Բուժհաստատություններ դիմած անձանց կյանքին վտանգ չի սպառնում. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Գավառ-Երևան երթուղու «Գազել»-ի վթարից
Հունվարի 23-ին՝ ժամը 10․20-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124կմ հատվածում, «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որը, նախնական տվալներով, Գավառ-Երևան երթուղով իրականացնում է ուղևորափոխադրում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. այս մասին գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ավտոմեքենայի վարորդը, ինչպես նաև ավտոմեքենայում գտնվող 13 ուղևորներից 9-ը բուժօգնության են տեղափոխվել տարբեր բժշկական կենտրոններ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բուժօգնության դիմած անձանցից 9-ը ճանաչվել են տուժող։ Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժկական փորձաքննություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են իրականացվող նախաքննությամբ։
Բուժհաստատություններ դիմած անձանց վիճակը, ըստ նախնական տվյալների, բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։
Կարեն Անդրեասյանի քաղաքական «coming out»-ը կարելի է վերնագրել՝ Կարեն Անդրեասյանը պատռում է Կարեն Անդրեասյանի կեղծիքի դիմակը. Աննա Մկրտչյան
«Ողջունում եմ Կարեն Անդրեասյանի քաղաքական «coming out»-ը, որը կարելի է վերնագրել՝ Կարեն Անդրեասյանը պատռում է Կարեն Անդրեասյանի կեղծիքի դիմակը։
Մի քանի տարի է՝ փորձում էր համոզել, որ նիկոլականից վերածվում է ԲԴԽ անկախ ու անկաշկանդ անդամի։ Փորձում էր համոզել, որ Նիկոլի նկարը չի այլևս բարձրագույն արժեք: Այն էլ երկար չձգեց։ Պարզվում է, որ նկարը պատից հանել, ծոցագրպանն է դրել։ Թքած ունենալով դատական իշխանության անջատ լինելու իմպերատիվ կանոնի վրա՝ ԲԴԽ հարթակներով սկսել է Նիկոլին գովազդող հոլովակներ տեղադրել և ամեն օր մի նոր ավելի մեծ նիկոլահաճո ստի հեղինակ է դառնում։
Անհասկանալի է՝ Կարեն Անդրեասյանն օր-օրի ավելացող իր տարածքներից դուրս կոնկրետ որտե՞ղ է աշխուժություն տեսել։ Ջերմուկու՞մ, ուր մի կմ է մնացել ադրբեջանցիներին, դատարկվող Մեղրիու՞մ, ադրբեջանի զորքով լցված Շուռնուխու՞մ, կիսված Սոթքու՞մ, թե՞ անկլավ անվանվող մի քանի տասնյակ գյուղերում։ Կարո՞ղ է աշխուժությունը հանձնված ու հայաթափված Արցախում է նկատել։
Ամեն դեպքում, այս ամենի մասով ես էլ իմ ոգևորության բաժինն ունեմ։ Այս «coming out»-ը հաստատում է բոլոր կասկածները՝ Կարեն Անդրեասյանը Նիկոլի քաղաքական որոշումներին ենթակա միջակ պաշտոնյա է, ով հանձնարարական ունի դատական համակարգը դարձնելու միջակ նիկոլական օղակ՝ վնգստացողից՝ անատամ։
Հ.Գ. ՄԻԵԴ-ի կողմից դատավորներին պաշտոններում հնարավոր վերականգնման ֆոնին, կարծում եմ՝ Կարեն Անդրեասյանին այս ակտիվությունը միևնույն է չի փրկի Նիկոլի հետևյալ հարցից․ Կա՞րս, էս ի՞նչ ես անում»։
Արաքսավան գյուղի կամրջի մոտակայքում վթար է եղել, զոհ կա
Հունվարի 23-ին, ժամը 11։08-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքսավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Դ․ Հ․, ծնված 1991 թ․) և «VAZ» (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 2001 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն․ վերջինս ճանապարհին մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Երևանում հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել. 65-ամյա տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել
Այսօր՝ հունվարի 23-ին, հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Խաչատուր Խ.-ն է, ով, ըստ նախն տեղեկությունների՝ ինքնասպանություն է գործել՝ կամրջից ցած նետվելով:
Ոստիկանությունը հայտնում է նոր արագաչափ սարքի տեղադրման մասին
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրի վարչական տարածքի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։ Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է 2024 թ. փետրվարի 2-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է
Հունվարի 23-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Մեղրիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Գավառ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ի վթարի հետևանքով 5 վիրավոր կա
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հունվարի 23-ին՝ ժամը 11։26-ին, հաղորդում է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, կողաշրջվել է Գավառ-Երևան երթուղայինը։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ բժշկական կենտրոններից այս պահի դրությամբ հաղորդումներ են ստացվել տարբեր աստիճանների վնասվածքներով ընդունված 5 անձի վերաբերյալ։
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ հունվարի 23-ի ցերեկը և 24-ին հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում Երևանում, սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հատկապես գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի ցերեկը և 24-ի գիշերը կշարունակի նվազել ևս 7-9 աստիճանով։
Իշխանությունը փորձում է նսեմացնել մեր պատմական անցյալը և համոզել, որ այս 29 800 քառ․ կմ-ն այն առավելագույնն է, ինչին մեր ազգը կարող է հավակնել
Հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ բարեկամներ,
ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջին շրջանում հետևողաբար իրականացնում է տարբեր նախաձեռնություններ՝ արժեզրկելու մեր ազգային ինքնությունը և տարբեր ազգային հաստատությունները։ Այս տրամաբանությամբ է այն շրջանառության մեջ դրել աղմուկ հանած և մասնագետների կողմից կտրուկ հակազդեցություն առաջացրած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը, հանրակրթական ծրագրից հանել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, փորձում է այժմ ապօրինի ճանապարհներով կազմալուծել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը և նորարական «Գոյ» թատրոնը, և այլն։
Այս պարսավելի ցանկին այժմ ավելացել է հերթական հակազգային նախաձեռնությունը՝ «Հայոց պատմություն» առարկան փոխարինելու «Հայաստանի պատմություն» առարկայով։ Անփորձ աչքի համար տարբերությունը մեծ չի թվում, բայց իրականում այն հսկայական է՝ Հայոց պատմությունը ընդգրկում է մեր ազգի պատմությունը Հայկ Նահապետից սկսած մինչև Ուրարտու, հայկական բոլոր թագավորությունները, ներառյալ Կիլիկիայի փառահեղ թագավորությունը, հայկական սփյուռքի բազմադարյա բեղուն պատմությունը, և շատ ավելին, այն դեպքում, երբ Հայաստանը իր ներկա տեսքով ձևավորվել է ընդամենը վերջին երկու հարուրամյակների ընթացքում՝ հիմնականում Հայոց ցեղասպանության և մեր ազգի հայրենազրկման արդյունքում, և մեր ազգի պատմության շատ փոքր հատվածն է։
Գործող իշխանությունը փորձում է հնարավորինս նսեմացնել մեր պատմական անցյալը, և բոլորիս համոզել, որ այս 29 800 քառակուսի կմ-ն այն առավելագույնն է, ինչին մեր ազգը կարող է հավակնել ներկայում և ապագայում։ Այժմ այս անհեթեթ օրենքի նախագիծը դրված է կառավարության e-draft կայքում՝ իր ոճին համաձայն, գործող իշխանությունը փորձում է տեսանելիություն ստեղծել, թե այն անցնում է ժողովրդավարական ընթացակարգի միջոցով, և հանրային աջակցություն ունի։
Երեկ ես արդեն դեմ եմ քվեարկել այս նախաձեռնությանը, ինչպես և իմ մի շարք ընկերներ, և ցանկանում եմ խնդրել բոլորին, ովքեր անտարբեր չեն մեր ազգի անցյալի և ապագայի նկատմամբ, ևս մտնել այս կայքը, գրանցվել և դեմ քվեարկել այս հերթական հակազգային դրսևորմանը։ Կայքում կարելի է նաև մեկնաբանություն թողնել՝ ըստ գործող օրենսդրության, նախագիծ ներկայացնողը պարտավոր է դրանց պաշտոնապես անդրադառնալ, ուստի մի ափսոսեք ձեր ժամանակն ու ջանքը, և նաև մեկնաբանություններ թողեք կայքում։
Հղումը կցում եմ և կանխավ շնորհակալություն եմ հայտնում բոլոր արձագանքների համար»։
Սոչիում ծեծկռտուքի ժամանակ սպանել են հումորիստ Ամիրան Գևորգյանին
Սոչիում հումորիստ Ամիրան Գևորգյանը սպանվել է ծեծկռտուքի ժամանակ։ Այս մասին գրում է SHOT-ը։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ, որտեղ ամեն տարի անցկացվում է КВН փառատոնը։
Ամիրանը գցել են, ինչի հետևանքով գլուխը հարվածել է աստիճաններին ու կորցրել գիտակցությունը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գլխի բաց վնասվածք, աջ և ձախ հեմատոմաներ։ Նա կոմայի մեջ է ընկել։
Երկու օր անց Գևորգյանը գիտակցության չգալով՝ մահացել է։
31-ամյա Ամիրան Գևորգյանը Սոչիի КВН «Южная столица» թիմի նախկին անդամ է, հումորիստ և հարսանյաց հանդեսների հաղորդավար։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Նա հետախուզման մեջ է։