Արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առևանգելու փաստով հարուցվել է քրեական գործ

2023թ. հուլիսի 29-ին, ժամը 10:20-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ-անձնագրային կետում ԿԽՄԿ ծառայողական Mercedes-Benz Sprinter մակնիշի 37 NN 253 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով որպես բուժառու՝ ԱՀ ք. Ստեփանակերտից ՀՀ ք. Երևան տեղափոխվող, ԱՀ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ Վագիֆ Չերքեզի Խաչատրյանի անձնագրի ստուգման ժամանակ, ըստ ազգային պատկանելության, վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողները բացահայտ առևանգել են Վ.Չ.Խաչատրյանին:

Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունում 29.07.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով /Մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները/ նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը:

Միջազգային հումանտար պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է. ՀՀ ԱԳՆ

Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։

Այս մասին շեշտել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից 68-ամյա արցախցու առևանգմանը, որը Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով:

«Անհանգստացած ենք լուրերից, որ 68-ամյա բուժառուն, ով Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժօգնության էր տեղափոխվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։ Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,-շեշտել է խոսնակը:

Արցախի բնակչին ադրբեջանական զինված ծառայողները մտադրված խաբեությամբ տարել են իրենց մոտ ու առևանգել

Ադրբեջանական ներկայությունը Լաչինի միջանցքում` Հակարի կամրջի վրա բացահայտ անօրինական է, հանցավոր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա խաղաղ բնակչի այսօրվա առևանգումն ադրբեջանական զինված ծառայողների կողմից պատերազմական հանցանք է:

Մասնավորապես, սա խաբեությամբ տեղի ունեցած հանցավոր արարք է, որ արգելված է հենց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը վերաբերող կանոններով:

Պրակտիկայի հանաձայն` մարդկանց Հայաստան տեղափոխելուց առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական կողմին և նրանց տրամադրում է ցուցակ` այդ կերպ համաձայնեցնելով մարդկանց տեղափոխումը Հայաստան: Նույնը, բնականաբար տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի պարագայում:

Փաստորեն, Արցախի բնակչին ադրբեջանական զինված ծառայողները մտադրված խաբեությամբ տարել են իրենց մոտ ու առևանգել են: Ակնհայտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում և որ դա նրանք արել են նաև քաղաքական հաշվարկներով:

Այս արարքն ուղղակիորեն արգելված է 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներին լրացնող և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը վերաբերող արձանագրության (Արձանագրություն I, 8 հունիսի 1977 թ.) 37-րդ հոդվածով:

Ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում․ Վարդան Սարգսյան

Արդեն ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում, Կոռնիձորում կանգնած-մնացած բեռների մոտ այսօր հայտարարել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը, գրում է «Լուրերը»։

Այս պահին որևէ փոփոխություն չկա, Ադրբեջանը հրաժարվում է բացել ապօրինի տեղադրված անցակետը և թույլատրել հումանիտար բեռի մուտքը ԼՂ: 360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատարները Երևանից Կոռնիձոր ուղևորվեցին չորեքշաբթի, որ կյանքի համար անհրաժեշտ սնունդ ու դեղորայք հասցնեն Լեռնային Ղարաբաղի՝ լիակատար շրջափակման մեջ հայտնված հայությանը:

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգված արցախցին տեղափոխվել է անհայտ ուղղությամբ, ճակատագիրն անհայտ է․ Արցախի ՄԻՊ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։

Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը», — գրել է նա։

Ադրբեջանը արգելանքի է վերցրել բուժման նպատակով այսօր ՀՀ տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն

Ադրբեջանը արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն, հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Երբ Ադրբեջանին իբրև թե կոչ է արվում հարգել գոնե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների։

Նույն երթով ՀՀ տեղափոխվող մեր քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված մեր քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։

Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն։

Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն։

Հայ ժողովուրդ, նորից ու նորից գոչում եմ, արթնացեք, դեմ կանգնեք այս ամենին», — նշել է նա։

Արմեն և Սերգեյ Սմբատյանները ձերբակալվել են

2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ Ա.Ս.-ի և Ս.Ս.-ի, ինչպես նաև գործարար Ա.Պ.-ի նկատմամբ:

ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:

Մասնավորապես՝ Ա.Ս.-ն իր որդի Ս.Ս.-ի անվամբ գործարարական գործունեություն չծավալելու պատրվակով, իր ազգական Հ.Ա.-ին համոզել է Ս.Ս.-ի համար հիմնադրել «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունը, ինչից հետո Հ.Ա.-ն և 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Պ.-ի մտերիմ Գ.Դ.-ն 2012 թվականի փետրվարի 17-ին հիմնադրել են «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունը: Հիմնադրումից 4 օր անց՝ 2012 թվականի փետրվարի 21-ին, Ընկերության տնօրեն Ն.Կ.-ի կողմից Երևանի քաղաքապետին է ներկայացվել ներդրումային ծրագիր, որով առաջարկվել է Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար «Սոխոսենթր» ընկերությանը տրամադրել Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Ընկերությունը պարտավորվել է 800 մլն դրամ ներդրումային ծավալ ունեցող «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումից բացի, իրականացնել նաև 102 մլն դրամի լրացուցիչ մակերեսի կառուցապատման աշխատանքներ՝ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի պայմանները բարելավելու նպատակով:

Երևանի քաղաքապետը եզրակացություն ստանալու համար ՀՀ մշակույթի նախարար Հ.Պ.-ին է հասցեագրել առաջարկված ներդրումային ծրագիրը, որին ի պատասխան՝ Հ.Պ.-ն, տեղեկացված լինելով «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ:

Նշված ծրագրին իր համաձայնությունն է տվել նաև «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս տնօրեն Մ.Կ.-ի, որն իր հերթին հանդիսացել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության տնօրեն Ն.Կ.-ի եղբայրը:

Արդյունքում՝ ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 1052-Ա որոշմամբ, հաստատվել է վերոնշյալ ծրագիրը: Կառավարության որոշման 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ մշակույթի նախարար Հ.Պ.-ն լիազորվել է հողամասի ու կաթսայատան նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման և «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման իրականացման պարտավորություններն ապահովելու նպատակով կնքել գրավի պայմանագիր (որպես գրավի առարկա նախատեսվել է Կողբացի 36 հասցեում գտնվող 300 քմ մակերեսով հողամասը և 35.3 քմ մակերեսով կաթսայատունը` մինչև նշված աշխատանքների ավարտն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման հանձնելը):

Այնուհետև, ՀՀ մշակույթի նախարար Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, 2012 թվականի դեկտեմբերի 3-ին «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հետ կնքել է «Գույքի օտարման և գրավի» և «Գլխավոր կապալի» պայմանագրեր՝ դրանցում դիտավորությամբ չներառելով Կառավարության որոշմամբ սահմանված գլխավոր ներդրումային պարտավորությունը, այն է՝ «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու ներդրումային ծրագրով սահմանված 800 մլն դրամի պարտավորության կատարումը: Արդյունքում՝ Հ.Պ.-ն «Սոխոսենթր» ՍՊ ընկերության բաժնետերերին հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրանցել ընկերության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ պետությանը պատճառելով 966 մլն 103 հազար դրամի գույքային վնաս:

Հսկող դատախազի 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումներով՝ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), Ս.Ս.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) և Ա.Պ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն):

2023 թվականի հուլիսի 29-ին Ա.Ս.-ն և Ս.Ս.-ն ձերբակալվել են: Միջոցներ են ձեռնարկվում Ա.Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Երևանի ավագանու ընտրությունները ևքաղաքական ուժերի ազդեցության իրական պատկերը

Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները դառնալու են տարբեր ուժերի քաղաքական ազդեցության չափանիշի ստուգատես։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի թիմի համար էական է դառնում այս ճակատում հաղթանակ ապահովելը, քանի որ Հայաստանի բնակչության ավելի քան 40%-ն ապրում է Երևանում և մայրաքաղաքում կրած պարտությունը կարող է համահանրապետական մակարդակում ավելի լայն քաղաքական դժգոհության նախանշան լինել: Այսպիսով, մայրաքաղաքային ընտրություններում հաղթանակը ռազմավարական ներդրումային ակտիվ է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը։
Նրա խոսքով, թեև համարվում է, որ այս ընտրություններում ֆավորիտը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ ի դեմս քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի, սակայն ընդդիմադիր ուժերի մասնակցությունը ևս պետք չէ թերագնահատել և նրանց ունեցած ներուժը:
«Կարևոր է նշել «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ռազմավարական դերը, որը, հավանաբար, մեծամասնություն կազմելու համար ձայների բացակայության դեպքում կարող է դիտարկվել «ապահովագրական բարձիկ» իշխանության համար»,- նշեց Ղուկասյանը։
Միաժամանակ նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընտրությունները միավորել են ուժերի, որոնք ունեն հստակ ընդգծված արտաքին քաղաքական կուրս. օրինակ, եթե «Եվրոպական Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները համարվում են արևմտամետ քաղաքական կազմավորումներ, ապա «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հետաքրքիր դիրք է գրավում, քանի որ այն միակ ուժն է Երևանի ընտրություններում, որն ակնհայտորեն հանդես է գալիս ռուս-հայկական հարաբերությունների խորացման ու զարգացման օգտին։
«Ինչպես արդեն նշել եմ, այս ընտրությունները հավելյալ հետաքրքրություն են ներկայացնում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից։ Ակնհայտ է, որ երևանյան ընտրություններին բահայտված ընտրողների միտումներն ու նախասիրությունները, հավանաբար, կձևավորեն երկրի հետագա քաղաքական քարտեզը»,- ընդգծեց նա։
Փորձագետը կանխատեսեց, որ առաջիկա ընտրությունները կանցնեն ակտիվ և լարված մթնոլորտում, երևանցիներն արդեն իսկ արտահայտում են «վերաբեռնման» իրենց ակնկալիքներն ու հույսերը՝ փնտրելով նոր ուժեր, որոնց միայն տարանջատումը նախկին և ներկա իշխանություններից բավարար չէ, այլ որոնք ունակ են առաջարկել կառուցողական գաղափարներ և միջոցներ ձեռնարկել քաղաքում կյանքի որակի բարելավման ուղղությամբ: Սակայն Ղուկասյանը վստահ է, որ պարզապես տարանջատվելը հին կամ գործող իշխանություններից բավարար չէ.
«Երևանցիները քաղաքական ուժերի մեջ փնտրում են կոնկրետ օրակարգ և գործողությունների հստակ ծրագիր, որը կենտրոնացած կլինի Երևանի հրատապ խնդիրների լուծման վրա։ Հենց նման մանրամասն գործողությունների ծրագրի միջոցով մայրաքաղաքի բնակիչները ցանկանում են արդյունավետ լուծում տեսնել քաղաքաշինության, տնտեսության, սոցիալական ծառայությունների, շրջակա միջավայրի և շատ այլ ոլորտներում առկա խնդիրներին։ Իսկ քաղաքական ուժերը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ժողովրդի ակնկալիքներին»։
Շարունակելով հայ-ռուսական հարաբերությունների թեման՝ Ղուկասյանը հիշեցրեց, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում հաղթեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանգեցրին քաղաքական դաշտի զգալի վերակառուցման։ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմից հետո Փաշինյանի թիմը մի շարք պահանջներ է ձևակերպել Ռուսաստանի Դաշնության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նկատմամբ։ Այդ պահանջների թվում են՝ սահմանին ռազմական հակամարտությունների համատեքստում Հայաստանին ակտիվ աջակցելու կոչերը, ռազմավարական նշանակության տարածքներում հայկական մարտական կետերի տեղակայմանն աջակցելը, Ղարաբաղում ռուս խաղաղապահների անժամկետ տեղակայման հարցում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը և այլն։ Այնուամենայնիվ, նկատեց Ղուկասյանը, Փաշինյանի թիմի կողմից Ռուսաստանից սպասելիքների մեջ ինտրիգային հակասություն կա:
«Հայաստանի իշխանությունները, ըստ ամենայնի, չէին ակնկալում ռուսական ակտիվ միջամտություն առաջադրված պահանջների շրջանակներում։ Հակառակը, նրանք իրենց ռազմավարությունը կառուցեցին այն ենթադրության վրա, որ Մոսկվայի կողմից առաջադրված կետերն ակտիվորեն իրականացնելու անկարողությունը հնարավոր կդարձնի Հարավային Կովկասի տարածաշրջանում Կրեմլի քաղաքականության հանդեպ դժգոհություն առաջացումն ու սաստկացումը։ Եվ դրան զուգահեռ, իշխանությունները բացահայտ կամ անուղղակի թույլ տվեցին ակտիվացնել արտախորհրդարանական հակառուսական շարժումները՝ ի դեմս «Ազգային ժողովրդավարականբևեռի» (ԱԺԲ), որը համակարգված հակառուսական տրամադրությունների, ՌԴ դեմ վիրավորական և անընդունելի կարգախոսներ տարածելու հեղինակ է։ Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանի թիմի պաշտոնական դիրքորոշումն այս խմբի վերաբերյալ մնում է անորոշ, ակտիվ միջոցներ այդպես էլ չեն ձեռնարկվել ճնշելու շարժման հակառուսական ելույթները՝ չնայած ՌԴ ԱԳՆ-ի պնդումներին»,- հիշեցրեց նա։
Ղուկասյանը նաև նշել է, որ վերջին երկու-երեք տարիներին իրենց հռետորաբանության մեջ Հայաստանի քաղաքական վերնախավը, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը, բացահայտ քննադատական գնահատականներ են հնչեցնում Ռուսաստանի գործողությունների մասով։ Սա դրսևորվում է ինչպես ուղղակի հայտարարություններով, այնպես էլ հանրային կարծիքի վրա ազդելու ավելի նուրբ մեխանիզմներով։ Իսկ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում հայ քաղաքական գործիչների մոտեցումը ՀԱՊԿ-ին։ Վարչապետ Փաշինյանը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Գևորգ Պապոյանը, Գագիկ Մելքոնյանը ևայլք, կասկածներ են հայտնել կազմակերպության արդյունավետության վերաբերյալ և քննարկել դրանից դուրս գալու հնարավորությունը։ Անգամ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես բազմիցս արտահայտվել է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հասցեին անհիմն քննադատությամբ՝ հանդես գալով կտրուկ և սադրիչ հայտարարություններով։
«Հիշենք այն հայտարարությունները, որոնցում Ռուսաստանին մեղադրում են, թե նա փորձում է օկուպացնել Հայաստանը և ստիպել միանալ Միութենական պետությանը՝ Ղարաբաղում նոր ռազմական հակամարտության սպառնալիքի ներքո: Այս հռետորաբանությունը տարածվում է նաև բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարություններում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ վրա ճնշում է գործադրվում, մեզ փորձում են պարտադրել անդամակցել Միութենական պետությանը՝ օգտագործելով տարբեր սպառնալիքներ։ Այս թեզերը ամրապնդվում են Փաշինյանի հայտարարություններով, ով շեշտում է, որ ՌԴ ներկայությունը ՀՀ-ում ոչ թե ապահովում է երկրի անվտանգությունը, այլ հակառակը՝ սպառնալիք է ստեղծում։ Ի դեպ, Փաշինյանը և այլ քաղաքական դերակատարներ նույնպես բազմիցս քննադատել են ռուս խաղաղապահների և ընդհանրապես Ռուսաստանի գործողությունները։ Սա ուժեղացնում է ռուս-հայկական հարաբերություններում լարվածության զգացումը և հասարակության մեջ բորբոքում հակառուսական տրամադրություններ»,- հավելեց Արման Ղուկասյանը։

«ՀայաՔվե»-ին միացել է 54 800 ՀՀ քաղաքացի

Այս շաբաթվա ընթացքում Հայաքվեին միացել է 16 000-ից ավելի քաղաքացի։ Ըստ «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի՝ թիվը ռեկորդային է նախաձեռնության բոլոր՝ չորս շաբաթների ընթացքում։

«Ունենք «ՀայաՔվե»-ին միացած 54 800 ՀՀ քաղաքացի։ 24.660-ը միացել է Երևանում, 29.380-ը՝ մարզերում, 760-ը՝ էլեկտրոնային ստորագրության միջոցով։

Առաջին փուլի համար մենք գերազանցել ենք անհրաժեշտ աջակցության նվազագույն շեմը։

Ստորագրահավաքի պաշտոնական ավարտի ժամկետը օգոստոսի 19-ն է։ Մենք կգնանք մինչև օգոստոսի չորսը ներառյալ», — հայտարարեց նա։

Snoop Doggը սեպտեմբերի 23-ին Երևանում համերգ է տալու

Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ն իր ինստագրամյան էջում տեղեկացրել է Երևանում կայանալիք համերգի մասին։

«Հայաստան, սեպտեմբերի 23-ին ես լինելու եմ Երևանի Հրազդան ստադիոնում՝ հատուկ շոուի համար», — գրել է նա՝ հրապարակելով նաև տեսանյութ։

Հիշեցնենք, որ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը։