Վախկոտ ղեկավարը մշտապես պարտվում է

Վախկոտ ղեկավարը մշտապես պարտվում է:
Նիկոլ Փաշինյանը հենց այդպիսին է. նա վախենում է սեփական ժողովրդից, այնպես է վախենում, որ մի քանի մետր քայլելու համար իրեն շրջապատում է մի քանի հարյուր ոստիկանով և թիկնապահով:
Այս վախկոտը 2018 թվականին խոսում էր ժողովրդավարությունից, մարդկանց խոստանում էր, որ ոչինչ չի թաքցնելու նրանցից, իսկ հիմա «ժողովրդավար» Նիկոլը թաքնվում է այդ մարդկանից, քանի որ վախենում է մարդկանց պատմել իր` դավաճան լինելու մասին:
2018 թվականին Նիկոլն ասում էր, որ կա 3 միլիոն վարչապետ, իսկ հիմա նա այդ 3 միլիոն վարչապետից թաքնվում է ոստիկանական հսկայական պատնեշի ետևում:
Նրա վախերը նրան ագրեսիվ են դարձնում, այնքան ագրեսիվ, որ նրա անվտանգությունը հղի կնոջ է վրաերթի ենթարկում ու սպանում, այնքան ագրեսիվ, որ «Եռաբլուր»-ից զոհվածների ծնողներին քարշ տալով հեռացնում են, որ ինքն այց կատարի:
Նրա վախերի պատճառով թուրքը կարողացավ ծնկի բերել նրան ու օկուպացնել հայկական պատկանելություն ունեցող տարածքները և´ Հայաստանում, և´ Արցախում:

WhatsApp-ը ներկայացրել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս QR կոդերի միջոցով չաթերը մի սարքից մյուսը փոխանցել

WhatsApp հաղորդակցային հավելվածը ներկայացրել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս QR կոդերի միջոցով չաթերը մի սարքից մյուսը փոխանցել։ Նոր գործառույթը վերացնում է ամպային պահեստում կրկնօրինակներ ստեղծելու անհրաժեշտությունը:

WhatsApp-ը բազմիցս քննադատվել է չաթերը մի սարքից մյուսը փոխանցելու հարցում չափազանց բարդ լինելու համար: Նոր գործառույթով օգտատերը պետք է գնա «չաթեր» բաժին և ընտրի «փոխանցել չաթերը»: Այնուհետև պետք է սկանավորել QR կոդը նոր սարքի վրա, և նամակագրության ամբողջ պատմությունը կպատճենվի նոր սմարթֆոնում:Ֆունկցիան կաշխատի միայն նույն օպերացիոն համակարգով և նույն Wi-Fi ցանցին միացված սարքերի միջև:

Արմավիրում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վաչիկ Մկրտչյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, գ. Դաշտ):

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

«Մասնավորապես արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում՝ պատերը և առաստաղը ունեցել են բորբոս, ճաքեր, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից: Սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»:

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել է անցած գիշեր անկարգությունների 157 մասնակցի ձերբակալման մասին

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել է անցած գիշեր անկարգությունների 157 մասնակցի ձերբակալման մասին, հայտնում է BFM TV-ն։

Իրավապահների շրջանում կան երեք տուժածներ։

Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվել հունիսի 27-ին Փարիզում ոստիկանի կողմից 17-ամյա չափահասի սպանությունից հետո։ Ակցիաները սկսվել են Նանտերում, որին միացել են Լիլի եւ Թուլուզի բնակիչները։ Ապա բողոքի ակցիաները վերածվել են մասշտաբային ակցիաների եւ ոստիկանության հետ բախումների։

Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ Հայաստան է տեղափոխվել

Այսօր՝ հուլիսի 3-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուի՝ ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 2-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 81 հիվանդ, 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Դե ինչ, սա դատավորներ Մկոյանի և Աթաբեկյանի գիտակցված ընտրությունն էր. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, արձագանքել է ԲԴԽ կողմից քիչ առաջ հրապարակված որոշումներին, որոնվ դադարեցվել են 4 դատավորների լիազորությունները:

Նա Facebook-ի իր էջում գրել է. ««ԲԴԽ-ն դադարեցրեց վերաքննիչի դատավոր Աստղիկ Խառատյանի, վճռաբեկի դատավորներ Տիգրան Պետրոսյանի և Արտակ Բարսեղյանի, ինչպես նաև առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները

Այս որոշումներով «կարեն անդրեասյան» դարձան դատավորներ Քրիստինե Մկոյանը և Արթուր Աթաբեկյանը։ Մյուսները՝ Վիգեն Քոչարյանը, Հայկ Գրիգորյանը և հատկապես Երանուհին, «կարեն անդրեասյան» էին դարձել վաղուց։

Դե ինչ, սա դատավորներ Մկոյանի և Աթաբեկյանի գիտակցված ընտրությունն էր։ Ոչ ոք նրանց գլխին ատրճանակ չէր դրել»։

Արցախի իշխանությունները հրապարակայնորեն պետք է դիմեն Ռուսաստանին՝ Ազգային Ժողովի հատուկ ուղերձով. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում հանրային լուրջ ճնշում պետք է բանեցվի իշխանությունների վրա։ Անկախ մեր վերաբերմունքից՝ իշխանությունն այսօր ունի կանխարգելիչ քայլերի մեծ փաթեթ, որն ընդհանրապես չի անում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «2008-ին գործող նախագահ Ա. Մեդվեդեւը ռուս-վրացական պատերազմը որակեց այսպես. «Ռուսական խաղաղապահները ձեռնամուխ են եղել Վրաստանին խաղաղության պարտադրմանը՝ վրաց-օսական հակամարտությունում։ Մեր խաղաղապահների վրա դրված է նաև բնակչության անվտանգության ապահովումը»։

Հետագայում Մեդվեդևը և պաշտոնական Մոսկվան զարգացրին մի ամբողջ քաղաքագիտական տեսություն, որը վերափոխվեց պետական քաղաքականության. ի՞նչ է լինում, երբ կրակում են ռուսական խաղաղապահների վրա։ Դա ենթադրում էր կոշտ ռազմական պատասխան և ինքնորոշման ձգտող միավորների անկախության ճանաչում։

Ռուս-վրացական ռազմական բախումն անգամ ստացել էր հատուկ ձևակերպում. «первая миротворческая война»։

Ինչո՞ւ եմ ես սա հիշեցնում։

Այս պահին ռուս խաղապահները իրականացնում են իրենց կարևորագույն առաքելությունը Արցախում և ըստ էության ապահովում են 120 հազար արցախահայության անվտանգությունը ադրեբջանական սպառնալիքի դեմ։ Պաշտոնական Բաքուն և նրա քարոզչամեքենան վերջին շրջանում ինտենսիվ խոսում է նոր ռազմական օպերացիայի մասին՝ Արցախում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Ընդ որում, լեյտմոտիվը հետևյալն է. Հայաստանը և Ռուսաստանը այլ ելք չեն թողնում։

Դա նշանակում է. կա´մ կրակել ռուսական խաղաղապահների վրա, կա´մ ռուսական խաղաղապահները ապահվում են միայն ու միայն իրենց սեփական անվտանգությունը։ Առաջինի դեպքում ռիսկերը Ադրբեջանը պետք է հաշվարկի, երկրորդի դեպքում ռուսները ստանում են ծանր իմիջային հարված և իմաստազրկվում է նրանց առաքելությունը, և ոչ միայն Արցախում։

Հնարավոր է նաև երրորդ տարբերակ, որն ըստ իս ավելի իրատեսական է՝ վերականգնել առարկայական բանակցությունները Ռուսաստանի միջնորդությամբ՝ հիմքում ունենալով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ փորձելով գտնել բոլոր բարդ խնդիրների հնարավոր փոխզիջումային լուծումները։

Այսօր նույնիսկ Արևմուտքում են ընդունում, որ իրական հողի վրա, իրական խաղաղություն ի զորու են ապահովել միայն ռուսները։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ Արևմուտքի այս պարզ ուղերձը։

Իրավիճակը բարդանում է հետևյալ հանգամանքներով.

Հայաստանի իշխանությունները թույլ են տալիս մի կոպիտ սխալը մյուսի հետևից՝ ամեն անգամ բարդացնելով առանց այդ էլ բարդ իրավիճակը (եթե դա իրականում պարզապես սխալ է, և ոչ՝ մտածված քաղաքականություն)։
Ալիևը ճշգրտորեն օգտվում է հայկական կողմի «սխալներից»։
Հայաստանի խորհրդարական ընդդիմությունը գտնվում է ինստիտուցիոնալ կազմաքանդված վիճակում. այն չկարողացավ դառնալ ինստիտուցիոնալ այլընտրանք, որի հետ թե´ ռուսները, թե´ արևմուտքը երկխոսության մեջ կմտնեին՝ իշխանությունների ստեղծած փակուղուց դուրս գալու համար։
Այս իրավիճակում Ալիևը կարող է գնալ խելագար քայլերի։ Եվ եթե կա նման վտանգ, ապա պետք է անել կանխարգելիչ քայլերի.

— Արցախի իշխանությունները հրապարակայնորեն պետք է դիմեն Ռուսաստանին՝ Ազգային Ժողովի հատուկ ուղերձով։

— «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» մեծ հանրահավաք պետք է անի, որը պետք է լայնորեն լուսաբանվի միջազգային մամուլով։ Մեծ ջանք է պետք դնել։ Էմոցիաներից բացի՝ Արցախից պետք է ձևակերպվեն հստակ ուղերձներ աշխարհի համար։ Կարևոր ուղղություն պետք է լինի նաև Ռ. Վարդանյանի երեկվա ասածը. «Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի՝ վատ բանակցողը»։

— Նույնը պետք է անի Հայաստանի քաղաքական ընդդիմությունը, ու նաև դիմի արևմտյան տերություններին, առաջին հերթին՝ Մինսկի խմբի անդամ, և ԵՄ-ին։

— Հայաստանում հանրային լուրջ ճնշում պետք է բանեցվի իշխանությունների վրա։ Անկախ մեր վերաբերմունքից՝ իշխանությունն այսօր ունի կանխարգելիչ քայլերի մեծ փաթեթ, որն ընդհանրապես չի անում։ Արցախի ժողովուրդը գերի հո չէ՞ էս իշխանությանը։ Չստացվի սեպտեմբերի 27-ի պատմությունը, որ իշխանությունը հետո համ ասի՝ գիտեինք, որ պատերազմ է լինելու, համ ասի՝ չգիտեինք, ու սարքեն հերթական ճաշը։

Ու նախապատերազմական փուլը այսպես մսխվի Այվազովսկու նկարների տակ:

Սպանություն Քարակերտի կարաոկե ակումբում. 1 մարդ մահացել է, կան վիրավորներ

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում` կարաոկե ակումբում, վաղ առավոտյան սպանություն է տեղի ունեցել, հաղորդում է shamshyan.com–ը։ 

Կայքի տեղեկություններով` ժամը 05։25-ի սահմաններում հայտնի է դարձել, որ

Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Սարգիս Հ․-ն և 32-ամյա Անդրանիկ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Բժիշկները հիվանդանոց մեկնած ոստիկաներին հայտնել են, որ վիրավորներից մի քանիսը ի վիճակի չեն բացատրություն տալու, իսկ Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Քերոբ Հ.-ն մահացել է։

Պարզվել է, որ Քարակերտ գյուղի Հինգ հարկերի փողոցում «ՈւՆԵ» Ա/Ձ-ում գտնվող կարաոկե դիսկոտեկ ակումբում ժամը 03։00-ի սահմաններում Սարգիս Հ․-ն, Անդրանիկ Գ․-ն, Քերոբ Հ․-ն և 33-ամյա Սևակ Գ․-ն վիճաբանել են նույն մարզի բնակիչներ 23-ամյա Զոհրաբ Բ․-ի և 24-ամյա Վալեր Ս․-ի հետ, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Զոհրաբ Բ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սարգիս Հ.-ին, Անդրանիկ Գ.-ին և Քերոբ Հ.-ին։

Իրավապահները պարզել են Զոհրաբ Բ․-ի ու Վալեր Ս․-ի գտնվելու վայրը. նրանք հայտնաբերվել են և տեղափոխվել ոստիկանության Արմավիրի բաժին։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հուլիսի 8-ից Երևանում երթուղի դուրս կգան նոր տրոլեյբուսները

Նոր տրոլեյբուսները երթուղի դուրս կգան հուլիսի 8-ից։ Այսօր՝ հուլիսի 3-ին,  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները կտեսնենք Երևանի փողոցներում»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնմանը, ապա հերթական մրցույթն արդեն հայտարարված է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերի ՀՀ կառավարության աջակցությամբ։

Այժմ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ։