Վագիֆ Խաչատրյանը դատավարությունից մեկ օր առաջ զանգել է հարազատներին

Շուրջ երեք ամիս Բաքվի բանտում պահվող արցախցի Վագիֆ Խաչատրյանը իր դատավարությունից մեկ օր առաջ զանգել է հարազատներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է նրա դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը։

«Դատավարությունից հետո ոչ մի նորություն չունենք հայրիկից։ Դատավարությունից մեկ օր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով հեռախոսազրույց ենք ունեցել իր հետ։ Նա անհանգիստ էր, մեզանից էր հարցնում, թե հիմա որտեղ ենք, ասաց, որ դատավարություն պետք է լինի, այդքանը»,- ասել է Ծովինար Խաչատրյանը։

Նա ասել է, որ իրենք շարունակում են տարբեր կառույցների դիմել․ «Առայժմ որեւէ մարմնից զանգ կամ լուր չենք ստացել։ Մենք շարունակում ենք դիմել տարբեր կառույցների։ Բոլոր մարմիններն էլ զբաղվում են իր հարցով, բայց դեռ ոչ մի արդյունք չկա»։

Հոկտեմբերի 13-ին Բաքվում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ֆարսը։ Շինծու գործով «տուժող» է ճանաչվել 59 անձ։ Խաչատրյանը եղել է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ինչի պատճառով էլ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։

Խաչատրյանին առեւանգել էին հուլիսի 29-ին ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։

Հայաստանին սպասվում է նույնը, ինչ տեղի ունեցավ Արցախում․ Ամբողջ հայությունն իր բոլոր կարողությունները պետք է գումարի, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ․ Վազգեն Մանուկյան

Ստորև ներկայացնում ենք Վազգեն Մանուկյանի ելույթը ս.թ. հոկտեմբերի 12-ին Ազգային կոմիտեի նախաձեռնած քննարկմանը․

«Մեր առջև դրված 4 խնդիրները

Ողջ աշխարհի աչքի առաջ՝ ռուս խաղաղապահ զորքերի ներկայությամբ (որոնց Արցախում գտնվելու միակ նպատակը տեղի բնակչության պաշտանությունն էր), Ադրբեջանի կողմից տեղի ունեցան հարձակումներ բնակչության վրա, ունեցանք բազմաթիվ զոհեր, տեղի ունեցավ ցեղասպանություն, և Արցախի ողջ բնակչությունը բռնագաղթեց Հայաստան։

Բայց եթե որևէ մեկը մտածում է, որ դրանով Արցախի հարցը լուծվեց, չարաչար սխալվում է։ Այս հարցը մնում է որպես չլուծված կոնֆլիկտ միջազգային քաղաքականության հարթակում:

Մեր նպատակն է.

Խնդիր 1-ին՝ վերադարձնել արցախահայությանը Արցախ, որտեղ բնակչությունը պետք է գտնվի ՄԱԿ-ի մանդատով միջազգային ուժի պաշտպանության տակ: Վերականգնել Մինսկի խմբի աշխատանքները՝ որոշելու Արցախի կարգավիճակը: Մինչ այդ Արցախը չի ենթարկվելու Ադրբեջանի օրենքներին, այլ ապրելու է ինքնուրույն կյանքով: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան։ Նաև գիտենք, որ ներկա իշխանությունը ոչ միայն չի զբաղվի դրանով, այլև կլինի մեծ խոչընդոտ այդ ծրագիրն իրագործելու ճանապարհին, հետևաբար պետք է ազատվել այդ իշխանությունից։

Ոմանց թվում է, թե Արցախի հարցը այս կամ այն ձևով լուծվեց, և Հայաստանը կարող է հանգիստ ապրել։ Նորից ասեմ, որ չարաչար սխալվում են։ Հայաստանին սպասվում է նույնը, ինչ տեղի ունեցավ Արցախում։

Այն չարաբաստիկ փաստաթուղթը, որն անվանում են խաղաղության պայմանագիր, և Ռուսաստանն ու Արևմուտքն անընդհատ մեր դիմաց են դնում, թե կնքեք այդ պայմանագիրը, և խաղաղություն կլինի, այդ պայմանագիրը, ընդհակառակը, նոր պատերազմի սկիզբ է նշանակում։ Այդ պայմանագրի մեջ կա անկլավների հարցը։ Աշխարհի բոլոր քաղաքական գործիչները հասկանում են, որ անկլավ՝ նշանակում է պատերազմ՝ լինի դա Պաղեստինում, Կոսովոյում, թե մեկ այլ տեղ։

Բացի դրանից, Ադրբեջանը Հայաստանի ներսում և Հայաստանի սահմանների վրա վերցրել է ամենաստրատեգիական նշանակություն ունեցող բարձունքները։ Այսինքն մենք ամբողջությամբ գտնվելու ենք Ադրբեջանի վերահսկողության տակ՝ և՛ անկլավներով, և՛ այդ գրավյալ բարձունքներով։ Դրանցից յուրաքանչյուրը բավարար է սպառնալիքի տակ պահելու Հայաստանը և սպասելու հարմար պահի:

Կարող է հարց հնչել՝ բայց ինչո՞ւ Ադրբեջանը պետք է պատերազմ անի։ Անելու է։ Իրենց նպատակները շատ հեռուն գնացող են։ Ե՛վ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում ստեղծում են Հայաստանի տեղանքների անուններով հայրենակցական միություններ։ Նրանք ուզում են ապացուցել, որ հայերը եկվոր են և այստեղ պետություն ունենալ չեն կարող։

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ջնջեց 1988 թվից եկած հաղթանակները, այլև մեզ հետ է մղում 150 տարի։ Ինչպես 150 տարի առաջ, Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն է ստեղծել մի իրավիճակ, որտեղ կլինեն հայկական համայնքներ, բնակավայրեր, որտեղ հայերն ապրում են, բայց չի լինի հայկական պետություն, և հայությունը հետզհետե կվերանա ոչ միայն ֆիզիկապես, այլև որպես պատմական, մշակութային քաղաքակրթություն:

Այս խնդիրն արդեն որևէ քաղաքական կուսակցության խնդիր չէ։ Սա ամբողջ հայության գոյության հարցն է։ Հետևաբար ամբողջ հայությունն իր բոլոր կարողություններն աշխարհով մեկ պետք է գումարի, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գալ։

Խնդիր 2-րդ՝ պետք է ստեղծել համահայկական ճակատ, որտեղ կներգրավվի ոչ միայն Հայաստանի բնակչությունը, այլև Սփյուռքը, ազգային կառույցները, և տեղի կունենա համահայկական կարողությունների գումարում: Դրանով պետք է զբաղվել անհապաղ։

Եթե պատերազմ սկսվի, մենք ունե՞նք դաշնակիցներ։ Ոչ, մենք չունենք դաշնակիցներ, մենք ունենք պոտենցիալ դաշնակիցներ։ Սյունիքի, Սյունիքի միջանցքի համար Իրանը բնական դաշնակից է, բայց ո՛չ մնացած արհավիրքի համար, որը մեզ սպասվում է։

Ճակատ ստեղծելու հետ մեկտել հայ ժողովուրդը պետք է հայտարարի, որ պատրաստ է մինչև վերջ պայքարել իր հայրենիքի համար։ Պատերազմել, պայքարել մինչև վերջ, ոչ թե անընդհատ խուսափել պատերազմի մասին խոսելուց։ Եթե մենք չկարողանանք մեր հայրենիքը պաշտպանել, ոչ մի դաշնակից էլ չենք ունենա։ Հենց որ մենք ցույց տանք մեր կամքը, մեր վճռականությունը, մենք կունենանք բազմաթիվ դաշնակիցներ։

Պոտենցիալ դաշնակիցներ շատ ունենք, որոնք իրական դաշնակից կդառնան միայն այդ դեպքում։

Խնդիր 3-րդ՝ Հայաստանում և Սփյուռքում պետք է լինի ազգային, ռազմահայրենասիրական հոսանք։ Մենք ունենք բանակ, բայց ժողովուրդն էլ պիտի պատրաստ լինի պայքարել իր հողի, իր պետականության, իր անվտանգության, իր ապագայի ու բարեկեցության համար։

Այս բոլոր հարցերի լուծման համար պետք է փոխել իշխանությունը։ Ընդհանրապես աշխարհի համար այնքան անբնական է այն, ինչ կատարում է Հայաստանի իշխանությունը։ Ես կարծում եմ, որ աշխարհի բոլոր ղեկավարներն արհամարհանքով են վերաբերվում անձամբ Նիկոլ Փաշինյանին և մասամբ նաև մեզ, որ ունենք այդպիսի ղեկավար։

Փորձեր կատարվեցին իշխանությունը փոխելու, ոչ մեկը հաջողության չբերեց։ Վերջին փորձն այս պոռթկումն էր, որ տեղի ունեցավ Արցախում վերջին իրադարձությունների ֆոնին։

Ոտքի վրա կազմավորվեց մի կոմիտե, փորձ արվեց մի քանի օրում իշխանություն փոխել՝ ժողովրդին ոտքի հանելով, չհաջողվեց։ Ինչքանով էր մեղավոր կոմիտեն, ինչն էր իրականությունը, դեռ մի կողմ դնենք։ Առջևում մեզ սպասում են այնպիսի իրադարձություններ, որ մենք իրավունք չունենք սպասելու, մենք պետք է աշխատանքներ տանենք և ամեն պահի պատրաստ լինենք փոխել իշխանությունը, ոչ թե սպասենք պոռթկումների:

Այս պահից Հայաստանի բոլոր բնակավայրերում, բուհերում, բոլոր պետական և ոչ պետական կառույցներում, ամեն տեղ պետք է ստեղծվեն մարմիններ, որոնք համագործակցում են իրար հետ՝ պատրաստ լինելով միաժամանակ ոտքի կանգնել և փոխել իշխանությունը:

Մինչև մենք մեծ աշխատանք չկատարենք այդ ուղղությամբ, հնարավոր չէ իշխանությունը փոխել։ Եթե ողջ ժողովուրդը ոտքի կանգնի, իշխանության փոփոխությունը իրավաբանորեն կձևակերպվի իմպիչմենթով, Նիկոլն ինքնակամ հրաժարական կտա-կգնա, թե ժողովուրդը նրան կվռնդի այլ եղանակով, դա արդեն ժամանակը ցույց կտա:

Խնդիր 4-րդ՝ հիմա հարցը ոչ թե խոսելն է, թե ինչպես է վերջում իշխանափոխությունը լինելու, այլ թե ոնց ենք կազմակերպելու, որ X օրը ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի և 1-2 օրում հարցը լուծի։ Կկարողանա՞նք այդ խնդիրը լուծել, Հայաստանը կփրկվի, չկարողանանք, ուրեմն իզուր տեղը ժամանակ ենք կորցնում։

Թվարկված խնդիրների լուծումն այժմ գուցե թվում է անիրատեսական, բայց նախ կարևոր է այդ խնդիրների ձևակերպումը, և երբ մեզ հաջողվի ձևավորել աշխարհը հասկացող, ժամանակի մարտահրավերները կանխատեսող ազգային իշխանություն, որն ապահովի նաև ժողովրդի միասնությունը և ստեղծի արդար պետություն, այդ խնդիրների լուծումը կդառնա ընդամենը ժամանակի հարց:

Երբ այս կոմիտեն ստեղծվեց, հավակնություն չուներ ներկայացնելու ողջ ժողովրդի պահանջներն ու կարծիքները։ Մենք ինքներս այժմ քննարկում ենք կա՛մ ձևափոխել կոմիտեն, կա՛մ լուծարել, ստեղծել նորը՝ ներգրավելով նոր ուժերի։

Հիմա Հայաստանում մի նոր պրոցես է գնում՝ Հայաստանի ապագայով մտահոգ և ուղիներ փնտրող երիտասարդական խմբեր կան, ինքս անձամբ և կոմիտեի մյուս անդամները հանդիպել ենք այդ խմբերի հետ: Ապագա ունեցող երիտասարդական հոսանք է գնում, և մենք պետք է ժամանակակից երիտասարդությանը ներգրավենք այդ նոր մարմնի մեջ, որը կղեկավարի շարժումը։

Այսօրվա խորհրդակցության նպատակն այն չէ, որ ընդունենք ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն, նպատակն այն չէ, որ ամփոփենք ինչ-որ արդյունքներ, նպատակն այն է, որ այս քննարկմամբ սկսվի մի նոր էտապ՝ կազմակերպական, քաղաքական, քարոզչական նոր էտապ։ Մենք դրա հիմքը պիտի դնենք»։

ԼՂ-ից բռնի տեղահանված 198 բուժառուից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր. Նազելի Բաղդասարյան

Այսօրվա դրությամբ՝ ՀՀ ԲԿ-ներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 198 բուժառու։ Նրանցից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր. հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասրյանը։

Նա տեղեկացրեց, որ ևս 19 բուժառու իր առողջության վերականգնումը շարունակում է ստանալ արտասահմանյան հիվանդանոցներում։

Խոսնակը նաև նշեց, որ առաջնային առողջության պահպանման կենտրոններում գրանցվել է 28 861 անձ։

Նազելի Բաղդասարյանը նաև նշեց, որ 13 888 երեխա հաճախում է հայաստանյան կրթական հաստատություններ։

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-ի ցերեկը, 18-19-ին շրջանների զգալի մասում, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում` նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 16-19 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-19-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ: Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Բերման են ենթարկվել հայաստանյան հայտնի բուհերից մեկի պրոռեկտորն ու ամբիոնի վարիչի պաշտոնակատարը

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայության ընթացքում հերթական անգամ հայտաբերել են կասկածելի 2 քաղաքացու, ովքեր Մինսկի փողոցում տարօրինակ վարքագիծ են դրսևորել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտեցել են այդ քաղաքացիներին, և նկատել են, որ նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանել ու նետել:

Տեղում պարեկները վնասազերծել են նրանց և պարզվել է, որ նետել է 3 փաթեթ և 2 գլանակ:

Նշված անձինք թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր-Նորքի բաժին:

Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, ովքեր պարզել են, որ դեն նետված գլանակներում և փաթեթներում եղել են թմրանյութի նմանվող զանգվածներ, գլանակներից մեկում էլ եղել են կիսամոխրացած հետքեր:

Դեպքի փաստով Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշված անձինք ոստիկանության Նոր-Նորքի բաժնից ներկայացվել են Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները 38 և 37-ամյա տղամարդիկ են, որոնցից մեկը հայաստանյան հայտնի ու ճանաչված բուհերից մեկի պրոռեկտոր է, մյուսն էլ՝ փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 460 է

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

Հոկտեմբերի 2-ի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 460 է, որից 319-ը երեխաներ են, 141-ը՝ մեծահասակ, 1 քաղաքացի հոսպիտալացված է, 293 քաղաքացի դուրս է գրվել:

Առինջում թալանել են հայտնի դատավորի եղբոր տունը, հափշտակել են 50 հազար դոլար, 150 հազար դոլարի ոսկյա զարդեր, ոսկյա, բրենդային ժամացույցներ․ Shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 1-ին փողոցի տներից մեկից գողություն է կատարվել:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 13:30-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում նշված փողոցի թիվ 2-րդ տան խոհանոցի պատուհանը բացել են, մտել տուն, տակնուվրա արել այն, և հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և դիմել փախուստի:

Տունը պատկանում է հայտնի դատավորներից մեկի եղբորը՝ 42- ամյա Դավիթ Հակոբյանին, ով «Նազարյանշին» ՍՊԸ տնօրենն է և տնից հափշտակել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլար, և մոտ 150 հազար ԱՄՆ դոլարի ոսկյա զարդեր, ինչպես նաև 4 հատ ձեռքի բրենդային, թանկարժեք ժամացույցներ:

Դալարիկ-Քարակերտ երկաթուղային հատվածի երթևեկությունը վերականգնվել է

Հոկտեմբերի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսել է երթևեկությունը Դալարիկ-Քարակերտ հատվածով, որտեղ հոկտեմբերի 12-ին բեռնատար գնացքը դուրս էր եկել ռելսերից։ Արդյունքում վնասվել էր ոչ միայն շարժակազմը, այլև վնաս էր պատճառվել երկաթուղային գծին և կոնտակտային ցանցին։

ՀԿԵ «Մասիս» Ուղևորատար կայան ձեռնարկության վթարավերականգնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 16-ից վերականգնվել են նաև ուղևորափոխադրումները։

Այդ ժամանակահատվածում չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորատար գնացքները, իսկ Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային չվերթն իրականացվել է ժամանակավոր սխեմայով։

ՀԿԵ-ն հերթական անգամ հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Նոյեմբերյան քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Աբովյան, Շահումյան, Երևանյան, Այգեգործների փողոցների, Կողբ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Վրաերթի ենթարկված 61-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 14-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-31029», «Տոյոտա Պրադո» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, ապա «ՎԱԶ-2106»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վրաերթի ենթարկված 61-ամյա Անժելա Սմբատյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: