նիկոլը ՛՛The Wall Street Journal՛՛-ին տված հարցազրույցում մեղադրանքներ է հնչեցրել բոլորի հասցեին. Հենրիխ Դանիելյան
նիկոլը ՛՛The Wall Street Journal՛՛-ին տված հարցազրույցում մեղադրանքներ է հնչեցրել բոլորի հասցեին, խոսել է ռուսական խաղաղապահների՝ իրենց գործառույթների ոչ պատշաճ կատարման մասին և ոչ մի բառ չի խոսվել այս ամենի գլխավոր մեղավորի մասին։
նիկոլին պետք է հիշեցնել, որ Արցախը վերացնելու ծրագիր և նպատակ ունեցել է միայն ինքը, Հայաստանն էլ այդ ամենից հետո դարձրելով
միջազգային խաղացողների համար թատերաբեմ։
Տապալված արտաքին քաղաքականությամբ, ոչ վստահելի գործընկերային հարաբերություններով կարողացավ իրագործել թշնամու վաղեմի երազանքը ու դեռ այսքանից հետո մեղավորների է ներկայացնում, հերթական անգամ փորձելով մեղքը բարդել ուրիշների վրա։ Սակայն պատմական փաստերը վկայում են այն մասին, որ մեղավոր է հենց նիկոլը։
❗️նիկոլն է Պրահայում Արցախը Ադրբեջանի մաս համարելով՝ լեգիտիմացրեց Ադրբեջանի հետագա գործողությունները Բերձորի միջանցքի հետ կապված
❗️նիկոլի մեղավորությամբ ունեցանք 5000 -ից ավել զոհեր
❗️նիկոլի մեղավորությամբ այսօր ունենք 15000-ից ավել հաշմանդամ
❗️նիկոլի մեղավորությամբ է 120 000 արցախցի բռնի տեղահանվել
❗️նիկոլի մեղավորությամբ է Հայաստանի տարածքը օր-օրի փոքրանում
❗️նիկոլի մեղավորությամբ է միայն, որ այսօր ունենք 1000-ից ավել անհետ կորածներ
❗️նիկոլի մեղավորությամբ է , որ ունենք հարյուրավոր գերիներ Բաքվի բանտերում
Իսկ այսքան հանձնումներից հետո, չկարևորելով նիկոլին, ալիևը Թբիլիսի է ուղարկում վարչապետ Ալի Ասադովին և շարունակում իր դավադիր ծրագրերը՝ հենց նիկոլի ձեռքով։ նիկոլի ձեռքով կազմված խաղաղության խաչմերուկ քարտեզում, որտեղ Արցախն այլևս չկա, Հայաստանի Հանրապետության մյուս հատվածների համար էլ երաշխիքներ չկան և ոչ մի անգամ չեն ներկայացվում։
«Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական պարապմունքներ Սիսիանում
ՆԳՆ ՓԾ տեղեկացնում է․
«Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ»:
Իրանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի
Իրանը մոտ օրերս լայնածավալ զորավարժություններ կանցկացնի՝ ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ, հայտնել է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ «Իքտիդար-1402» զորավարժությունները կանցկացվեն Սպահանի նահանգում, կմասնակցեն Իրանի ԶՈՒ հրետանային, զրահատանկային և օդադեսանտային ստորաբաժանումները։
Քրեակատարողական հիմնարկների թաքստոցներից հայտնաբերվել են արգելված իրեր
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնից ստացված օպերատիվ տեղեկությունները, իրականացրել են խուզարկություն հիմնարկի զբոսահրապարակին կից պատի մոտ։
Արդյունքում՝ սալիկի տակ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որում առկա են եղել 52 հատ գործարանային արտադրության խաղաթուղթ, 2 բջջային հեռախոս և 1 լիցքավորիչ։
Նախատեսված և չնախատեսված խուզարկություններ են իրականացվել նաև ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից հոկտեմբերի 25-ին և 26-ին՝ օրվա տարբեր ժամերին։ Խուզարկությունների արդյունքում միջին անվտանգային գոտու բնակելի մասի միջանցքում տեղադրված պահարանի միջից հայտնաբերվել է մեկ բջջային հեռախոս, ևս մեկ բջջային հեռախոս էլ հայտնաբերվել է կալանավորված անձանց պահելու վայրի խցերից մեկի սառնարանի տակից։
Արցախից բռնի տեղահանված անձանց վարչական տուգանքները կբեկանվեն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ վարչական տուգանքները կբեկանվեն, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նախարարի տեղակալը հայտնել է, որ կբեկանվեն բոլոր տուգանքները, որոնք առաջացել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ մուտք գործելու պահից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում։
«Հաշվի առնելով տեղահանման փաստը և մեր հայրենակիցների հուզական վիճակը, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով տարբեր դրսևորումները և երթևեկության կանոններին ոչ այնքան լավ տիրապետելը՝ որոշում է կայացվել, որ Հայաստան մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած վարչական պատասխանատվության բոլոր որոշումները՝ բոլոր տուգանքները օրենքի շրջանակներում կբեկանվեն ոստիկանության պետի համապատասխան հրամանի շրջանակներում։
Հետևապես, մեր հայրենակիցները որևէ խնդրի առջև չեն կանգնի մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ կայացված վարչական պատասխանատվության միջոցների մասով», — ընդգծեց ՆԳ նախարարի տեղակալը։
Կանադան շատ կարճ ժամանակում երկու դիտորդ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան ԵՄ դիտորդական առաքելությանը
Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդներ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Ջերմուկում է նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
«Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, երկու դիտորդ կարճ ժամանակահատվածում ժամանելու են Հայաստան։ Կարծում ենք, որ Կանադան հետագայում նաև կընդլայնի իր այս ներդրումը»,- ասաց Հովհաննիսյանը։
Փոխնախարարն ասաց, թե Ջոլին շեշտել է՝ Կանադայի համար կարևոր է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Պետք է հստակ հասկանանք, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում. Կրեմլն ակնկալում է Երևանից ստանալ ամբողջական տեղեկատվություն. Պեսկով
Կրեմլն ակնկալում է Երևանից ստանալ ամբողջական տեղեկատվություն՝ կապված «The Wall Street Journal»-ում հրապարակված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ։
«Մենք հակված չենք «The Wall Street Journal»-ին որպես առաջնային աղբյուր ընկալելուն, ուստի դեռ պետք է հստակ հասկանանք, թե ինչի մասին էր խոսում պարոն Փաշինյանը, և, իհարկե, մեր հայ ընկերների հետ զրույցում մենք ակնկալում ենք ստանալ ամբողջ տեղեկատվությունը այս հարցի շուրջ», — ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի ղեկավարի` անվտանգության հարցերում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դեմ ուղղված պնդումները:
Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Դե, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի, հատկապես, «The Wall Street Journal»-ի միջոցով»։
«Ուստի՝ մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ ընկերների հետ և կշարունակենք դա անել, մենք ունենք շատ ընդարձակ օրակարգ», — հավելել է Պեսկովը։
«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները պարգևավճարն ուղղելու են բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը. Մամիջանյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ստացած պարգևավճարն ամբողջ ծավալով ուղղելու են բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման համար»
Արցախով մղձավանջը չի ավարտվում, այլ միայն սկսում է երկրորդ` ավելի դաժան արարը
The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Նիկոլը երեկ պատմեց, թե ինչպիսի «ուկրաինական բորշչ» է եփում հայ ժողովրդի համար: Ապագայում բոլորն անխտիր համտեսելու են այդ դառը, անհամ և արյունոտ ապուրը` իր բոլոր տխուր հետևանքներով:
Արցախով մղձավանջը չի ավարտվում, այլ միայն սկսում է երկրորդ` ավելի դաժան արարը:
Արևմուտքին մնում է հակառուսական կրակի վրա հեռվից տաքացնել իր փափուկ ձեռքերը և մեզ ասել «բարի ախորժակ» միամի´տ ժողովուրդ: Վայելե´ք թուրքականը: Իսկ ովքեր չեն հավատում` գնացե´ք Աջարիա, կամ վատագույն դեպքում` Դոնբաս:
Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Արարատի և Երևանի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ամոջ, Հագվի գյուղերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային, Ա.Այվազյան, Գ.Էմինի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Աչաջուր, Գետահովիտ գյուղերի մի հատվածի, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը:
Հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան, Խանջյան, Թումանյան, Գրիբոյեդովի, Գետափնյա, Պուշկինի փողոցների, Միխայելովկա գյուղի գազասպառողների գազամատակարարումը: