Երկիրը նոր էսկալացիայի շեմին է, իսկ Փաշինյանը կառավարության նիստին արտաքին քաղաքական եղանակի տեսություն է հաղորդում, այն էլ ՝ սուտ․ Շարմազանով

Խաղաղություն խոստացող Նիկոլն այսօր հնարավոր պատերազմի «սեւ թղթի» լուրն էր հայտնում հպարտ քաղաքացիներին, գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Կապիտուլյանտ, դու վարչապե՞տ ես, թե՞  եղանակի տեսություն հաղորդող։

Երկիրը նոր էսկալացիայի շեմին է, Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, իսկ դու, լուծումներ տալու փոխարեն, կառավարության նիստի ժամանակ արտաքին քաղաքական եղանակի հաղորդում ես տալիս, այն էլ ՝ սուտ։

Ու՞մ վրա ես մուննաթ գալիս։

Այս ամենի մեղքը քո վզին է, Նիկոլ։

Ինչու՞ հրաժարվեցիր ՀԱՊԿ ռազմատեխնիկական օժանդակությունից։ 

Ինչու՞ հրաժարվեցիր ՀԱՊԿ զորավարժություններից։

Ինչու՞ բերեցիր ԵՄ դիտորդներին։

Ինչու՞ հանձնեցիր Լաչինը, Սուսը, Աղավնոն։

Ինչու՞ խախտեցիր նոյեմբերի 9-ի հայտարարության կետերն ու Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ տվեցիր ադրբեջանցիներին։

Ինչու՞ ճանաչեցիր Արցախն Ադրբեջանի մաս։

Հարցերը բազմաթիվ են,որոնց պատասխանը դու չես կարող տալ։

Մի անգամ գոնե մարդ եղիր, փասա-փուսեդ վերցրու և հեռացիր»,- գրել է Շարմազանովը։

Լաչինի միջանցքի անցակետում առևանգված արցախցի 3 ֆուտբոլիստներն ազատ են արձակվել

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Լաչինի միջանցքի անցակետում առևանգված արցախցի 3 ֆուտբոլիստներն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ադրբեջանցիները բիրտ ուժի կիրառմամբ առևանգել  էին  ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից ուսման նպատակով ՀՀ տեղափոխվող երեք երիտասարդի՝ 22-ամյա Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։ Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ երիտասարդներին 10-օրյա վարչական կալանքի են վերցրել, որից հետո կարտաքսեն։ 

Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են ЗИЛ-ն ու բեռնատար Mercedes-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում ճակատ ճակատի բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 66-ամյա Մանվել Ն․-ի վարած ЗИЛ մակնիշի և Երևանի բնակիչ, 41-ամյա Արտակ Ս․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտակ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Զ․-ն՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ին, բայց այժմ դուրս գալու հարցը մեր օրակարգում չէ. ՀՀ փոխարտգործնախարար

Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը դժվարանում է մեկնաբանել Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության պատճառը։

«Գիտեք, լարվածության մասին դժվար է մեկնաբանել, Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ, ինչպես միշտ է եղել՝ բոլոր գործընկերների հետ ունենում ենք տարաձայնություններ, քննարկումներ, բայց չի նշանակում, որ կարելի է դա մեկնաբանել որպես լարվածություն», — լրագրողներին ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ տարբեր հարցերի շուրջ աշխատանքային կարգով քննարկումներ են գնում ռուսական կողմի հետ։

Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագիր օրակարգում կա՞՝ փոխնախարարն արձագանքեց. «Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ին, բայց այժմ այդ հարցը մեր օրակարգում չէ»։

Վթար՝ Քարինջ-Մարց ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Սեպտեմբերի 7-ին, ժամը 10:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քարինջ-Մարց ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին «Mitsubishi» մակնիշի (վարորդ՝ Ա․ Ղ․) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվելով հայտնվել հարակից ձորակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Հ․ Խ․-ին և մոտ 40 մ պատգարակելով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-12-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով

Սեպտեմբերի 7-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում այսօր և սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան, 9-ին, 10-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։

Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ի ցերեկը, 9-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-12-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լեռնային Ղարաբաղում ամեն երրորդ մահվան պատճառը սովն ու թերսնումն է․ միայն մի քանի օրվա ալյուրի ու հացի պաշար ունենք. Սերգեյ Ղազարյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Ouest-France օրաթերթին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ը ներկայացրել է հարցազրույցը։

— 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր ինչպիսի՞նն է իրավիճակն Արցախի Հանրապետությունում։

— Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը և հայերի դեմ ցեղասպանական քաղաքականությունը։ Սկզբում՝ 2022 թվականի հունվարի 9-ին, խաթարել է Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի, իսկ այնուհետև՝ մարտի կեսին՝ նաև գազի մատակարարումը։ Ավելի ուշ, ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ է տեղադրել։ Հունիսի 15-ից վերջնականապես լիովին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Տեղաշարժն այլևս արգելափակված է մարդկանց, սննդամթերքի, դեղորայքի և կենսական անհրաժեշտության այլ ապրանքների համար։

— Ինչպիսի՞ հետևանքներ է ունեցել շրջափակումը։

— Ընտանիքները բաժանված են միմյանցից, խաթարված է հիվանդանոցների բնականոն գործունեությունը: Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական աշխատանք կատարող անձինք չեն կարողանում հողատարածքները մշակել: Ավելին՝ նրանք ամենօրյա ռեժիմով թիրախավորվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ինչի նպատակն է խոչընդոտել ցանկացած տեսակի տնտեսական ակտիվություն Արցախում և էլ ավելի խորացնել սովը։ Սա հումանիտար աղետ է։

Մեր պաշարները սպառված են․ միայն մի քանի օրվա ալյուրի ու հացի պաշար ունենք։ Արցախում ամեն երրորդ մահվան պատճառը սովն ու թերսնումն է։ Պատկերացրեք՝ ինչ է տեղի ունենալու, եթե այս շրջափակմանը վերջ չդրվի։ Պետք է անհապաղ միջոցներ կիրառել, այլապես չափազանց ուշ է լինելու։

— Ըստ Ձեզ՝ սովը կանխամտածված կերպո՞վ է կազմակերպված։

— Այո, միջազգային առաջատար փորձագետներն իրավիճակը բնորոշում են որպես ցեղասպանություն։ Ադրբեջանը սովն օգտագործում է որպես հայերին ոչնչացնելու գործիք։

— Ինչպե՞ս կարելի է կանխել այս ցեղասպանությունը։

— Երկրների ղեկավարներն ու ՄԱԿ-ը պետք է քաղաքական կամք դրսևորեն։ Միջազգային հանրությունն ունի ցեղասպանությունները կանխելու պարտավորություն և կարողություն։ Միջազգային համապատասխան կազմակերպությունները պատշաճ կերպով տեղեկացված են Արցախում տիրող իրավիճակի մասին։ Նրանք պետք է օբյեկտիվ գնահատական տան դրան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է համապատասխան բանաձև ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը։ Միջազգային կազմակերպությունները պետք է պատժամիջոցներ կիրառեն շրջափակման պատասխանատուների նկատմամբ և բոլոր հնարավոր ճանապարհներով մարդասիրական օգնություն ուղարկեն, այդ թվում՝ օդային ճանապարհով։

Մենք դիմում ենք ազատ ու առաջադեմ աշխարհին՝ պաշտպանելու մարդու ու ժողովուրդների իրավունքները։ Եկեք ժամանակ չվատնենք, քանզի, ի վերջո, խոսքը ցեղասպանության կանխարգելման մասին է։

Արցախից 10 բուժառու է տեղափոխվել ՀՀ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան, մի նեղացեք. Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։

«Դժվար է վիճել. մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»։ Ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը, ոչ թե «քարտուղարուհու» աշխատանք է, այլ «քարտուղարի»։ Այդ աշխատանքը նույնիսկ ամենաբարձրաստիճան ղեկավարի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ կկործանվի: Մի նեղացեք, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու դուրս է տվել։ Նրա ասածով ձեր վերաբերմունքը մի տարածեք հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդը իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ», — գրել է Զախարովան իր թելեգրամյան ալիքում։

Երեկ Ալեն Սիմոնյանը չի ցանկացել արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ նախօերին արված հայտարարությանը:

«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի», — ասել էր նա։

Ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է. Ադրբեջանը զորքեր է կուտակում. Նիկոլ Փաշինյան

Ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։

«Ադրբեջանական մամուլում ու քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է»,- ասաց վարչապետը։