Կառավարության մոտ իրավիճակը լարված է 

ՀՀ կառավարության մոտ լարված իրավիճակ է:

Պատերազմի մասնակիցները, որոնք շարունակում էին բողոքի ակցիան, բերման են ենթարկվում:

Ոստիկանությունը զգուշացնող հայտարարություն տարածեց` քաղաքացիների գործողություններն անօրինական են:

«Վիտյա Թբիլիսսկին» պահանջել է պարտված գրազը՝ 20 000 դոլար, վերցրել է «Range Rover Sport»-ը, սպառնացել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վրաստանի քաղաքացի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացուց շորթում կատարելու դեպքի առթիվ դեռևս 2016թ. ապրիլին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ անձը, ով քրեական վարույթի շրջանակներում գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, հայտնաբերվել էր Չեխիայի Հանրապետությունում, փոխանցվել ՀՀ իրավասու մարմիններին, որից հետո նրան ներկայացվել էր շորթում կատարելու մեղադրանք և կալանավորվել:

Քննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ վերջինս, ով հայտնի է «Վիտյա Թբիլիսսկի» մականվամբ, 2016 թվականի մարտի 26-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Կոմիտաս պողոտայում գտնվող ռեստորաններից մեկում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ներկայանալով որպես «օրենքով գող», իբր պարտված գրազի վերաբերյալ զրուցելու պատրվակով, զանգահարել և հանդիպման է հրավիրևել Կոտայքի մարզի 43-ամյա բնակչին։

Պայմանավորվածության համաձայն՝ վերջինս իր ավտոմեքենայով գնացել է հիշյալ ռեստորան, որտեղ հանդիպել է 7-8 անձանց հետ, այդ թվում՝ վերոհիշյալ քրեական հեղինակություն Վ.Ա.-ի։

Խոսակցության ընթացքում Վ.Ա.-ն անհիմն մեղադրել է տղամարդուն պարտված գրազը՝ 20.000 ԱՄՆ դոլարը, չտալու մեջ, սպառնացել է նրան և ընտանիքի անդամներին՝ պահանջելով գումարը, իսկ երբ վերջինս հայտնել է, որ ինքը գրազով գումար որևէ մեկին չի պարտվել և իրեն ներկայացված պահանջներն անհիմն են, Վ.Ա.-ն մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին՝ միաժամանակ շարունակելով ապօրինի պահանջել նշված գումարը։

Գործադրված բռնության և իր ու ընտանիքի անդամների հասցեին հնչեցրած սպառնալիքների հետևանքով առաջացած վախի ազդեցության տակ տղամարդը համաձայնել է կատարել իրեն ներկայացված պահանջը:

Տեղեկանալով, որ վերջինս ռեստորան է եկել «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենայով, որպես պահանջվող գումարն իրենց հանձնելու երաշխիք, նրանից վերցրել են ավտոմեքենայի բանալիները։

Քրեական վարույթով իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերստին քննարկելու ընթացքում Վ.Ա.-ն դատարանում հայտարարել է, որ ինքը հանդիսանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, հաստատել է այն հանգամանքը, որ ինքը ստացել է քրեական աստիճանակարգության բարձրագույն «օրենքով գող»-ի կարգավիճակ, կապված է քրեական ենթամշակույթի հետ, ստացել և պահպանում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնները։

Հաշվի առնելով, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն «օրենքով գող» լինելու հանգամանքը բարձրաձայնելով՝ նա իրական հնարավորություն է ստեղծում իր կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, համարվելու հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների շրջանակներում իրականացնելու դրանից բխող գործողություններ՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, Վ.Ա.-ին ավելի վաղ առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ հանցանք կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդութամբ, հանձնվել է հսկող դատախազին:

Շորթմանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Երևանի նախկին փոխքաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. դատախազը նոր որոշում է կայացրել

Դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2023 թվականի օգոստոսի 7-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ.Ն.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ն.-ն, 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, Երևան քաղաքի արևմտյան ու արևելյան հատվածներում աղբահանության և սանիտարական մաքրման երկարաժամկետ ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթների չափանիշներին չբավարարելու պայմաններում, որպես գնահատող հանձնաժողովի նախագահ՝ մասնակից ընկերությունների հայտերը գնահատել է բավարար: Արդյունքում, հաղթող են ճանաչվել «Սանիթեք (Sanitek s.a.r.l.)» ՍՊ ընկերությունը, «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը:

Հետագայում, վերը նշված ընկերությունները տեխնիկական, ֆինանսական, մասնագիտական, աշխատանքային համապատասխան ռեսուրսներ չունենալու պատճառով ի վիճակի չեն եղել պատշաճ մատուցել պայմանագրերով նախատեսված ծառայությունները, սակայն թերի, ոչ պատշաճ, իսկ որոշ դեպքերում նաև չմատուցված ծառայությունների դիմաց՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 3 մլրդ 200 հազար դրամ ավել գումարներ են վճարվել՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք:

Բացի այդ, Վ.Ն.-ն նշված ընկերության իրավասու պաշտոնատար անձանցից կաշառք է ստացել՝ ընդունելով իր հոր համար առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ ստանալու առաջարկը: Մասնավորապես՝ Վ.Ն.-ն իր հոր՝ Հ.Ն.-ի անվամբ գրանցված անշարժ գույքերը 2015 թվականին երկարաժամկետ վարձակալության է հանձնել նշված ընկերություններին՝ մինչ այդ պահը տրված վարձակալության վարձավճարների չափն անհամեմատ գերազանցող վարձավճարով՝ 436 մլն 472 հազար 280 դրամով:

2019 թվականի հոկտեմբերի 3-ին «Սանիթեք (Sanitek s.a.r.l.)» ու «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունների հետ կնքված աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրերը միակողմանի լուծվել են: Արդյունքում Վ.Ն.-ն հոր՝ Հ.Ն.-ի համար, որպես այլ առավելության տեսքով կաշառք, 2015-2019 թվականների համար փաստացի ստացել է շուրջ 141 մլն 273 հազար 953 դրամ գույքային օգուտ:

Ծանուցում. հնցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արցախից 11 բուժառուներ տեղափոխվել են ՀՀ՝ 11-օրյա լիակատար արգելափակումից հետո

Այսօր՝ օգոստոսի 8-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառուներ, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ 11-օրյա լիակատար արգելափակումից հետո։

Նշված բուժառուներից 9-ը ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև, իսկ մյուս 2 բուժառուները քաղցկեղի պատճառով գտնվում են ծանր վիճակում:

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին:

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 80 հիվանդ, 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մեկ օր եմ տվել բնակիչների կարիքները պահպանելու նպատակով իրացվող մսամթերքի գները կարգավորելու համար. Ներսիսյան

Շուկայում իրացվող ապրանքների իրացման գների կարգավորման ամենաթեժ պահին արձանագրվել է դեպք, երբ վերահսկողություն իրականացնող մարմնի աշխատակիցը անձամբ էր զբաղվում ապրանքների թանկ վերավաճառմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ցավով եմ արձանագրում, որ պետական կառավարման օղակներում առկա համակարգային մի շարք խնդիրների պատճառով ստիպված եմ լինում անձնապես ներգրավվել մի շարք խնդիրների կարգավորմանը, որովհետև ամեն քայլափոխի հանդիպում ենք կադրային խնդիրների, տարրական մարդկային հոգատարության բացակայության, պետություն-հասարակություն փոխադարձ աջակցության պարտադիրության ընկալման բացակայության և այլն:

Շուկայում իրացվող ապրանքների իրացման գների կարգավորման ամենաթեժ պահին արձանագրվել է դեպք, երբ վերահսկողություն իրականացնող մարմնի աշխատակիցը անձամբ էր զբաղվում ապրանքների թանկ վերավաճառմամբ: Այդ պատճառով, այդպիսի խնդիրների պայմաններում շարունակաբար վերանայում ենք մեր մոտեցումներն ու անդադար պայքար տանում մեր միջավայրում գոյություն ունեցող չարաշահումների ու չարաշահողների դեմ:

Այդպիսի դեպքերից են վերջին օրերին կրկին սանձարձակության հասած՝ բնակչության, հատկապես տարեցների, հղիների ու երեխաների տարրական դիմադրողականությունը պահպանելու համար շուկայում իրացվող չնչին քանակի մսամթերքի գները:

Այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրվել է մսամթերքի իրացման գները մեկ օրվա ընթացքում կարգավորելու հանձնարարական, որից հետո, անհրաժեշտ արդյունքը չլինելու դեպքում, ստիպված եմ լինելու դիմել կոշտ քայլերի:

Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր անընդհատ կապի մեջ են լինում ինձ հետ և պարբերաբար փոխանցվող տեղեկություններով հնարավորություն են տալիս լիարժեք պատկերացում կազմել այս կամ այն խնդրի էության ու ծագումնաբանության շուրջ, վեր հանել պետական մարմինների թերություններն ու անգործության դրսևորումները և աջակցում են դրանք շտկելուն ուղղված քայլերին», — նշել է նա։

Պետք է բոլորի դռները թակել, հանգիստ չտալ. Պարգեւ Սրբազանը միացել է ամերիկահայերի բողոքի ակցիային

Ամերիկաբնակ հայերը գիշերն անցկացրել են հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մուտքի մոտ։

Նրանք շուրջօրյա անժամկետ հանրահավաք և նստացույց են իրականացնում` ի պաշտպանություն Արցախի` պահանջելով այնտեղ ապրող հայ հայտնիներին միանալ իրենց։ Բողոքի ակցիային մասնակցում է նաև Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանը։

«Ես մի բանի եմ հավատում՝ հաջողության հասնում է նա, ով պայքարում է։ Արդարությունն էլ, ճշմարտությունն էլ պահանջում են պայքար։ Եթե մենք չպայքարեինք Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ոչ ոք չէր ճանաչի։ Եվ մենք պետք է շարունակենք այս ճանապարհով գնալ։ Եթե մենք ժամանակին չպայքարեինք Արցախի ժողովրդի իրավունքի, անկախության համար, մենք ոչնչի չէինք հասնի։ Այսօր օրհասական պահ է, ամբողջ հայությունը պետք է ոտքի կանգնի», — նշեց Պարգև Սրբազանը։

Սրբազանի խոսքով՝ սփյուռքում գտնվող հայերը պետք է միահամուռ, յուրաքանչյուրն իր երկրում բողոքի ակցիաներ կազմակերպի․ «Պետք է բոլորի դռները թակել ու հանգիստ չտալ։ Շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդները նման ակցիաներ են կազմակերպում, գիշերները չեն քնում, պահանջատեր են»։

Ադրբեջանցիներն ինձ վիրավորում են Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու կոչերիս համար․ Ադամս

«Խոշտանգումների զոհերի աջակցության կենտրոնի» նախագահ և գործադիր տնօրեն, դոկտոր Սայմոն Ադամսը տեղեկացրել է, որ համացանցում ադրբեջանամետ օգտահաշիվներից իրեն պարբերաբար վիրավորում են՝ Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու իր կոչերի համար։

«Նշեմ, որ ես հայ կամ ամերիկացի չեմ։ Ես պարզապես հավատում եմ մարդու իրավունքներին և մարդասիրությանը: Եվ ես կշարունակեմ գրել Twitter-ում»,- իր միկրոբլոգում գրել է Ադամսը։

Մի՛ սատարեք այն ուժերին ու թեկնածուներին, ովքեր մասնակցել են 2018-ի հեղաշրջման օպերացիային. Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Վերջին օրերին թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներից եւ թե՛ սովորական քաղաքացիներից հարցեր են հնչում ինձ՝ Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված։

Հստակ ասեմ իմ կարծիքը.

1. Մի՛ քվեարկեք ՔՊ-ի օգտին։

2. Մի՛ սատարեք այն ուժերին ու թեկնածուներին, ովքեր մասնակցել են 2018-ի հեղաշրջման օպերացիային։

3. Աջակցեք նրանց, ովքեր մերժել ու մերժում են պոպուլիստ-կապիտուլյանտների ռեժիմին, ինչպես նաև պայքարում են, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում»։

Ինձ ասում են՝ Հա՛յկ ջան, բա քեզ պե՞տք ա, առոք-փառոք ապրում ես. Հայկ Մարությանը՝ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին 

Վերջին շրջանում տարբեր վայրերում ինձ մոտենում են մեր քաղաքացիները և հարցնում են՝ արդյո՞ք Երևանի քաղաքապետի ընտրություններին առաջադրելու եմ իմ թեկնածությունը, ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեսանյութ է հրապարակել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Պատասխանս միշտ նույնն է՝ դեռ չեմ որոշել»,- նշում է Հայկ Մարությանը։
«Ինձ ասում են՝ Հա՛յկ ջան, բա քեզ պե՞տք ա, քո համար առոք-փառոք ապրում ես, ամեն ինչ ունես՝ սերը, հարգանքը, բարեկեցիկ կյանքը։ Ընդ որում, այդ նույնն ինձ ասում էին 2008 թվականին, երբ մասնակցում էի ընդդիմության միտինգներին, նույնը ասում էին տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ժամանակ, նույնը ասում էին 2018 թվականի հեղափոխության ժամանակ։ Մի խոսքով՝ միշտ։

Առաջին հայացքից այս խոսքերի մեջ կա տրամաբանություն, բայց դա՝ միայն առաջին հայացքից, որովհետև չի կարող մարդը ո՛չ անձնական, ո՛չ էլ ընտանեկան բարեկեցություն ունենալ, երբ շրջապատն անբարեկեցիկ է։

Չի կարող լինել անձնական երջանկություն, երբ համայնքդ ու երկիրդ երջանիկ չեն։

Ես կարծում եմ, որ դա պետք է ոչ միայն ինձ, այլև բոլոր այն մարդանց, ովքեր սիրում են իրենց քաղաքը, իրենց երկիրը, ովքեր անտարբեր չեն մեր հայրենիքի նկատմամբ, որովհետև եթե դա չանենք մենք, դա անելու են մարդիկ, ովքեր առաջնորդվում են միայն իրենց սեփական և խմբակային շահերով, ովքեր թքած ունեն, ընդ որում, այս անգամ արդեն ոչ միայն փոխաբերական, այլ ուղիղ իմաստով թքած ունեն մարդկանց, ժողովրդի և պետության շահերի վրա։

Հետևաբար, չենք կարող անտարբեր մնալ մեր կողքինների ճակատագրի նկատմամբ, չենք կարող չպայքարել մեր, մեր երեխաների և մեր ժողովրդի ապագայի համար», — ասել է Հայկ Մարությանը։

Նա նշել է, թե պայքարն ավարտված չէ։

«Ինձ պետք է, որ Երևանը ծաղկի, որ մեր Հայաստանը նորից ոտքի կանգնի։ Հետևաբար, ես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ միասին մասնակցելու ենք Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին»։