Ի տարբերություն Փաշինյանի՝ ՀՀԿ-ն չի ճանաչում Արցախը որպես Ադրբեջանի մաս

Մինսկում «Ռուսաստանի բարեկամներ»-ի ակումբի հավաքի ժամանակ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ելույթի թեզերը․
1. Մեր երկրները գտնվում են նոր մարտահրավերների և սպառնալիքների փուլում։
2. 6 ամսից ավելի Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ եւ
այնտեղ հումանիտար աղետ է հասունանում։
3. Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է միջազգային իրավունքի հիման վրա։
4. Երկակի ստանդարտներն անընդունելի են։
5. Ի տարբերություն Փաշինյանի՝ ՀՀԿ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
6. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի:
7. Ավանդական և հոգևոր արժեքները հայ և ռուս ժողովուրդների դաշինքի բանալին են։
8. ՀՀԿ-ն ու «Միասնական Ռուսաստանը» այս արժեքների կրողներն են։
9. ՀՀԿ-ի և «Միասնական Ռուսաստան» կուսակցության միջև դաշնակցային հարաբերությունները ծառայում են մեր երկրների ազգային շահերին։
10. Ի տարբերություն որոշ նոր կառավարիչների, ՀՀԿ-ն Ռուսաստանի Դաշնությունը համարում է ոչ թե սպառնալիք մեր ժողովրդի համար, այլ դաշնակից և անվտանգության երաշխավորներից մեկը։
Բաքվին կոչ ենք անում ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով տեղաշարժը

«Նման գործողությունները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները»,- նշված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
Մեկնաբանությունում նշվում է նաև, որ այդպիսի քայլերը հանգեցնում են լարվածության աճի, ինչը չի նպաստում ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ «նորմալ մթնոլորտի» պահպանմանը։
«Բաքվին կոչ ենք անում ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով տեղաշարժը»,- նշված է Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հույս է հայտնում, որ Երևանը մի կողմ չի քաշվի եռակողմ ձևաչափով փոխգործակցությունից։
«Գործունեության դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և ընդհանուր առմամբ տանում է էսկալացիայի՝ գետնի վրա»,- նշում է Զախարովան՝ կարևորելով նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի շուրջ աշխատանքները՝ պրոֆիլային հանձնաժողովի շրջանակներում։
«Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն»,- նշված է մեկնաբանությունում։
«Կողմերին» կոչ է արվում զսպվածություն և պատասխանատվության գիտակցում ցուցաբերել՝ Լաչինի միջանցքի տարածքում անվտանգության ապահովման համար։
Կոչ է արվում նաև պահպանել եռակողմ համաձայնագրերի դրույթները, նշվում է, որ ռուսական կողմը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել Բաքվի և Երևանի հետ շփումներում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Այսօր հանդիպում ունեցանք «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ

Այսօր հանդիպում ունեցանք «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ:
Բարձրագույն Խորհրդի Բյուրոյի անդամ, Բարձրագույն Խորհրդի նախագահի խորհրդական, կուսակցության Գլխավոր քարտուղարի տեղակալ Սենատոր Անդրեյ Կլիմովի ,Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի ամդամ սենատոր Շեվչենկո Անդրեյի, Ռուսաստանի Դաշնության Դումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կուսակցությունների հետագա անելիքներին վերաբերվող ծրագրեր:
Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ռուս գործընկերներին ներկայացրել են Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի իրենց գնահատականները, հատուկ շեշտել ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելու փաստը:
Հ.Գ խոստացանք այս նկարը ցույց տալ Աշոտյանին ))
Կալանքից օրեր անց Արմեն Աշոտյանին փոխանցել են դատարանի որոշումը․ Պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Երեկ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, անձնակազմի միջոցով, Արմեն Աշոտյանին վերջապես հանձնվել է կալանքի մասին դատարանի որոշումը, տեղեկացնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Որոշումը 48 էջանոց է, որից 44 էջը copy/paste է, հիմնականում քննիչի միջնորդությունից:
Իմ և Արմենի ելույթներից նշված է շատ փոքր մաս, հիմնական փաստարկները անտեսված են:
Մնացած 4 էջից 1-ական էջ որոշման ներածական և եզրափակիչ մասերն են և 2 էջ, վերջապես, դատարանի պատճառաբանությունները:
Դե, իհարկե, դա «պատճառաբանություն» անվանել դժվար է, դատավորը պարզապես իր անվերապահ համաձայնությունն է հայտնում քննիչին:
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոքը, որը քննության կհանձնվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորներին:
Այդ դատավորները նիկոլական դատարան/տրոյկաների մի մասն են, շուտով կառանձնանան և կկազմեն ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, ինչով նիկոլական տռոյկաների համակարգի ձևավորումը կավարտվի:
Մեծ հաշվով դրանք դատարաններ չեն, դրանք ժեխին զբաղեցնելու շոու բիզնես հիշեցնող հիմնարկներ են՝ «սրանից էս խլեցինք, նրան էսքան «սրոկ» տվեցինք, դե ժեխ ապրի երջանիկ, քանի նիկոլը ծախում է Հայրենիքը»:
Ես ոչինչ չեմ ակնկալում վերաքննիչ դատարանից այս բողոքի հետ կապված: Եթե հանկարծ Արմենին ազատ արձակեն, դա կնշանակի միայն, որ քաղաքական հետապնդում իրականացնող կապիտուլյանտը որոշել է ազատ արձակել: Ոչ մի պատրանք, որ կիրականացվի արդարադատություն, մենք չունենք:
Միջնորդել եմ, որ բողոքս քննվի բանավոր՝ միշտ մի տեսակ հաճույք եմ ստանում քաղաքական պատվեր կատարող դատավորի հայացքը փախցնելուց, բայց վստահ եմ, որ կլինի գրավոր ընթացակարգ:
Արմեն Աշոտյանի պայքարը քաղաքական է, հիմա այն վարվում է բանտից և ոչ մեկը նիկոլականներից ողորմություն կամ ազատություն չի աղերսելու:
Դավաճանների հետ երկխոսությունը լինում է կարճ և շատ կոնկրետ»,- գրել է Տիգրան Աթանեսյանը:
Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով փակել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհը

Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը), հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից:
Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները»,- նշված է հաղորդագրությունում:
Կանայք կաթնախառնուրդներ են տարել ՄԱԿ-ի գրասենյակ, որպեսզի դրանք հասցնեն արցախցի փոքրիկներին

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կանայք բողոքի ակցիա են իրականացնում` ի պաշտպանություն լիովին շրջափակված Արցախի։
Նրանք գրասենյակի մոտ դրել են մանկական կերեր, այդ կերպ մատնանշելով, որ հումանիտար ճգնաժամը Արցախում վնասում է նաև փոքրիկներին. նրանք զրկված են մանկական կերերից։
Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՄԱԿ-ն այն կազմակերպությունն է, որը մշտապես խոսում է երեխաների իրավունքների մասին և աշխարհում նրանց իրավունքների կոնվենցիաների ազատամարտիկն է.«Կարծում եմ, որ այս 8 օրերի ընթացքում հենց իրենք պետք է ամենաշատ մտահոգվածը լինեին, թե ինչպես են ապրում Արցախում երեխաները, մինչև մեկ տարեկան երեխաները, որոնք ուղղակի կաթնախառնուրդով են սնվում, և ինչ պայմաններում են առհասարակ։ Ես 6 ամսից ավելի այնտեղ շրջափակման մեջ էի և ինքս եմ ականատես եղել, թե ինչպիսի անելանելի իրավիճակ էր հենց այս երեխաների մոտ։ Արդյունքում այս երեխաներն ամենաանպաշտպանն էին։ Եթե բնության բարիքներով հնարավորություն կա, որպեսզի մեծահասակները գոյատևեն, ապա այս երեխաներն այդ հնարավորությունը չունեն։
Քանի որ իրենք 8 օր շարունակ անտարբեր են տեղի ունեցող իրավիճակի նկատմամբ, ապա գոնե թող պարտավորվեն երեխաներին կաթնախառնուրդ հասցնեն»։
Նրանք սպասում են, որպեսզի գրասենակի ներկայացուցիչը հանդիպի իրենց հետ և խոստանա, որ կաթնախառնուրդները տեղ կհասցնեն։
Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհը երթևեկելի է

Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով առաջացած սելավային հոսքի պատճառով ավտոճանապարհը փակվել էր։
Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
«Հունիսի 22-ի ժամը 23:00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի պարեկների կողմից սահմանվել է հերթապահություն: Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թվով երեք տեխնիկա:
Տվյալ ուղղությունով խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Ախթալայից դեպի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ավտոճանապարհը երթևեկելի է, մաքրման աշխատանքները շարունակվում են»:
21-րդ դարում բոլորիդ աչքի առաջ 120 000 մարդ ամեն օր ենթարկվում է անմարդկային տառապանքների, իսկ ձեր արածն ընդամենը դրվագային մտահոգություն արտահայտող հայտարարություններ են․ Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից դեպի Արցախ հումանիտար փախադրումների արգելափակման վերաբերյալ, որում ասվում է.
«Մեկ շաբաթից ավելի է, ինչ ամբողջությամբ դադարեցված են հումանիտար փոխադրումները դեպի Լեռնային Ղարաբաղ, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահների կողմից։ Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է խորացնում վեցամսյա շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Ստեղծված պարենային և դեղորայքային առանց այն էլ սուղ իրավիճակը գոյաբանական լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեր բնակչության համար:
Ադրբեջանը շրջափակման ընթացքում հումանիտար փոխադրումները միշտ էլ գովազդել է՝ ցույց տալու համար, թե իբր միջանցքը արգելափակված չէ, փաստորեն, գործիք դարձնելով հումանիտար հարցերը։ Միջազգային անգործության պայմաններում Ադրբեջանը գործում է կատարյալ անպատժելիության մթնոլորտում՝ անտեսելով 2020 թվականի եռակողմ հայտարարությունը, մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՄԱԿ֊ի արդարադատության միջազգային դատարանի որոշումները։
Ադրբեջանը իրավունքներ է խոստանում՝ հանցավոր կերպով արգելափակելով անգամ հումանիտար հասանելիությունը։ Կարծես թե միջազգային որոշ դերակատարներ կուրորեն հավատում են այդ խոստումներին՝ դիտավորյալ չտեսնելու տալով այն, ինչ իրականում անում է Ադրբեջանը։ Որքա՞ն կարելի է անտեսել իրականությունը։
Ադրբեջանի առաջարկածը էթնիկ զտումն է և բռնի հպատակեցումը․ երկու դեպքում էլ գործ ունենք նույն հանցանքի հետ, որը կոպտագույնս խախտում է մարդու հիմարար իրավունքները՝ մարդու ինքնորոշումը, կամարտահայտության, կյանքի, առանց խտրականության սեփական հայրենիքում ապրելու իրավունքները։
Արդյոք այս իրավիճակը խոսո՞ւմ է այն մասին, որ միջագզային բոլոր դերակատարները չունեն հանձնառություն հրատապ մեթոդներով հակազդելու Ադրբեջանին։ Արդյոք ձեր կողմից նորմալացվո՞ւմ է Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանական քաղաքականությունը։ 21-րդ դարում բոլորիդ աչքի առաջ 120 000 մարդ ամենօրյա ռեժիմով ենթարկվում է անմարդկային տառապանքների, իսկ ձեր արածը ընդամենը դրվագային մտահոգություն արտահայտող հայտարարություններ են։
Հումանիտար հասանելիության միտումնավոր խոչընդոտելը միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։ Ես կրկին կոչ եմ անում ձեզ՝ վերջ տվեք այս հանցավոր անտարբերությանը, կանխեք Ադրբեջանի կողմից նոր պատերազմական հանցագործությունը, հասկացեք, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար պատասխանատվությունը նաև ձեր խղճին է։ Ի վերջո, անտարբերությունն ու անգործությունը հավասարազոր են հանցակցության»:
Աներոջը սպանած Գոռ Տեր-Եսայանը երեք ամսով կալանավորվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր՝ հունիսի 23-ին, աներոջ՝ Արթուր Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող, ինչպես նաեւ գործով տուժող հանդիսացող Էլեն Մարգարյանի համար սպառնալիք հանդիսանալու գործով մեղադրվող Գոռ Տեր-Եսայանը երեք ամիս ժամկետով կալանավորվեց։
Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության վեցերորրդ վարչության նախկին աշխատակից Գոռ Հրաչի Տեր-Եսայանը 2020 թվականի մարտի 19-ին, ըստ սպանվածի դստեր՝ իր կնոջ՝ Լիանա Մարգարյանի, գտնվելով թրմանյութի և ալկոհոլի ազդեցության տակ, ԱԿ 74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ արձակելով՝ տան մեջ սպանել է 47-ամյա Արթուր Մարգարյանին։ Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով, սակայն Գոռ Տեր-Եսայանին ճանաչել են անմեղսունակ և, երկու տարի Նուբարաշենի հոգեբուժարանում անցկացնելուց հետո, վերջինս նորից հայտնվել է ազատության մեջ։
Լիանա Մարգարյանը տեսանյութ էր տարածել, որում պատմում էր, որ ինքը թաքնված է Գոռ Տեր-Եսայանից, որովհետեւ նա հետապնդում եւ սպառնում է իրեն։
ՄԻՊ-ի աջակցությամբ վարչական իրավախախտման մասին որոշումը բեկանվել է, և վերականգնվել քաղաքացու մեքենա վարելու իրավունքը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ Ոստիկանության պարեկային ծառայողները կայացրել են անհիմն վարչական ակտ՝ զրկելով իրեն մեքենա վարելու իրավունքից 1 տարի ժամկետով։
ՄԻՊ-ից հայտնում են, որ ըստ դիմումատուի՝ պարեկային ծառայության աշխատակիցները վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում են կայացրել, քանի որ իր կողմից վարած մենքենայի գույնը և պետհամարանիշը տարբերվել են Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում առկա տվյալներից։ Տեղեկացրել է նաև, որ տվյալ մեքենան սեփականության իրավունքով պատկանում է ոչ թե իրեն, այլ այն կազմակերպությանը, որտեղ աշխատում է, իսկ հաշվառման համարանիշները կազմակերպության ներկայացուցիչները անուշադրությամբ տեղադրել են նույն մակնիշի մեկ այլ մեքենայի վրա, ինչի արդյունքում էլ առաջացել է նման խնդիր։
Կայացված վարչական ակտի իրավաչափությունը վերանայելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն։ Իրականացվել են լսումներ, ուսումնասիրվել են Պարեկային ծառայության ծառայողի անհատական տեսաձայնագրող սարքի տեսաձայնագրությունը։ Արդյունքում, վարչական իրավախախտման մասին որոշումը բեկանվել է և վերականգնվել է քաղաքացու մեքենա վարելու իրավունքը։