ԿԽՄԿ-ն Գազայի հատվածում տիրող իրավիճակը «հուսահատ» է որակել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը ՌԻԱ Նովոստիի թղթակցի հետ զրույցույմ հայտնել է, որ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը կարելի է միայն հուսահատ որակել, և իրավճակը նկարագրելու համար դժվար է բառեր գտնել։

«Իրավիճակը Գազայի հատվածում ոչ այլ ինչ է, քան հուսահատ: Եվ դա, գուցե, մեղմ է ասvած: Դժվար է բառեր գտնել նկարագրելու այն, ինչ տեսնում են տեղում մեր գործընկերները… Մենք չենք կարող համեմատել այն, ինչ այսօր տեսնում ենք նախկինում մեր տեսածի հետ»,- ասել է Շուպը:

Նրա խոսքով՝ Գազայում ավերածությունների, տեղի բնակչության հուսահատության ու տեղահանման չափերն ահռելի են։ Հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տներն ու ապրել բաց երկնքի տակ, որտեղ հազիվ են կարողանում ջուր ու սնունդ գտնել։

Հայաստանի տարբեր հատվածներից սկսվել է մեծ արտագաղթ և դրա միակ պատճառը անվտանգության ապահովման երաշխիքներ չունենալն է և ֆինանսական ողբալի վիճակը

Մինչ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները իրենց ամբողջ կյանքը, հիշողությունները,հույզերը, ապրումներն ու
«ունեցվածքը» մեկ կապոցում տեղավորած կհասնեին Հայաստան, նիկոլն այդ ընթացքում զբաղվում էր կառավարական առանձնատան վերանորոգման աշխատանքներով։
Արցախցիները, ովքեր հասնելով Հայաստան մինչև այսօր ունեն կացարանի խնդիր, չեն ստացել անգամ իրենց հասանելիք 100 հազար դրամ «աջակցությունը»։ Իսկ այս ամենը նիկոլի կառավարման շրջանի տրամաբանական շարունակությունն է և այսպես շարունակվելու է, եթե նիկոլը մնա իշխանության։
Շռայլությունները գաղտնի չեն պահվում, արվում են բոլորիդ աչքի առաջ։
«Դուք պիտի իմանաք, թե ինչի համար եք վճարում». այսպես էր ասում նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տեղեկացնելով հանրությանը, որ ընտանիքով տեղափոխվում է կառավարական առանձնատուն:
Հիմա բոլորդ գիտեք և տեսնում եք, թե ինչի համար եք վճարում հարգելի հայրենակիցներ։ Այս աղետների շղթան էլ ավելի է շատանալու և ոչ միայն Արցախում դժոխքի միջով անցած մեր հայրենակիցների համար։ Հայաստանի տարբեր հատվածներից սկսվել է մեծ արտագաղթ և դրա միակ պատճառը անվտանգության ապահովման երաշխիքներ չունենալն է և ֆինանսական ողբալի վիճակը։

Պետեր Սիյարտոն Էջմիածնում էր

Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյին։

Հանդիպմանը ներկա էին նաև Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Աննա Մարիա Շիկոն և Հունգարիայի «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղար Տրիստան Ազբեյը։

Նորին Սրբությունը, ողջունելով Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, անդրադարձավ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։ Հայոց Հայրապետը նշեց, որ նախարարի այցը Հայաստան որոշապես կնպաստի հայ-հունգարական կապերի և փոխգործակցության առավել սերտացմանն ու զարգացմանը։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ անդրադարձ կատարեց Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությանը և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ կարևոր նկատելով միջազգային հանրության հստակ ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը՝ սանձելու Ադբեջանի զավթողական անզուսպ ձգտումները։

Հայոց Հայրապետն ի դեմս նախարարի՝ իր գնահատանքը և շնորհակալությունը հայտնեց Հունգարիայի կառավարությանը 2021թ. հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին, Հայ Եկեղեցուն և այս դժվարին օրերին Հայաստանին ու հայրենազրկված արցախահայությանը ցուցաբերած աջակցության և զորակցության համար։

Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձավ նաև գերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։

Իր հերթին նախարար Պետեր Սիյարտոն արժևորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերը Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական կապերի վերականգնման գործում։ Նախարարն ընդգծեց, որ հայ և հունգար ժողովուրդներն ունեն քրիստոնեական համընդհանուր արժեհամակարգ, ինչը կարևոր հիմք է հարաբերությունների առավել զորացման ու զարգացման գործում։

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարն ընդգծեց նաև, որ Հունգարիան պատրաստ է տարբեր ծրագրեր իրականացնել տեղահանված արցախցիներին աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև հետևողական քայլեր ձեռնարկել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։

Մոտեցել են բանկոմատին ու ձևացրել, թե գումար են հանում, ապա կեղծ թղթադրամներով 200 000 դրամի առևտուր արել

Ոստիկանությունից տեղեկացնում են․

«Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածնի 36 և 37 տարեկան բնակիչներ խարդախությամբ իրացնում են հուշանվեր-թղթադրամներ: Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզային, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սեբաստիայի փողոցում խարդախություն կատարելու պահին նրանց հայտնաբերեցին ու ձերբակալեցին:

37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց չորսական 100 և 50 հազարանոց, ութ հատ 10 հազար, 18 հատ 20 հազար դրամանոց և մեկ 100 դոլարանոց հուշանվեր-թղթադրամներ:

Հաղորդում է վերցվել նրանց հանցավոր գործունեությունից տուժած մի տղամարդուց: Նա իրավապահներին հայտնել է, որ տղամարդիկ հուշանվեր-թղթադրամներով իրենից գնել են 200 հազար դրամի ավտոպահեստամասեր: Նա նաև նշել է, որ կասկած չառաջացնելու համար տղամարդիկ մոտեցել էին բանկոմատին ու ձևացրել, թե իբր այնտեղից են հանում թղթադրամները:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները պարզվում են»:

«Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ «Խայտառակ խաբեություն». քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը

Անցնող օրերին Նիկոլ Փաշինյանը «փայլեց» երկու միջազգային առիթներով՝ հարցազրույց տալով ամերիկյան The Wall Street Journal-ին և մասնակցելով Թբիլիսիի միջազգային համաժողովին: Բովանդակային և իրադարձային իմաստներով այս համերգաշարը խարսխված էր նրա համար այլևս տիպիկ դարձած եռամիասնության վրա՝ նախաձեռնողական տգիտության, խրոնիկ հակառուսականության և մարտնչող անհայրենիքության:

«Երևան-Արևմուտք-Անկարա» տրանզիտ

Ամերիկյան պարբերականի հարցազրույցում Փաշինյանի կողմից անվտանգության հայեցակարգի շուրջ սեփական տեսլականի շարադրումը ստիպեց Բժեզինսկիին, Սու Ցզիին, Բիսմարկին և Մաքիավելիին շուռ գալ սեփական գերեզմաններում:

Անշուշտ, անվտանգությունը շատ ավելին է, քան պարզապես զինված ուժերը, և սա դասագրքային ճշմարտություն է: Նիկոլի կողմից սա փաստացի խոստովանություն է առ այն, որ 2018թ.-ից հետո նա գիտակցաբար և համակարգված քանդում էր Հայաստանի և Արցախի անվտանգային ճարտարապետությունը ոչ միայն բանակի համալրման խաթարման և կադրային ջարդի միջոցով, այլև գիտակցված կազմաքանդելով անվտանգության մյուս բաղադրիչները:

2018թ.-ից սկսեց այլասերվել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, պարալիզացվել Արցախյան բանակցային ձևաչափը, թիրախավորվեցին դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միաժամանակ արմատախիլ արվեց երկրի անվտանգության գաղափարական հիմքը, հայ ժողովուրդը ենթարկվեց տարաբնույթ բաժանումների, ընկճվեց հասարակության իմունիտետն ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ, և այլն: Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ վերանայվեց և անդամահատվեց Հայաստանի անվտանգության ռազմավարությունը, որտեղից դեռևս 2020թ.-ի հուլիսին հեռացվեցին Արցախի Հանրապետություն հասկացությունը և ազգային շահերի մասին այլ հիշատակումներ:

Հարցազրույցում Նիկոլի կողմից ներկայացված անվտանգային տեսլականը ոչ թե պետական այրի, այլ PEACE BUILDING-ի պրիմիտիվ սեմինարի մասնակից 18 տարեկան, պրիշչիկոտ և ռոմանտիկ դեռահասի ուղեղի լվացման արդյունք է:

«Мир, дружба, жвачка» ոճի բարբաջանքը, այն էլ՝ փոթորկված և եռացող աշխարհում, գեոպոլիտիկ ռիտուալների զոհասեղանին հոժարակամ բարձրացող հայ ժողովրդի մահախոսականն է հիշեցնում: Եթե անվտանգության նիկոլական տեսլականն իրականում կառավարեր աշխարհը, ապա աշխարհում չէր լինի մոտ 200 անկախ պետություն, ոչ մի կայսրություն չէր փլուզվի, իսկ հայ ժողովուրդը վաղուց կդադարեր գոյություն ունենալ և չէր հասնի 21-րդ դար:

Արցախի հարցի տարանջատումը հայ-ադրբեջանական օրակարգից կործանարար էր Արցախի համար: Հիմա այս տարանջատման վրա հույս դնելը կործանարար է դառնում բուն Հայաստանի Հանրապետության համար:

Հայ-ռուսական հարաբերությունների խորացող ճգնաժամը քողարկելով «բալանսավորում և դիվերսիֆիկացիա» բառակույտի ներքո՝ Նիկոլը կրկին ստում է: Բալանսավորում և դիվերսիֆիկացիա անում են Ի ԼՐՈՒՄՆ ինչ-որ բանի, ոչ թե Ի ՀԱՇԻՎ: Այնինչ ներկայիս արտաքին քաղաքականության հիմքում ընկած է ՀՀ-ՌԴ հարաբերությունների կապիտալն արևմտյան հարթակներում էժանով վաճառելը:

«Արևմուտքի միջոցով Ռուսաստանից պրծնել, որ նստել Թուրքիայի գիրկը». սա է Փաշինյանի անվտանգային ավանտյուրիզմի բանաձևը:

Где Кура, где мой Дом

Մի քանի դիտարկում անեմ նաև Թբիլիսիի միջազգային համաժողովին Նիկոլի մասնակցության և ելույթի մասին: Բացի այլանդակ և սկանդալային քարտեզից, որ ներկայացվեց՝ որպես Հայաստան և բուռն քննարկման ենթարկվեց, կան նաև այլ հանգամանքներ:

Հիշեցնեմ, որ նույն ժամանակ Բիշքեկում տեղի էր ունենում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին 20-ից ավելի երկրների վարչապետներ և նախարարներ: Փաշինյանի կողմից այս հանդիպման բոյկոտն էլ ավելի է խորացնում ՀՀ-ՌԴ ճգնաժամն առնվազն այն պատճառով, որ եթե ՀԱՊԿ-ի կամ ԱՊՀ-ի ուղղությամբ Հայաստանի վարչախումբը քարեր նետել էր, ապա ապա ԵԱՏՄ-ի մասով դեռևս դիվանագիտական դեմարշներ չէին եղել:

Թբիլիսիի միջոցառմանը Նիկոլի մասնակցությունը տարօրինակ է նաև այլ պատճառով: Արդեն երկրորդ անգամ է, ինչ Ալիևը մերժում է Փաշինյանի հետ հանդիպումը. սկզբից՝ Գրանադա, հետո՝ Բրյուսել: Առկայության դեպքում արժանապատվության հարց էր առնվազն այդքանից հետո չհայտնվել Ալիևից ցածր ռանգի ադրբեջանական պաշտոնյայի հետ միևնույն հարթակում: Այս տեմպերով չեմ զարմանա, որ մի օր էլ նա կհայտնվի, օրինակ, Հիքմեթ Հաջիևի և Թուրալ Գյանջալիևի հետ միևնույն ձևաչափում:

Այն, որ «Խաղաղության խաչմերուկ»՝ ԽԽ ցնդաբանությունը, ստեղծված իրավիճակում չի սպասարկելու հայկական շահեր, ակնհայտ է: Այն բրենդավորելու, նոր փաթեթավորմամբ ներկայացնելու ջանքերը ք..քը շոկոլադի տեղ վաճառելու փորձեր են հիշեցնում: Եկեք, սակայն, մի պահ պատկերացնենք, որ Նիկոլն իրավացի է, դիցուք, այդ նախագիծն իրոք պրոհայկական է և ռեգիոնալ ու գլոբալ նշանակություն ունի: Այսօրվա աշխարհում կան ընդամենը 5 խաղացողներ, որ լոգիստիկ-կոմունիկացիոն մեգա-նախագծերի մեջ շահագրգիռ են, ունեն քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ: Հերթով դիտարկենք:

Չինաստան- Ճանապարհ և գոտի նախագիծ: Նիկոլի ԽԽ-ն ոչ միայն չկա այդ փաթեթում, այլև չի կարող լինել, քանզի ներկայիս Հայաստանի գեոպոլիտիկ դիրքավորումը չի համապատասխանում Չինաստանի շահերին:
Ռուսաստան- Հյուսիս-Հարավ նախագիծ: ՌԴ-ն ոչ միայն ունի ռեգիոնում իր սեփական ծրագրերը, այլև նիկոլական Հայաստանի հետ գտնվում է խորացող ճգնաժամի մեջ:
 Հնդկաստան- Այս երկիրն ունի լոգիստիկ դիվերսիֆիկացիայի խնդիր, որը հատկապես սրվում է իսրայելա-պաղեստինյան բախումների ֆոնին: Սակայն միանձնյա չի մտնի նոր նախագծերի մեջ, հատկապես, երբ արդեն երևում է Հյուսիս-Հարավի ռեալ հեռանկարը:
G7 և Եվրոպական միությունն ունեն իրենց գլոբալ նախագծերը, համապատասխանաբար՝ PGI (Partnership for Global Infrastructure) և Global Geateway: Սակայն երկուսն էլ լինելով հավաքական Արևմուտքի նախագծեր, չեն ներառի այնպիսի շահառու երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը:
Շարադրվածից պարզ է դառնում, որ տակը մնալու է միայն Թուրքիան, այն էլ՝ խիստ հատվածական և սեփական գերակայություններով:

Ուստի ակնհայտ է, որ նիկոլական ԽԽ-ն ոչ թե Հայաստանին խաղաղություն բերելու գաղափար է, այլ մեզանից վերջնականորեն ռեգիոնալ պոլի շոր սարքելու առաջարկ:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

27.10.2023թ.

Ստեղծված իրավիճակում «Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան հանդիսանալ. Սեյրան Օհանյան

Ստեղծված իրավիճակում «Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան հանդիսանալ:

Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Խոսելով խաղաղության մասին, խոսելով «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին,  ես իմ եզրակացություններն ունեմ և նաև հանրությունը իր եզրակացություններն ունի:

Այս իշխանությունները եկել են  հայ ժողովրդին  ու արցախահայությանը խաղաղություն բերելուն, բայց իրանք բերել են  պատերազմ: Այս պատերազմը  շարունակական է դարձել, օղակը Հայաստանի Հանրապետության շուրջ սեղմվել է այնպես, որ  Արցախը ամբողջությամբ  հայաթափվել է, և այսօր էլ Ադրբեջանը տարբեր հարթակներում, տարբեր  գործողություններ իրականացնելով  ինչ ուզում ստանում է,- ասել է Սեյրան Օհանյանը:

«Արցախում ցեղասպանություն իրականացնելուց հետո Ադրբեջանի հաջորդ նպատակը Մեծ Թուրանն է, և թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է  այն իրականացնել Հայաստանի վրայով:

Երբ հակառակորդը քեզ ճնշում է, քո համերկրացիներին, քո հայրենիքի մի մասը բռնագաղթեցրել է, ցեղասպանություն է իրականացրել, ծեր, մանուկ, զինվորական ոչնչացրել է, ապօրինի հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել… Այս պարագայում խոսել «Խաղաղության խաչմերուկի» մասին տեղին չէ, այն կարող է Հայաստանի վախճանը հանդիսանալ»,– հավելեց նա։

Ինչպես է Ռաֆիկ Սարգսյանը Արցախից ձիով եկել Հայաստան և Կոռնիձորում պապիկ դարձել

60-ամյա Ռաֆիկ Սարգսյանը Արցախից Հայաստան է եկել իր ձիով՝ Բույանով։ Նա Ստեփանակերտից Կոռնիձոր է հասել երեք օրում:

Ճանապարհն այնքան բարդ էր, որ հասնելուց հետո Սարգսյանը չէր կարողանում իջնել ձիուց։ Նրան օգնել, հետո էլ իր տուն է տարել Կոռնիձորի բնակիչ Գրիգոր Ղահրամանյանը: Այդ օրվանից տղամարդը բնակություն է հաստատել նրանց ընտանիքում և դարձել ընտանիքի լիակատար անդամ։

«Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում էի ապրում, զբաղվում էի անասնապահությամբ, ունեի տուն և անհրաժեշտ ամեն ինչ, բայց միայն Բույանին վերցրի հետս։ Ես եմ նրան մեծացրել ու չկարողացա թողնել»,– «Սպուտնիկ Արմենիա»-ին պատմել է Ռաֆիկ Սարգսյանը։

Նրա կինը հուղարկավորված է Քարվաճառում (մահացել է 2014թ.), իսկ 22 և 28 տարեկան որդիները՝ Ստեփանակերտ քաղաքի եղբայրական գերեզմանում․ զոհվել են 44-օրյա պատերազմում։ Արցախցի տղամարդն ամենաթանկը նրանց գերեզմաններն է համարում։

Հիմա իր ձին՝ Բույանն է Ռաֆիկ Սարգսյանի մարտական ընկերը։ Տղամարդը մտադիր չէ բաժանվել ձիուց և հոգ կտանի նրա մասին մինչև կյանքի վերջը` իր կամ նրա: Ղահրամանյաններն էլ մտադիր չեն թողնել Ռաֆիկին, որ գնա։ Նրանց որդին՝ Օլեգը, այնպես է կապվել տղամարդու հետ, որ նրան պապ է անվանում։ Օլեգն այնքան է ասել, որ 60-ամյա տղամարդուն բոլորն արդեն պապիկ են կոչում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

ԵՄ շարունակելու է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի համար․ Միշել

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարել է՝ ԵՄ մտադիր է շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Քննարկեցինք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Հաստատակամ ենք՝ շարունակելու միջնորդական ջանքեր ներդնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձաբար ճանաչման սկզբունքի հիման վրա»

Փաշինյանը պետք է որ լավ հիշի, թե զրպարտություններ հրապարակելու համար ի՛նչ որակումների է արժանացել Վազգեն Սարգսյանից․ Հայկ Մամիջանյան

Հոկտեմբերի 27-ի գործով առանձնացված մասի վերաբացումն ի՞նչ նպատակ ունի իշխանությունների համար՝ հանրության ուշադրությունը շեղելու նպատակո՞վ է, թե՞ կարող է ինչ-որ իրադաձությունների վրա լույս սփռել, հետաքրքրվեցի լրագրողները ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից, ով ՀՀԿ խատվիրակության հետ Եռաբլուրում էր՝ հարգելու Վազգեն Սարգսյանի հիշատակը։

Հայկ Մամիջանյանը պատասխանեց՝ որքան էլ ցավալի է, սակայն այս ողբերգական իրադարձությունից էլ է փորձ արվում քաղաքական դիվիդենտներ շահել։

«Այս իշխանություններն ունակ են ցանկացած ոճրագործություն, արհավիրք, ցանկացած ծանր, դառը, ցավոտ իրադարձություն փորձել օգտագործել իրենց կեղտոտ խաղերի համար։ Իրենք երբեք ոչ մի դեպքում հետաքրքրված չեն արդարադատության, իրականության, որևէ ճշմարտ բան բացահայտելու մեջ։ Դա իրենց չի հետաքրքրում, իրենց հետաքրքրում է իշխանությունը, աթոռը պահելը, երկու լայք փախցնելը, մի քանի հայի ավելի շատ խաբելը, որպես արդյունք՝ մեր երկրի համար ավելի մեծ վտանգ ստեղծելը։ Ես այս հարցում իրենցից որևէ ակնկալիք չունեմ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Նա ընդգծեց նաև՝ երբ Փաշինյանն ու իր քարոզչամեքենան փորձում են իրենց «գաղափարների» և Սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարների միջև զուգահեռներ տանել, կամ ասենք՝ փորձում են ներկայանալ իբրև Սպարապետի հիշատակի պաշտպան, դա սրբապղծությունից էլ անդին է։

«Շատերը գիտեն, թե ով էր Փաշինյանը, թե ինչպես էր Սպարապետը վերաբերվում Փաշինյանին։ Փաշինյանը պետք է լավ հիշի, թե հայոց փառապանծ բանակի հասցեին 90-ականներին զրպարտություններ հրապարակելու համար ի՛նչ որակումների էր արժանացել Վազգեն Սարգսյանից: Պիտի լավ հիշի, թե իր տարբեր թերթոններում ի՛նչ կեղտ էր թափում հերոսների, մասնավորապես՝ Սպարապետի վրա: Ամեն անգամ զարմանում եմ, թե ինչքան կարելի է քաղաքականության խաթր՝ զզվելի արշավներ անել»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, հոկտեմբերի 27-ին, 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։