Երեւանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ

Օգոստոսի 19-ին, ժամը 13:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սարգսաշեն» նորակառույց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Կ․ Ա․) և «BMW» (վարորդ՝ Հ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաներից մեկական ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Ադրբեջանցները կրկին թիրախավորել են «Սյունիք» օդանավակայանը․ հյուրերին շտապ տարհանել են․ Գոռ Ծառուկյան

Ադրբեջանցի ահաբեկիչները կրկին թիրախավորել են Հայաստանի Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ Այս մասին X-ում գրառմամբ հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։

«Անվտանգության աշխատակիցները հյուրերին շտապ տարհանել են տարածքից։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, չնայած հարձակմանը։ Դրանում եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, քաղաքացիներ։

Նման ահաբեկչության գործողությունները վտանգում են անմեղ կյանքերն ու կայունությունը»,- գրել է նա։

Երևան-Սիսիան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է․ կա զոհ և տուժածներ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:26-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սառնակունք-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհի 149-րդ կմ-ին Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ս․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ուղևոր Ի․ Ռ․-ն (ծնված 1993 թ.) մահացել է, իսկ Ա․ Ա․-ն, Ա․ Յ․-ն և Յ․ Կ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ Ի․ Ռ․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Երեւան-Կապան երթուղով ինքնաթիռը շաբաթական կիրականացվի երկու չվերթ. տոմսի արժեքն է 20 հազար դրամ

Այսօր, օգոստոսի 19-ին ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամին պատկանող չեխական արտադրության L410 ինքնաթիռով իրականացվել է առաջին ներկայացուցչական չվերթը Երևան-Կապան-Երևան երթուղով։ Հայտնում են ԶՄՊԿ-ից:

Այս չվերթով Զվարթնոց օդանավակայանից Սյունիք օդանավակայն ժամանեցին Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Սյունիքում առաջին ուղևորներին դիմավորեցին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը։

Առաջին չվերթով Երևան մեկնեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Սյունիք օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի խոսքով․ «Օդանավակայանը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Սյունիքի, այլև ողջ երկրի համար։ Այն կարևոր է նաև ԶՊՄԿ-ի, որպես երկրի խոշորագոյւն ձեռնարկության համար, քանի որ կանոնավոր չվերթները զգալիորեն կբարելավեն ընկերության աշխատակիցների, գործընկերների և հյուրերի համար բազմաթիվ լոգիստիկ խնդիրներ։ Պատկան մարմինների կողմից համապատասխան որոշմամբ կանոնավոր չվերթները նախատեսվում է սկսել շուտով՝ ավնտանգային բոլոր պահանջների լիարժեք ապահովմամբ։ Չվերթները կիրականացվեն լիցենզավորված ընկերության կողմից, իսկ ԶՊՄԿ-ն հնարավորությունների սահմաններում կաջակցի բնակչության համար ավիատոմսերի մատչելի գնի ձևավորման գործընթացին»։

Երթուղին սպասարկող «Նովէյր» ավիաընկերությունը հայտնում է, որ շաբաթական կիրականացվի երկու չվերթ ՝երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երթուղու մեկ ուղղության տոմսի արժեքը սահմանվել է 20 հազար դարմ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Սյունիք օդանավակայանից և «Նովէյր» ավիաընկերության գրասենյակից։

Հիշեցնենք, որ մինչ այս մի շարք տեխնիկական թռիչքներ են տեղի ունեցել, իսկ օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ մեկնել էր Երևան-Կապան ավիաչվերթով։

Արցախի նախագահը հանդիպել է Զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Արցախյան 3-րդ պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Նախագահը ներկայացրել է Արցախի ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, խոսել հնարավոր զարգացումներից: Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին ու ներքին հարթակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և առաջիկա անելիքներին:

Ադրբեջանը հրաժարվում է արցախցի Հելենի դին թույլ տալ տեղափոխել ԼՂ․ ԱԳՆ

Ադրբեջանը հրաժարվում է արցախցի աղջկա դին թույլ տալ տեղափոխել ԼՂ: Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը․

«Հելենը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սովորում էր Հայաստանում, 5 օր առաջ մահացել է սարսափելի ավտովթարից, Ադրբեջանը հրաժարվում է ԿԽՄԿ-ի միջոցով նրա մարմինը տեղափոխել հայրենիք՝ հուղարկավորելու համար»,- նշել է նա։

Ֆրանսիայի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի, Նիգերի եւ Արցախի իրավիճակը

Ֆրանսիայի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Քատրին Կոլոնան եւ Վան Ին հեռախոսով ուրբաթ քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, Նիգերում եւ Արցախում, տեղեկացրել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին, նախարարը հիշեցրել է, որ Չինաստանը պետք է կարեւոր դեր խաղա, որպեսզի համոզի Ռուսաստանին դադարեցնել ագրեսիվ պատերազմը եւ հետեւել միջազգային իրավունքին։ Նախարարը նաեւ ընդգծել է ռուսական ագրեսիայի հետեւանքների վերացման ջանքերը շարունակելու կարեւորությունը, մասնավորապես՝ համաշխարհային պարենային անվտանգության համար։ Նիգերի իրավիճակի վերաբերյալ նախարարը հիշեցրել է, որ Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է պետական հեղաշրջման փորձը եւ նախագահ Բազումի ու նրա ընտանիքի առեւանգումը եւ աջակցում է նախագահ Բազումի շուրջ սահմանադրական կարգի վերականգնման ECOWAS-ի բոլոր ջանքերին։

Երկու նախարարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունն այս բոլոր հարցերի վերաբերյալ»,- նշվել է հաղորդագրությունում։

Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում որեւէ մանրամասն չկա Արցախում հումանիտար ճգնաժամի քննարկման մասին։

Չինական բանակը զորավարժություններ է անցկացրել Թայվանի մոտ

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի մարտական հրամանատարության արեւելյան գոտին շաբաթ օրը զորավարժություններ է անցկացրել Թայվանի հյուսիսային եւ հարավարեւմտյան մասի օդային եւ ծովային տարածքում, տեղեկացրել է «Սինհուան»։

Չինաստանի բանակի մարտական հրամանատարության արեւելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Իի խոսքով՝ զինվորականները կատարել են ծովում եւ օդում տիրապետության հաստատման առաջադրանքներ, սուզանավերի որոնում եւ հականավային պաշտպանություն, ինչպես նաեւ ստուգել են զինված ուժերի՝ համատեղ մարտ վարելու եւ համակարգված պատասխան տալու ունակությունը։

Մինչ բարձրաստիճան պաշտոնյաների ինքնաթիռը վայրէջք կկատարեր Կապանում՝ կրակահերթի ձայներ են լսվել. aravot.am

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Կապանի օրվա առիթով պիտի ներկայացուցչական թռիչք լիներ։ Մինչ Երեւանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր «Սյունիք» օդանավակայանում՝ ըստ ականատեսների, կրակահերթի ձայներ են լսվել։ Հայտնում է aravot.am-ը:

Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները շենքից տարհանել են դիմավորողներին։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ինքնաթիռի մեջ են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։ Ենթադրվում է, որ ադրբեջանցիները նպատակ են ունեցել վախի մթնոլորտ ստեղծել, որ ինքնաթիռը վայրէջք չկատարի։ Նշենք նաեւ, որ «Սյունիք» օդանավակայանում ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչ, երրորդ հերթափոխի ավագ Ալբերտ Սարգսյանը օգոստոսի 18-ին հաղորդում է տվել, որ նույն օրը ժ.04.24-ին Ադրբեջանի կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող վայրից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ արձակվել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս, վնասել գույք, իսկ 3-րդ կրակոցի հետքերը չեն հայտնաբերվել, որոնք ունեցել են ազգային, էթնիկ բնույթի հանգամանքներով պայմանավորված սպանության նպատակ:

Մեկնել են ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննիսյանը, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Կոստանդյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Մկրտչյանը և Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Գրիգորյանը:

Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քր. վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար: Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ Զ. Ասկերովը երեկ հայտարարել է. «Կապանի օդանավակայանը կունենա Ստեփանակերտի օդանավակայանի ճակատագիրը։ Այն կմնա որպես թանգարանային նմուշ։ Հայաստանը պատրաստվում է սադրիչ գործողությունների, ինչպիսին Կապանի օդանավակայանի բացումն է։ Հայաստանը Ադրբեջանի հետ նման համաձայնություն չունի»։

Հայաստանը 30 տարում առաջին անգամ Ռուսաստանի հետ առեւտրում պրոֆիցիտ է գրանցել

Հայաստանը 30 տարում առաջին անգամ Ռուսաստանի հետ առեւտրում պրոֆիցիտ է գրանցել։ Հայաստանից ապրանքների արտահանումը զգալիորեն գերազանցել է ներմուծումը։ Այսպիսին են Հայաստանի մաքսատան տվյալները։ Պրոֆիցիտը 6 ամսում կազմել է 210 մլն դոլար, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվել է, որ մինչ այժմ երկիրն ավելի շատ ներկրել, քան արտահանել էր ապրանքներ։ Դեֆիցիտի ամենամեծ ցուցանիշները եղել են անցած տարի։ Այդ ժամանակ ներմուծման գումարը 596 մլն դոլարով գերազանցել է արտահանման գումարը։ Ամենափոքր դեֆիցիտը եղել է 2004թ.։ Իսկ պրոֆիցիտ երբեք չի եղել։

Այս տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է երեք անգամ։ Ներմուծումը նույնպես ավելացել է 28 տոկոսով։ Արդյունքում՝ գրանցվել է երկու երկրների միջեւ ռեկորդային ապրանքաշրջանառություն՝ 3,14 մլրդ դոլար։ Ռուսաստանը նախկինի պես մնում է Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերը, գրել է «Московский комсомолец»-ը։