Որոշ շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով


Օգոստոսի 17-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

 

Երևան քաղաքում՝՝

Oգոստոսի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-22-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`

Oգոստոսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-21-ին կեսօրից հետո, 22-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան 2-3 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Աշոտյանը մեղադրյալ չէ, նրա նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել, գլխավոր դատախազը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել. Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արմեն Աշոտյանի գործի էությունը, իմ կարծիքով, բոլոր ողջամիտ մարդկանց համար վաղուց պարզ է և լրացուցիչ բացատրությունների կարիք չկա: Պարզ է, որ իրավապահ կոչվող համակարգը, նենգափոխելով իրավաբանական գիտության բուն էությունը, խախտելով բոլոր իրավական և բարոյական նորմերը, կատարում է քաղաքական իշխանության պատվերը:

Գրածս, այդ լույսի ներքո, միգուցե այդքան էլ կարևոր չէ, բայց ամեն դեպքում, իմ կարծիքով, ուշադրության արժանի:
Որպես կանոն, իրավապահները, կատարելով քաղաքական պատվեր, մշտապես ձգտել են ապահովել պրոցեսի ձևական կողմի պատշաճությունը: Նկատի ունեմ, որ թղթերը պետք է լինեն «սիրուն» և օրենքին համապատասխանող արտաքին տեսքի, չպետք է լինեն վրիպակներ, սխալներ և այլն:

Ամեն դեպքում, իրավապահները քաջ գիտակցելով, թե ինչ են անում, միշտ ձգտել են ապահովագրվել ապագայում հնարավոր բացասական զարգացումներից: Արմեն Աշոտյանի դեպքում այդ մոտեցումը չկա: Չեմ կարող ասել, թե դա ինչի հետևանք է, բայց թույլ են տրվում այնպիսի սխալներ, որոնք իրենց հերթին հիմք են, ամենից զատ, Արմեն Աշոտյանին անհապաղ ազատելու համար: Դրանցից մեկի մասին խոսել եմ հարցազրույցի ընթացքում՝ Արմենին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը՝ հենց տեքստում, սևով սպիտակի վրա ուղղված էր «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին»: Դեռ մի կողմ թողնենք, որ այդպիսի անվանմամբ դատարան չկա, բայց դա քրեադատավարական կարգի այնպիսի խախտում է, որի պայմաններում դատարանը պարտավոր է, օրենքի ուղղակի պահանջով, մերժել վարույթի հարուցումը, այսինքն՝ չքննել միջնորդությունը: Ի՞նչ է անում դատավորը: Հայտարարում է, որ դա համարել է տեխնիկական վրիպակ: Ինչպես կարելի է նման խոսքին արձագանքել: Օրինակ՝ ես էլ համարում եմ, հարգելի դատավոր, որ քեզ պաշտոնի նշանակելու մասին նախագահի հրամանագրում ևս տեխնիկական վրիպակ է և իրականում այլ մարդ է նշանակվել: Երկու դեպքում լրջության աստիճանը նույնն է:
Բայց առկա է մեկ այլ խախտում ևս: Արմենին մեղադրանք է առաջադրված երեք հոդվածով՝ նախկին քրեական օրենսգրքով: Դրանցից մեկն է 179 հոդվածի 3-րդ մասը, որը որպես պատիժ նախատեսում է 5-8 տարի ազատազրկում: Այդ հոդվածին գործող քրեական օրենսգրքում համապատասխանում է 256 հոդվածի 3-րդ մասը: Այս հոդվածի սանկցիան 4-8 տարի է: Կարծես տարբերությունը այդքան մեծ չէ, դե եթե չհաշվենք, որ քրեակատարողական հիմնարկում ամեն ավելորդ րոպեն էլ շատ դաժան է: Ինչևէ, քանի որ նոր հոդվածը ավելի մեղմ է, ապա թե Սահմանադրության, թե նոր քրեական օրենսգրքի պահանջով, Արմենին չէր կարող մեղադրանք ներկայացվել 179 հոդվածի 3-րդ մասով, իսկ ներկայացվելու դեպքում այն պարզապես ապօրինի է: Մեծ հաշվով, եթե մեկնաբանենք օրենքը հօգուտ մարդու, Արմեն Աշոտյանը մեղադրյալ չէ և նրա նկատմամբ խափանման որևէ միջոց չի կարող կիրառվել: Ես համառորեն սպասում էի, որ գոնե մի դատախազ, քննիչ կամ դատավոր սա կնկատի և դիտմամբ սրա մասին չէի բարձրաձայնում, որպեսզի դա էլ չհայտարարեն «տեխնիկական վրիպակ»:

Հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ անկախ բոլոր այլ հանգամանքներից՝ հետապնդման բացահայտ քաղաքական բնույթից, հանցակազմի առերևույթ բացակայությունից, Արմեն Աշոտյանը նաև նշված հիմքով մեղադրյալ չէ, ուստի նրա նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել, իսկ ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել: Նա, իհարկե, դա չի անի, բայց այս ամենը հիմք է, որ ժամանակները փոխվելուց հետո, գլխավոր դատախազը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 71 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 1-ը՝ նախկինոմ կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ֆիզիկական ներգործության և թմրանյութի իրացման՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության, խարդախության ու փաստաթղթի կեղծիքի՝ 4-ական, խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, հոգեկան ներգործության, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, ծառերը, թփերը կամ բուսածածկն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձի կողմի տրանսպորտային միջոց վարելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է դրամանենգության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իջևանում թուրք է հայտնվել, համապատասխան մարմինները զբաղվում են հարցով

Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Գրել է «Հրապարակ»-ն ու մանրամասնել, որ Իջևան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղևորները կասկածելի անձ են նկատել, ով հեռախոսով խոսել է թուրքերեն։

Ըստ աղբյուրի, ուղևորները նկատել են, որ այդ անձը զանգերը ստացել է թուրքական հեռախոսահամարներից: Ուղևորները պահանջել են վարորդից, որպեսզի կանգնեցնի երթուղայինը և ոստիկանություն են դիմել:

Panorama.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են. «Ահազանգ ստացվել է, համապատասխան մարմինները զբաղվում են։ Այլ մանրամասներ չկան»։

Շիրակում ողբերգական վթարից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ներկայացնելով մանրամասներ․

1 տուժած-Գյումրու բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:
2 տուժած-«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը բավարար, մյուսինը` կայուն:
1 տուժած-«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, առողջական վիճակը` վիրահատվել է, կայուն ծանր:
1 տուժած-«Աստղիկ» բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:
1 տուժած-«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր:

Ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է․ Արցախի ՊԲ-ից՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մասին

Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ, հայտնում են Արցախի ՊԲ-ից։

«Հետևաբար, Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն այն մասին, թե իբր 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈՒ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է», — նշված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Օգոստոսի 17- ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Փաշինյանական իշխանությունն Արցախի հարցը հրել ու հասցրել է Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում քննարկվող իրավունքի խնդիր. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի իշխանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է, իր ներկայացուցիչն էլ գնում է այդ դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վերահաստատելու ու դրանից հետո ի՞նչ սպասում, ի՞նչ ակնկալիք:

Փաշինյանական իշխանությունը Արցախի հարցը հրել ու հասցրել է Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում քննարկվող իրավունքի խնդիր ու, բնականաբար, թեմայի բոլոր արծարծումները դրա տրամաբանության ներքո են լինելու: Միակ գործոնը, որն այսօր խառնում է Արցախի հանձնման` դրսի ու ներսի շահառուների խաղաքարտերը, Արցախում ապրող մարդիկ են ու նրանց անկեղծորեն սատարող խմբերը:
Շատ կարևոր է հասկանալ, թե ավելի գլոբալ առումով ի՞նչ հետևանքներ կունենան ՄԱԿ-ի ԱԽ քննարկումները տարածաշրջանային զարգացումների վրա»:

Վագիֆ Խաչատրյանը զինծառայության է անցել 1992 թ․-ից, մինչ այդ աշխատել է որպես վարորդ․ Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է հավաքագրել Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտության վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Այդ համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Վագիֆ Խաչատրյանը զինվորական ծառայության է անցել 1992 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո է մասնակցել մարտական գործողություններին։ Մինչ այդ վերջինս աշխատել է Ստեփանակերտում՝ որպես շարքային վարորդ։ Ուստի, Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարությունն առ այն, որ Վ. Խաչատրյանը 1991 թվականի դեկտեմբերի 22-ին «հայկական զինված կազմավորումների խմբի կազմում Մեշալի գյուղում իրականացրել է հանցագործություն», չի համապատասխանում իրականությանը: Այդ հանգամանքը հաստատում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված և վերլուծված տեղեկատվությունը, որը հիմնավորվում է արխիվային փաստաթղթերով, հրամանատարների հրամաններով, Վ. Խաչատրյանի անցած մարտական ուղին փաստող տեղեկանքներով, ընտանիքի անդամների վկայություններով:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված և հաստատված տեղեկությունների համաձայն՝ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, ով ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով։ Ուստի վերջինիս ազատությունից զրկումն Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց անմիջապես հետո ադրբեջանական մեդիա տիրույթում նոր թափ են ստացել հայերի նկատմամբ բռնության կոչերը, ատելության և թշնամանքի քարոզը՝ ուղղված նաև Վագիֆ Խաչատրյանի և նրա հարազատների նկատմամբ:

Այս երևույթը Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության և էթնիկ հիմքով ատելության քաղաքականության ևս մեկ ապացույց է։ Ընդ որում, ադրբեջանական հասարակությունը, այդ թվում՝ հասարակական գործիչները, լրատվության միջոցները և պաշտոնատար անձինք Վագիֆ Խաչատրյանին պիտակավորել են որպես հանցագործ:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքները չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել։

Վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտությունը տեղի է ունեցել/ունենում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված ամբողջական տեղեկատվությունն ուղարկվել է իրավասու մարմիններին և միջազգային գործընկերներին:

Ադրբեջանցիները տարածել են հերթական ապատեղեկատվությունը. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: