Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ ծանր վիրավոր ունենք

Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Լոռիում աղջիկը տան պատին ամրացված խողովակից կախված հայտնաբերել է 14-ամյա քրոջը․ նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երեկ՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։15-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ, 11-ամյա Է․ Դ․-ն իր քրոջը՝ 14-ամյա Մ․ Դ․-ին տանը միայնակ թողնելով՝ գնացել է հարեւանի տուն, որոշ ժամանակ անց վերադառնալով տուն՝ տանը կից շինության պատին ամրացված խողովակից (շարֆով) կախված վիճակում նկատել է քրոջը, ապա վազելով օգնության է կանչել հարեւանուհուն, վերջինս էլ՝ իր մյուս հարեւաններին, երեխային իջեցրել են կախված տեղից, ապա փորձել են տանել հիվանդանոց՝ մինչ այդ ահազանգելով շտապօգնություն։

Ճանապարհին երեխային տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենան։ Ցավոք, հիվանդանոցի ճանապարհին երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լատվիայի վարչապետը հրաժարական է ներկայացնում

Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Հրաժարականի իր դիմումը նա երրի նախագահին է ներկայացնելու օգոստոսի 17-ին։

«Հինգշաբթի օրը հրաժարականի դիմումս կներկայացնեմ Լատվիայի նախագահին։ «Նոր միասնություն» կուսակցությանը կոչ եմ անում առաջադրել վարչապետի նոր թեկնածու»,- գրել է Կարինշը X (նախկիինում՝ Twitter)-ի իր միկրոբլոգում։

Delfi հարթակն էլ նշում է, որ Կրիշյանիս Կարինշն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լատվիայի զարգացման համար ուժեղ կառավարություն է անհրաժեշտ։

«Զարգացման համար պետությանն անհրաժեշտ է ունենալ ուժեղ և դինամիկ կառավարություն, որն ունակ կլինի բարդ որոշումներ կայացնել»,- ասել է նա։

Երևանի քաղաքապետարանը չի հերքում՝ «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրենի պաշտոնի համար դիտարկվում է Սոս Ջանիբեկյանի թեկնածությունը

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է տարածվող լուրերին, համաձայն որոնց դերասան Սոս Ջանիբեկյանը կնշանակվի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշել է, որ թատրոնի տնօրենի նշանակման համար նախ պետք է մրցույթ հայտարարվի, թեկնածուները պետք է մասնակցեն մրցույթին, իսկ հաղթողը Երևանի քաղաքապետի որոշմամբ ստանձնի տնօրենի պարտականությունները:

«Դեռ մրցույթ չկա, չկա նաև մասնակիցների ցանկ, ուստի այն տեղեկությունը, որ Սոս Ջանիբեկյանը նշանակվել է «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն, չի համապատասխանում իրականությանը»,-նշել է Կոստանյանը և չի հերքել՝ Ջանիբեկյանի թեկնածության վերաբերյալ քննարկումներ կան:

Անդրադառնալով մրցույթի հայտարարման ժամկետներին՝ Կոստանյանն ասել է՝ ժամկետներ դեռ չեն նախանշվում:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Սոս Ջանիբեկյանը նշանակվելու է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն: Ջանիբեկյանը չէր հերքել լուրն ու նշել էր, որ այն դեռ քննարկման փուլում է:

ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը և ՀՀ դեսպանը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում և ԼՂ-ի շուրջ

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Կողմերը վերահաստատել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների պայմանավորվածությունների ողջ փաթեթի խստագույն պահպանման կարևորությունը։

Արցախում խոր ցավով տեղեկացանք ավտովթարի մասին․ Արցախի նախագահը ցավակցել է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցել է գիշերը վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Արցախում խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ավտովթարի զոհ դարձած մեր քույրերի ու եղբայրների հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Այս ծանր պահին ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը», — գրել է նա։

Ինչու է հետաձգվել Աշոտյանի գործով դատական նիստը և երբ այն կվերսկսվի. Մանրամասնում է փաստաբանը

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Ինչպես ասել էի արդեն, տեսաձայնագրություններ կան։ Պարոն Աշոտյանը կարողացել է քրեակատարողական հիմնարկի պայմաններում ծանոթանալ կեսին։ Իր խոսքերով՝ հայտնաբերել է լուրջ հակասություններ գրավորի և բանավորի միջև, հետևաբար, անհրաժեշտություն կա դրանք մինչև վերջ դիտելու։ Դրա համար հետաձգեցին մինչև 18։30-ը, որպեսզի դրա մասով հասցնեն ծանոթանալ»,-նշեց նա։

Նա նաև նշեց, որ դատարանի բակում ակցիա իրականացնելն էլ անիմաստ է.«Արմենին նստացրել է Նիկոլը, իսկ Նիկոլն էստեղ չէ»։

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը այսօր կրկին հետաձգվեց։ Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ դատարանը քննում է նրա կալանավարումը երկարաձգելու միջնորդությունը։

«Սևան» ՔԿՀ-ում սառնարանում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են մոտ երկու տասնյակ արգելված իրեր

Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված սառնարանը:

Զննությամբ սառնարանի միջնահարթակից հայտնաբերվել են թափանցիկ, կպչուն ժապավենով և շինարարական փրփուրով քողարկված մոտ երկու տասնյակ արգելված իրեր, մասնավորապես՝ 14 հատ բջջային հեռախոս, 4 USB լար և բաժանորդային քարտ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Ընդամենը 100 ճիշտ օր, և մեր հասարակությունն անճանաչելիորեն կփոխվի. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածը.

«Մեր հոգևոր դասի ներկայացուցիչների, սրբազան հայրերի խոսքում վերջերս հաճախ է լսվում տարակուսանք, թե «Ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում անտարբեր են Արցախում տիրող վիճակի հանդեպ»։

Մեծ հարգանք տածելով այս պատմական պահին մեր եկեղեցու դերի և գործունեության հանդեպ՝ ինձ պարտավորված եմ զգում անդրադառնալ այս պնդմանը, որն ունի մի քանի կարևոր ենթակետեր։

— Մեր ժողովուրդն անտարբեր է դարձել ոչ միայն Արցախի հանդեպ, այլև՝ ամեն ինչի։ Մենք դադարում ենք միասնական, ապրումակցային հասարակություն լինել։

— Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ ամեն օր, ամեն րոպե ապրում են Արցախով ու պատրաստ են անել (անում են) իրենցից կախված ամեն հնարավորը։

Իրականությունն ավելի ամբողջական է դառնում՝ այս երկու կետերը միաժամանակ հաշվի առնելով։ Պետության, պետականության արժեքի հարաճուն անկման պայմաններում մենք դադարում ենք լինել պետություն ունեցող ժողովուրդ։ Սա է ամենամեծ վտանգը։ Մենք վերածվում ենք ատոմիզացված բնակչության։ Ու դա ոչ միայն Արցախի հարցում։ Սամռկեցուցիչ, չդադարող վթարները Հայաստանի ճանապարհներին վկայում են, որ մենք մեքենա վարում ենք (ապրում ենք) անվտանգության բնազդը կորցրած կենդանու պես։

Ժողովուրդներին ուղղորդում են վերնախավերը, ժողովուրդներին առաջնորդում են վերնախավերը, ժողովուրդներին համախմբում են վերնախավերը։ Մեզանում ոչ թե ժողովուրդն է տապալված, այլ՝ վերնախավերը։

Լիներ այլ իշխանություն՝ այսօր մենք կունենային լրիվ այլ որակի հասարակություն։ Թարմ օրինակ. 2016-ին ապրիլյան պատերազմի ժամանակ իշխանությունը դրել էր այլ խնդիր՝ համախմբման, ապրումակցման, ոգու ամրության, և մենք ստացանք այդպիսի ժողովուրդը։ Ավելի հին օրինակ՝ 1988-ի երկրաշարժից հետո իշխանությունը դրել էր խնդիր, և մենք ունեցանք օգնող, ձեռք մեկնող, ուրիշի ցավը զգացող ժողովուրդ։

Այն, ինչ այսօր անում է գործող իշխանությունը, նրա Հ1-ի քարոզչությամբ, ցանկացած ժողովրդից կարող է ստանալ էգոցենտրիկ-կենցաղային բնակչություն։ Խեղդվող Արցախի պայմաններում «պարտադրվող ուրախության» քաղաքականությունը նույն տրամաբանության մեջ է։

Բայց պետք չէ նաև ամեն ինչ բարդել իշխանության վրա։

Մեր մտավորականներից շատերը վախենում են կարծիք ունենալ, կարծիք հայտնել, կարծիք պաշտպանել։ Ոչ միայն Արցախի հարցում, այլև՝ շատ այլ խնդիրների։

Այո, մեր հասարակությունն ունի նաև ճղճիմ որակներ, եսակենտրոնություն, մտածողության փոքրություն։ Այո, մեր հասարակության մեջ կա միտում՝ տուն-տեղ, հայրենիք, դպրոց, ամեն ինչ թողնել ու գաղթել Գլենդեյլ և այլուր։

Բայց նույն հասարակության հազարավոր անդամներ, իրենց վրա վերցրած պետության լքված գործառույթները, Արցախ օգնություն հասցնելու ճանապարհներ են փնտրում/գտնում, կյանքեր են փրկում։

Ամեն ինչ կա՝ և´ վատը, և´ լավը։ Ամենամեծ պրոբլեմը պետական մտածողության թուլությունն է։ Չփոխենք սա՝ ոչ մի բան չենք կարողանալու պահել՝ ո´չ Արցախը, ո´չ Ամարասը, ո´չ Հայաստանը, ոչ էլ՝ Էջմիածինը։

Ինչպե՞ս ստանալ պետական մտածողությամբ հասարակություն։ Սա է ամենակարևոր հարցը, որի լուծումը մեկն է։ Նոր ազգային-առաջադիմական վերնախավերի ձևավորումն ու նրանց միջոցով առաջնորդություն ստանձնելը։

Մեր հասարակությունը կորցրել է լավի ու վատի ընկալումը. զարհուրելի է, բայց մենք կորցրել ենք տարրական ամոթի զգացումը։

Ես կուզեի՝ մեր Սրբազան հայրերը, մեր հոգևորականները մի պահ պատկերացնեին, թե որքան հայտնի դեմքեր, արվեստի, մշակույթի գործիչներ են հրաժարվում Արցախի աջակցության որևէ ակցիայից՝ վախը սրտներում, թե իշխանությունը կբարկանա։

Բայց պետք է նաև իմանանք, թե աշխարհի բեմերում, համալսարաններում և այլ հարթակներում հանդես եկող որքան հայտնի հայեր ինչ մեծ պատրաստակամությամբ են միանում աջակցության և պայքարի ամեն հնարավորությանը։ Սա է մեր հարստությունը։

Ես ամեն առիթով կարևորում եմ նոր ստեղծվող ձևաչափերը, շարժումները, հարթակները, այդ թվում՝ Վեհափառ Տիրոջ նախաձեռնությամբ մեկնարկած «Գավիթ» հարթակը։

Այս հարթակների ամենակարևոր առաքելությունը նոր արժեքներով նոր վերնախավերի ձևավորումն է, որը կառաջնորդի ժողովրդին։ Հասարակության մեջ կխրախուսի լավը, վեհը, ազնիվը, և կբացատրի՝ ինչն է ամոթը, ինչն է անասնականը։ Հայ ժողովուրդը անտարբեր չէ, հայ ժողովրդին դարձնում են անտարբեր։

Լինի այլ իշխանություն, այլ տրամադրվածությամբ աշխատող պետական համակարգ, Հ1-ի այլ քաղաքական-հանրային ուղերձներ, ընդամենը 100 օր հետո անճանաչելիորեն կփոխվի մեր հասարակությունը։ Մենք ինքներս կզարմանանք՝ արդյո՞ք այն անտարբեր, անմիտ հասարակությունը մենք էինք»։