Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ-Աբովյան ճանապարհին բախվել են Opel-ն ու «ԶԻԼ»-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «ԶԻԼ» բեռնատարն ու Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է, իսկ 2 վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող ջերմոցային տնտեսության աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, և պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածում «Top Weed» առցանց խանութ-հարթակը ստեղծելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու և 79 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար:

Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Գ.-ն 2019 թվականից, մի խումբ անձանց հետ, համապատասխան վարձատրության դիմաց, սկզբում՝ որպես թմրամիջոց տեղադրող, իսկ հետագայում՝ որպես պահեստապետ, իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Ա.Գ.-ն, նույն ժամանակահատվածում, ՌԴ-ից պարբերաբար մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու և սահմանված արգելքը խախտելու եղանակով, տեխնիկական սարքավորումների մեջ թաքցված վիճակում, Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ:

2021֊2022 թվականների ընթացքում, Ա.Գ.-ն «Տելեգրամ» հավելվածում իր կողմից ստեղծված և կառավարվող՝ «Top Weed» առցանց խանութ-հարթակով, զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ՝ ներգրավելով նաև այլ հանցակիցների:

Ա.Գ.-ի կողմից կառավարվող՝ «Top Weed» առցանց խանութ-հարթակի միջոցով ապօրինի իրացման համար նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներից ընդհանուր՝ 556,090 գրամ քաշով «մարիխուանա» և 190,326 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցները հայտնաբերվել են Ա.Գ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ:

Ա.Գ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):

«Տեսա՝ Եղիշի ձեռքն ա վառվում, բուշլատով փորձեցի հանգցնել, չկարացա. անընդհատ գոռում էինք՝ «տագնապ ա, պաժառ ա, դո՛ւրս էկեք». կացարանի ողբերգական հրդեհի գործով տուժող

Զինվորական կացարանի ողբերգական հրդեհի գործով տուժողն այսօր դատարանում ներկայացրեց միջադեպից մանրամասներ։

«Ամսի 18-ին, մինչև էդ դեպքը մենք եղել ենք զորամասում, գործ ենք արել, միներն ենք տեղափոխել։ Հետո, երբ արդեն գնացել ենք մեր հիմնական վայրը, որտեղ ապրում էինք, արդեն ամեն մարդ իր գործերով՝ լվացվել, հիգիենա․․․

Հետո քուն հրաման ըտենց չեղավ, ինչքան հիշում եմ՝ Արամոն ասեց՝ աղոթենք, նոր քնենք, գնացինք աղոթեցինք, պառկեցինք։ 11-ի կողմերն եկան ինձ հանեցին, որ հերթափոխ կանգնեմ։ Հետո փայտ բերեցինք։ Հետո Եղիշեն ասեց, որ վառելիք բերենք։ Հիմնականում սալյարկան թեփի մեջ լցնում, վառում էինք։ Հետո գնացի, որ սուրճ ու չայ վերցնեմ, դուռը բացեցի ու տեսա, որ արդեն Եղիշի ձեռքն ա վառվում ու ննջասենյակի դեմի միջանցքն ա վառվում։ Բուշլատով եմ փորձել հանգցնել, հետո հասկացա, որ չեմ կարում հանգցնեմ ու էտ ընթացքում անընդհատ գոռում էինք՝ «տագնապ ա, պաժառ ա, դո՛ւրս էկեք»», — դատարանում պատմեց նա։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 9-ի գիշերը, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ՀՀ-ից Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու վերականգնման նախագծերը 2 տարում կտրուկ «էժանացել են». Sputnik Արմենիա

2021-2022 թվականներին Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը երկաթուղիների վերանորոգումը գնահատել է 2-3 անգամ ավելի թանկ, քան այժմ դա անում է ֆինանսների նախարարությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում. գրում է Sputnik Արմենիան։

Դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթգծերի վերականգնման արժեքի վերաբերյալ Հայաստանի իշխանության գնահատականները կտրուկ փոխվել են վերջին երկու տարիների ընթացքում:

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերին Civilnet-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մոտ 400-500 մլն դոլար կարժենա։ Մասնավորապես, ըստ նրա, Հրազդան-Իջևան-Ղազախ-Աղստև երկաթուղու վերականգնումը գնահատվում է 318 մլն դոլար, Երասխ-Հորադիզ (Նախիջևանով և Սյունիքով)՝ 61,5 մլն դոլար, իսկ Գյումրի – Ախուրյան կայարանը (Թուրքիայի հետ սահման- խմբ.)՝ 8-9 մլն դոլար։

Հատկանշական է, որ 2021 թվականի դեկտեմբեր — 2022 թվականի փետրվար ամիսներին երկաթգծի երեք հատվածների վերականգնումը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գնահատականներով, շատ ավելի թանկ է գնահատվել։ Եվ այսպես, Հրազդան-Իջևան-Ադրբեջանի սահման հատվածի վերականգնումը գնահատվել է 496 մլն դոլար։

Դա 1,5 անգամ (56%-ով) ավելի թանկ է, քան այժմ գնահատվում է։ Երասխ-Հորադիզ երկաթուղու վերականգնումը գնահատվել է 226 մլն դոլար։ Դա 3,7 անգամ ավելի թանկ է, քան հիմա։ Գյումրի-Թուրքիայի սահման հատվածի վերականգնումը 2022 թվականին գնահատվել է 16,8 մլն դոլար, ինչը ներկայիս գնահատականներից մոտ 2 անգամ բարձր է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Դրեյֆուսի գործը և մեր քաղբանտարկյալները. մարդու իրավունքների օրվան ընդառաջ. Վահե Հովհաննիսյան

1898-ին Էմիլ Զոլան հրապարակեց «Ես մեղադրում եմ» հոդվածը, որը Ֆրանսիայում առաջացրեց լուրջ հասարակական ճգնաժամ։ Դրեյֆուսը ֆրանսիական բանակի սպա էր, որը ձերբակալվել էր դավաճանության համար և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Արդար դատավարությանը խոչընդոտում էր մի քանի հանգամանք. բանակը, որը շատ ազդեցիկ էր, Դրեյֆուսի ազգությունը՝ հրեա, և հանրային կարծիքը, որը պնդում էր՝ պատժել «դավաճանին»։

Է. Զոլան իր հոդվածում առաջին տեղում դրեց արդարադատությունը և իր հեղինակությամբ ֆրանսիական հանրային վերնախավի մի մեծ հատվածի կոնսոլիդացրեց իր շուրջ։ Կար մամուլ, կար բարիկադավորված հասարակություն, որը սակայն մի պահից սկսած՝ պահանջում էր միայն մեկ բան՝ արդարություն։ Սուր սոցիալական կոնֆլիկտից ֆրանսիական հասարակությունը դուրս եկավ ավելի ուժեղ, ավելի հասունացած։ Ի վերջո, Դրեյֆուսը արդարացվեց։ Այս պատմությունը Ֆրանսիայի առողջ զարգացման հարցում ունեցել է կարևոր նշանակություն և բեկումնային պահ եղավ աշխարհում քաղաքացիական հասարակության զարգացման մեջ։

Հայաստանը՝ անօրինականությունների խաչմերուկ՝ Էմիլ Զոլայի բացակայությամբ

Արմեն Աշոտյանի գործ

Հայաստանում հնարավոր չէ գտնել բանական մարդու, որը չգիտի, թե ինչու է Աշոտյանը բանտում։ Բոլորը գիտեն, որ նա անազատության մեջ է իր քաղաքական հայացքների և իր գործունեության համար։ «Աշոտյանին ես միշտ էլ չէի սիրում» ձևակերպումն ուղղակի արդարացում է՝ պախկվելու, անձայն լինելու համար։ Արդարադատություն պետք է պահանջել բոլորի համար, ու անձնական նախասիրությունները կապ չունեն։

Լևոն Քոչարյանի դեպք

Լ. Քոչարյանի դեպքը աֆրիկյան, լատինաամերիկյան գեշ ռեժիմներին բնորոշ պատմություն է։ Մարդը ցուցադրաբար ենթարկվում է հարձակման, իշխանությունը դրանով ինչ-որ բան է ուզում հասկացնել (ամեն ինչ աչքիդ առաջ է), հետո նրան բանտարկում են և մեղադրում լրիվ հակառակի մեջ։ Իշխանությունը 3 մլն մարդու այսպիսով հասկացնում է, որ ցանկացածիդ հետ նման կերպ կարող եմ վարվել։ Ու քաղաքացիական տհասություն է՝ այստեղ քաղաքական հայացքների կամ նախագահ Քոչարյանի հանդեպ այս կամ վերաբերմունքը որպես արդարացման փաստարկ բերելը։

Գեներալ Խաչատուրովի բանտարկությունը

Գ. Խաչատուրովը երկար ժամանակ անազատության մեջ էր։ Խաչատուրովն այն դեմքն է, որը չէր առաջացնում հակակրանք հանրային որևէ շերտի մոտ, և նրա պաշտպանության-արդարադատության պահանջով կարելի էր վարակել շատ լայն շերտերի։ Ի վերջո, սա այն գեներալն էր, որով պարծենում էր հասարակությունը տավուշյան մարտերի ժամանակ։ Բայց հասարակությունը լռեց։ Մինչև մեր հասարակությունը չսովորի պահանջել արդարություն, արդարադատություն և չզարգանա այն աստիճանի, որ պայքարի դրա համար, մենք ապրելու ենք շատ անդուր փուլեր։

Գագիկ Ծառուկյանի գործ

Գ. Ծառուկյանին դատում են ընտրությունների ժամանակ ինչ-որ մարդկանց 10 հազար դրամ տալու համար։

Երբ մի ամբողջ ժողովուրդ գիտի և թերևս մասնակից է 1995-ից բոլոր ընտրությունների կասկածելի ընթացքին և արդյունքներին, տեղյակ է ընտրական համակարգի որակի և մեխանիզմների մասին, այդ ֆոնին իրավապահ և գործող քաղաքական համակարգը բեմադրում է իբր ընտրական արդարությանը նվիրված քրգործ, բանտարկում է Ծառուկյանին, ու մենք ձևացնում ենք, թե սա նորմալ է։

Բոլորը՝ դատախազը, քննիչը, դատավորը, իշխանական մեդիան,ԲՀԿ ցուցակներում ու այնուհետև ՔՊ-ում հանգրվանածները, հասարակությունը, բոլոր գիտեն որ սա անլուրջ է, բայց բոլորը դառնում են մեծ կեղծիքի մասնակից։ Ինչ-որ մեկը դրե՞լ է խնդիր՝ հասկանալու ընտրական համակարգի խորքային արատները. իհարկե՝ ոչ։ Ինչ-որ մեկը դրե՞լ է խնդիր՝ հասկանալու, թե «մեզ Ղարաբաղ պետք չի, Սյունիք պետք չի» արժեհամակարգով քաղաքացին ազատ ընտրությամբ ինչ կարող է անել, ինչ-որ մեկը դրե՞լ է խնդիր՝ հասկանալու, թե ինչ է պետք անել, որ ՀՀ քաղաքացին իր ազատ, բայց չգիտակցված քվեով չսպանի պետությունը։ Ոչ ոք սրա մասին չի մտածում։ Խնդիրը մարդուն ինչ-որ այլ մոտիվացիայով վատություն անելն է ու որևէ առիթով բանտարկելը. դա հասկանում են բոլորը, բայց սա ևս արդեն «նոր նորմալի» մաս է։

Մամիկոն Ասլանյանի գործ

Մարդը բանտարկված է մեկ պարզ պատճառով. հաղթել է ՏԻՄ ընտրություններում։ Սա գիտեն բոլորը՝ ընտրողները, բռնողները, սիրողները-չսիրողները, վանաձորցիները։ Բայց մենք չենք անում մի պարզ բան՝ չենք պահանջում արդարադատություն։ Չենք պայքարում, որ դադարեցվի մարդկանց խոշտանգումը։

Պրոֆեսոր Արմեն Չարչյանը բանտարկվեց, Ավետիք Չալաբյանը բանտարկվեց, Նարեկ Մալյանն անազատության մեջ է, Հրանտ Բագրատյան՝ քրեական գործ, Գառնիկ Իսագուլյան՝ բանտարկվեց։ Բազմաթիվ ակտիվիստներ, ընդամենը սոցցանցերում էմոցիոնալ գրառումների համար ենթարկվում են հետապնդման, Տաթևիկ Վիրաբյանը և ծայրահեղ վիճակում գտնվող արցախցի այլ երիտասարդներ կալանավորվեցին ու հետապնդվեցին։ Քրեական գործեր բազմաթիվ հանրային գործիչների հանդեպ, Ավետիք Իշխանյանի գրառման վրա հարուցված գործը՝ վառ օրինակ։

Էմիլ Զոլայի բացակա կոչը

Արդարադատության մասին այլասերված պատկերացումներ ունեն և´ քաղաքական իշխանությունները, և´ դատաիրավական համակարգի պատասխանատուները, և´ լայն հասարակությունը, որը միշտ ուրախանում է բանտում նստած մարդով, անարդար դատավարություններով և ըստ նախասիրության տրվող կալանքներով։ Նման պայմաններում է սուր զգացվում Էմիլ Զոլայի պես բեկումնային անհատների բացակայությունը, ովքեր իրենց հեղինակությամբ հասարակություններին կպարտադրեն ճիշտ արժեքներ և ճիշտ մտածողություն։

Մենք ունենք բարձր որակի փաստաբաններ, որոնք նաև լավ քաղաքացիներ են։ Բայց փաստաբանները մնացել են մենակ՝ դատաիրավական ԳՈՒԼԱԳԻ առաջ, և նրանք հաճախ, բնական է, պարտվում են։

Ո՞վ կարող է կասեցնել 2018-ին փողոցից եկած ռեժիմի արյան պահանջը. միայն՝ հասարակությունը։ Բայց հասարակությանը պետք է սթափեցնել ու կոնսոլիդացնել։ Ինչպե՞ս։

Իրականում տարբերակները քիչ են։ Պետք է հիշենք, որ անմեղ մարդկանց կալանավորում, կեղծ գործեր հարուցում, դատում, ճակատագրերի հետ խաղում են կենդանի մարդիկ՝ քննիչ, դատախազ, դատավոր։ Դատաիրավական գիլյոտինը կազմված է մարդկանցից։

Անհրաժեշտ է սթափեցնել այդ մարդկանց ու սթափեցնել լայն հասարակությանը։

Անձամբ ես տեսնում եմ հետևյալ ազդեցիկ խոսքի հնարավորությունը.

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Առաջինի կոչը՝ ուղղված դատախազներին, քննիչներին, դատավորներին, որ չի կարելի մարդկանց անիրավի դատապարտել, չի կարելի խաղալ մարդկային ճակատագրերի հետ։ Որ դա ծանր մեղք է։ Ու կոչ լայն հասարակությանը, որ երկրում տեղի են ունենում ահռելի ծավալի անօրինականություններ։

Աշխարհի ազդեցիկ հայերի համատեղ կոչը՝ նույն շեշտադրումներով։

Գուցե իմ առաջարկները լավագույնը չեն, բայց ինչ-որ բան անելը ավելի ճիշտ է, քան մնալ դիտորդ՝ հրեշավոր մեքենայի անօրինականությունների հանդեպ։ Զսպող բոլոր ինստիտուտները կազմաքանդված են, ուրեմն պետք է գտնել այլ, ոչ ստանդարտ տարբերակներ։

Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

ԼՂ տեղահանված շուրջ 2200 ընտանիքի բաշխվում է ընդհանուր առմամբ 109,8 տոննա ցորենի ալյուր. ԿԽՄԿ

Այս օրերին 5 մարզերի շուրջ 2200 ընտանիքի բաշխվում է ընդհանուր առմամբ 109,8 տոննա ցորենի ալյուր. X-ի իր միկրոբլոգում տեղեկացնում է Կարմիր խաչի գրսենյակը։

«Դեռ հոկտեմբերին Հայկական կարմիր խաչ ընկերությանը նվիրաբերեցինք պարենային փաթեթներ և այլ պարագաներ, որոնք նախատեսված էին Ղարաբաղից Հայաստան փախած մարդկանց միջև բաժանելու համար»,-գրել է ԿԽՄԿ-ն։

Գյումրիում Infinity-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին. երեխան հիվանդանոցում է

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Գայանե Պ.-ն իր վարած Infinity մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքում՝ Վ. Սարգսյան 30 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 13-ամյա Նադեժդա Գ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն մինչ կժամաներ շտապօգնությունը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ինձ հայտնի 10-րդ դեպքն է, երբ դպրոց գնալու ճանապարհին երեխաները ենթարկվում են շների հարձակմանը. Փաստաբան

Ցանկացած երեխայի մահվան դեպք ոչ միայն պետք է քննվի, այլ նաև հանգեցնի հետևությունների ու օրենսդրական կամ առօրյա փոփոխություններ բերի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Դավիթ Թումասյանը։

««Երեխա-շուն» միջադեպը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը, և որքան էլ կենդանասերները մեղադրում են մարդկանց՝ շների ագրեսիվ վարքագծի ձևավորման մեջ, երեխաներին, ովքեր հաճախ հարձակվում են՝ պաշտպանվելու կամ չվախենալու համար, և այլ պատճառներ են բերում արդարացնելու որոշ շների վարքը, հաստատ մահացած երեխան այդ ագրեսիայի մեղավորը չէր և չպետք է տուժեր ոչ այդ շներից, ոչ էլ մարդկանց ագրեսիայով ագրեսիվացած շներից….

Ինձ հայտնի առնվազն 10-րդ դեպքն է, երբ դպրոց գնալու ճանապարհին երեխաները ենթարկվում են շների հարձակմանը և նրանց կրթության իրավունքի իրացումը տեխնիկապես դառնում է անհնարին: Եվ կապ չունի՝ շո՞ւնն է երեխային կծել, թե՞ շնից փախնելուց երեխան ընկել է… Որոշ երեխաներ դպրոց գնալուց գրպանում կամ պայուսակում շան կեր են տանում, որ եթե կենդանիները մոտենան, նրանց կերակրեն ու հանգիստ գնան դպրոց: Սակայն, նշեմ, որ երեխան պարտավոր չէ դա անել իր անվտանգությունն ապահովելու համար: Ավելին, նման վարքագծով ինքը կենդանու մոտ ձևավորում է պայմանական ռեֆլեքս, որ դպրոցական պայուսակով երեխան նրան կարող է սնունդ տալ, և պայուսակով մեկ այլ երեխային մոտենալով՝ շունը, միգուցե, սնունդ է ուզում, սակայն երեխան սնունդ չունի և տրամաբանական է՝ կարող է վախենալ իր ուղղությամբ վազող շնից:

Բնավ դեմ չլինելով շների ազատ զբոսանքին, միևնույն է, կպաշտպանեմ երեխաներին և «երեխա-շուն» հարաբերություններում կհիշեցնեմ, որ կա երեխայի լավագույն շահ, որն ապահովելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունն է:

Հետևաբար․

1) կա՛մ պետք է արդյունավետորեն կազմակերպել շների ստերջացումը, որ չբազմանան, իսկ հարկ եղած դեպքում՝ շների խնամքի կազմակերպումը հատուկ տարածքներում, դրան զուգահեռ՝ հետևողականորեն տույժի ենթարկելով կենդանիների այն սեփականատերերին, ովքեր լքում են իրենց կենդանիներին՝ թողնելով փողոցում (և տույժը պետք է լինի այնպիսին, որ դրա հաշվին հնարավոր լինի կազմակերպել այդ կենդանու խնամքը),

2) կա՛մ էլ դպրոցների և երեխաների գտնվելու այլ վայրերի (մանկապարտեզ, սպորտդպրոց, խաղահրապարակ և այլն) մոտակայքում մշտապես կազմակերպել վերահսկողություն՝ հատուկ միջոցներով զինված մասնագետների կողմից․ էլեկտրաշոկեր, քնաբեր կրակող սրվակներ և այլն: Ընդ որում, այդ մասնագետները պետք է  վերապատրաստվեն հատուկ միջոցները կիրառելու և երեխայակենտրոն ու կենդանասեր վարքագիծ դրսևորելու վերաբերյալ», — գրել է փաստաբանը։

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը հնչել Է Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցում

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցում դեկտեմբերի 7-ի երեկոյան տեղի է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված համերգ՝ հնչել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ելույթ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), մենակատարներ՝ Սոֆյա Սայադյան (սոպրանո) և Ակսել Դավեյան (բարիտոն)։

Սբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման պատմությունը սկսվում է 1858-1872 թվականներից։ Ալեքպոլցի վարպետները եկեղեցին կառուցել են Անիի Մայր Տաճարի ճարտարապետական նմանությամբ։ Ամենափրկիչը հայկական մանրանկարչությանն ու որմնանկարչությանը բնորոշ զարդանախշերով եկեղեցի էր մինչև խորհրդային տարիները։ Մինչև 1988-ի երկրաշարժը եկեղեցին ծառայել է որպես թանգարան, ապա ֆիլհարմոնիա։ 1988 թվականին ավերիչ երկրաշարժի հետևանքով եկեղեցին մասամբ ավերվել էր: Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 1998 թվականին: