Հերթական էթնիկ զտումը կարող է տեղի ունենալ, և մենք անուշադրության ենք մատնում այն. New York Times-ի սյունակագրի հոդվածը Արցախում իրավիճակի մասին

Ադրբեջանն օգտվում է այն բանից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում հակամարտությամբ, և դա օգտագործում է «մարդկության դեմ իր սեփական հանցագործություններն» իրականացնելու նպատակով։

Նման կարծիք է հայտնել New York Times-ի սյունակագիր Նիկոլաս Քրիստոֆը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախի Հանրապոետությունում ստեղծված իրավիճակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածը վերնագրված է այսպես․ «Հերթական էթնիկ զտումը կարող է տեղի ունենալ, և մենք անուշադրության ենք մատնում այն»։

«Դուք, հավանաբար, չեք լսել Լեռնային Ղարաբաղ կոչվող էթնիկ հայկական անկլավի նկատմամբ Ադրբեջանի դաժանության մասին, սակայն այն արժանի է քննության», — գրում է հոդվածի հեղինակը՝ հիշեցնելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում «ցեղասպանություն է տեղի ունենում» հայերի նկատմամբ։

«Չափազանց կարևոր է սա պիտակավորել՝ որպես ցեղասպանություն», — ասել է Օկամպոն Նիկոլաս Քրիստոֆին՝ կարևորելով, որ ԱՄՆ-ն և համաշխարհային այլ տերություններ, այդ թվում՝ այս թեմայի շուրջ բավական քչախոս Մեծ Բրիտանիան, ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա։

New York Times-ում հրապարակված հոդվածում հերթական անգամ խոսվում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին, համաձայն որի Ադրբեջանը պետք է վերացնի շրջափակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի մասին։

«2020 թվականին Ադրբեջանը կարճ պատերազմ մղեց, որի ընթացքում հետ գրավեց անկլավի մեծ մասը, և այժմ այն ցանկանում է հետ բերել մնացած մասը և, ըստ իս, դուրս մղել էթնիկ հայ բնակչության մեծ մասին», — նշում է հոդվածի հեղինակը:

Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որոնք շատ տարամետ դիրքորոշումներ ունեն բազմաթիվ հարցերի շուրջ, համակարծիք են այն հարցում, որ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը։

Մեզ ցանկանում են դարձնել Իրանի ու Ռուսաստանի թշնամի՝ որևէ անվտանգության երաշխիք չտալով. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիան, Ռուսաստանը և Իրանն ունեն բազմաթիվ աշխարհաքաղաքական տարաձայնություններ և դարերի ընթքցքում անգամ արյունալի պատերազմներ են միմյանց հետ մղել, սակայն կա մեկ հարց, որում նրանք միշտ միավորվել են: Դա թույլ չտալն է, որպեսզի Արևմուտքը մտնի իրենց ՛՛ներքին բակը՛՛, Հարավային Կովկասը:

Ռուսաստանի և Թուրքիայի մյուս խնդիրը Սև Ծովը միասնական կերպով վերահսկելն է:

Դա իրենց համար ստրատեգիական, ազգային անվտանգության խնդրներից բխող նպատակ է:

1920-ին մենք տեսանք, թե դա ինչպես է գործել ու այն ժամանակվա Հայաստանի Հանրապետության գլխավոր սխալն, ինչը մեզ վրա շատ թանկ նստեց, այդ պարզ ճշմարտությունը չհասկանալն էր:

Այսօր ևս փորձ է արվում նման մի սխալ կրկնել, ինչը կարող է Հայաստանի Հանրապետության վերջը դառնալ, և շատ մոտ ժամանակներում:

Մեզ ցանկանում են դարձնել Իրանի ու Ռուսաստանի թշնամինին, որևէ անվտանգության երաշխիք չտալով, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը դա կօգտագործեն մեզ դեմ, Իրանին ու Ռուսաստանին ցույց տալով մեր վտանգավոր անադեկվատությունը՝ որպես խորթ մարմին մեր տարածաշրջանում, իրենց գլխավոր նպատակին հասնելու համար:

Մեզ փորձում են օգտագործել ու զոհաբերել, ինչին լծվել են նաև Հայստանում գործող գործակալական ցանցն ու Հիմարների Համադաշնությունը»:

Ինժեներական աշխատանքների ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտու՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքեր տանող ճանապարհահատվածում ինժեներական աշխատանքեր կատարելու նպատակով ժայռերի պայթեցման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են նույն զորամասի զինծառայողներ մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող, շարքային Արթուր Հայկի Պողոսյանը։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4- րդ մասի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություններ, հարցաքննություններ, զննումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Էքստրեմալ ցածր քաշով նորածինների սնուցման համար անհրաժեշտ դեղորայքը ՀՀ–ում անվճար կլինի

Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղորայքը պետությունն անվճար կտրամադրի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3 հազար երեխա։ 2021թ. տվյալներով` նրանցից 121-ը ծնվում է էքստրեմալ ցածր քաշով` 500-1000գ:

«Անհրաժեշտ դեղեր չստացած նորածինների մոտ առաջանում է ֆիզիկական, մտավոր և ճանաչողական զարգացման խանգարումներ, ինչպես նաև կրկնապատկվում են բուժման ծախսերը՝ մեծացնելով պետության կողմից հիվանդանոցին տրամադրվող միջոցներն ու ֆինանսական ծանրաբեռնվածությունը»,– տեղեկացնում են նախարարությունից։

Գերատեսչությունից ակնկալում են 100% դեղապահովմամբ նվազեցնել նորածնային հաշմանդամությունը, մանկական մահացությունն ու գրանցել ապրելիության աճ։

Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականից:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սեպտեմբերի 4-9-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝՝

Սեպտեմբերի 4-ի և 9-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա  2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում 5-7 աստիճանով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսում է «ՀայաՔվե»-ի ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսում է քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։ Նախաձեռնության լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել գործընթացին։

Հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրանցել էր 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։

Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։

Քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները օգոստոսի 31-ին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Աշտարակում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Սեպտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնիի միջնակարգ դպրոցում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

Երևանում շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանի լոգասենյակում էլեկտրական մոտոցիկլետ է պայթել. վնասվել է տան գույքն ու բակում կանգնած մեքենան

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթուն է տեղի ունեցել Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 167 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում․ նկատվում է ծուխ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Պարզվել, որ 4-րդ հարկի բնակարաններից մեկի լոգասենյակում էլեկտրական մոտոցիկլետը պայթել է․ փլուզվել է պատշգամբի արտաքին պատը (մոտ 10 քմ), կոտրվել են ննջասենյակի պատուհանների ապակիները, վնասվել է տան գույքը և դրսում կայանած «Hyundai» մակնիշի ավտոմեքենա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տան բնակիչ Ա․ Խ․-ն (ծնված 1989 թ․), ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ, հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը, հայտնում են ՊԲ-ից։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան

Թուրքիայի հետ խաղը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի․ Էդուարդ Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականի դեմ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Championat-ին տված հարցազրույցում Սպերցյանն ընդգծել է, որ Հայաստանի հավաքականին առաջիկայում երկու շատ բարդ խաղ է սպասվում։

«Հավանաբար, դրանք ամենակարևոր խաղերն են, որովհետև մենք մրցաշարային աղյուսակում երկրորդն ենք։ Մենք երեք միավորով ենք զիջում Թուրքիային։ Մեզ համար այս խաղը շատ սկզբունքային է և շատ մեծ նշանակություն ունի»,- ասել է Սպերցյանը։

Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին մրցակցի հարկի տակ կխաղաղ Թուրքիայի, իսկ սեպտեմբերի 11-ին սեփական հարկի տակ կմրցի Խորվաթիայի ընտրանում հետ։