Անհապաղ պետք է բացել օդային ճանապարհը Ստեփանակերտի հետ

Անհապաղ պետք է բացել օդային ճանապարհը Ստեփանակերտի հետ:
Այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած ողբերգական պայթունի հետևանքով ունենք տասնյակ ծանր վիրավորներ: Այս պահին գործող Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը գերծանրաբեռնված է, բոլորս տեսել ենք սարսափելի ցավ պատճառող այդ լուսանկարները: Այս իրավիճակում օդային ճանապարհի բացումը կյանքի ու մահվան հարց է մեր հայրենակիցների համար: Ցավոք Արցախի առողջապահական համարգը, որն այս օրերին հնարավորությունների չափով անդադար ռեժիմով է աշխատել, այս պահին խաթարված է: Մեր հայրենակիցները տեղում չեն կարող ստանալ անհրաժեծտ բժշկական օգնություն:
Րոպե առաջ պետք է լուծել օդային ճանապարհի հարցը, դա այս պահին կյանքի և մահվան հարց է:

Ստեփանակերտում պայթունի հետևանքով մի քանի տասնյակ վիրավոր կա, տարբեր աստիճանի այրվածքներ ունեն

Արցախի ԱԻՊԾ հայտարարել է՝  Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքները մեկուսացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

«Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։

Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։

Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ»,- նշված է հաղորդագրությունում։

Արցախի առողջապահության նախարարի մամուլի քարտուղարն էլ հայտնել է, որ Ստեփանակերտում բենզինի ցիստեռնի պայթունից կան մի քանի տասնյակ վիրավորներ՝ տարբեր այրվածքներով։

Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ

Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ, հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց

Լրագրող Դավիթ Սարգսյանը փաստացի ձերբակալվեց, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Օրենքով նախատեսված ժամկետի (6 ժամ) խախտմամբ մեզ հանձնեցին ձերբակալման որոշում»,- գրել է նա:

Փաշինյանը խոստովանել է, որ Հայաստանին միտումնավոր պատրաստել են Ռուսաստանից շրջադարձի, նրա հայտարարությունները մերժելի են. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 24-ի անկախության օրվա առթիվ ուղերձը անընդունելի հարձակումներ է պարունակում Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, քան մերժում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Փաշինյանի վերջին հայտարարությունները հաստատում են մեր նախկին եզրակացությունները, որ Արևմուտքից ոգեշնչված և պաշտոնական Երևանի կողմից հրահրված Հայաստանի և մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային բնույթ են կրում», — հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ Փաշինյանը, փաստորեն, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանին միտումնավոր պատրաստել են Ռուսաստանից շրջվելու գործընթացին։

«Քայլերը, որոնք կոչված են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, ոչ համոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի ենթադրյալ սխալներով։ Միևնույն ժամանակ, մոռացության է մատնվում, որ մեր պետությունները բազմաթիվ նմանատիպ շահեր ունեն անվտանգության և զարգացման հարցերում, և Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի այլ երկրների նպատակն է ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր Եվրասիական տարածությունը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ, թե մեր դեմ։

«Մոսկվան մեծամասշտաբ օգնություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ 2020 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Պուտինի ջանքերով հնարավոր դարձավ կանխել Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայնվեր զինադադարի, ապա կորուստն ավելի քիչ կլիներ։ Վերջապես, ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, երբեմն՝ սեփական կյանքի գնով, ուղղակիորեն հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը՝ կատարելու իր չափազանց դժվար առաքելությունը՝ ի շահ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև խաղաղության հասնելու, ինչի մասին Փաշինյանը նախընտրեց լռել»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Զոհեր շատ ունենք․ մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա․ Ասկերանի քաղաքապետ. news.am

Ասկերանում անհետ կորածները շատ չեն, բայց զինվորականների շրջանում շատ զոհեր ունենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։

«Ողջ Արցախը տեղահանվում է, այդ թվում՝ Ասկերանը։ Ընթացքում տեղահանվում է բնակչությունը։ Անհետ կորածներ Ասկերանում այդքան շատ չեն, զոհեր շատ ունենք, հիմնականում զոհերը զինվորականների շրջանում է։ Թուրքն արդեն 200 մետր է Ասկերանից հեռու։ Երբ Ասկերանի բնակչությունն ամբողջությամբ տարհանվեց, ես էլ վերջում դուրս կգամ, մինչեւ վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա։ Մարդիկ արդեն վերջին աստիճանին են հասել։ Բոլորի նյարդային համակարգը խանգարվել է։ Ոչ մեկ չի կարող պատկերացնել, թե այստեղ ինչ է կատարվում։ Մինչեւ մարդն իր կաշվի վրա չզգա, չի պատկերացնի, թե այստեղ հիմա ինչպես են ապրում»,- պատմեց Հայկ Շամիրյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 106 մարմին

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների գործուն մասնակցությամբ զոհված և անհայտ համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են Արցախի ամբողջ տարածքում։

Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։

Սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից` զոհված 2 զինծառայողի մարմին։

Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը` քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում` 2 երեխա և տարեց ամուսիններ։

Նույն օրը Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից` քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։

Որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը պարբերաբար կհրապարակի տեղեկություններ։

ԿԽՄԿ-ն շարունակում է աշխատանքը մեքենաների նոր խմբաքանակ ընդունելու և վիրավորներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ

Կոռնիձորով ԼՂ մեր հայրենակիցների հոսքն ամբողջ գիշեր չի դադարել, մեքենաները շարասյունով՝ հիմնականում անձնական մեքենաներով, շարունակում են դուրս գալ Լեռնային Ղարաբաղից: Այդ մասին ուղիղ եթերում ասաց Կոռնիձորի քաղաքացիական ընդունելության կենտրոնում աշխատող «Լուրերի» թղթակիցը:

Առաջնայինը Հայաստան են տեղափոխվում այն քաղաքացիները, որոնք տեղահանված են ու անօթևան: Կոռնիձորում ԼՂ մեր հայրենակիցների հաշվառման գործընթաց է տեղի ունենում, որից հետո նրանց շարասյունով տեղափոխում են Գորիսի կենտրոն, ապա՝ տարբեր բնակավայրերում տրամադրված կեցավայրեր: Այդ կեցավայրերը ոչ միայն Սյունիքի մարզում են, այլև ՀՀ ամբողջ տարածքում:

Ըստ «Լուրերի» թղթակցի՝ քիչ առաջ ավտոբուսների շարասյուն է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ: Ենթադրաբար՝ դրանք Գորիս կտեղափոխեն մարդկանց, որոնք անօթևան են, և չունեն սեփական մեքենա տեղաշարժվելու համար:

Կոռնիձորում աշխատում են Սյունիքի մարզպետարանի, ՆԳՆ-ի, միգրացիայի և քաղաքացիական ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, շտապօգնության աշխատակիցներ, ինչպես նաև Կարմիր խաչի ներկայացուցիչներ: Տեղում տրամադրվում է նաև հոգեբանական ծառայություն:

ԿԽՄԿ-ն շարունակում է աշխատանքը մեքենաների նոր խմբաքանակ ընդունելու և վիրավորներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ:

Երևան է ժամանել ՌԴ Ներքին գործերի նախարարը

Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի ներքին գործերի նախարարության հետ համատեղ կոլեգիայի նիստին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«Այսօր Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստին», — ասել է նա։

Սյունիքի հյուրանոցներում փորձում են որքան հնարավոր է շատ արցախցիների տեղավորել. Hetq

Սյունիքի մարզի հյուրանոցների մի մասում տեղերն ամբողջությամբ սպառված են։ Այս պահին փորձում են տեղավորել բռնի տեղահանված արցախցիներին։ Թե որքա՞ն կմնան արցախցիները, կմնա՞ն հյուրանոցներում, և ի՞նչ ճանապարհային քարտեզ է պետությունը մշակել, հյուրանոցներում տեղյակ չեն։

«Գորիս» հյուրանոցն այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, 125 արցախցու արդեն տեղավորել է։ Հյուրանոցը մոտ 200 հոգի կարողանում է տեղավորել, սակայն արդեն մասամբ զբաղված է եղել, երբ արցախցիները Գորիս են հասել։

«Մշտական ապրող հյուրեր ունենք այստեղ։ Բայց փորձում ենք 125 հոգուց բացի ևս 30-40 հոգու տեղավորել»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց հյուրանոցի ներկայացուցիչ Հարություն Հայրապետյանը։

«Կիրճ» հյուրանոցից հայտնեցին, որ իրենց հյուրանոցում հանգրվանած արցախցիների մի մասը պատրաստվում է Երևան գալ։

Այս պահին հյուրանոցում գրեթե բոլոր հանգրավանածներն արցախցիներ են։ Հյուրանոցում ընդհանուր ութ սենյակ կա, որից մեկը, ժամը 11:30-ից դրությամբ, ազատվում էր: 25-30 արցախցիներից 10 հոգին դուրս են գալու շուտով, տեղափոխվում են Երևան։ «Սպասում ենք նոր խմբի։ Այս պահին ազատ տեղ չկա։ Նաև բացվող մահճակալներ ենք օգտագործում, որ կարողանանք բոլորին տեղավորել»,- նշեցին հյուրանոցից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։