Խաչել Հայաստանին «խաղաղության խաչմերուկում». Նոր նոյեմբերի 9-ին ընդառաջ

Հերթական նոյեմբերի 9-ը առիթ է ստեղծում վերլուծելու 44-օրյա պատերազմի ավարտն արձանագրող փաստաթղթի ազդեցությունն ու հետևանքները մեզ վրա: Ուղիղ 3 տարի առաջ հայ ժողովրդի համար շոկային էր եռակողմ հայտարարության բովանդակությունը, և Սերժ Սարգսյանի դիպուկ ձևակերպմամբ հայկական կողմից այն ստորագրող անձին ամուր կպավ «կապիտուլյանտ» բնորոշումը:

Միայն այն փաստը, որ նոյեմբերի 9-ով ավելի շատ տարածքներ ենք կորցրել, քան 44-օրյայի ողջ ընթացքում, բավարար էր ընկալելու համար աղետի մասշտաբները:

Սակայն, երբ մեզ թվաց, որ սա է հայկական աշխարհի վերջը, հետագա 3 տարիներին Հայաստանի իշխող վարչախմբի ապիկար և նպատակային քայլերի հետևանքով պարզ դարձավ, որ աղետի վերջը դեռ չի երևում, քանի դեռ վերացված չեն այս արհավիրքի պատճառները:

Երեք տարիների ընթացքում իրավիճակն այնքան վատթարացավ, որ «էս ի՞նչ ես ստորագրել» զայրույթը փոխակերպվեց «գոնե ստորագրածդ պահի՛ր» պահանջով:

Ամիսներ առաջ Փաշինյանը ցինիկաբար հայտարարեց, որ ընդդիմության պատճառով կյանքի չեն կոչվել նոյեմբերի 9-ի հայտարարության «հայանպաստ» դրույթները:

Այսօրվա ճգնաժամից հետհայացք նետելով՝ ստորագրման պահին կար ընդամենը մի քանի «հայանպաստ» դրույթ: Նախ պահպանվում էր Լաչինի միջանցքի գոյությունը և ֆունկցիոնալությունը: Անցյալ տարվանից Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների թողտվությամբ քայլեր ձեռնարկեց այս միջանցքը վերացնելու ուղղությամբ և հաջողեց: Մյուս, մեր շահերին համահունչ դրույթը ռազմագերիների փոխանակումն էր, սակայն առ այսօր մոտ 100 մեր հայրենակիցներ շարունակում են գտնվել ադրբեջանական բանտերում, և Փաշինյանը մատը մատին չի տվել այս խնդիրը վերջնական լուծելու համար: Անշուշտ, հուսադրող էր այն փաստը, որ սույն հայտարարությունը չէր անդրադառնում Արցախի կարգավիճակին՝ բաց թողնելով հնարավորությունների պատուհանը՝ շարունակել պայքարն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման համար: Փաշինյանի կողմից նշաձողի իջեցումը հանգեցրեց Պրահայի չարաբաստիկ հայտարարությանը, որով հիմքեր ստեղծվեցին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի համար:

Դրական էր նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերակատարությունը և խաղաղապահ առաքելության տեղակայումն Արցախում, ինչը, ցավոք, այս տարիների ընթացքում չծառայեց լիարժեքորեն իր նպատակներին բուռն գեոպոլիտիկ խաղերի հետևանքով:

Ինչպես տեսնում ենք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայկական կողմերի համար առկա եզակի շահեկան հնարավորությունները հօդս ցնդեցին ոչ թե ընդդիմության, այլ Նիկոլ Փաշինյանի պատճառով:

Արդյունքում, Ադրբեջանը մաքսիմալ քամեց այս եռակողմ հայտարարությունն իր օգտին՝ լկտիաբար խախտելով դրա դրույթները: Հայաստանի իշխող վարչախումբն անցավ Արցախը հանձնելու երկրորդ՝ հետպատերազմյան փուլին և ձեռքերը լվաց եռակողմից՝ հանուն արևմտյան գեոպոլիտիկ կազինոներում իրենց դրած դրույքի: Իսկ Ռուսաստանը «գլուխս խառն է», «Նիկոլն է մեղավոր», «հայից ավելի հայ չենք լինելու» մոտեցումներով՝ Հարավային Կովկասի և գլոբալ դասավորություններում, բնականաբար, հետապնդում է բացառապես սեփական շահերը:

Նիկոլի իշխանության, Ռուսաստանի և Ադրբեջանի շահերի համար վճարեց հայ ժողովուրդը: «Խաղաղության խաչմերուկի» հատվող ճանապարհներին կրկին խաչվելու է հայի ազգային շահն ու արժանապատվությունը, եթե Փաշինյանի անփառունակ իշխանությունը մեր ժողովրդի հավաքական կամքով չավարտվի: Ուստի 2021թ. հունիսի 21-ն ավելի խայտառակ օր է մեր պատմության մեջ, քան անգամ 2020թ. նոյեմբերի 9-ը:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

08.11.2023թ.

Երկուսին էլ գնդակահարել տեղում, էս հարցը փակվի, երթա. Պեմզաշենում դաժանությամբ սպանված ընտանիքի հայր

Որպեսզի էս ամենը երկար չձգձգվի՝ երկուսին էլ գնդակահարել տեղում, ուրիշ հեչ բան չեմ ուզում… գնդակահարվի, էս հարցը փակվի, երթա. Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործի քննությանը հայատարարեց գործով տուժող Սևակ Մելիքսեթյանը։

Նշենք, որ Սևակ Մելիքսեթյանը 2022 թվականի նոյեմբերի 9-ին Պեմզաշենում սեփական տանը առանձնակի դաժանությամբ սպանդի ենթարկված ընտանիքի հայրն է։

Հրանտ Թոխատյանը մեկնել է ԱՄՆ՝ բուժման․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մենք գրել էին, որ օգոստոս ամսին սիրված դերասան Հրանտ Թոխատյանի սիրտը ստենտավորել են` նա երկու անգամ ենթարկվել էր վիրահատության։ Սակայն պարզվում է` փորձությունները դրանով չեն ավարտվել. սրտի հետ կապված խնդիրների լուծումից հետո նրա մոտ առողջական նոր խնդիրներ են հայտնաբերվել եւ նա ընկերների օգնությամբ մեկնել է ԱՄՆ` բուժման:

Թոխատյանի մտերիմներից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նոր խնդիրները կապված են ինչ-որ նորագոյացության հետ, որը հայտնաբերվել է անսպասելիորեն` սրտի վիրահատությունից հետո: Թե ինչ բուժում կանցնի հայտնի դերասանը` դա կլինի վիրահատական միջամտություն, թե թերապիա` դեռեւս պարզ չէ, այժմ դեռ ինտենսիվ հետազոտությունների փուլն է եւ իրենք հույս ունեն, որ այս փորձությունն էլ է Հրանտը բարեհաջող հաղթահարելու»:

Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեյանն առարկեց` գործը քննվի Շիրակի դատարանում

Մեկնարկել է Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը։ Մեղադրյալի աթոռին երկու անձ է՝ Արկադի Բարսեղյանն ու Վրույր Բարսեղյանը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեղադրյալ Վրույր Բարսեյանից հետաքրքրվեց` արդյո՞ք տիրապետում է հայերն բանավոր և գրավոր խոսքին։ «Ո՛չ, գրավոր լեզվին չեմ տիրապետում․ 6-ամյա կրթություն ունեմ», — ասաց նա։

Վրույր Բարսեյանն ասաց, որ ամուսնացած է, իր խնամքին ունի․ 3 երեխա՝ 4, 6 և 1 տարեկան, մայրը և կինը։ Մեղադրյալն ասաց, որ նախկինում դատապարված չի եղել։ Թե ինչո՞վ է զբաղվել՝ նշեց, որ գյուղի մեջ ինչ գործ, որ ասել են՝ արել է։

Հարցին, թե դատարանի կողմից ուղարկված իր իրավունքների մասին հուշաթերթիկը և որոշումը վարույթ ընդունելու մասին ստացե՞լ է, պատասխանեց՝ այո՛, բայց չի կարդացել։ «Հայերեն տառերին լավ չեմ տիրապետում», — ասաց նա։

Մեղադրյալներից Արկադի Միսակի Բարսեյանը ներկայանալով՝ նշեց, որ ամուսնացած է՝ խնամքին մի տղա ունի՝ 5 տարեկան, հայրը, մայրը և եղբայրը։ Ասաց, որ նախկինում դատապարտված չի եղել։ Թե ինչով է զբաղվել՝ հայտնեց, որ արտագնա աշխատանքի է գնացել՝ Ռուսաստան։

Դատարանում ներկայացան ինչպես մեղադրյալների, այնպես էլ տուժողի շահերը պաշտպանող կողմերը, ինչպես նաև հանրային մեղադրողը։

Մեղադրյալներից Վրույր Բարսեղյանն ընդգծեց, որ ցանկանում են՝ գործի վարույթի քննությունն իրականացվի Երևան քաղաքում և ոչ թե Շիրակի մարզի առաջին ատյանի իրավասության դատարանում։

Մեղադարյալներից Արկադի Բարսեյանի համար, սակայն, տարբերություն չկար. «Միայն գործն արդար քննվի»։

Դատարանը որոշեց քրեական վարույթը թողնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանը և վերջինիս 12-ամյա դուստրն ու 8-ամյա որդին։

Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են նույն գյուղի բնակիչներ 32-ամյա Վրույր Բարսեղյանը և նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։

Վրույր Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը և նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։

Առանձին լեռնային հատվածներում սպասվում է թաց ձյուն

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 10-ի գիշերը, 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը սպասվում է անձրև։

Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 10-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, նոյեմբերի 10-ի ցերեկը, 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-ի ցերեկը կնվազի՝ 4-6 աստիճանով, 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է. իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ

Նոյեմբերի 9-ին, ժամը 11:12-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Մոտ 7 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, ծառի թափուկներ և կոճղեր։

Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 3 հա տարածքում։ Առկա են ծխացող կոճղեր, տեղում շարունակվում են հետհանգեցման աշխատանքները։

Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու պատճառով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 8-ին Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և ոստիկանության Բաղրամյանի բաժին է տեղափոխվել 26-ամյա Միսակ Ս.-ն, որը հուլիսի 10-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվել է

ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով ժամանակավոր` 6 ամիս ժամկետով, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմ, արևածաղկիի ձեթ արտահանման նկատմամբ», — նշված է հաղորդագրության մեջ։

Որոշումն ուղղվում է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը, քանի որ այդ ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, և այդ բացը լրացվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։

Արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա։

ՀՀ կառավարության 2023 թ. հունիսի 29-ի որոշմամբ սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք՝ 6 ամիս ժամկետով, որի գործողությունն ավարտվում էր 2024 թ. հունվարի 2-ին։ Այս որոշմամբ արգելքը կգործի մինչև 2024 թ. հուլիսի 2-ը։

«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորությունը կպարունակի 3 գույն՝ 1 600 000 երանգներով

«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության համար Երևանի համայնքային բյուջեից կտրամադրվի շուրջ 60 միլիոն դրամ, ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«2023 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդին է ներկայացվել «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման էսքիզային տարբերակը, որը խորհրդի կողմից ստացել է դրական եզրակացություն:

Հարկ եմ համարում նշել, որ «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորությունը պարունակում է 3 գույն՝ իր 1 600 000 երանգներով:

Քանի որ կառույցն իր տեսակի մեջ համարվում է մայրաքաղաքի ամենաներկայանալի կամրջային կառուցվածքներից մեկը, իսկ զբոսաշրջության տեսանկյունից՝ քաղաքի կարևոր ճանապարհաշինական հանգույցներից, ընկերությունը պայմանագրի համաձայն պարտավորվել է ապահովել կամրջի գեղարվեստական տեսքը ժամանակակից լուսադիոդային լուծումներով:

Գաղափարը կյանքի կոչելու արդյունքում հնարավորություն կընձեռնվի յուրաքանչյուր օր, ինչպես նաև պետական տոնացույցով նախատեսված օրերին և մեր երկիր ժամանող պաշտոնական պատվիրակությունների այցերի ընթացքում կամուրջը ձևավորել տվյալ երկրների խորհրդանիշներով և համահունչ թեմատիկ այլ լուծումներով», — գրել է նա։

Wildberries-ը Հայաստանում սկսում է ալկոհոլային խմիչքների վաճառք

Wildberries առցանց առևտրի միջազգային հարթակում ներկայացված են ոգելից խմիչքներ, որոնց վաճառքն արդեն հասանելի է գնորդներին Հայաստանի տարածքում։ Հաճախորդները կկարողանան պատվիրել գինիների և ոգելից խմիչքների մեծ ընտրանի՝ առանց տնից դուրս գալու:

Առցանց հարթակն արդեն առաջարկում է հարյուրավոր տարբեր ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ կարմիր, սպիտակ և փրփրուն գինիներ, վիսկի, ջին և ռոմ: Ալկոհոլային խմիչքներ արտադրողների ու դիստրիբյուտորների շրջանակն ու թիվը մշտապես կավելանա։

Wildberries-ը ուշադիր է այս կատեգորիայի անվտանգության նկատմամբ: Մինչ գնումներին անցնելը՝ պահանջվում է գնորդի տարիքը, իսկ ստանալու համար գնորդը պարտադիր պետք է ներկայացնի տարիքը հաստատող փաստաթուղթ:

«Wildberries-ի առաքելությունն է օգնել փոքր և միջին բիզնեսին զարգանալ և գտնել իր հաճախորդներին: Հետևաբար, հարթակում ներկայացված կլինեն ինչպես տեղական արտադրողներն ու դիստրիբյուտորները, այնպես էլ այլ երկրների խոշոր մատակարարները: Մենք ուրախ ենք ձեռնարկատերերին տրամադրել վաճառքի ևս մեկ հարթակ և հաճախորդներին տրամադրել ընդլայնված տեսականի», — մեկնաբանել է Wildberries-ի մամուլի ծառայությունը։