«Մարդիկ» թքած ունենալով այն փաստի վրա, որ առնազն 4 զոհ ունենք համռորեն շարունակում են իրենց անփառունակ և մակարդակից զուրկ քարոզարշարվը

Ասել են անում ա մի զարմացեք…
Այս պահին ըստ ՏԳ բաց աղբյուրների մարտերի ինտենսիվությունը չի նվազել: Չի նվազել նաև 2-րդ քվեաթերթիկի շահերը սպասարկող մեքենայի բարձրախոսի ձայնը։ «Մարդիկ» թքած ունենալով այն փաստի վրա, որ առնազն 4 զոհ ունենք համռորեն շարունակում են իրենց անփառունակ և մակարդակից զուրկ քարոզարշարվը: Զարմանալու ոչինչ չկա, կապիտուլյանտի ամեն մի անցկացրած օրը իշխանության ղեկին դա մի փորձություն է Հայ Ազգի համար, որը արդեն 5 տարի է չի ավարտվում:
Պետք է ուղղակի հիշել թե ինչ վիճակ էր 5 և ավելի տարի առաջ և հասկանալ, որ նիքոլը և իր անասնաֆերման պետք է օր առաջ ռադվեն:

Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ․

«Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական ԶՈՒ կիրառել են նաև ականանետեր և անօդաչու սարքեր:

Հայաստանի Հանրապետությունն այս ընթացքում բազմիցս ահազանգել էր, որ Ադրբեջանը, նպատակ ունենալով նախապես ծրագրավորված ռազմական գործողություններ իրականացնել, միտումնավոր, համակարգային կերպով ապատեղեկատվություն է տարածում:

Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք զուգորդվում են ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների վերաբերյալ ադրբեջանական կողմից տարբեր մակարդակներով, ինչպես նաև տարբեր պետական լրատվամիջոցներով պարբերաբար հնչող հայտարարություններով ու ռազմատենչ հռետորաբանությամբ, հանդիսանում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով առկա հարցերը կարգավորելու, սեփական կամքը պարտադրելու Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը:

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցեական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը նաև միտված է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և խուսափել իր պարտավորությունների կատարումից:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի նմանօրինակ ագրեսիվ գործելաոճը, որն ուղեկցվում է արդեն 8 ամսից ավել տևող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փաստացի պաշարմամբ, և կարող է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կայունություն և տևական խաղաղություն հաստատելու ջանքերին: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգիռ դերակատարներին առկա մեխանիզմների կիրառմամբ և գործուն ու հստակ քայլերի միջոցով զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու նպատակով»:

Մենք շարունակում ենք ականատես լինել թշնամու վայրագություններին, որոնք միտված են ոչնչացնելու հայ ժողովրդին` այս իշխանությունների թողտվությամբ

Հայաստանում «ժողովրդավարության» արմատներն արդեն տվել են իրենց պտուղները: Մենք շարունակում ենք ականատես լինել թշնամու վայրագություններին, որոնք միտված են ոչնչացնելու հայ ժողովրդին` այս իշխանությունների թողտվությամբ:

Իրականում Ալիևի համար Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը մեծ շանս էր. շանս, ըստ որի նա կարողացավ առաջին անգամ հաղթել պատերազմն ու վերցնել Արցախի 75%-ը, շանս, ըստ որի նա կարողացավ զգալի առաջընթաց ունենալ Հայաստանի լեռնային շրջաններում և պարբերաբար կրակ բացել հայկական դիրքերի և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց վրա: Ալիևի համար մեծ շանս էր, որովհետև նա կարողանում է ծնկած պահել Նիկոլին և պահանջատեր լինել:

Մինչև Նիկոլի իշխանության գալը Ալիևի մտքով նույնիսկ չէր էլ կարող անցնել, որ ինչ-որ մի օր նա հնարավորություն կունենա ծնկի բերել Հայաստանի ղեկավարներից մեկին, քանի որ միշտ ինքն է ծնկած եղել Հայաստանի առջև:

Այսօր` սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրը, կրթություն չստացած Նիկոլի «կիրթ» եղբոր հրամանով ադրբեջանական զորքերը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ:

Նիկոլ-Ալիև զույգն ամեն ինչ անում է հայոց պետականությունը ջնջելու համար:

Սոթքում զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը վարժական հավաքի մասնակից էր․ Չհասցրեց տեսնել երրորդ զավակին, կինը հղի է

Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածքում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Արարատի մարզի Ռանչպար գյուղից էր:

News.am-ի հետ զրույցում Ռանչպարի գյուղապետ Վահան Վարդանյանը պատմել է, որ Արսեն Մկրտչյանը 25-օրյա վարժական հավաքի մասնակից էր:

«Արսենը մեկ եղբայր եւ մեկ քույր ուներ, եղբայրը ՌԴ-ում է ապրում: Ծնողների հետ էր ապրում: Ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ուներ, կինը հղի է: Հիմնականում գյուղատնտեսությամբ էր զբաղվում: Համեստ ու հարգանքով տղա էր: Սոցիալապես միջին վիճակում էին գտնվում»,- պատմել է Ռանչպարի գյուղապետը:

Նշենք, որ Սոթքի և Նորաբակի հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։

Թշնամու սադրանքի հետևանքով ունենք 4 զոհ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո:

Սոթքի հատվածում զոհված երկու զինծառայողները Մասիս համայնքից են

Այսօր առավոտյան Սոթքի հատվածում զոհված երկու զինծառայողները Մասիս համայնքից են։ Այդ մասին ArmLur.am-ին հայտնել է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։

« Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը: Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին: Ուժ ու տոկունություն Ձեզ»:

Սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում կգործի երկրորդ բարեգործական ճաշարանը

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ սեպտեմբերի 1-ին կբացվի երկրորդ սոցիալական-բարեգործական ճաշարանը․ այն կգործի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով գործունեությունը դադարեցրած «Մալիբու» մանկական սրճարանի տարածքում։

Այս մասին «Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համահիմնադիր Արշակ Աբրահամյանը` հավելելով,որ Ստեփանակերտում սոցիալական ճաշարանների գործարկման ծրագիրը նախաձեռնվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման` սոցիալական ոլորտով զբաղվող աշխատանքային խմբի կողմից և իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության միջոցով ու Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի օրհնությամբ ու ներգրավվածությամբ:

«Առաջին ճաշարանը բացվել էր օգոստոսի 15-ին՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հարևանությամբ: Օրական այնտեղ սնվում է 300-350 մարդ, հիմնականում՝ անչափահասներ և տարեցներ: Բացի այդ, կամավորները պատրաստված ուտելիքն ամեն օր հասցնում են 70-ից ավելի տարեցների և հաշմանդամների: Ինչպես առաջին ճաշարանի, այնպես էլ երկրորդի պարագայում հանրային սննդի ծառայության գնման պայմանագիր է կնքվել մասնագիտացված մասնավոր ընկերության հետ: Առաջին ճաշարանը երկու շաբաթից ավելի է՝ գործում և, ցավոք, տեսնում ենք, որ այն մեծ պահանջարկ ունի: Լիակատար շրջափակման պայմաններում մեզ համար դժվար էր բացել երկրորդ ճաշարանը, բայց հասկացանք, որ այս իրավիճակում սա ամենակարևոր ծրագիրն է, ու փորձեցինք անել ամեն ինչ երկրորդ կետը բացելու համար»,-ասաց Աբրահամյանը` մանրամասնելով, որ կարողացել են գտնել մասնավոր ընկերությունների, որոնք մթերում են իրականացնում նաև գյուղերից:

Նրա խոսքով` ներկա իրավիճակում, մթերքի սղությամբ պայմանավորված, ճաշարանները կգործեն այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի մթերք ձեռք բերել։

ՄԻՊ աշխատակազմն իրականացնում է մշտադիտարկում և փաստերի հավաքագրում՝ Սոթքի և Նորաբակի ուղղությամբ ադրբեջանական գործողությունների վերաբերյալ

ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ սեպտեմբերի 1-ին ստացվել են ահազանգեր Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինտենսիվ կրակոցներ արձակելու առնչությամբ։

«Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվում են մշտադիտարկում և փաստերի հավաքագրում, որից հետո Պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։

Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,- նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։

Ադրբեջանը կրակ է բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ

Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: