2023-ին ԿԽՄԿ-ն հարազատներին փնտրողներից շուրջ 3300 անհատական այցելություն և հեռախոսազանգ է ստացել
2023թ.-ին ԿԽՄԿ-ն իրենց հարազատներին փնտրող ընտանիքներից շուրջ 3300 անհատական այցելություն և հեռախոսազանգ է ստացել. X-ի միկրոբլոգում տեղեկացնում է ԿԽՄԿ Հայաստանի պաշտոնական էջը։
«Անցյալ տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԿԽՄԿ-ն ստացել է շուրջ 3300 անհատական այցելություն և հեռախոսազանգ՝ իրենց հարազատներին փնտրող կամ որևէ տեղեկատվության կարիք ունեցող ընտանիքներից»,-գրել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից:
Է՞ս ինչ վարքագիծ է. ոչ ծանր հանցանքի մեղադրանքով կալանավորված անձը շուրջ 50 օր մնալու է առանց դատական նիստի. Ռուբեն Մելիքյան
Դատարանից ստացել եմ ծանուցագիր այն մասին, որ Մալյանի գործով հերթական դատական նիստը նշանակվել է փետրվարի 13-ին՝ ժամը 14:00-ին, Facebook-ում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ ոչ ծանր հանցանքի մեղադրանքով կալանավորված անձը շուրջ 50 օր մնալու է առանց դատական նիստի։
Ինչու՞ է այդպես։ Այդպես է, քանի որ՝
1) Մալյանի դեմ եզրակացություն գրած երկու փորձագետները, «видите ли», ուրիշ գործերով ծանրաբեռնված էին ու չէին կարող ներկայանալ դատական նիստի: Այստեղ հարց. էդ ի՞նչ գործով էին «ծանրաբեռնված» փորձագետները, որ ավելի կարևոր գործ էր, քան դատարան ներկայանալու պարտականությունը։ Է՞ս ինչ վերաբերմունք է։ Է՞ս ինչ վարքագիծ է։
2) Դատախազը զբաղվածություն ուներ այլ նիստերով ու չհամաձայնեց, որ հաջորդ նիստը նշանակվեր հունվարի երկրորդ կեսին։ Հաջորդ հարցը. ինչո՞ւ չի ներգրավվում նոր դատախազ, ինչո՞ւ հարգանք չի դրսևորվում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի նկատմամբ։
Հանուն արդարության՝ պիտի ասեմ, որ դատարանը փորձում էր նիստն ավելի շուտ նշանակել, բայց նրան դա չհաջողվեց։
Կարճ ասած՝ Մալյանի գործով հերթական դատական նիստը նշանակվել է փետրվարի 13-ին։ Քննարկվելու է կալանքի երկարաձգման հարցը»։
Ողբերգական վթար՝ Սյունիքում. մերկասառույցի պատճառով բախվել են իրանական բեռնատարը, Mitsubishi Grandis-ը և դեպքի վայր ժամանած փրկարարական ջոկատի մեքենան. կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 328 կմ հատվածում բախվել են Mitsubishi Grandis և իրանական համարանիշերով Scania մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայր ժամանած փրկարարական ջոկատի ավտոմեքենան նույնպես հայտնվել է մերկասառույցի մեջ ու բախվել արդեն վթարված իրանական համարանիշներով բեռնատարին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հայտնաբերվել է հերթական զենք-զինամթերքը, որը քաղաքացին իր հետ բերել է 44-օրյա պատերազմից
Օրերս ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ 44-օրյա պատերազմից հետո 10 հազարից ավելի զենք է անհետացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը Թույլտվության համակարգի ավագ տեսուչի հետ այցելել է Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 60-ամյա Մ. Ս.-ի տուն, ու արդեն այնտեղ ոստիկանների պահանջով Մ. Ս.-ն ննջասենյակում պահվող մետաղյա պահարանից ոստիկաններին է ներկայացրել АКС տեսակի ակոսափող որսորդական հրազեն, մեծ թվով որսորդական հրազենի փամփուշտներ և ինքնաձիգի մարտական փամփուշտներ:
Վերջինս հայտել է, որ ոստիկաններին ներկայացրածը ինքը բերել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Արցախի Հանրապետությունից:
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Հայաստանում շրջանառվում է գրիպի A տեսակի H3N2, H1N1 ենթատեսակների և գրիպի B տեսակի հարուցիչ
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տարվա 40-րդ շաբաթից մինչև հաջորդ տարվա 20-րդ շաբաթը համարվում է սուր շնչառական վարակների սեզոն։
Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի, գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի և գրիպի B տեսակի հարուցիչ։
Այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, ադենովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ, ինչպես նաև համակցված վարակներ, մասնավորապես՝ բոկավիրուս, ռինովիրուս, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս, բոկավիրուս, ադենովիրուս, գրիպի AH3N2 ադենովիրուսի հարուցիչներ։
Երևանում ուղևորը փախցրել է որպես տաքսի շահագործվող «ՎԱԶ-2115»-ը
Հունվարի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Արարատի մարզի Արևշատ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ ժամը 19-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայում, օգտվելով իր բացակայությունից, ուղևորը փախցրել է որպես տաքսի շահագործվող իր «ՎԱԶ-2115»-ը:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մեքենան գողացել է 33-ամյա երիտասարդը:
Հունվարի 19-ին, ժամը 00.50-ին, ՊԾ Արարատի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները նշված մեքենան Երևան-Երասխ ճանապարհին՝ Արտաշատ քաղաքի հատվածում, հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ մեքենան վարող 33-ամյա երիտասարդն ու 49-ամյա ուղևորը ձերբակալվել են:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և զոհ
Հունվարի 18-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Toyota» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1999 թ.) և «BMW» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորն արգելափակված է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Բ. Դ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Մ.-ին (ծնված 1969 թ.) դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
Չարենցավան քաղաքի 7-10 թաղամասերի ջրամատակարարումը կդադարեցի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 19-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Չարենցավան քաղաքի 7-10 թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մալաթիայի խաղահրապարակում պլաստմասսե տնակը հրկիզել են 14-ամյա, 15-ամյա և 16-ամյա պատանիները
Հունվարի 14-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկից հաղորդում է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարակից այգու խաղահրապարակի գույքն այրվում է:
Ոստիկանության Մալաթիայի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել դեպքի վայր: Պարզվել է, որ անհայտ անձինք դիտավորությամբ հրկիզել են սահելու համար նախատեսված պլաստմասսե տնակը՝ Երևան համայնքին պատճառելով 1 միլիոն դրամի վնաս:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 14-ամյա, 15-ամյա և 16-ամյա երեք պատանի: Նրանք ծնողների հետ ներկայացվել են բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում տվել են խոստովանական ցուցմունք:
Պատանիները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա. Սերգեյ Կոպիրկին
Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա: Այս մասին ՌԻԱ-Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ինձ նման ազդանշաններ հայտնի չեն: Ես կողմնորոշվում եմ` հիմնվելով հայկական կողմի պաշտոնական այն հայտարարությունների վրա, որոնց համաձայն` ռազմաբազայի դուրսբերման հարց չկա: Ռուսական կողմից ևս նման ազդանշաններ չեն ստացվել»,- ասել է նա:
Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական շահերը համընկնում են, երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ կրել, կարծում է դեսպանը: Դեսպանի խոսքով` այսօր երկրները փոխգործակցության բավական լայն գործնական օրակարգ ունեն, որը վերաբերում է պետությունների և մարդկանց կենսագործունեության առանցքային ոլորտներին:
«Վստահ եմ, որ դա ամուր հիմք է, որը մեր փոխհարաբերություններն էլ ավելի է ամրացնում: Ես նաև համոզված եմ, որ հիմնական ուղղություններով մեր ռազմավարական շահերը նույնպես օբյեկտիվորեն համընկնում են, դա ցույց է տվել թե հին, թե ժամանակակից պատմությունը: Այդ պատճառով կարծում եմ` ճիշտ է այն, որ ռուսական կողմից հստակորեն նշվում է` մեր հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին, որոշակի չհասկացվածությանը, արտաքին խաղացողների փորձերին` մեր հարաբերությունների մեջ ճեղքվածք ստեղծելու, պահպանում և պետք է պահպանեն իրենց դաշնակցային, ռազմավարական բնույթը»,- նշել է դեսպանը:
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին:
«Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունն է նախագահում Եվրասիական տնտեսական խորհուրդը, դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում և այցելություններ, մայիսին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը Մոսկվայում»,- նշել է դիվանագետը։