Ադրբեջանն ու Թուրքիան նախաձեռնել են նոր հարձակում ՀՀ-ի վրա, իսկ մեր կառավարիչը թշնամանում է ՌԴ-ի հետ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Հայաստանի անվտանգային արդյունավետ ձեւաչափը Մոսկվա-Երեւան-Թեհրան եռանկյունին է։ Նիկոլ, քո պաշտելի Էրդողանը երեկ ասել է, որ «Կովկասում Հայաստանը սադրիչ քայլեր» է դրսեւորում։

Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկայում ուզում են նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի վրա, իսկ Հայաստանի կառավարիչը թշնամանում է Ռուսաստանի հետ։

Նիկոլ, բա «դրական ազդակ էիր» է ստանում թուրքերից։ Ո՞վ է սատարելու Հայաստանին պանթուրքիզմի դեմ հերթական սպասվող բախմանն ընդառաջ։ Քո սիրելի Արեւմուտքը բացի հայտարարություններից այլ բանի ընդունակ չէ։

Հայաստանի անվտանգային ու աշխարհաքաղաքական միակ արդյունավետ ձեւաչափը կարող է լինել Մոսկվա-Երեւան-Թեհրան եռանկյունին»։

Շտկվել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ցածր գնով․ Wildberries

Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով հարթակի կատալոգում առկա ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Սխալը շտկվել է կայքում և բջջային օպերացիոն համակարգերի մեծ մասում: Աշխատանքները կավարտվեն մոտ ժամանակներս։ Այդ մասին հայտնել է Wildberries-ի մամուլի ծառայությունը՝ ի պատասխան հայ որոշ տնտեսվարողների բողոքների, ըստ որոնց հայ սպառողների կողմից օնլայն այս հարթակից ավելի էժան ապրանքներ ձեռք բերելու հնաարավորությունը հարվածում է տեղական բիզնեսի շահերին։

«Մեզ համար կարևոր է տեղական բիզնեսի կարծիքը, մեր ռազմավարության մեջ մենք միշտ ձգտում ենք հաշվի առնել նրանց կարծիքը և բարելավել մեր բիզնես գործընթացները՝ նրանց շահերին համապատասխան»,- նշված է Wildberries-ի հայտարարությունում։

ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճող լարվածությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ի կայքէջում տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական միությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներին և Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ազդող հումանիտար և անվտանգային լուրջ հետևանքներին:

ԵՄ-ն հիշեցնում է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խոչընդոտվել է գրեթե 9 ամսով, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ փակվել է՝ բացառությամբ երբեմն իրականացվող բժշկական տարհանումների:

«Արդյունքում դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքներն աղետալիորեն պակասում են կամ դրանք արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար»,- ընդգծվում է ԵՄ-ի հայտարարության մեջ։

ԵՄ-ն ցավում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն խոչընդոտվել է, և կոչ է անում այն լիարժեք և արագ վերականգնել՝ ներառյալ հումանիտար բեռների փոխադրումը:

«ԵՄ-ն կրկնում է իր կոչը, որով հուլիսի 26-ին հանդես է եկել ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը երկու ուղղություններով և երաշխավորել, որ ճգնաժամն այլևս չի սրվի ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի ժամանակավոր միջոցների և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշման։

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Աղդամ քաղաքով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած պատրաստակամությունը։ ԵՄ-ն հաստատակամ է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին համաձայնագրերի և միջազգային դատարանի որոշման համաձայն»,- ասված է հայտարարության մեջ։

Վերջին ամիսներին ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային սահմանի երկայնքով աճող լարվածությանը։ ԵՄ-ն արձանագրում է, որ հրաձգության հետ կապված միջադեպերի մասին հաղորդագրություններ են ստացվում գրեթե ամեն օր:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա միջադեպերից և կրկին վերադառնալ երկխոսության»,- նշված է հայտարարության մեջ։

ԵՄ-ն հիշեցնում է նաև, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) տեղերում իրավիճակի մասին զեկույցներ ներկայացնելու և դիտարկելու նպատակով պարեկություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական կողմից, որի նպատակն է նպաստել հակամարտության կարգավորմանը և ամրապնդել վստահությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«ԵՄ-ն կրկնում է զսպվածություն ցուցաբերելու և ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսության իր կոչերը։ Անհրաժեշտ են մշտական ջանքեր Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար՝ ի շահ տեղի քաղաքացիական բնակչության: Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսության շուտափույթ հաստատումը վճռորոշ նշանակություն ունի, մասնավորապես, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության և այլ հարցերի տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԵՄ-ն նաև նշում է, որ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստ է համագործակցել բոլոր համապատասխան կողմերի հետ՝ օգնելու հաղթահարել առկա հումանիտար խնդիրները:

« ԵՄ-ն, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ակտիվորեն մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն:

2023 թվականի հուլիսի 15-ին ԵԽ նախագահ Միշելի կողմից Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված վերջին եռակողմ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները վերահաստատել են իրենց հաստատակամ հանձնառությունը խաղաղության գործընթացին: Նրանք մասնավորապես վերահաստատել են իրենց լիակատար հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և իրենց ոչ երկիմաստ հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանների սահմանազատման քաղաքական շրջանակ: Սահմանի վերջնական դելիմիտացիան պետք է համաձայնեցվի բանակցությունների միջոցով։ Դելիմիտացիայի հարցում հետագա էական առաջընթացը միջազգային սահմանին լարվածության նվազեցման, թյուրիմացությունների և միջադեպերի կանխարգելման կարևոր գործոն է։

Բռնությունը, սպառնալիքները, կոշտ հռետորաբանությունը և ապատեղեկատվության տարածումը պետք է դադարեցվեն, որպեսզի ստեղծվի այնպիսի միջավայր, որը նպաստում է խաղաղությանը և կարգավորման բանակցություններին: Նրանց հանձառությունը բարեխիղճ երկխոսությանը մնում է նույնքան արդիական, որքան նախկինում: Այն պահանջում է բոլոր կողմերի իրական նվիրվածությունը համաձայնեցված արդյունքների հասնելու համար: Մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն, և անհրաժեշտ է անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել վստահությունը վերականգնելու համար։

ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանմանը և Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին աջակցելուն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց: Մենք չպետք է կորցնենք վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար ձեռք բերված ազդակը։ Կարևոր է շարունակել բանակցությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայրենակիցներ, հիմա էլ ձեզանից գողանում են մեր սիրված «Վայբեր»-ը. փորձագետ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է՝ «Վայբեր»-ը գողանում են։

«Հայրենակիցներ, հիմա էլ ձեզանից գողանում են մեր սիրված «Վայբեր»-ը։ Դուք ստանում եք կամ անհատապես, կամ խմբերում սենց նամակ։ Որի հղումը, իրականում, հաքերին թույլ է տալիս ձեր հաշիվը բացել այլ սարքի վրա ու ձեր անունից ինչ ասես անել։

Եթե սեղմել եք, թափով մտեք settings- account — desctop and tablets, ու դուրս քցեք անառակին։ (Ռուսերեն ինքներդ հասկացեք, ոնց ա էս ամենը գրած)։

Եթե արդեն ձեզ ձեր հաշվից դուրս են գցել, փորձեք մտնել «Վայբեր»-ի կայք, գտնել գրելու տեղ, լավացնող նամակ գրել։ Բայց մեծ հույսեր չունենաք։

Ավելի լավ է սրան մի հասցրեք»,- Facebook-ում գրել է Մարտիրոսյանը։

Սևան քաղաքի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը:

Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունն անհանգստացնող է. Պեսկով

Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունն անհանգստացնող է, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերվում է վարժանքներին, իհարկե, նման լուրերը մտահոգություն են առաջացնում հատկապես ստեղծված իրավիճակում։

Ուստի՝ մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և կհետևենք իրավիճակին»,- նշել է նա։

ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար

Սեպտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։

Ճեպազրույցի ընթացքում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, պատասխանել է հետաքրքրող հարցերին։

Նշվել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։

ԵԺԿ-ն քննարկել է Լաչինի միջանցքի թեման և պահանջել ազատ արձակել Աշոտյանին․ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 4-ին և 5-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեային։

Մամիջանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ասամբլեայի եզրափակիչ հաղորդագրության մի հատվածի հայերեն թարգմանությունը.

«Քաղաքական ասամբլեան նաև քննարկել է տեղի ունեցող զարգացումները կապված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացվող անմարդկային գործողությունների հետ, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի արգելափակումը:

Քաղաքական ասամբլեան նաև պահանջ է ներկայացրել ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին»:

Հաջորդ իշխանությունը պետք է անի այն, ինչը չի կարող անել այս իշխանությունը՝ թույլ չտալ պատերազմ, թույլ չտալ հայրենազրկում. Վահե Հովհաննիսյան

Հաջորդ իշխանությունը պետք է անի այն, ինչը չի կարող անել Նիկոլի իշխանությունը։

1. Թույլ չտալ պատերազմ
2. Թույլ չտալ հայրենազրկում (Արցախի կորուստ)

Սա չափազանց բարդ գործ է, որը սակայն, հնարավոր է։ Ստեղծված իրավիճակում սա է հաջորդ իշխանության իմաստը, պատմական առաքելությունը։ Կարող է լինել հազար այլ կարծիք՝ հաջորդ իշխանության բովանդակության մասին, և հետևաբար՝ հնարավոր հազար կոնֆիգուրացիա, բայց դա իրականությունը ճիշտ չհասկանալու արդյունք է։ Կոպիտ ասած, ու՞մ է պետք հաջորդ իշխանությունը, եթե այն կրկին թույլ է տալու պատերազմ, նոր եռաբլուր կամ Արցախի կորուստ։

Հայաստանի հաջորդ իշխանությունն անշեղորեն պետք է շարունակի բանակցությունները՝ չափազանց զգույշ, չափազանց սահուն շտկելով բանակցության բովանդակությունը՝ միջնորդների համար հասկանալի և Ադրբեջանի համար դժվար մերժելի ձևակերպումներով։ Սրա զուգահեռ պրոցեսը դաշնակիցների համակարգ ձևավորելն է. շատ բարդ է լինելու, շատ բան է քանդվել, բայց հնարավոր է։ Երրորդ զուգահեռ պրոցեսը Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք առճակատման դաշտից հանելն է, ինչը թույլ կտա երկուսի հետ իրական օրակարգով աշխատել։

Հնարավոր մեծ թակարդը, որում մեր ձեռքով կարող ենք հայտնվել

Ալիևի համար այս իշխանությունը պատմական նվեր է, բայց նույնքան նվեր է «պոստնիկոլ» հնարավոր արկածախնդիր իշխանությունը։ «Մերկապարանոց հայրենասիրությունը» տեղ չպետք է ունենա ոչ միայն հաջորդ իշխանության բովանդակության մեջ, այլև՝ այդ իշխանության ձևավորման ճանապարհին։ Սոլիդ ընդդիմությունից սոլիդ իշխանությունը անցումը վատագույնից խուսափելու պարտադիր պայմանն է։
Հիմա սառը, զգույշ բառերի, կշռադատված կես տոնի ժամանակն է։ Սխալվեցինք, ոգևորվեցինք՝ լինելու է աղետ։ Պետք է այսօրվանից ձևավորվի լուրջ ֆիլտր՝ արկածախնդրության դեմ։

Ի՞նչ պետք է անել

Եթե ընդունում ենք, որ հաջորդ իշխանության առաքելությունն է՝ թույլ չտալ նոր պատերազմ և հայրենազրկում, ապա այս հստակ ձևակերպումներով պետք է սկսել խոսել հայ ժողովրդի հետ։ Ստեղծել խոսելու համակարգ, խոսողների շարքեր, անվանացանկ, մեխանիզմներ, ձևաչափեր, թիմեր։ Սա այն է, ինչը կոչվում է համազգային շարժում, կազմակերպված ճիշտ մենեջմենթ, միասնական տեղեկատվական աշխատանք։ Մի խոսքով՝ համազգային շարժման ենթակառուցվածքներ։ Սա հենց այն է, ինչը հաջողության կբերեր նոյեմբերի 9-ից հետո, բայց պարզվեց, որ «չկային դրա համար անհրաժեշտ ռեսուրսները»։ Իսկ դատախազությունը մեզ հիմա պարբերաբար ասում է, որ ռեսուրսները կային, պարզապես չդրվեցին պայքարի համար։
Հիմա նման հարց չպիտի ծագի։ Եթե կա կարիք, պետք է կազմակերպել «ժողովրդական կոպեկների» դրամահավաք։ Մենք մեր հացի կեսը պետք է դնենք դրա մեջ. ով կափսոսա իր միլիարդները՝ պատմությունը հետո կգնահատի։
Սոված երեխան ձեռքին՝ Աղդամի հացից հրաժարվող արցախցին բոլորիս ավելի լավը դառնալու ուղերձ է տալիս։

Պետք է խոսել բոլորի հետ

— Հեռավոր գյուղացի կնոջ, որը Նիկոլին ասում է՝ քեզնից լավը չկա,
— Ավինյանի համար ձայն հավաքող թաղային համակարգերի,
— Կիսակրիմինալ հեղինակությունների, որոնք ինչպես միշտ, այնպես էլ հիմա իշխանությանն են ծառայում
— Անձայն ապրող երևանյան քաղքենու («մենք քաղաքականությամբ չենք զբաղվում» շերտի)
— Բուհերի, գիտակրթական համակարգերի
— Պետական համակարգի
— ՔՊ-ի, նրանց համակիրների
— Մարզային էլիտաների, մեծ ընտանիքների, գյուղապետերի
— Բոլորի հետ

Ամեն մեկի հետ իր խոսողը կա՝ իր ձևով, իր տոնայնությամբ, իր բառապաշարով, իր շեշտադրումներով, բայց բոլորի հետ նույն բովանդակությունը պիտի խոսվի՝ որ պետք է թույլ չտալ նոր պատերազմ ու հայրենիքի կորուստ։ Իսկ պրոցեսը տանում է դրան։

Շարունակելի

Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ

ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. Վեդանտ Պատել

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտարի իրավիճակի վատթարացմամբ, որը հետևանք է սննդամթերքի, դեղորայքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական արգելափակման, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:

«ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային, ինչպես նաև մարդկանց փոխադրումների համար», — ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։