Սպանության փորձ` Այգեհովիտի հարակից հանդամասում

Նոյեմբերի 4-ին «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով քաղաքացի է տեղափոխվել բուժօգնության:

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.30-ի սահմաններում Այգեհովիտ բնակավայրի հարակից հանդամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ այգեհովիտցի 62-ամյա տղամարդը կրակել և մարմնական վնասվածք է պատճառել 25-ամյա համագյուղացուն:

62-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.23մ (05.11.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 5սմ-ով։

Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն

Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.808մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 5-ը ներառյալ՝ 101.216մլն. մ³:

Լևոն Քոչարյանն ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով. Փաստաբանական խումբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է.

«ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակի ստանձնման կապակցությամբ փաստաբանական թիմը մասնակի՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու մասով, հրաժարվել է հատուկ վերանայման բողոքից:

Պատճառն այն է, որ Լևոն Քոչարյանը ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով, հետևաբար, կալանքի հիմքերի մասով բողոքը դառնում է առարկայազուրկ, ուստի պաշտպանական կողմը բողոքը պնդում է միայն հիմնավոր կասկածի մասով:

Պաշտպաններ՝

Էրիկ Ալեքսանյան,

Արամ Վարդևանյան,

Ալեքսանդր Կոչուբաև»։

Ինչո՞ւ է տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր եղել աշխարհին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ակնհայտ է, որ տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր է եղել աշխարհին՝ մի շարք պատճառներով, որոնցից հիմնականներն են.

1.Հայկական ատոմակայանի առկայություն:

2. Ռուսական 102-րդ ռազմաբազան, որը կանգնած է թուրքական բանակի դիմաց։

3. Հայկական Սյունիքը, որը կտրում է Ադրբեջանը Թուրքիայից։

4. Հայկական Արցախը։

Այլեւս ակնհայտ է, որ 2018-ի իշխանափոխության արտաքին շահառուները ծրագրել էին այդ գործոնները չեզոքացնել։ Պարզ է, որ փոխելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը՝ թուրքանատօական բեւեռը դադարեցնելու է ատոմակայանի շահագործումը։

Պայմանագիր կնքելով Թուրքիայի հետ՝ վերջինս այլեւս սպառնալիք չի լինելու ՀՀ-ի համար, ուստի ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է հանվել։

2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ դրանով սկիզբ դնելով Արցախի հայաթափմանը:

Սյունիքի մասով էլ Նիկոլը մոգոնել է նախկինում «հայկական», իսկ այժմ «խաղաղության», իսկ իրականում թուրքական խաչմերուկ եզրույթը, որի իրականություն դառնալու դեպքում ողջ Հայաստանը վեր է ածվելու պանթուրքիզմի խաչմերուկի։

Այդ դավադիր պլանի իրագործումն այլեւս փաստ է։

Դրա այլընտրանքը բացառապես Իրան-ՌԴ-Չինաստան առանցքի շուրջ անվտանգային ու արտաքին քաղաքական ռազմավարություն կառուցելն է։ Հակառակ դեպքում՝ Հայաստանը կդառնա պանթուրքիզմի հերթական հնազանդ գործիքը»։

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքում. 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 7-ին ժամը 07.00-ից մինչև նոյեմբերի 8-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ

Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն:

Այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:

Նախարարը ներկայացրեց, որ 2024-ին Իմունականխարգելման ազգային ծրագրի համար հատկացումներն ավելանալու են 16.4 տոկոսով՝ 728 մլն դրամի շրջանակներում:

«Դրա շնորհիվ մեր երկրում կարողանալու ենք ներդնել ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը: Կարծում եմ՝ սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաև զորակոչիկների առողջության պահպանմանն ու աշխատունակության պահպանմանը, նաև որոշակի առումով անվտանգային կարևոր լուծում է», — ասաց Ավանեսյանը:

Նախարարը նկատեց, որ ջրծաղիկը բարձր վարակելիություն ունի: Եվ եթե, օրինակ, մանկապարտեզում մեկ խմբում ջրծաղիկի դեպք է գրանցվում, ապա այդ հաստատությունում գրեթե բոլորը վարակվում են, լինում են նաև ծանր դեպքեր:

Ադրբեջանում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը

Բաքվում շարունակվում է այս տարվա ամռանը Լաչինի միջանցքում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից առևանգված արցախցի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով «դատական նիստը»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դատական ​​քննությունը կավարտվի այսօր, որից հետո դատախազը մեղադրյալի նկատմամբ պատիժ կպահանջի։

Հիշեցնենք, որ նախորդ նիստը նոյեմբերի 1-ին էր։

Հիմա ո´չ Արցախ գնալու ճանապարհ կա, ո´չ էլ՝ մեր որոշ ընկերներին հանդիպելու հնարավորություն. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կիսվել է իր տպավորություններով Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի մասին, որն այժմ Բաքվի բանտում է։

Աբրահամյանը հիշել է «լավ ու հպարտ ժամանակները», երբ գնում էին Արցախ, ընկերներին հանդիպում, տարբեր հարցեր քննարկում, համատեղ նախաձեռնություններ պլանավորում:

«Հիմա ո´չ Արցախ գնալու ճանապարհ կա, ո´չ էլ մեր որոշ ընկերներին հանդիպելու հնարավորություն կա:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին 6-7 տարի է՝ ճանաչում եմ: Արցախի ու, առհասարակ, հայկական իրականության ամենապարկեշտ ու ազնիվ գործիչներից է, ով անսահման սիրում է Արցախը:

Իշխանյանի հետ շատ էինք շփվում և´ Արցախում աշխատածս տարիներին, և´ դրանից հետո:

Նրա հետ երկար կարելի էր զրուցել բոլոր թեմաներով․ մարդկային հարաբերություններից՝ մինչև քաղաքական ամենասուր իրավիճակներ։ Միշտ հավասարակշռված էր, օբյեկտիվ և իրադրությունը միշտ բազմաթիվ դիտանկյուններից էր վերլուծում:
Առհասարակ, Արցախում և Հայաստանում չեմ հանդիպել մարդու, ով, անկախ քաղաքական կողմնորոշումներից կամ դիրքորոշումներից, դրական չէր արտահայտվում Դավիթ Իշխանյանի մասին:

Իշխանյանի հետ լիքը կիսատ զրույցներ ու անելիքներ ունենք և իր վերադարձից հետո, անշուշտ, դրանց մասին խոսելու ու պլանավորելու ժամանակ կգտնենք:

Ազատությո՛ւն Դավիթ Իշխանյանին և Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին` անկախ նրանից, թե ով և ինչ հանգամանքներում է հայտնվել բանտում»,- Facebook-ում գրել է Տիգրան Աբրահամյանը։

Իշխանությունը որպես միայն փող աշխատելու միջոց ու միջավայր ընկալած անձինք պարտք են պետությանը. Հովհաննիսյան

Այսօր միջազգային փորձագիտական գնահատականներում քննարկվում է Հայաստանի հնարավոր «զոնալ բաժանման հեռանկարը»՝ չբացառելով, որ զարգացումներն ի վերջո կարող են բերել փոքր Հայաստանի բաժանմանը ազդեցության գոտիների՝ թուրքական, ռուսական, պարսկական, ԵՄ-ական…

Մենք ջախջախված ներկայով պետք է գնանք դեպի ապագա։ Չուզենք էլ՝ մեզ տանելու են։ Մենք մեր ձեռքերով մեր ապագան կարող ենք սարքել դժոխք, եթե շարունակենք ճիշտ չհասկանալ անցյալը, ճիշտ չգնահատել ներկան։

Ներկա ազգային պարզունակությունը և մերկանտիլիզմը, որը քարշ ենք տվել բազմաթիվ դարերով մինչև 21-րդ, պետք է էական շտկման ենթարկվի։

Մի կողմից քո ամբողջ էությունը հակադրվում է պետության փլուզման գաղափարին, բայց մյուս կողմից՝ իշխանության վերջին խոսույթը՝ «խաղաղության խաչմերուկը», որն ակնհայտ արհեստականությամբ դրվեց շրջանառության մեջ և անդադար տիրաժավորվում է, իրականում կարող է հանգեցնել հենց դրան։ Վերջին 5 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ այս իշխանության՝ առաջին հայացքից բոլոր արհեստական գաղափարների հետևում իրական մշակված ողբերգության սցենար է։

Նման իշխանության, շփոթված-շոկային հասարակության և դեֆոլտի մեջ գտնվող ընդդիմադիր առաջնորդության պայմաններում ի՞նչը պետք է խանգարի Հայաստանը քարտեզի վրա չտեսնողների սցենարին։

Այս հարցն ունի միայն մեկ պատասխան՝ ՄԵՆՔ։ Բայց որպեսզի այդ մենքը ունենա ձևակերպում, պետք է կտրուկ փոխել աշխատանքի բովանդակությունը, տեխնոլոգիաները, խնդիրները։ Այսօր հուսահատեցնող է ոչ այնքան իշխանության որակը, դա մենք անգիր գիտենք, որքան՝ դիմացը տիրող անճարակությունը՝ մի դեպքում անելիքը լավ չպատկերացնելու պատճառով, մյուս դեպքում՝ գործարքային գույքամոլության։

Նոր բովանդակությամբ նոր համակարգերի ստեղծումը պահանջում է շատ հարցերի հանդեպ վերաբերմունքի վերանայում։

Որպես սկիզբ՝ պետք է ընդունենք պարզ իրողությունները, առողջացման նախնական քայլերը.

․  Անարդար մեխանիզմներով մեծ կապիտալ դիզածները պարտք են Արցախին ու արցախահայությանը։

․  Իշխանությունը որպես միայն փող աշխատելու միջոց ու միջավայր ընկալած անձինք պարտք են պետությանը։

․  Զրոյական սոցիալական պատասխանատվությամբ օլիգարխիան պարտք է այս ժողովրդին։

․  Ինտելեկտուալ անհատները և շրջանակները պարտք են պետությանը, որովհետև տարբեր պատճառներով արդյունավետ չեն եղել, հաճախ լռել են, հաճախ սպասարկել են այլ շահեր։

Եվ այդ պարտքը պետք է վերադարձվի, որպեսզի Հայաստանը ապագա ունենա։

Ժամանակին իշխանությունը որպես փող աշխատելու ընկալումը՝ «փող-պետություն» աշխարհայացքը, փակեց հազարավոր ունակ մարդկանց ճանապարհը։ Կարող ու կիրթ մարդիկ հազարներով թողեցին գնացին, մեկուսացան, չգտան իրենց Հայաստանում, չռեալիզացվեցին։ Տեղը զավթեց այլ որակ։

Այսօրվա՝ ստի և աշխարհի ու պետականության մասին գավառական պատկերացումներով պետության մեր նարատիվը պետք է փոխվի, հակառակ դեպքում ապագան շատ ցավոտ է լինելու։

Մենք 100%-ով տապալեցինք մեր անցյալը, աննորմալ գին վճարեցինք, հիմա ամենանվաստացված, անարժանապատիվ վիճակում ենք՝ անհույս ու անորոշ։ Բայց մեզ սպասում է նոր փուլ։ Առջևում «ապագան» է, որին ընդառաջ մենք գնում ենք անմիտ, անծրագիր, քանդված վիճակում։

Ի՞նչ անել, որ մեր ապագան ոչ թե դժոխք դառնա, այլ՝ հետպատերազմյան վերականգնման փուլ (սա միակ առողջ տարբերակն է)։ Անհրաժեշտ է լինելու մի քանի ցավոտ փաստերի ընդունում, ներկայի ռացիոնալ գնահատում, ներհասարակական համակեցության նոր խաղի կանոնների հաստատում, ապագայի շուրջ ստրատեգիական մտածողություն ու այդ մտածողության տեր մարդիկ։ Ուրեմն պետք է սկսենք ձևակերպել նոր ասելիք, ու դրանք դավանող մարդկանց կոնկրետ ցանկ։ Ու վերջապես հերիք է սպասել, թե իբր ոմանք կձևակերպեն մեզ համար լուծումներ ու իբր կառաջնորդեն պայքարի։ Չեն արել, չեն անելու։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Վթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կան տուժածներ և երկու զոհ

Նոյեմբերի 6-ին, ժամը 00։52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան–Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ս. Մ.-ն (ծնված 2003 թ․), Հ. Մ.-ն (ծնված 2007 թ․), Ա. Մ.-ն (ծնված 2012 թ․) և Թ. Ս.-ն (ծնված 1981 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Հ. Մ.-ի և Ա. Մ.-ի մահը, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի փականը։