Այսօր՝ ժամը 22:00-ից մինչև ժամը 07։00-ն կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 7-ի ժամը 07։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:

Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Թալինի, Արագածի, Ապարանի, տարածաշրջաններում անձրև է տեղում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Սպիտակի և Դիլիջանի ոլորաներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Պարզվում են Սուրենավանում 7-ամյա երեխայի մահվան հանգամանքները. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի 7–ամյա բնակչի մահվան հանգամանքները։

2023 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:23-ին, «Արարատ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ենթակայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում շների հարձակման հետևանքով «Կենսաբանական մահ» ախտորոշմամբ հայտնաբերվել է նույն բնակավայրի 7–ամյա բնակչի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալներով՝ 2023թ․ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Սուրենավան բնակավայրի միջնակարգ դպրոց գնալու ճանապարհին՝ «Մշակույթի տան» դիմաց, 7–ամյա տղայի և ընկերների հետևից եկել են թափառող շներ։ Երեխաները վազել են, որի ընթացքում 7–ամյա տղայի ոտքը սայթաքել է, և վերջինս ընկել է սալիկապատ հատակին՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին, որի հետևանքով մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կոտրվել են երկու ոտքերս. Նաիրի Հոխիկյան

Հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Վերջին օրերին հաճախ են մտերիմներս հետաքրքրվում, թե ինչու չեմ երևում հանրության մեջ։ Շահարկումներից զերծ մնալու համար պարտավոր եմ հայրենակիցներիս տեղեկացնել, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 5-ին, բարձրությունից ընկնելու հետևանքով կոտրվել են երկու ոտքերս, և տևական ժամանակ վերականգնողական բուժում եմ անցնում»։

Պարեկները բերման են ենթարկել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողների․ shamshyan.com

Վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի վաշտի պարեկները պայքար են տանում նաև ապօրինի թմրամիջոցների դեմ, ինչի շնորհիվ հայտնաբերվել են իրավախախտներ, որոնց մոտ եղել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, գրում է shamshyan.com-ը։

«Ամենակարևորը նաև այն է, որ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, նաև նման տեսակի հանցագործությունները կանխում, նախականխում ու բացահայտում են օպերատիվ տվյալներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 5-ին, հերթական օպերատիվ տվյալներն են ստացվել վաշտում և 2-րդ դասակի հրամանատար Գևորգ Գյուրջյանը, պարեկ Ռոման Թառոյանը, կրտսեր պարեկ Գուրգեն Գրիգորյանը ծառայության ժամանակ ժամը 07:30-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի 143 կմ հատվածում նկատում են Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ավտոմեքենայում գտնվողների մոտ հնարավոր է թմրանյութ լինի:

Պարեկները վարորդ՝ Արցախ Հանրապետության քաղաքացի 30-ամյա Նարեկ Հ.-ին, ուղևորներ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ 31-ամյա Նարեկ Զ.-ին և 21-ամյա Արման Գ.-ին թմրանյութ պահելու, կրելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալում ու տեղափոխում են ոստիկանության Վայքի բաժին»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Շենգավիթ վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի» պոմպակայանում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 7-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Եսայան, Գորգագործների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի 1-ից-21, Արշակունյաց 36-330 համարների ջրամատակարարումը:

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վարդենիսում ընկերուհին դանակով հարվածել է ընկերոջը

Վարդենիսում կրծքավանդակի հատվածում վնասվածքով 29-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց։ Տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, թե տանիքից է ընկել, սակայն քննությամբ այլ բան է պարզվել։

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ երիտասարդն այդ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 4-ին՝ տանը ընկերուհու հետ վիճաբանության ժամանակ, ընկերուհին խոհանոցի դանակով հարվածել է նրան։ Երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում, կատարվում է քննություն։

Իշխանությանը մնացել է օրենքով ամրագրի, որ համայնքի ղեկավար ընտրվելու իրավունք ունեն բացառապես ՔՊ ներկայացուցիչները. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դատարանն անփոփոխ թողեց արդեն 2 տարի անազատության մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը:

Այն, ինչ տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մարմիններում, ու դա միայն Վանաձորին չի վերաբերում, ցույց է տալիս, որ իշխանությունը ընտրական գործընթացը նշանակման է վերածում:

Իշխանությանը մնացել է օրենքով ամրագրել, որ համայնքի ղեկավար ընտրվելու իրավունք ունեն բացառապես ՔՊ ներկայացուցիչները, իսկ այլ քաղաքական ուժերի մասնակցության համար քրեական պատասխանատվություն սահմանի:

Վանաձորում ընտրությունը պարտվելուց և իր նպատակին չհասնելուց հետո իշխանությունը վրեժխնդրության է գնում` Մամիկոնին կալանքի տակ պահելով, իսկ վանաձորցիներին քաղաքային արդյունավետ կառավարումից զրկելով»։

ԶՄՊԿ պահնորդի սպանության համար ադրբեջանցի զինծառայողի պատիժը խստացվեց․ նա դատապարտվեց ցմահ ազատազրկման

ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած և ԶՄՊԿ պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի պատիժը խստացվեց։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը՝ մասամբ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը և Ախունդովին դատապարտելով ցմահ ազատազրկման։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանցի երկու զինծառայող՝ Ագշին Բաբիրովը և Հուսեյին Ախունդովը։ Քաղաքացիների կողմից նախ հայտնաբերվել եւ իրավապահներին էր ներկայացվել Ագշին Բաբիրովը, որը հայտնել էր, որ ՀՀ միայնակ չէր ներխուժել։ Օրեր շարունակ Հայաստանի իրավապահները, ԱԱԾ-ն չէին կարողանում հայտնաբերել դիվերսանտին, որը այդ ընթացքում հասցրեց սպանություն իրականացնել։ Ապրիլի 12-ին սպանվեց ԶՄՊԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը՝ պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատանքներ իրականացնելիս։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մեր երկրի տարածքում սպանություն իրականացրած ադրբեջանցուն կրկին հայտնաբերել են բնակիչներն ու ներկայացրել իրավապահներին։

Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու մեղադրանքով և դատապարտվել ազատազրկման՝ 11.5 տարի ժամկետով, իսկ Հուսեյին Ախունդովը մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու և ԶՄՊԿ պահնորդին սպանելու համար՝ դատապարտվելով ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։

Տուժող կողմը համաձայն չէր առաջին ատյանի դատարանի վճռի հետ և բողոք է ներկայացրել՝ պահանջելով ցմահ ազատազրկման դատապարտել Ախունդովին, որը բավարարվեց։

Վրաերթի ենթարկված կնոջ և երեխայի վիճակը գնահատվում է ծանր. Մանրամասներ

2023 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, գրեթե միաժամանակ, մահվան ելքով երկու վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքում։

Մաշտոցի պողոտայի 20/4 հասցեի դիմացի հատվածում Երևան քաղաքի 28-ամյա բնակչի կողմից վարած «Porshe» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներ` հարազատներ 38-ամյա և 59-ամյա երկու կանանց և 4-ամյա մի երեխայի։

Վրաերթի հետևանքով 38-ամյա կինը տեղում մահացել է, իսկ մյուս երկու անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տարածքում առկա տեսանկարահանող սարքերի պարունակությունը:
Բուժհաստատություն տեղափոխված կնոջ և երեխայի վիճակը, նախնական տվյալներով խ, գնահատվում է ծանր։

Գրեթե նույն պահին մեկ այլ վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 2/3 հասցեի դիմացի հատվածում։ Կոտայքի մարզի բնակչի կողմից վարած աղբահանության «Камаз» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60 տարեկան հետիոտն կնոջ, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Այս դեպքի առառթիվ ևս ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն, պարզվում են հանգամանքները։

Քրեական վարույթներով երկու վրաերթերի հետևանքով մահացած երկու կանայք, ինչպես նաև առաջին դեպքով վնասվածքներ ստացած կինն ու երեխան ճանաչվել են տուժող։ Նշանակվել են դիակների դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։

Քննությամբ պարզվում են դեպքերի հանգամանքները՝ նաև երթևեկության մասնակիցների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։