«Հայաստանի ղեկավար լինելը, Նիկո՛լ Փաշինյան, քո «հագով չի», թող, գնա»․ Օսկանյանը Փաշինյանին կոչ է անում սթափվել
Արցախի նախագահը որոշում է ստորագրել, որով Արցախը՝ որպես հանրապետություն, լուծարվում է։ Վստահ եմ՝ շատերի համար հարցը փակված է համարվում, ինձ համար հարցը փակված չէ, չի էլ կարող փակվել, ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Այն, ինչ կատարվում է ինչ-որ իշխանության ժամանակ, այդ իշխանության պատասխանատվությունն է։ Սա փաստ է։ Դրանից խուսափել չկա։ Այս փաստը ավելի հիմնավորվում է, երբ տեսնում, հիշում ես ակնհայտ սխալներ, որոնք այս իշխանության կողմից արվել են։ Այն, ինչը կատարվեց Արցախում, ունի մեկ պատասխանատու, մեկ մեղավոր՝ Նիկոլ Փաշինյանն է, նրա փոքր խումբը։ Նրանց սխալների արդյունքում, որոշները կասեն՝ միտումների արդյունքում, մեր ժողովրդի գլխին բերվեց այս մեծ ողբերգությունը։
Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ հմուտ ղեկավար, այս վիճակում չէինք լինի», — ասել է նա։
Օսկանյանն ընդգծել է՝ Փաշինյանը դեմ գնաց պատմական օրինաչափություններին․ ԼՂ հարցում պատմական օրինաչափությունները մեր օգտին էին՝ պատերազմից առաջ ու պատերազմից հետո։
«Հայաստանի ղեկավար լինելը, Նիկո՛լ Փաշինյան, քո «հագով չէ», դու չես կարողանում դա անել։ Քո մնալով այս ժողովուրդը խեղդամահ է լինում, թող, գնա՝ շնչի այս ժողովուրդը։ Գիտեմ՝ չես գնա։ Եթե մնում ես, գոնե, այս հարցերին տեր կանգնիր, սթափվի՛ր մի քիչ», — դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասել է ԱԳ նախկին նախարարը։
Օսկանյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Բաբայանի երբակալման խնդրին։
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա. Երևանը հաշվի չի առել ստատուտի վերաբերյալ Մոսկվայի առաջարկները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը։
«Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացվել են Ռուսաստանի դիրքորոշման մասին, որ Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է այն պայմաններում, երբ այդ կառույցը «ձերբակալման օրդեր» է ներկայացրել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը։
«Երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը մեր կողմից դիտարկվել է, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը ձեռնտու կլիներ երկու կողմին էլ։ Ցավոք, դա հաշվի չառնվեց, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում կայացրին՝ հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Սա ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա»,- նշված է հաղորդագրությունում։
ՌԴ ԱԳՆ շեշտել է նաև, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո դժվար է պատկերացնել ՌԴ ղեկավարության այցերը ՀՀ։
ՀՀ իշխանությունները միտումնավոր կերպում գնում են ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունները հարվածի տակ դնելու քայլի, ինչը ճակատագրական հետևանքների կարող է ուենալ. հայտարարություն
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարություն
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին: Ակնհայտ է, որ կառավարող մեծամասնությունը մտադիր է այն շուտափույթ վավերացնել: Նախկինում (ս. թ. մարտի 28-ին) Հանրապետական կուսակցությունը հայտարարությամբ անդրադարձել է Հռոմի կանոնադրության` ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամաքին և այն փաստին, որ Սահմանադրական դատարանն ակնհայտորեն վերազանցել է իր լիազորությունները` այն ճանաչելով սահմանադրական:
Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, հատկապես նկատի ունենալով Միջազգային Քրեական Դատարանի վերջին որոշումը Ռուսաստանի Դաշնության նախագահի ձերբակալման օրդերի վերաբերյալ, հղի է անկախատեսելի հետևանքներով: Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է և բոլորովին էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն չունեն նաև ապագայում:
Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար: Իշխող մեծամասնության այն փաստարկը, որ Հռոմի կանոնադրության վավերացման հարցը օրակարգ բերելով՝ Հայաստանը հիմքեր է ստեղծում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները Հաագայի դատարանում քննության առարկա դարձնելու համար, ամբողջությամբ սին է: Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ ագրեսիա իրականացնելու հարցով Հայաստանի դիմումը Միջազգային Քրեական Դատարանին` ադրբեջանական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցով, գործնականում հնարավոր է միայն այն դեպքում, երբ հանցագործություն կատարած անձանց պետությունը համագործակցի ՄՔԴ հետ: Քանի որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Հռոմի կանոնադրությունը նույնիսկ չեն էլ ստորագրել, առավել քան ակնհայտ է, որ նրանք որևէ համագործակցություն ՄՔԴ հետ չեն իրականացնելու, առավել ևս, եթե խոսքը գնա Ադրբեջանի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաններին պատասխանատվության կանչելու մասին: Ուստի ՄՔԴ-ին միանալը Հայաստանի շահերի պաշտպանության համար գործնականում չի կարող ծառայել Հայաստանի շահերին:
Միաժամանակ Հռոմի կանոնադրության վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին: Կառավարության մանիպուլյատիվ պնդումները, որ Հռոմի կանոնադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասը իբր հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել Ռուսաստանի Դաշնության նախագահի` ՀՀ մուտք գործելու պարագայում նրան չձերբակալելու համար, ամբողջովին զուրկ են իրավական հիմքից, քանի որ այդ հոդվածը ընդհանրապես չի առնչվում ձերբակալման օրդերի հետ հապված հարցերին:
Ձերբակալման հարցի հետ կապված անդամ պետությունն ընդամենը իրավունք ունի դրա կատարման բարդությունների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել Միջազգային Քրեական Դատարանի հետ: Երբ Հարավաֆրիկյան Հանրապետությունը այս տարի դիմեց այդ դատարանին` Ռուսաստանի Դաշնության նախագահին ձերբակալելու բարդությունների հետ կապված, Միջազգային Քրեական Դատարանը որոշեց, որ Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը և ցանկացած այլ պետություն, որը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը, պարտավոր է ձերբակալել Վ. Պուտինին, եթե Վ. Պուտինը գտնվում է իրենց երկրի տարածքում: Ակնհայտ է, որ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, Հայաստանի իշխանությունները միտումնավոր կերպում գնում են ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունները հարվածի տակ դնելու քայլի, ինչը ճակատագրական հետևանքների կարող է ուենալ Հայաստանի համար:
28.09.23թ.
Արցախից դեպի Հայաստան բռնի տեղահանվածների թիվը 70 հազար 500 է
Ժամը 14։00-ի դրությամբ Արցախից դեպի Հայաստան բռնի տեղահանվածների թիվը կազմում է 70 հազար 500 անձ։
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նրանցից արդեն 50 հազար 866-ը հաշվառված է։ Ինտենսիվությունը բնավ չի նվազել, շարունակում ենք 1 ժամում մոտավոր 1000 անձի սպասարկել», — նշեց Բաղդասարյանը։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ տեղահանվածներից 13․922-ը ՀՀ որևէ համայնքում հաշվառվել և տեղակայվել է։
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ մառախուղ։
Քամին՝ արևելյան, 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Եթե անգամ այս օրը` ցեղասպանված Արցախի լուծարման հրամանագրի օրը, Նիկոլը որոշի ազգային տոն հռչակել, լինելու են բազմաթիվ հայեր, որ ողջունելու են այդ միտքը. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.
«Ի՞նչ հոկտեմբերի 5-ի խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, երբ ընթացիկ ռեժիմով տեղի է ունենում ցեղասպանություն, բնակչության զանգվածային տեղահանում, ապօրինի անցակետ` կամայական «ձերբակալություններով», Արցախի քաղաքական ղեկավարությանն ուղղված սպառնալիքներով ու շանտաժով, երբ ցանկացած բանակում ծառայած հայ տղամարդու սպառնում են ինչ-որ ցուցակներով։ Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի հեղինակի հետ խոսել խաղաղության մասին՝ առանց իրավիճակին համարժեք պայմաններ առաջ քաշելու։ Բաքվի բանտերում մինչ այս պահը բազմաթիվ հայ գերիներ կան, որոնց թիվն ամեն օր ավելանում է անցակետի «շնորհիվ»։ Հայաստանը պարտավոր է, նախքան որևէ պայմանագրի ստորագրման մասին խոսելը, նախ խոսել այս բոլոր հարցերի մասին՝ պահանջելով բոլոր գերիների ազատ արձակումը, հայ մարդկանց «առևանգման ցուցակների» վերացում, անցակետային ստուգման վերացում։ Միջազգային հանրությունը, միջնորդ պետությունները պարտավոր են վերջապես իրենց «մեծի պես» պահել. իրենց իներտությամբ, անտարբերությամբ գերտերությունները, միջազգային համայնքը մեծապես նպաստել են այսօր Արցախում և նրա շուրջ տիրող իրավիճակի ձևավորմանը, և Հայաստանը պետք է ձևակերպի նրանց կողմից մեզ ունեցած այդ պարտքը։ Միջազգային հանրությունը, խնդրի կարգավորման մեջ ներքաշված բոլոր խոշոր ուժերը մեզ, այո, պարտք են, քանի որ այդպես էլ չեն արել որևէ իրական քայլ՝ ի հակադրություն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և ցեղասպան վարքի։ Այս ամենն իհարկե Հայաստանը պետք է համակարգի՝ որպես պետություն, և այդ պատճառով է անհրաժեշտ, որ Հայաստանում լինեն ադեկվատ իշխանություններ։
Կա ավելի կարևոր հարց, առանց որը հաշվի առնելու չի կարելի մտածել որևէ միջազգայնորեն հավաստված փաստաթղթի ստորագրման մասին. արցախահայության՝ այսօրվա այս շոկային, տարերային ելքն իր հայրենիքից միմիայն Ադրբեջանի կողմից սարսափելի ծավալների հասնող ռազմական ագրեսիայի արդյունքն է, և այս հսկա գաղթը միայն առաջին շոկային արձագանքն է, ինչն ամենևին չի նշանակում «Արցախի հարցի» փակում։ Վաղը Արցախը շարունակելու է գոյություն ունենալ իր տեղում՝ իր պատմությամբ, իր մշակութային արժեքներով, որպես հայկական հազարամյա հող։ Անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում այս պահին, Արցախում մնում է թե´ մշակութային ու պատմական, և թե´ նաև գույքային ժառանգությունը, որը պատկանում է միայն և միայն Արցախի ժողովրդին, և որի վրա որևէ հավակնություն չի կարող ունենալ ոչ ոք։ Արցախի հարցի շուրջ դիվանագիտությունը հիմա ոչ թե պետք է մարի, այլ հակառակը՝ մտնի նոր փուլ, նոր տրամաբանություն ստանա։ Միայն թշնամուն և գուցե որոշ արտաքին ուժերի է ձեռնտու Արցախի հարցը փակված համարել։ Հայաստանը, եթե ցանկանում է մնալ կենսունակ որպես պետություն, անպայման պետք է ակտիվորեն աշխատի այդ ուղղությամբ։ Չպիտի մոռանալ, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները շարունակում են հանդիսանալ իրենց տների, հողատարածքների, այգիների, մնացյալ գույքի տերերը, և այդ ամենը երաշխավորված է փաստաթղթերով, սեփականության իրավունքով։ Արցախն իր ամեն անկյունով, իր բոլոր մշակութային, պատմական, բնության հուշարձաններով և մյուս արժեքներով շարունակում է պատկանել Արցախի ժողովրդին՝ անկախ այս պահին կատարվողից, և Ադրբեջանն ամենևին չպիտի մարսի իր ձեռքի գործ հանդիսացող այս բռնի զանգվածային գաղթը։ Արցախի էջը ոչ միայն փակված չէ, այլև մտնում է նոր փուլ՝ նոր պայմաններով։
Ռուբեն Վարդանյանը և բորենիների խրախճանքը
Մեր աչքի առաջ` 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ իսկական գաղթ է տեղի ունենում` մի դար առաջվա դաժանությամբ։ Բռնի տեղահանման ճանապարհին՝ Բերձոր-Դեր Զորից ելքի ճանապարհին անցակետ է գործում, որտեղ որոշվում է` ով կանցնի առաջ, ով` ոչ։ Առաջ էլ թշնամին մեկուսացնում ու վնասազերծում էր հայ մտավորականությանը ու «ազգի ջոջերին», հիմա էլ սկսել է նույնն անել, բայց հանկարծ հայ հանրության մի զանգված, ակնհայտ ուղղորդված քարոզչությամբ ոգևորված, հավանություն է տալիս թշնամի պետության քայլերին։
Ո՞րն է հայկական շահը` Ռուբեն Վարդանյանի` Բաքվում հայտնվելու հարցում, ու՞մ է դա ձեռնտու, և ինչպե՞ս կարող են այսքան աղետից հետո Բաքվի և հայաստանյան հանրության որևէ շերտի շահերը համընկնել։ Իշխանությունների շահերի պաշտպան որոշ գործիչների ակնհայտ թշնամական, պրովոկատիվ տեքստերը և դրանցից անմիջապես հետո Ռ. Վարդանյանի ձերբակալությունն ուղիղ կասկած են ստեղծում ՀՀ իշխանությունների և Բաքվի ինչ-ինչ անհայտ շահերի համընկնման շուրջ, ինչով և պայմանավորված է հանրության ներսում ուղղորդված, կազմակերպված քարոզչական արշավը։
Անկախ որևէ մեկի հնարավոր համակրանք-հակակրանքից, Ռ. Վարդանյանը վերջին մեկ տարին անցկացրել է Արցախում` իր անհամեմատ բարեկեցիկ կյանքի փոխարեն նախընտրելով ծանր շրջափակման փուլն անցնել Արցախի ժողովրդի կողքին, թեպետ բազմաթիվ տգեղ քարոզչական արշավներից և պաշտոնազրկումից հետո կարող էր հանգիստ խղճով թողնել և գնալ։ Ինչու՞ են ոմանք, ուրեմն, թույլ տալիս իրենց` ուրախանալ Բաքվի հակաօրինական գործողություններով, ինչո՞ւ է հանրությունը կուլ տալիս ՀՀ իշխանությունների հերթական քարոզչական խայծը։ Իշխանությունների, որոնց քայլերի պատճառով այսօր մեր աչքի առաջ հայկական պատմության մեջ առաջին անգամ հայերը տեղահանվում են ամբողջ Արցախից, որոնց քաղաքականության պատճառով պատմության մեջ առաջին անգամ մենք կանգնած ենք հայկական Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի առաջ։
Եվ վերջում` ինձ չի թողնում միտքը, որ եթե անգամ այս օրը` ցեղասպանված Արցախի լուծարման հրամանագրի օրը, Նիկոլը որոշի ազգային տոն հռչակել, լինելու են բազմաթիվ հայեր, որ ողջունելու են այդ միտքը և տոնելու են նրա հետ։ Այդ մարդկանց ցանկը, ցավոք, շատ բազմազան է` ՔՊ ողջ վերնախավից, տարբեր արվեստագետներից, քաղաքական գործիչներից մինչև բժիշկ և տաքսիստ»։
Հայկական Արցախի էջն ինձ համար երբեք չի փակվելու. Սերժ Սարգսյան
Հայկական Արցախի էջն ինձ համար երբեք չի փակվելու, այս մասին դատարանի բակում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Հուսահատությունը մեղք է, այդ ճշմարտությունը եղել ու այսօր մնում է շատ արդիական»,- նշեց նախագահ Սարգսյանը։ Սարգսյանը հայտարարեց, որ իր համար հայկական Արցախի էջը երբեք փակված չի լինելու։ «Թեև հպարտությունն ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը։ Լավ կլինի, որ մարդկանց բացատրենք այս ճշմարտությունը»,- նշեց Հայաստանի 3-րդ նախագահը։
Ես ազատ եմ ու անվտանգ. Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ անվտանգ տեղում է գտնվում։
«Քանի որ շատերն են հարցնում, թույլ տվեք նշել, որ ես ազատ/անվտանգ եմ:
Թեև ես շարունակում եմ ստանալ բազմաթիվ հրապարակային/մասնավոր ատելության վիրավորանքներ/սպառնալիքներ, այնուամենայնիվ, ինձ երբեք չեն տեղեկացրել ադրբեջանական հետապնդման մասին, որի համար որևէ հիմք չկա:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ես չեմ կարող հայտնել իմ գտնվելու վայրը»,- «X»-ում գրել է Բեգլարյանը։
Ասացի՝ ինչ ասեք, կանեմ, մենակ թողեք երեխես անցնի սահմանը… ինձանից երկու ավտո առաջ մեկին աչքիս դեմը տարան. Մհեր Զարգարյանը մանրամասներ է պատմում
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ արցախցի տղամարդը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ հայ ազգը դավաճան ազգ է, ու պիտի վերանա այս ազգը:
Նույն տղամարդը 44-օրյա պատերազմի ժամանակ տեսանյութերից մեկում ներկայացնում էր, որ ամեն բան լավ է, ու հայերը իրենց «դուխը» չգցեն և վերջում ասում է. «Մեհրիբան, դիմացի` Զարգարյան Մհերը գալիսա»:
Tert.am-ը կապ է հաստատել տեսանյութերում նկարահանված Մհեր Զարգարյանի հետ, ով ներկայացրել է մանրամասները.
«Երկու տարբերակ կար, կամ լրագրողներին կանչում են ու էս վիդեոն նկարում, կամ էլ երեխուս տանում են մատաղ անեն իմ աչքի դեմը»,- ասել է նա:
Մհերը ներկայացրել է, թե ինչ պահանջ է եղել, և կոնկրետ ինչ տեքստ պետք է ասեր.
«Ինձ ասել են՝ ասեմ, որ Ադրբեջանում լավա, որ Արայիկ Հարությունյանին ասեմ դավաճան, գեներալների անունները նշեմ ու ասեմ, որ դավաճաներն իրանք են, բայց դրանք չեմ ասել, խաբել եմ, որ ոչ մեկին անունով չգիտեմ:
Ու ստիպել են, որ 3-4 անգամ կրկնեմ նույն բանը, ու եթե էդքան չասեմ իրար հետևից, երկրորդ անգամ ինձ զգուշացում չի լինելու: Ասեցի՝ ինչ ասեք, ես կանեմ, մենակ թողեք երեխես անցնի սահմանը»,- նշել է նա:
Նա նշել է, որ իրեն և կնոջը առանձին են տարել և ստիպել նույն բանը, նշել է, որ իրենց հետ խոսել են հայերեն:
«Ինձանից լավ էին խոսում հայերեն:
Զենքը դրել էին կողքս, իմ հին վիդեոն միացրել էին ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում, որ 44-օրյա պատերազմի օրը մատաղ պիտի անեն»,- նշել է նա:
Ըստ Մհեր Զարգարյանի, նա տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրայից մեկ այլ տղամարդու առևանգել.
«Ես առաջինը չէի, ինձանից երկու ավտո առաջ մեկին աչքիս դեմը տարան»
Արմինե Ադիբեկյանի դեմ քրեական գործ են հարուցում
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քրեական գործ են կրկին հարուցում ինձ վրա։ Ու, ամենայն հավանականությամբ, կփակեն․․․
Ինչքան կարող եմ՝ կաշխատեմ, բայց երևի ավարտի առանց ինձ գործը հասցնեք»։