ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային դերակատարներին ջանքեր գործադրել՝ կանխելու ԼՂ-ում էթնիկ զտումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ բնակչության հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ, որում ասված է.

«Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ արդեն 7 ամսից ավելի Արցախի հայ բնակչությունը գտնվում է հումանիտար շրջափակման մեջ, ինչի հետևանքով մարդասիրական աղետն օր օրի ավելի է խորանում՝ անուղղակիորեն հանգեցնելով անդառնալի հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների:

Մասնավորապես, Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շարունակաբար խախտվում են մարդկանց, հատկապես՝ խոցելի խմբերի ներկայացուցիչների հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպիսիք են՝ կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, սննդի, հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման, բավարար կենսամակարդակի, կրթության իրավունքները, ինչպես նաև բնակիչների արժանապատվությունը՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք։

Ս.թ. հունիսի 22-ից ադրբեջանական իշխանությունները բետոնե արգելապատնեշներով բացարձակ արգելափակել էին ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից հումանիտար օգնության մատակարարումը՝ սրելով Արցախում մարդասիրական իրավիճակը (հումանիտար օգնության տրամադրումը արգելափակվել է դեռևս հունիսի 15-ից)։ Չնայած նրան, որ այս պահի դրությամբ բետոնե պատնեշը հանվել է, սակայն մարդասիրական օգնության (առաջին անհրաժեշտության պարագաների և պարենային ապրանքների) մատակարարումը շարունակում է արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Առաջին անհրաժեշտության իրերի ու սննդի բացակայությունն անձանց թերսնման է հանգեցնում, ինչն էականորեն ազդում է բնակչության առողջական վիճակի վրա: Ավելին, ադրբեջանական կողմը շարունակաբար խոչընդոտում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան բուժառուների տեղափոխմանը, այդ թվում՝ պարբերաբար արգելելու միջոցով։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերը և վերլուծությունները վկայում են, որ ադրբեջանական իշխանությունների նման գործելաոճը՝ ուղղված Արցախի բնակչության հիմնարար իրավունքների իրացումն անհնարին դարձնելուն, զուգորդված պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականությամբ, մեկ հիմնական վերջնանպատակ է հետապնդում՝ հումանիտար ճգնաժամի խորացման միջոցով հայաթափել Արցախը։

Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային կազմակերպություններին և դերակատարներին գործուն ջանքեր գործադրել՝ կանխելու վերահաս էթնիկ զտումը։

Միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմն իր մանդատի շրջանակում շարունակում է ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն ու փաստեր հավաքագրել և տրամադրել միջազգային կազմակերպություններին` Արցախում ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների և հումանիտար ճգնաժամի ահագնացող հետևանքների վերաբերյալ»։

Սերժ Սարգսյանի հարստությունը 11.458 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող անկախ Արցախն էր

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարստությունը Հայկական Շուշին էր, Հադրութն էր, Քարվաճառը, Քաշաթաղը. Նախագահի հարստությունը Ղազանչեցոցն էր,Բերձորն էր, Կովսականն էր, Վարանդան էր:
Սերժ Սարգսյանի հարստությունը 11.458 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող անկախ Արցախն էր, Սերժ Սարգսյանի հարստությունը Հայաստանի Հանրապետության անառիկ սահմաններն էին, ժողովրդի անվտանգությունն էր, հայոց հողում հայ մանուկների հայկական ապագան էր :
Սերժ Սարգսյանի հարստությունը Հայաստանի և Արցախի բաց կյանքի ճանապարհն էր, Սերժ Սարգսյանի հարստությունը Հայոց հաղթանակած բանակն էր, հայ զինվորն էր:
Սերժ Սարգսյանի համար վերոնշյալն է Հարստություն, հարստություն որից շատերդ հրաժարվեցիք 2018 թվականին,մերժեցիք հարստությունը որը Սերժ Սարգսյանը ռազմի և դիվանագիտական դաշտում կերտել էր մեր ապագա սերունդների համար:
3 ուղերձ կա,որ պետք է իմանաք. Սերժ Սարգսյանն անկախ նրանից, որ դուք հրաժարվել եք այդ հարստությունից, ասել է.
1. «Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես»
2. «Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ: Իմ անցած կյանքում ես ապացուցել եմ: Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել»
3. «Արցախը երբեք չի´ լինելու ադրբեջանի կազմում»:

Դատախազության կայքից հեռացվել է Սումգայիթի և Մարաղայի ցեղասպանությունների մասին բաժինը․ Փաստինֆո

ՀՀ դատախազության պաշտոնական կայքից հանվել է Սումգայիթ բաժինը, որը խիստ արժեքավոր ու փաստական նյութեր էր պարունակում մարդկության դեմ ուղղված ադրբեջանական հանցագործությունների մասին։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Բաժինը բացվել էր դեռեւս 2010 թվականին, որտեղ հրապարակվել էր 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերը։

«Սումգայիթ» էջն ուներ 4 բաժին՝ իր ենթաբաժիններով՝ ըստ կատարված հանցագործությունների տեսակների եւ վարչական տարածքների:

Մասնավորապես՝ «Սումգայիթ» բաժնում հրապարակվել էին սպանությունների, բռնաբարությունների, կիրառված բռնությունների եւ հափշտակությունների վերաբերյալ ականատեսների վկայությունները, տուժածների եւ իրավահաջորդների ցուցմունքները, «Փաստաթղթեր» բաժնում՝ քրեական գործի նյութերն ամփոփող արդեն իսկ գաղտնազերծված տեղեկանքները: «Լեռնային Ղարաբաղ» բաժնում՝ քրեական գործի նյութերը տեղադրվել էին ըստ վարչատարածքային միավորների՝ ներառելով նաեւ Մարաղայի ցեղասպանությանը վերաբերող նյութերը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Եթե Արցախում իրավիճակը չփոխվի, մանկապարտեզներն օգոստոսին կդադարեցնեն գործունեությունը

Շրջափակման պայմաններում սննդամթերքի մատակարարման և վառելիք չունենալու պատճառով մանկապարտեզների գործունեության շարունակականության հարցը խնդրահարույց է։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։

«Փորձելու ենք հուլիս ամսվա ընթացքում շարունակել ապահովել նախադպրոցական հաստատությունների գործունեությունը: Եթե իրավիճակը մնա անփոփոխ, ապա, ցավով պիտի նշեմ, որ, ամենայն հավանականությամբ, օգոստոսին հնարավորություն չենք ունենա ապահովելու մանկապարտեզների գործունեությունը»,-նշել է նախարարը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Շները տոպրակը քաշելով` գյուղացու տան հետնամաս են հասցրել. մանրամասներ գտնված նորածնի մասին

Մատուռի մոտ տապրակով թողնված նորածին տղային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս, որտեղ էլ գտել են նրան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Ներքի Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, նորածին երեխա է հայտնաբերվել դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ։ Ոստիկաններն անմիջապես ահազանգել են Մարտունու բժշկական կենտրոն։ Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել հիվանդանոց։ Ըստ տեղեկությունների` երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

«Դեպքը մոտավորապես 10։30-ին է եղել, բնակչուհին շների ոռնոց է լսել, դուրս է եկել տնից, իր տան բակի հետնամասում հավաքված շատ շներ է տեսել, հեռացրել այդ հատվածից, հետո ձայն է լսել, դեղին տոպրակը տեսել։ Մտածել է` կենդանի է երևի ներսում, մոտեցել է ու երեխային գտել։ Գրկել, տուն է տարել, հետո ոստիկանություն ենք զանգել», — հայտնեց Զուլոյանը։

Այն հատվածը, որտեղ գտնվել է երեխան, մատուռից 70-80 մետր հեռավորության վրա է։ Ենթադրում են, որ երեխային թողել են մատուռում, այնտեղից արդեն շները քաշելով գյուղացու տան մոտ են հասցրել։ Գյուղապետի խոսքով` շները նորածին տղային չեն վնասել, միայն տոպրակն է քաշելուց մի քիչ պատառոտվել։

«Երեխան եղել է սպիտակեղենի մեջ փաթաթված։ 1 կգ 900 գրամ էր կշռում, երբ տեղափոխեցինք հիվանդանոց։ Բժիշկներն ասացին` մի 5-6 ժամ առաջ է լույս աշխարհ եկել»,– ասաց Զուլոյանը։

Նրա խոսքով` ոստիկանները հարցաքննություններ են իրականացրել ամբողջ թաղամասում։ Ինքը ենթադրում է, որ երեխային հարևան գյուղերից են բերել, քանի որ մատուռը հայտնի է տարածաշրջանում։

Շրջափակման պատճառով անհնար է դարձել արցախցիների մասնակցությունը համահայկական և միջազգային մրցաշարերին

Ըստ պլանի՝ պետք է կազմակերպվեին բազմաթիվ ճամբարներ` ոչ միայն Արցախի տարածքում, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում: Սակայն, ստեղծված իրավիճակում Արցախի տարածքից դուրս երեխաների հանգիստը կազմակերպելն անհնար է:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը՝ անդրադառնալով շրջափակման հարուցած խնդիրներին։

«Որպես այլընտրանք` մենք փորձում ենք Արցախի տարածքում կազմակերպել ճամբարներ` թեկուզ փոքր խմբերի համար, ստեղծված իրավիճակում երեխաների առօրյան փոքր֊ինչ գունավորելու, ակտիվ հանգիստ ու ժամանց ապահովելու համար»,-նշել է նախարարը:

Անդրադառնալով շրջափակման հետևանքով սպորտի ոլորտում առաջացած խնդիրներին՝ Ն. Մկրտչյանն իրազեկել է, որ օգոստոսի սկզբին Արցախի մարզիկները պետք է մասնակցեին ՀՀ-ում մեկնարկող համահայկական խաղերին:

«Այն մարզիկները, ովքեր գտնվում են Արցախում, զրկված են այդ հնարավորությունից։ Արցախի ֆոտբոլի հավաքական թիմը պետք է մասնակցեր Աբխազիայի ընտրանու հետ հանդիպմանը, սակայն նույն պատճառով դա ևս չեղարկվեց: Արցախցի մարզիկները Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեին նաև մի շարք միջազգային մրցաշարերի, ինչը նույնպես, ցավոք, չհաջողվեց»,-իրազեկել է ԱՀ ԿԳՄՍ նախարարը:

Արցախից 13 բուժառու տեղափոխվել է Հայաստան

Այսօր՝ հուլիսի 22-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

Ավելի քան 200 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:

Չնայած իրականացված ջանքերին՝ Կարմիր խաչը տևական ժամանակ չի կարողանում ապահովել խիստ անհրաժեշտ դեղորայքի մատակարարում Հայաստանից, քանի որ ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է նույնիսկ դեղորայքի մատակարարումը:

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Իրականությունը ողբերգական է՝ հայի ազգանուն ունեցողները հայտարարում են Արցախի հանձնման պատրաստակամության մասին․ Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իրականությունը ողբերգական է համարում։ Նա գրել է․

«Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է միջազգային հանրությունից՝ նշելով, որ ժամանակին չէին հայտարարում, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում։ Վերջինիս խոսքերով, միայն վերջին տարիներին է (նիկոլական ռեժիմի օրոք), որ միջազգային հանրությունը սկսել է Արցախն Ադրբեջանի մաս համարել:

Նույն Ալիևը ժամանակին նաև խոստովանում էր, որ փակ դռների հետևում իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը:

Ու այս իրավիճակում, գործող իշխանությունը փորձում է հանրությանը մոլորեցնել, թե միջազգային հանրությունն է ստիպել Արցախի հարցով նշաձող իջեցնել:

Իսկ իրականությունը շատ ողբերգական է` հայի անուն-ազգանուն ունեցողները հայտարարարում են Արցախի հանձնման պատրաստակամության մասին, դրան զուգահեռ, բռնաբարելով պատմական ճշմարտությունները, Արցախն արհեստականորեն ներկայացնում որպես Ադրբեջան»։

Գեղարքունիքում մատուռի մոտ տոպրակի մեջ նորածին տղայի են թողել

Այսօր՝ հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։

Ոստիկանները նշված վայրում մատուռի հարանությամբ հայտնաբերել են դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ տղա երեխայի։

Ոստիկաններն անմիջապես ահազանգել են «Մարտունու» բժշկական կենտրոն։ Եվ օպերատիվորեն ժամանած Մարտունու բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել բժշկական կենտրոն։ Այս պահին ռեանիմոբիլով բժիշկները երեխային պետք է տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։ Դեպքի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ ով երեխայի մայրը։

«ՀայաՔվեին» միացել է 38.500 ՀՀ քաղաքացի

Անցյալ երեկոյի տվյալներով՝«ՀայաՔվեին» միացել է 38.500 ՀՀ քաղաքացի. 19.870-ը՝ Երևանում, 18.010-ը՝ ՀՀ մարզերում, 620 քաղաքացի միացել է էլեկտրոնային ստորագրահավաքի միջոցով։ Ասուլիսում տվյալները ներկայացրեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ նախորդ շաբաթ արդյունքը 25.000 էր։

Նախաձեռնության համակարգողը նշեց նաև, որ մարզերում աշխարհագրությունն ընդլայնվել է մինչև 32 համայնք։ Ընդ որում՝ գյուղերում ակտվությունը շատ ավելի բարձր է, քան խոշոր քաղաքներում։

Նա նաև արձանագրեց, որ հազարավոր քաղաքացիներ զրկված են էլեկտրոնային ստորագրահավաքին միանալու սահմանադրական իրավունքից, քանի որ այդ համակարգը ՀՀ-ից դուրս արգելափակված է, չի աշխատում։ Չալաբյանի խոսքով, ԿԸՀ-ն, սակայն, հարցը կեղծում է՝ պնդելով, որ աշխատում է։ «Նամակները հավաքելու ենք, և հանցագործության մասին հաղորդում տանք»։