ՀՀ քաղաքացիները կարող են պարզեցված կարգով բանկային հաշիվներ բացել Ռուսաստանում. Միշուստին

Ռուսաստանի կառավարությունը պարզեցնում է Ռուսաստանում բիզնեսի վարման կարգը մի շարք երկրների քաղաքացիների համար։ Ինչպես տեղեկացրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը իր տեղակալների հետ խորհրդակցության ժամանակ, ստորագրված կարգադրությամբ սահմանվել է 25 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները եւ իրավաբանական անձինք կկարողանան պարզեցված կարգով հաշիվներ բացել եւ ավանդներ ունենալ ռուսական բանկերում։

«Օտարերկրյա ձեռնարկությունների եւ գործարարների համար ավելի հարմար պայմանների ստեղծումը կառավարության համակարգված գործունեության կարեւոր մասն է ֆինանսական ինքնիշխանության հասնելու գծով՝ մեր նախագահի առաջադրած ազգային նպատակներին հասնելու շրջանակում», — նշել է Միշուստինը։

Երկրների ցուցակում են Ադրբեջանը, Ալժիրը, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ղազախստանը, Կատարը, Ղրղըզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մալայզիան, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Օմանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը, Թաիլանդը, Թուրքմենստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը։

Սերգեյ Սմբատյանն արդարացվեց

Մաեստրո Սերգեյ Սմբատյանն արդարացվեց, այս մասին հայտնում է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով», — գրել է Վարոսյանը։

Աշոտյանը քաղաքական-իրավական ոչնչացման ենթարկեց իշխանությանն ու նրա պատվերը կատարող համակարգին. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դատարանի դահլիճում Արմեն Աշոտյանը քաղաքական-իրավական ոչնչացման ենթարկեց իշխանությանն ու այդ պահին նրա պատվերը կատարող համակարգին:

Արմենը համակարգի ողջ թշվառությունը հանեց ու տվեց գետնին` մինչև վերջ ստորացնելով իշխանական ոհմակը սպասարկող անարժանապատիվ սպասարկուներին:

Արմե՛ն ջան․․․»։

Այն, ինչ կատարվում է այս դահլիճում, ոչնչով չէր տարբերվում Բաքվի դատարաններում տեղի ունեցող վակխանալիայից. Աշոտյան 

Այն, ինչ կատարվեց անցյալ նիստում այս դահլիճում և կատարվում է ՀՀ այլ դահլիճներում, բովանդակությամբ ոչնչով չէր տարբերվում մեր հայրենակիցների և Արցախի ռազմաքաղաքական վերնախավի նկատմամբ Բաքվի դատարաններում տեղի ունեցող վակխանալիայից, դատարանում միանալով դատավորին բացարկ հայտնելու իր փաստաբանների միջնորդությանը՝ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Երևի միայն աշխատանքային լեզուն էր տարբեր», — ասաց Աշոտյանը։

Դատավորն ընդհատեց Աշոտյանին՝ հորդորելով խոսել ըստ էության։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն առարկեց դատավորի գործողությունը՝ հայտարարելով.

«Հենց ադրբեջանական բառն եք լսում, նեղվում եք։ Այն, որ կալանքը երկարացնում եք, չեք նեղվում, դրանից նեղվում եք», — ասաց Աթանեսյանը։

Աշոտյանը նիստը նախագահող Վահե Դոլմազյանին ասաց, թե չի կարող իրեն գրաքննության ենթարկել։

«Դուք կարող եք որոշել ընթացքը, բայց չեք կարող որոշել իմ մտքի, խղճի, արտահայտվելու ազատությունը։ «Ադրբեջանական» բառը վիրավորանք է, հասկանանք, որ վիրավորանք է, Դուք ճիշտ եք, Նիկոլը՝ սխալ։ Գործող վարչախումբը ադրբեջանական դատարանների որոշումներին տվեց ճիշտ ձևակերպում, այո՛, ֆարս է, բայց մի հատ ձեր աչքի փուշն էլ տեսեք, գործո՛ղ վարչախումբ», — ասաց Աշոտյանը։

Ո՞ւր է տանում Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը

Հայաստանի Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարում է ընդգծված հակառուսական քաղաքականություն, նպատակ է դրված Հայաստանն ամբողջությամբ կտրել Ռուսաստանից և տանել դեպի Արևմուտք: Ու այս ճանապարհին Փաշինյանն ու իր թիմը որևէ բանի առջև կանգ չեն առնի, քանի որ հակառուսական քաղաքականությունը Փաշինյանի համար հնարավորություն է պահել իր իշխանությունը, որովհետև եթե առաջ նախկիններին մեղադրելով էր նա իշխանությունը պահում, ապա 5 տարի անց այդ միջոցն այլևս էֆեկտիվ չէ: Իսկ հակառուսական քաղաքականությունը հնարավորություն է բոլոր մեղքերը, պարտություններն ու ձախողումները բարդել ՌԴ վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի փորձագետ, քաղաքագետ Արման Ղուկասյանը:
Սակայն այդ արևմտյան ուղղությունը, շեշտեց նա, ՀՀ-ին ու հայ ժողովրդին ընդհանրապես որևէ երաշխիքներ ու առավել ևս որևէ կոնկրետ առաջարկներ չի տվել.
«Հայ-ռուսական հարաբերություններից հրաժարվելը, ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները խզելը մեզ ուղղակի դնելու է շատ ծանր իրավիճակի մեջ: Ուկրաինայի ու Մոլդովայի օրինակը մեր բոլորիս աչքի առաջ է, և իզուր չէ, որ վերջին շրջանում հատկապես ակտիվացել է Միխայիլ Սահակաշվիլին: Ցավով պետք է նշեմ, որ առաջիկայում մենք ականատես կլինենք էլ ավելի ընդգծված հակառուսական քայլերի ու գործողությունների»,- նշեց նա:
Քաղաքագետի խոսքով, Գրանադայում տեղի ունեցած հանդիպումը Նիկոլ Փաշինյանի պարտությունն էր և դրան հաջորդած Բիշքեկ մեկնելուց հրաժարվելը, որտեղ կարող էր տեղի ունենալ իր և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, այդ պարտությունը միայն հաստատեց: Պարզ է, որ Ալիևը իր ուզածը ստացել է Արևմուտքից և վստահ ժամանեց ՌԴ նախագահի մոտ, մինչդեռ Փաշինյանը շարունակում է պարտվել դիվանագիտական դաշտում.
«Այս ամենի հիմքը դրեց Պրահան, որտեղ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Դրան հաջորդեն իննամսյա շրջափակումը, հետո մենք տեսանք վարչապետի ելույթը Ստրասբուրգում, որտեղ Փաշինյանը հերթական անգամ փորձեց իր ձախողումները բարդել Ռուսաստանի վրա: Ապա նա աղմկահարույց հարցազրույց տվեց Wall Street Journal-ին, որում խոսեց ռուս խաղաղապահներից դժգոհելու և ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ապագայի մասին: Փաշինյանի թիմը՝ ռուս խաղաղապահներին վարկաբեկելուց ու Արցախի կորստից հետո, հիմա էլ նպատակ է դրել վարկաբեկել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան՝ հեռանկարում ունենալով այն դուրս բերելու նպատակ»:
Ի վերջո, հարց է հնչեցնում Արման Ղուկասյանը, ի՞նչ երաշխիքներ ենք ստացել մենք Արևմուտքից: Ռազմական օգնություն Ֆրանսիայի՞ց. այն, ըստ քաղաքագետի, դեկորատիվ բնույթ է կրում:
Բանախոսը նշեց՝ հակառուսականությանը զուգահեռ շրջանառվում է այն թեզը, թե մենք ուղղություն ենք վերցնում դեպի Արևմուտք, բայց իրականում հարկ է ասել, որ մենք դեպի անհասկանալին ենք ուղղություն բռնում, ինչը մեր երկիրը նոր մարտահրավերների, ռիսկերի ու վտանգների առաջ է կանգնեցնելու:
Եվ հետո, չմոռանանք.
«Հայաստանի համար Ռուսաստանը կարևոր է նաև տնտեսական առումով, չմոռանանք ռուսական կապիտալը Հայաստանում և դրա ստեղծած աշխատատեղերը, միլիոնավոր տրանսֆերտները, որ տարեկան ստացվում են ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներից, ՀՀ-ին մատչելի գնով վաճառվող գազը, ներդրումները և այլն: ՀՀ-ն չի կարող ռուսական գազը փոխարինել իրանականով, ինչի մասին է խոսվում է այս ամենի կոնտեքստում, իրանական գազը ավելի թանկ է, ինչը լուրջ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա: Մեր երկրի տնտեսության ռելսերը դեպի ռուսական ու ԵԱՏՄՙ անդամ պետությունների շուկա են տանում, բացի այս, տարեկան միայն 300 մլն դոլար ՀՀ-ն ստանում է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայից զուտ այն պատճառով, որ Եվրասիական տնտեսական միության անդամ է: Այս ամենը միայն թվարկելով հասկանալի է դառնում, որ Արևմուտքը չի կարող լինել ՌԴ այլընտրանքը»,- հավելեց Ղուկասյանը:

Այս մարդիկ վերջինը լքեցին հայկական Արցախը. Փրկարար ծառայողի մասնագիտական օրն է

Այս մարդիկ վերջինը լքեցին հայկական Արցախը։ Մնացին՝ փրկելով բնակավայրերում մնացած տասնյակ քաղաքացիների, դիրքերում՝ շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր զինծառայողների ու վիրավորների կյանքեր, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

«Ռազմական գործողությունների ժամանակ և վառելիքի պահեստում զոհված անձանց աճյուններն ու մասունքները նրանց շնորհիվ տեղափոխվեց Հայաստան։

Նրանք մնացին, որովհետև պետք էր փրկել հայկական Արցախի պատիվն ու արժանապատվությունը։
Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական օրն է այսօր», — գրել է նա։

Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի անհավանական է․ Նիկոլայ Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ Հայաստանը դուրս չի կազմակերպությունից, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերի հետ։ Հետևաբար, իմ կարծիքով, սա ժամանակավոր երեւույթ է, բայց, ամեն դեպքում, Հայաստանը կլինի և՛ Ռուսաստանի, և՛ Բելառուսի, և՛ ՀԱՊԿ-ի հետ», — ասել է Բորդյուժան։

Նա նշել է, թե ինքն ընդհանրապես չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի.

«Պարզապես չեմ պատկերացնում այդ ապագան, քանի որ Հայաստանը խիստ ինտեգրված է Ռուսաստանի հետ և ոչ միայն տնտեսապես. Ռուսաստանում հսկայական թվով հայեր են ապրում՝ մի քանի միլիոն»:

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

10։00-16:00 թիվ 32 դպրոց, Ս․Զորավարի փ․ 40, 42, 48 շենքեր, Սևանի փ․ 128, 130 շենքեր, Ս․Զորավարի, Սևան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սիլիկյան թաղ. 5, 6, 7 փողոցներ, Աշտարակի խճուղի մասնակի և հարակից բնակիչ-բաժանորդներ,

11։00-17:00 Պետական պատկերասրահ, Մյասնիկյան պող. 1-5 հասցեների և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 11 փողոցի 27-90 առանձնատներ, թիվ 157 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-11 շենքեր, Ղափանցյան փ. 5/9-14/5 առաձնատներ, Բակունցի փ. 2-4 շենքեր, Կոմիտասի պող. 1 և Հակոբյան փ.4 շենքեր,

Արարատի մարզ`

10։30-12:15 Արտաշատ քաղաք՝ Իսակովի և Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,

Կոտայքի մարզ՝

10։00-14։00 Կարենիս համայնք, Ավետարանի, Հավատքի, Քրիստոնեական Եկեղեցի, «Արտսոն Գրուպ» ՍՊԸ, «Յուքոմ», «Վիվա-ՄՏՍ», «Թիմ Տելեկոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։00-16։00 Ջրվեժ՝ Մայակ, Բանավան թաղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-13:00 Առինջ գյուղ մասնակի,

Գեղարքունիքի մարզ՝

10։00–12:30 Վարդենիկ բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը պետք է լինի Մոսկվա-Թեհրան-Պեկին առանցքը․ Շարմազանով

Նիկո՛լ, երբ հակառուսականությունը դարձնում ես պետական քարոզչության մաս՝ հիշիր, որ դու ես 2020-ի հոկտեմբերի 19-ին ասել, որ միայն ՌԴ-ի միջամտության արդյունքում է հնարավոր եղել կանխել Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա։ Այս մասին գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միայն ՌԴ նախագահ Պուտինի շնորհիվ Ադրբեջանը չի ներխուժել ու գրավել Սյունիքը։ Այդ օրը տեղի ունեցավ հանդիպում կառավարությունում։ Փաշինյանն ասաց, որ պատերազմը պարտված է, բանակը գլխատված։ Նրա կարծիքով պարտության հիմնական պատճառը թուրքական բայրաքթարներն են։

Նիկոլն ասաց, որ խնդրել է Պուտինին ռուսական դրոշներ տեղադրել Մեղրիից մինչեւ Տեղ գյուղ, հակառակ դեպքում Ադրբեջանը կարող էր հարձակում կազմակերպել Սյունիքի վրա, որի հետեւանքները կարող էին անցանկալի լինել։

Փաստորեն, ըստ 2020-ի Նիկոլի, միայն ՌԴ նախագահ Պուտինի միջամտության արդյունքում է հնարավոր եղել խուսափել Սյունիքի վրա հարձակումից։ Իսկ այսօր Նիկոլի հրահանգներ կատարող արեւմտամոլ կամ թրքասեր ոմանք ռեժիմի պասով հանրային տիրույթում թեզեր են տարածում, թե ՌԴ-ն կարող է Ադրբեջանին ուղղորդել Սյունիքի վրա հարձակման։

Նիկո՛լ, երբ հակառուսականությունը դարձնում ես քարոզչության մաս՝ հիշիր, որ դու ես 2020-ի հոկտեմբերի 19-ին ասել, որ միայն ՌԴ-ի միջամտության արդյունքում է հնարավոր եղել կանխել Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա։

Հայաստանի ադրբեջանացման ու թրքացման «Կարթագենը» հեռացվելու է։ Իսկ Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը պետք է լինի Մոսկվա-Թեհրան-Պեկին առանցքը»։

Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում, այդ թվում` արցախցիների վերադարձ իրենց հայրենի օջախներ, բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանն արցախցիների հարցը դիտարկում է Սյունիքում ադրբեջանցիների տեղավորման համատեքստում` սպառնալով, որ հակառակ դեպքում կոշտ միջոցների կդիմի:

Հիշեցնեմ, որ ադրբեջանցիների` Հայաստան և, մասնավորապես, Սյունիք տեղափոխելու օրակարգն Ադրբեջանը զարգացնում էր դեռ նախորդ տարի, երբ ՀՀ իշխանությունը հավաստիացնում էր, թե պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ադրբեջանցիները երկկողմ օրակարգում նորանոր պահանջներ էին դնում, որն, ի դեպ, սահուն միջազգային քննարկումների դաշտ էր մտնում հայաստանյան իշխանության հանցավոր անտարբերության պայմաններում:

Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համատեղ ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման բոլոր ճանապարհների, որն անցնում է շանտաժի և սպառնալիքի ուղեկցությամբ», — գրել է նա: