Սեպտեմբերի 2-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում․ Արցախի պայքարը բոլորիս պայքարն է․ Սաղաթելյան

Սեպտեմբերի 2-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում․ Արցախի պայքարը բոլորիս պայքարն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«9 ամիս պաշարված Արցախը դիմադրում է թշնամուն։

Արցախի պայքարը բոլորիս պայքարն է։

Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, միացի՛ր ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքին, ցու’յց տուր, որ Արցախի կողքին ես, քո ձայնը միացրու հազարավոր մյուս հայրենակիցների ձայնին, ցո’ւյց տուր, որ Արցախը մենակ չէ, ցո’ւյց տուր, որ մենք տեր ենք մեր հայրենիքին եւ միասնական ենք։

Սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում, ժամը 18։00-ին»,- գրել է նա:

Գասպար Տերտերյան․ Եզրափակիչում պարտվեցի ճիշտ չկողմնորոշվելու պատճառով

Եզրափակիչում պարտվեցի ճիշտ չկողմնորոշվելու պատճառով: Մի քիչ հոգեբանական պահ էր: Կարող էի հաղթել: Ամեն ինչ կանեմ, որ հաջորդ տարի նվաճեմ չեմպիոնի կոչումը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Գասպար Տերտերյանը, որը օգոստոսի 22-ին Հայաստանի թիմի հետ Հորդանանից վերադարձավ հայրենիք:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն Սուրեն Աղաջանյանին, փոխչեմպիոն Գասպար Տերտերյանին եւ բրոնզե մեդալակիր Վիգեն Նազարյանին մեծ շուքով դիմավորեցին «Զվարթնոցում»: Մեդալակիրներին ժամանման սրահում դիմավորեցին պաստառներով, դափնիներով, ծափերով:

«Աշխարհի առաջնության մեկնել էի չեմպիոն դառնալու նպատակով, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Լավ չգոտեմարտեցի եզրափակիչում: Ամենադժվար գոտեմարտս եզրափակիչինն էր: Մի քիչ անարդար էր, որ պարտվեցի, կարող էի հաղթել: Մի քիչ հոգեբանական պահ էր, չկարողացա ճիշտ կողմնորոշվել:

Կփորձեմ հաջորդ տարի նպատակս իրականացնել: Սա իմ առաջին աշխարհի առաջնությունն էր երիտասարդներում: Մյուս տարի փորձս ավելի մեծ կլինի: Արդեն պետք է պատրաստվենք հաջորդ մրցաշարերին: Ամեն ինչ պետք է անեմ, որ 2024 թվականին աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն դառնամ»,- ասաց Գասպար Տերտերյանը

67 կգ քաշայինների եզրափակիչում Գասպար Տերտերյանը 2:4 հաշվով պարտվել էր Եգիպտոսի ներկայացուցիչ Մուստաֆա Հուսեին Ֆաթիհ Ալամելդինիին:

Լուսինե Շահբազյան

Անընդունելի է կեղծ համախմբման կոչերի քողի տակ մեր պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը. Դավիթ Իշխանյան

ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյան հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախում ստեղծված ներքաղաքական լարվածության առնչությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Լինելով Արցախի Հանրապետության քաղաքացի եւ Ազգային ժողովի նախագահ՝ միշտ պայքարել եմ Արցախի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի եւ ուժային կառույցների՝ որպես պետականության հիմք ներկայացնող ինստիտուտների կայացման ու հզորացման համար:

Անընդունելի է վերջին օրերին հանրային հարթակներում կեղծ համախմբման կոչերի քողի տակ հանդես եկող որոշ դեմքերի՝ մեր պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը:

Ես Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնել եմ քաղաքական ուժերի համախոհության արդյունքում: Համոզված եմ, որ այդ համախմբումը միս ու արյուն է տալու պետականության պահպանման վեհ գաղափարին, որի լեգիտիմ ներկայացուցիչներն են Նախագահի եւ Ազգային ժողովի ինստիտուտները:

Բոլոր այն քայլերը, որոնք միտված են սեպ խրելու եւ ընդհանրապես պետական կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես թշնամանք են ստեղծում երկրի ներսում եւ ջուր լցնում թշնամու ջրաղացին:

Վստահ եմ՝ այս ծանր օրերին ուժային եւ իրավապահպան կառույցների ներկայացուցիչները գիտակցում են պետականության պահպանման գինն ու կարեւորությունը ու նրանց վստահված մեր անվտանգությունն ու ներքին անդորրի պահպանումը:

Որպես երկրի քաղաքական ղեկավարությունը ստանձնած երկրորդ դեմք՝ ինչպես ժամանակին մարտի դաշտում անմասն չեմ մնացել պետականության ստեղծման գործընթացին, հավատարիմ եւ հաստատակամ մնալով մեր նահատակների որդեգրած նպատակներին, գիտակցելով ներքին համերաշխության կարեւորությունը, պատրաստ եմ իմ բոլոր ուժերը ներդնել՝ համատեղ որոշումներ կայացնելու եւ այս իրավիճակից մեր հանրապետությունը նվազագույն վնասներով դուրս բերելու ուղղությամբ:

Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, համոզված եմ, որ ԱՀ Ազգային ժողովը կստեղծի բոլոր պայմանները՝ դառնալու ոչ միայն քաղաքական քննարկումների, այլեւ հանրության խնդիրները ներկայացնող եւ լուծումներ առաջադրող հարթակ:

Վստահեցնում եմ ձեզ, որ Ազգային ժողովը պատրաստ է հյուրընկալել հանրության կառուցողական միտում ունեցող տարբեր շերտերի եւ պատրաստակամ է լսելու բոլորի կարծիքը եւ այն ներկայացնելու թե´ ԱՀ նախագահին, թե´ պատկան մարմիններին:

Համոզված եղեք, որ այս ծանր կացությունից դուրս կգանք մեր հաստատակամ, արդար, անմնացորդ նվիրվածության ու համերաշխության շնորհիվ:

Կոչ եմ անում բոլորիդ ցուցաբերել զգոնություն և զսպվածություն՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի»:

Քննարկվել են ԲՏԱ նախարարության եւ Մատենադարանի միջեւ համագործակցության հնարավորությունները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը եւ նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հանդիպում են ունեցել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԲՏԱ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Մատենադարանի միջեւ համագործակցության հնարավորությունները:

Բարձր գնահատելով Մատենադարանում կատարվող աշխատանքները՝ Գեւորգ Մանթաշյանը խոսել է ձեռագրատան թվային տեխնոլոգիաների գործիքակազմն առավել հագեցնելու անհրաժեշտության մասին:

Վերջին 2 լիտր բենզինը պահել էինք, որ հասնեինք ծննդատուն. արցախցի Մարիան երկվորյակ է լույս աշխարհ բերել

Արցախցի Մարիա Մուսայելյանը Ստեփանակերտի ծնդդատանը օգոստոսի 20-ին երկվորյակ է լույս աշխարհ բերել: NEWS.am-ի հետ զրույցում Մարիան պատմեց, որ նորածին դուստրերը՝ Նարեն եւ Նանեն ծնվել են կեսարյան հատմամբ:

«Մեր ավտոմեքենայով եմ եկել, վերջին 2 լիտր բենզինը պահել էինք հենց այդ օրվա համար, որ եթե հանկարծ ցավերը սկսեն ու հիվանդանոց հասնելու խնդիրը լինի, գոնե կարողանանք հասնել: Առայժմ հիվանդանոցում եմ: Նույնիսկ չեմ ուզում մտածել թե ինչպես եմ վերադառնալու տուն, որովհետեւ վառելիք չկա, ու շատ հղիներ ոտքով են տուն գնում»,- պատմեց Մարիան:

Մայրը պատմեց, որ նորածինները արհեստական կաթնախառնուրդ չեն ընդունել. «Կերակրող մայր եմ, արհեստական կերեր չընդունեցին երեխաները, ինչը լավ է, որովհետեւ դրա պակաս կա Արցախում»:

Հղիության ընթացքում Մարիան սնվել է հիմնականում մրգերով եւ բանջարեղենով. «Քանի որ ամառ է, դրանք հասանելի էին»:

Հիշեցնենք, որ Մարիան ավելի վաղ հանդես էր եկել ուղերձով այն մասին, որ այժմ Արցախում ցեղասպանություն է իրականացվում:

Դիմում ենք բոլորին՝ դու՛ք եք մեր ձայնը, կանխե՛ք այս ցեղասպանությունը. Արցախի ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Արտաշատում 42–ամյա տղամարդը 17–ամյա տղայի ձեռքից դանակը խլել եւ խփել է նրա որովայնին

Արտաշատում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 21-ին, ժամը 20.00-ին, շտապօգնությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցի հասցեներից մեկում դանակահարություն է եղել:

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Ներսիսյան եւ Օրբելու փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանին դանակով խփել էր 42-ամյա համաքաղաքացու ձեռքին, նա էլ դանակը խլել եւ խփել էր պատանու որովայնին: Ըստ բժշկի տեղեկանքի՝ պատանուն պատճառվել էր կտրած-ծակած թափանցող վնասվածք:

Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 42-ամյա տղամարդը ներկայացել է բաժին: Նա ձերբակալվել եւ ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

Երեւանի ընտրություններն առաջին քայլն են՝ հեռացնելու այն իշխանություններին, որոնք հրաժարվել են Արցախից․ Ռուբեն Վարդանյան

Երեւանում երկրի բնակչության գրեթե կեսն է, եւ մեզ համար այս ընտրություններն առաջին քայլն են՝ հեռացնելու այն իշխանություններին, որոնք հրաժարվել են Արցախից, որոնք կամ ծախվել են, կամ չեն հասկանում, որ իրենց գործողություններով հարվածի տակ են դնում Հայաստանն ու ողջ ազգը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ողջ հայկական աշխարհն այսօր գոյաբանական ճգնաժամ է ապրում: Որպես ազգ մենք ոչնչացման սպառնալիքի տակ ենք: Արցախի եւ Հայաստանի տարածքների մի մասի նկատմամբ սպառնալիքներն ակնհայտ իրողություն են: Մեր թշնամիների հաջորդ քայլերը Հայաստանի նկատմամբ ագրեսիան, ողջ հայության ու մեր մշակույթի ոչնչացումն են: Արցախի պաշտպանությունը մեր ողջ ժողովրդի համար ընդհանուր գործ է, կյանքի ու մահու հարց: Իսկ ի՞նչ է անում դրա համար Հայաստանը՝ որպես պետություն, որպես այս հարցում ամենակարեւոր դերակատար: Նա կորցնում է Արցախը:

Հայաստանում քաղաքական իրավիճակն այսպիսին է. ներքեւները չեն կարող, վերեւները չեն ուզում: «Ներկաները» հետեւողականորեն իրականացնում են Արցախի հանձնման, Հայաստանի ինքնիշխանության լիակատար կորստի սցենարը: «Նախկինները» փաստացի հրաժարվել են պայքարից, քանի որ չեն կարողանում ժողովրդին ներել իր մոլորության համար: Այս իրավիճակում ի՞նչ պիտի անի Արցախը: Ինչպիսի՞ն պետք է լինի մեր, աշխարհի ողջ հայության՝ Հայաստանին որպես Արցախի անվտանգության երաշխավոր վերադարձնելու ծրագիրը: Մենք պետք է քաղաքական նոր իրավիճակ ստեղծենք: «Իմպոտենտների»՝ «դավաճանների» հետ պսեվդոպայքարին փոխարինելու պիտի գա նոր ուժ, որը եւ՛ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, եւ՛ ԿԱՐՈՂ Է, եւ՛ ԳԻՏԻ ամեն ինչ ճիշտ անել:

Սեպտեմբերին անցկացվելու են Երեւանի ավագանու ընտրություններ: Ես շատ եմ սիրում իմ ծննդավայր Երեւանը, բայց մեզ բոլորիս համար դրանք պարզապես տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ չեն՝ ավտոբուսների, աղբահանության եւ այլնի մասին: Երեւանում երկրի բնակչության գրեթե կեսն է, եւ մեզ համար այս ընտրություններն առաջին քայլն են՝ հեռացնելու այն իշխանություններին, որոնք հրաժարվել են Արցախից, որոնք կամ ծախվել են, կամ չեն հասկանում, որ իրենց գործողություններով հարվածի տակ են դնում Հայաստանն ու ողջ ազգը:

Նոր կուսակցությունը, որը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է եւ ԿԱՐՈՂ Է կանգնեցնել այդ անցանկալի սցենարը, «Ապրելու երկիրն» է։ Այս կուսակցության շուրջ միավորվել են մարդիկ, որոնք իսկապես գիտեն, թե ինչպես փոխել իրավիճակը եւ պատրաստ են պատասխանատվություն ստանձնել Հայաստանի ապագայի համար։

Կոչ եմ անում բոլորին մասնակցել ընտրություններին եւ աջակցել «Ապրելու երկիր» Կ կուսակցությանն ու մեր թեկնածու Մանե Թանդիլյանին։ Մեսրոպ Առաքելյանին ու Մանե Թանդիլյանին ճանաչում եմ որպես Արցախի իսկական նվիրյալների, որոնք, ինչպես եւ ես, պատրաստ են զոհել ամեն ինչ, եթե պետք է՝ կյանքը տալ հանուն Արցախի։ Հանուն Արցախի նշանակում է՝ նաեւ հանուն Հայաստանի ու հանուն հայ ազգի։

Կոչ եմ անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին համախմբվել եւ իրավիճակը դուրս բերել այն փակուղուց, որը ստեղծվել է դեռեւս իշխող կուսակցության քաղաքականության արդյունքում։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ճանաչում են, ովքեր մասնակցել եւ մասնակցում են իմ նախագծերին, ովքեր կիսում են մեր արժեքները, ովքեր անտարբեր չեն, գալ ընտրությունների եւ ՓՈԽԵԼ ԱՊԱԳԱՆ: Մեր թշնամիները եւ ողջ աշխարհը պետք է տեսնեն, որ մենք պատրաստ ենք վճարել ամենաբարձր գինը։ Նրանք դա պետք է տեսնեն Երեւանում քվեարկության ժամանակ, նրանք պետք է դա տեսնեն Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին։

Մենք գիտենք՝ ինչպես փոխենք մեր ապագան»,- ասել է նա։

Եվրո-2024. Թուրքիա — Հայաստան հանդիպման տոմսերի գները

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ արդեն վաճառքում են Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիա — Հայաստան հանդիպման տոմսերը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ նշվել է, որ սեպտեմբերի 8-ին, Էսքիշեհիրում տեղի ունենալիք Թուրքիա — Հայաստան ֆուտբոլային հանդիպման տոմսերի գինը կկազմի 200, 300, 400 լիրա (7,5, 11 եւ 15 դոլար՝ համապատասխանաբար)։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում արգելված իրերով թաքստոց է հայտնաբերվել

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ազատազրկված անձանց կողմից պատրաստված հերթական թաքստոցը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայությունից։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման եւ օպերատիվ բաժինների ծառայողները, շարունակելով ազատազրկված անձանց կողմից արգելված իրերով թաքստոցների հայտնաբերման աշխատանքները, օգոստոսի 21-ին խուզարկություններ են իրականացրել հիմնարկի հիվանդասենյակներում:

Խուզարկությամբ հիվանդասենյակներից մեկի հատակի տակ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս եւ լիցքավորման սարք:

Հիվանդասենյակում պահվող կալանավորված անձ Է. Ղ.-ն հայտարարել է, որ նշված արգելված իրերն իրեն չեն պատկանում, եւ տեղյակ չի եղել դրանցից, իսկ այլ հիվանդասենյակում պահվող կալանավորված անձ Ա. Հ.-ն խոստովանել է, որ արգելված իրերը պատկանում են իրեն, եւ դրանք նա է պահել թաքստոցում Է. Ղ.-ի բացակայության ընթացքում:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ընկերների հետ որսի ժամանակ հրազենային վնասվածք ստացած 22-ամյա տղան մահացել է․ Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Սպիտակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երեւանի բնակիչ 22-ամյա Ջանիկ Ա.-ն։ Վերջինս հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 20-ին՝ Արագածոտնի մարզից, որտեղ իր մի քանի ընկերների հետ որսի էր մեկնել։

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին, ժամը 08:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի: Քաղաքացին նշված կենտրոն էր տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել էր հրազենային վնասվածք: Սպիտակի բժիշկները մի քանի ժամ պայքարում էին նրա կյանքի համար: