ՀՀ երրորդ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ պարոն Շահրամանյան, շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Պարո՛ն նախագահ, վստահ եմ, որ Դուք Ձեր թիմի, արցախցի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք Արցախը կործանումից:

Համոզված եմ, որ դա հնարավոր է:

Իմ, իմ համախոհների և աջակիցների սատարումը՝ Ձեզ»:

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է «Սպուտնիկ Արմենիա»-ի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԶԼՄ-ների զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրել է Հայաստանում «Россия сегодня» միջազգային մեդիախմբի մասնաճյուղի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյին։ Պարգևատրվել է նաև Ուզբեկստանում «Россия сегодня» մեդիախմբի գրասենյակի ղեկավար Ազիզա Ալիևան։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում։

Մարոկկոյի երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2497-ի, սեպտեմբերի 11-ին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը։

Ամենաշատ զոհերը գրանցվել են Ալ-Հաուզ և Տարուդանտ նահանգներում՝ համապատասխանաբար 1452 և 764 մահ։ Բացի այդ, 6,9 մագնիտուդ երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն 2476 մարդ։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Միաժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ տարերային աղետից այս կամ այն ​​կերպ տուժել է ավելի քան 300 հազար մարդ։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկն ապամոնտաժվում է

Արամի 60 հասցեում մեկնարկել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկի ապամոնտաժումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

Հաղորդվում է, որ հունիսի 4-ին Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը կազմել էր արձանագրություն, շենքը սպասարկող համատիրությունն էլ դիմել էր Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ փորձաքննությամբ տրամադրվել է եզրակացություն՝ տվյալ շինությունը կառուցված է առանց քաղաքաշինական նորմերի պահպանման ու հանրային վտանգ է պարունակում: Հաշվի առնելով եզրակացությունը՝ համատիրությունը սկսել է ապամոնտաժման գործընթացը և դիմել է համայնքին՝ աջակցության համար:

Ի դեպ, միայն օգոստոսի ընթացքում 31 կառույց է քանդվել, որոնցից 8-ը՝ բենզալցակայան (Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում):

Հայաստանի հետ եղել ենք, մնում ենք և լինելու ենք շատ մոտ դաշնակիցներ. Պեսկով

Ռուսաստանը չի վախենում ի դեմս Հայաստան դաշնակցին կորցնելուց, Մոսկվան և Երևանը մնում են մոտ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, մենք եղել ենք, մնում ենք և, վստահ եմ, լինելու ենք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ։ Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակներում, քանի որ զարգացման տրամաբանությունը և երկու երկրների ազգային շահերը թելադրում են մեր դաշինքն ու գործընկերությունը խորացնելու անհրաժեշտությունը», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ռուսաստանը պաշտոնական ազդակներ չի ստացել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ցանկության մասին. Պեսկով

Արևմտամետ վերլուծաբանները խոսում են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին, սակայն Ռուսաստանի Դաշնությունը նման պաշտոնական ազդակներ չի տեսնում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք տեսել ենք բազմաթիվ քննարկումներ այս թեմայով, այդ թվում, Հայաստանում արևմտամետ վերլուծաբաններ են քննարկում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը։ Բայց մենք այդ կապակցությամբ պաշտոնական ազդակներ չենք ստացել»,- ասել է Պեսկովը։

Ողբերգական դեպք Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված 1-ամյա տղան 1 ժամ անց մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11։00-ին, «ագոնալ վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1-ամյա տղա երեխա, ով 1 ժամ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 1-ամյա Ռոբերտ Թ․-ն է, ով Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ էր։

Արցախը կրկին դառնում է գործոն․ Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանիը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ, շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին վճռական քայլով իշխանափոխություն իրականացնելու առթիվ, որն ընդգծում է Արցախի ինքնուրույնությունն ու անկախությունը:

Արցախը կրկին դառնում է գործոն, որի հետ, ուզեն, թե չուզեն, հաշվի են նստելու բոլորը:

Արցախի գործոն լինելը վճռական նշանակություն է ունեցել մեր բոլոր նախորդ հաղթանակներում:

Վերջին տարիներին Արցախը կամաց-կամաց կորցնում էր իր ինքնուրույնությունն ու գործոն լինելը, ինչը նույնպես իր ազդեցությունն ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքի և արդյունքների վրա:

Հարգելի պարոն Շահրամանյան, կրկին շնորհավորում եմ Ձեզ Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

Այսօր ողջ հայության ուշադրության կենտրոնում Արցախն է՝ իր հերոսական պայքարով, խիզախությամբ և ծանր փորձությունները հաղթահարելու իր կամքով։

Ստանձնելով այդ կարևոր, բայց չափազանց բարդ դերակատարումը՝ Դուք մեծ պատասխանատվություն եք վերցրել Ձեր ուսերին։ Մաղթում եմ, որ պատվով կատարեք Ձեր առաքելությունը՝ նպաստելով Արցախի հերոս ժողովրդի իղձերի ու երազանքների իրագործմանը։

Այդ խնդիրները լուծելու նպատակով պետք է լինել համառ, հաստատակամ՝ միաժամանակ կարողանալով աշխատել բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ անկախ նրանց դիրքորոշումներից:

Լիահույս եմ, որ Ձեր կառավարման ընթացքում Արցախն այս փորձություններից դուրս կգա ավելի ուժեղացած ու ամրացած»։

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների սրացումը բարդացնում է հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքը. Օվերչուկ

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրումը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, հետ են պահում, հապաղում, և ժամանակ է անցնում, մինչև նորից վերադառնանք, նստենք և սկսենք աշխատել։ Բանակցությունները չեն դադարեցվել, դրանք շարունակվում են»,- ասել է նա։

Խմբակային ծեծկռտուք-դանակահարություն` Էջմիածին քաղաքում. երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի համար 1 սուպերմարկետի հարակից տարածքում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանություն է եղել նույն քաղաքի բնակիչների միջեւ, որի ընթացքում տղամարդիկ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում նրանցից մեկը՝ 2004 թվականին ծնված երիտասարդը, դանակով հարվածել է մյուսին, ինչի հետևանքով վիճաբանողներից երկուսը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։

Բնակիչները ահազանգել են իրավապահներին, ու դեպքի վայր են շտապել շտապօգնության աշխատակիցները եւ երկու անձի տեղափոխել են Վաշարշապատի հիվանդանոց։ Մեզ հայտնի դարձավ, որ դանակահարված տղամարդկանցից մեկի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մյուսի վիճակը ծանր է։ Իսկ ինչն է եղել դանակահարության պատճառը։ Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ վիճաբանողները ծանոթներ են եղել, կատակներ են արել միմյանց հասցեին, որոնցից մեկին կատակը դուր չի եկել, հնչել է հայհոյանք, ինչից հետո ծեծել ու դանակահարել են միմյանց։