Եղցահողը հայտնվել է ադրբեջանական կողմից ուղիղ կրակի տակ. բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա. ՄԻՊ

Շուշիի շրջանի 150 բնակիչ ունեցող Եղցահող համայնքը հայտնվել է ադրբեջանական կողմից ուղիղ կրակի տակ, այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ադրբեջանի զինված ուժերը ավերել են համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջափակված են ադրբեջանական զորքերի կողմից»,- նշել է ՄԻՊ-ը։

Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա

Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։

«Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։

Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

Այս պահին Արցախում դիրքային լուրջ խնդիրներ կան. Պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական գործողությունների հետևանքով այս պահին Արցախում դիրքային լուրջ խնդիրներ կան: Ադրբեջանը փորձում է տարբեր կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողության հասնել, ինչը, ըստ առկա տեղեկությունների, որոշ հատվածներում հաջողվել է:

Չնայած ՊԲ հաղորդմամբ կրակի ինտենսիվությունը նվազել է, սակայն իրադրությունը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով, ձեռնարկում են դիրքային առաջխաղացման փորձեր. ՊԲ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

«Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, չճշտված տեղեկություններ չհրապարակել և  հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։

Կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի հարձակումների հետևանքով Արցախում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ, այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա»,- նշել է նա։

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Արցախ կամ Հայաստանի սահմանագիծ՝ պաշտպանելու Արցախը, Հայաստանը, Հայ ազգն ու Հայոց Սուրբ Հողը

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Արցախ կամ Հայաստանի սահմանագիծ՝ պաշտպանելու Արցախը, Հայաստանը, Հայ ազգն ու Հայոց Սուրբ Հողը
Այսօր, Արցախը հերթական անգամ ենթարկվել է խառնածին Ադրբեջանի զինված ուժերի հարձակմանը:
Հայոց Հայրենիքի համար վճռորոշ այս պահին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանությանն ու Հայաստանում գործող կուսակցություններին մի կողմ դնել բոլոր տեսակի քաղաքական ու կուսակցական տարաձայնությունները և միասնաբար կանգնել Հայոց Ազգային Բանակի ու Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայության (Սահմանապահ Զորքերի) կողքին՝ հանուն Հայոց Սուրբ Հողի, հանուն մեր նախնյաց հիշատակի և գալիք սերունդների՝ իրենց հայրենի հողում ապրելու իրավունքի պաշտպանության:
2020 թվականի 44-օրյա պատերազմին մասնակցած և Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը պաշտպանած և անառիկ պահած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է Հայաստանի Գերագույն հրամանատարի, Պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով մեկնել Արցախ կամ Հայաստանի սահմանագիծ և պաշտպանել Արցախը, Հայաստանը, Հայ ազգն ու Հայոց Սուրբ Հողը։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն՝ փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը։

Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։

ԱՀ ՊՆ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

Ադրբեջանը ռմբակոծում է Արցախն,իսկ Զախարովան անհասկանալի կոչեր է անում կողմերին

Անհասկանալի են անկապ կոչերն ուղղված Հայաստանին եւ Ադրբեջանին։
Հերիք է հավասարության նշան դնեք։
Ադրբեջանը ռմբակոծում է Արցախն,իսկ Զախարովան անհասկանալի կոչեր է անում կողմերին։
Ով ինչ անում է ,ՌԴ ԱԳՆ-ն եւ ԵՄ ներկայացուցիչներն ասում են Նիկոլը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։
Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է։
Բայց ոչ Հիմնարար սկզբունքներով ու ոչ էլ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախը չի ճանաչվել Ադրբեջանի մաս։
Բա դուք անելիք չունե՞ք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ԱՄՆ,ՈԴ եւ Ֆրանսիա։

ՌԴ ԱԳՆ կապի մեջ է Ադրբեջանի հետ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու մասին հայտարարությունից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության վերաբերյալ»,- ասել է նա։