ է՝ չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ մեքենան վարելով անգամ կարմիր լույսի տակով:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ Mercedes-ը «զվռնում է» մայրաքաղաքի տարբեր փողոցներում, 3-րդ գումարտակում հայտարարվում է ուժեղացված ծառայություն:

Կարճ ժամանակ անց 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արթուր Կարապետյանն ու Արա Ենոքյանը ժամը 02:00-ի սահմաններում նկատում են, որ նշված Mercedes-ը Ազատության պողոտայի ու Թբիլիսյան խճուղու հատվող հատվածում երթևեկում է, պարեկները բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնեցնի ավտոմեքենան, բայց վարորդը ոչ միայն չի ենթարկվում պարեկների օինական «կա՛նգ առ» պահանջին, այլև մեծ արագությամբ ավտոմեքենան վարում է՝ անցնելով կարմիր լույսի տակով:

Նա ուղղությունը վերցնում է դեպի Կոտայքի մարզ:

Պարեկները հետապնդում, ապա ռադիոկապով տեղեկությունը փոխանցում են իրենց գործընկերներին, ապա Կոտայքի մարզ տանող ճանապարհին «Գագաթ» սննդի կետի մոտ Mercedes-ը բախվում է Opel մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, ապա շարունակում է փախուստը՝ արդեն Վերին Պտղնի գյուղի թունելային հատվածում նա չի կարողանում այլևս վարել ավտոմեքենան, հավանաբար արհեստական խոչընդոտի է հանդիպում, ինչից հետո վարորդը դուրս է գալիս ավտոմեքենայից ու դիմում փախուստի:

Պարեկները հետապնդում են նրան: Այդ ժամանակ վարորդը հարվածում է պարեկներից մեկի ոտքին, ու փորձում նորից դիմել փախուստի, սակայն պարեկներին հաջողվում է նրան ձեռնաշղթայել ու տեղափոխել Ոստիկանության Կոտայքի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 1 հատ ներարկիչ ու սպիտակ թղթով փաթեթավորված 0,37 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող փոշենման զանգված:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը հանդիսանում է քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» 33-ամյա որդին՝ Սաքուլիկ մականվամբ Սարգիս Վարդանյանը:

Քննիչի որոշմամբ՝ Ս. Վարդանյանը ձերբակալվել է, ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մի շարք ճանապարհներ փակ են. Թալինի տարածաշրջանում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը։

Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակ ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք և դեպի Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհները, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Լոռու մարզի, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Աբովյան-Ջրաբեր, Վեդի-Լանջառ, Ալափարս-Չարենցավան, Ամասիա-Բերդաշեն, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք և դեպի Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թալինի տարածաշրջանում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Ադրբեջանը դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը կառույցի հետ՝ հայտարարելով, իբրև Բաքվի նկատմամբ «երկակի ստանդարտների» քաղաքականություն է վարվում, և համագործակցությունը դադարեցնելու որոշումը կապված է դրա հետ անհամաձայնությամբ:

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը։ Հայտարարությունում ադրբեջանական կողմը ԵԽԽՎ-ին մեղադրել է «Հայաստանին պատասխանատվության չենթարկելու» և Ադրբեջանին «անհիմն մեղադրելու», «շովինիզմի», «երկակի ստանդարտներ կիրառելու» մեջ։

«ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վիճարկելու նախաձեռնությունը մենք համարում ենք այս արատավոր արշավի մի մաս»,- նշել է ադրբեջանական կողմը։

«ԵԽԽՎ-ում ձևավորված ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում՝ մինչև հետագա ծանուցում»,- հայտարարել է Ադրբեջանը։