Ադրբեջանական դիրքից կրակահերթ են արձակել Արցախի Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ

Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունից։

«Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.) զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։

Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Զ. Առաքելյանի տան տանիքը:

Վնասի չափը պարզվում է: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- նշված է հաղորդագրությունում։

Նիկոլը կարող է իր ռեպրեսիվ մեքենայով ինձ կտրել աշխարհից, բայց Հայաստանից և Արցախից ինձ կտրել չի կարող. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հոդված է գրել Նուբարաշեն ՔԿՀ-ից․

«Օբամայի վարչակարգի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, գրելով 2011թ. եգիպտական հեղափոխության մասին, նշում էր.«Գրեթե բոլոր հեղափոխությունները, որ մեկնարկում էին հույսերով և իդեալիզմով, ավարտվում էին բռնաճնշումներով և արյունահեղությամբ»:

Ասվածն ամբողջությամբ կիրառելի է նաև Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» իշխանազավթման հանդեպ:

Բռնաճնշումներին դեռ կանդրադառնամ, իսկ արյունահեղության առաջին արարի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ երեկ (հունիսի 20-ին.-168.am) հերթական անգամ ճամարտակել է «թավշյա» արհավիրքի հիմնական հրեշը՝ Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծեմ, որ «հերթական անգամ» ձևակերպումը սխալ է, քանզի այդ արարողությունը՝ սեփական կամակատար խամաճիկներից կազմված հայրենադավ պատերազմի հանգամանքները «սվաղող» հանձնաժողովում ելույթը, Նիկոլի համար նախատեսված էր՝ որպես դավաճանի և կապիտուլյանտի խարանից մաքրվելու ամենակարևոր բեմադրության ամենաճակատագրական փորձ:

Նա երկար էր պատրաստվել այդ եզրափակիչ օպերացիային՝ շաղախելով արդեն հնչեցրած կեղծ և քննադատությանը չդիմացող թեզերը հնդկական կինոարտադրությանը բնորոշ գունեղ, հուզական, դինամիկ, բայց այնուհանդերձ էժան տրյուկներով:

Կապի և հաղորդակցության միջոցներից կտրված լինելու պատճառով արձագանքում եմ նրա ելույթի մի շարք դրույթներին ուշացումով և գուցե ոչ ամբողջական, քանզի համացանցից հեռու լինելու հանգամանքը թելադրում է որոշակի սահմանափակումներ, սակայն իմ կողմից մեջբերվելիք տեղեկությունների իսկությունը կարող եք հեշտությամբ ստուգել ինքնուրույն կամ իմ նախորդ ելույթներից, կամ այլ բաց աղբյուրներով:

Ի դեպ, կեսկատակ ասեմ, որ կալանավորելով ինձ իր ելույթից օրեր առաջ, նա զրկվեց վստահաբար իր ամենահավատարիմ ունկնդրից, ով այս անգամ ոչ թե օպերատիվ և live ռեժիմով է անդրադառնալու իրեն, այլ գրավոր և արդեն տեղի ունեցող հանրային քննարկումների ֆոնին:

Եվ այսպես՝

Փաշինյանն ինքնախոստովանել է, որ ունեցել է պատերազմն առնվազն ժամանակավորապես դադարեցնելու ևս մեկ հնարավորություն հոկտեմբերի 7-8-ին: Եվ այդ առաջարկը նա նույնպես մերժել է, թեպետ, ինչպես ինքն էր բազմիցս նշում, մենք իբր բանակ չունեինք, և, որ պարտությունն «անխուսափելի է»: Ավելին, հենց այդ օրերին էր նա նախապատրաստում Լելե-Թեփե օպերացիան, իսկ արտասահմանյան ԶԼՄ-ներով գրեթե ուղիղ հայտարարում «այս պահին ընթացող և պատերազմում բեկում մտցնող» գործողությունների մասին: Ինչպես հետո պարզվեց, այդ չարաբաստիկ գործողությունը կոտրեց հայկական ԶՈՒ ռեզերվի մեջքը, ինչը հետո անդառնալի հետևանքներ ունեցավ:
Ֆիզուլին չհանձնելու իբր վճռականություն ունեցող մարդը հետո հեշտությամբ ավելի շատ հող հանձնեց գրիչով, քան կռվով (Քարվաճառը, Լաչինն ու Աղդամը վկա), և շարունակում է հանձնել առ այսօր՝ արդեն ՀՀ ինքնիշխան տարածքից:
Դիվանագիտության ձախողման, դավաճանական աստիճանի տգիտության, մեծ քաղաքականությունը Մակրոնի պաչիկների տակ մնացած գեղցի շուստրիությամբ փոխարինելու արդյունքում նա հոկտեմբերի 13-16-ին ՌԴ միջնորդությամբ բանակցում է պատերազմը կանգնեցնելու պայմանների մասին, իրատեսական և հողի վրա, սակայն զուգահեռ՝ ֆրանսիական միջնորդությամբ հրադադարի է համաձայնում, որը ոչ թե պատերազմը կանգնեցնելու, այլ ժամանակավոր դադարի մասին էր:
Երկրորդը, եթե Ադրբեջանն արդեն խախտել էր նախորդ՝ ռուսական հրադադարը, որքա՞ն հիմար պետք էր լինել՝ հավատալու համար, որ Ալիևը կհարգի և կքաշվի Մակրոնից ավելի, քան Պուտինից:

Երրորդը, փաստորեն Նիկոլը խոստովանեց, որ մեր գլխին պատերազմ բերած աշխարհաքաղաքական խաղեր է տվել ոչ միայն 44-օրյայից առաջ, այլև ընթացքում, ինչն էլ ավելի է ծանրացրել մեր վիճակը, և ինչի մասին քանիցս խոսել եմ:

Հոկտեմբերի 19-ի իրադարձությունների շուրջ Նիկոլի խճճված, փաստերը, սեփական գնահատականները հախուռն ներկայացնող մեկնաբանությունները բազմաթիվ կեղծ և խնդրահարույց պնդումներ են պարունակում, բայց այս պահին շատ չծավալվելու համար ընդամենը երկու փաստ ընդգծեմ, որոնք լիովին բավարար են պայթեցնելու համար նրա բաբըլգամային հերթական փուչիկը:
Առաջինը, ՌԴ նախագահը 2020թ. ավարտին իր հարցազրույցում նշել էր, որ հոկտեմբերի 19-ին ռազմական գործողությունների դադարեցման դեպքում հայկական կողմը կկորցներ ընդամենը «незначительные территории на юге», ինչն ակնհայտ հակասումէՆիկոլի շարադրանքին: Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Փաշինյանը, եթե ճշմարտախոս լիներ, կհամբերե՞ր մոտ 2.5 տարի Պուտինին հակառակ բան ասելու համար…

Եվ երկրորդը, Շուշիի շուրջ բանակցային շահարկումների լավագույն պատասխանը, որքան էլ զարմանալի է, տվել է հենց Նիկոլի ԱԳՆ-ն՝ պատերազմից անմիջապես հետո հերքելով նրա սուտը, թե՝ «Շուշիի հարցը միշտ էլ բանակցությունների օրակարգում է եղել»:Հիշեցնեմ նաև, որ այս սկանդալից հետո հրաժարական տվեց Նիկոլին անվերապահորեն ծառայող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով մինչ այդ ծառայամտորեն սվաղում էր Նիկոլի ցանկացած սուտ, բայց այս անգամ Շուշիի վերաբերյալ փաշինյանական կեղծիքի բեռը չցանկացավ կիսել անգամ նա:

Շուշիի խնդրի մասին խոսելիս Նիկոլն ասում է, որ արդեն այն ժամանակ «կանխատեսում էր» Լաչինի միջանցքի հնարավոր բլոկադան Ադրբեջանի կողմից: Համաձայնեք, որ սա երեսպաշտության «высший пилотаж»է, քանզի այդ նորաթուխ պայծառատեսը, ըստ իրեն, գուշակելով նման խնդրի մասին, ոչ միայն հետպատերազմական շրջանում մատը մատին չտվեց այն կանխելու համար, ոչ միայն իրական ջանքեր չգործադրեց շրջափակված Արցախը միջազգային ճնշման ներքո դեբլոկադայի ենթարկելու համար, այլև խախտելով Նոյեմբերի 9-ի համաձայնագրի համապատասխան դրույթը, ժամկետից շուտ և մեծ հաճույքով համաձայնեց ադրբեջանական թակարդին՝ նոր ճանապարհի կառուցման և Լաչինն ու շրջակա գյուղերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելու՝ Մեղրիի հիմնավորմանը, ապա այն նույնպես քննադատությանը չի դիմանում, քանզի նմանատիպ մի դրույթ, անունը ինչ ուզում եք՝ դրեք, տեղ է գտելՆոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում՝ ռուսական ФСБ-ի կողմից այդ հնարավոր կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու մասով: Այլ բան է, որ վերջերս Նիկոլն ու իր բալագանն արևմտյան տրեկի վրա բանակցելով՝ փորձում են ազատվել այդ տրված համաձայնությունից:
Ամերիկյան՝ հոկտեմբերի 25-ի հրադադարի պատմությունն իր տրամաբանությամբ կրկնում է ֆրանսիականի հիմնավորումները՝ մաքուր՝ իր ձևով, և կեղտոտ՝ իր բովանդակությամբ, գեոպոլիտիկ ֆլիրտ, որը նույնպես ծանր նստեց մեր բանակի վրա:
Սակայն այստեղ կա մի լրացուցիչ նրբություն. Արցախյան հարցը կարճաժամկետ, բայց գործուն կերպով մտավ ԱՄՆ նախագահական ընտրարշավի օրակարգի մեջ՝ շահարկվելով թե՛ Թրամփի («մի օրում կլուծեմ այս հարցը»), թե՛ Բայդենի կողմից հայկական ընտրողների ձայները մոբիլիզացնելու համար:

Ի դեպ, նկատենք, որ այդ ողջ պատմության ընթացքում Նիկոլը չի ներկայացրել գեթ մեկ դրվագ, որտեղ Արևմուտքը կստանձներ ագրեսոր Ադրբեջանին պատժելու հանձնառություն կամ պատերազմն ամբողջությամբ դադարեցնելու նախաձեռնություն:

Շահրեզադեի փառքին նախանձող և հեքիաթների սեփական շարքը դայլայլող Փաշինյանը, առնվազն ինձ հասած նյութերով, բառ անգամ չի արտաբերելպատերազմի ընթացքում Արցախի անկախությունը ճանաչելու մտադրության մասին, ինչն այդ ժամանակ հայկական կողմի ձեռքերում հզոր քարտ էր, գեոպոլիտիկ ջոկեր, դիվանագիտական ИСКАНДЕР: Սա առավել ակնբախ է դառնում, երբ պատերազմը կանգնեցնելու սցենարների մեջ նա կարմիր թելով տանում է Արցախի կարգավիճակի չհստակեցման հարցը: Հերթական երեսպաշտական տխմարություն: Նա մի կողմից՝ իբր սրտացավ էր այդ հարցում, մյուս կողմից՝ որևէ կերպ չի օգտագործել այդ ուժեղ քայլի հնարավորությունն առավել նպաստավոր պայմաններից բանակցելու համար:
Նույն կերպ ամբողջ վերբալ արտանետվածքում, կրկին առնվազն ինձ հասած նյութերում, նա չի խոսել Ադրբեջանի էքսպորտային նավթային և գազային խողովակաշարերը հայկական կողմի համար լեգիտիմ թիրախհայտարարելու և նրանց խոցելու հնարավորությունը՝ որպես երկրորդ ուժեղ խաղաքարտ օգտագործելու մասին, ինչը նույնպես անխոցելի փաստարկ է այդ պատերազմում Նիկոլի գործողությունների և որոշումների կայացման գործընթացը հայկական շահերից բխելու վերաբերյալ հարցը խոր և հիմնավոր կասկածի տակ դնելու համար:
Հարգելի ընթերցող,

Քանզի նյութի ծավալը շա՜տ կմեծանա, ուստի իր ելույթի երկրորդ մասին, այն է՝ բանակցային ժառանգության և արդյո՞ք կարող էինք խուսափել պատերազմից, կանդրադառնամ առանձինհոդվածով մինչև հունիսի 27-ին դրանց նիստի շարունակությունը:

Իսկ ձեզ հայտնում եմ իմ խորին շնորհակալությունն ու երախտիքն ինձ և իմ ընտանիքին աջակցելու, ձեր պայքարի, մեր համազգային նպատակներին հավատարիմ լինելու համար:

Նիկոլը կարող է իր ռեպրեսիվ մեքենայով ինձ կտրել աշխարհից, բայց Հայաստանից և Արցախից ինձ կտրել չի կարող: Նրանք իմ սրտում են և չեն ենթարկվում ո՛չ դատարանների ապօրինի որոշումներին, ո՛չ ազատության սահմանափակումներին, ո՛չ էլ տեսակցությունների արգելքին:

Նա կարող է շարունակել գործեր կարել ինձ վրա, հեքիաթներ հյուսել, ցեխ շպրտել ինձ վրա: Բայց դա նրան չի օգնելու: Սարքած գործերի կարերը քանդվում են, հեքիաթների սև մագիան՝ հօդս ցնդում, ինձ վրա շպրտած կեղտը՝ չորանում և թափ տալուց մաքրվում իմ վրայից:

Ու անգամ այստեղից՝ բանտախցից, քո վերջին խոսքի մասին ասում եմ՝ ՍԱՐՔԱԾ ԵԼՈՒՅԹ՝ ՍԱՐՔԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ»։

(Շարունակելի)

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Նուբարաշեն ՔԿՀ, 21.06.2023

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ

Հունիսի 22-ին՝ ժամը 17:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են՝ հայկական կողմում տուժածներ չկան:

Սրտի կաթվածից մահացել է զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինվորներից մեկի հայրը

Սրտի կաթվածից մահացել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում ողբերգական հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից մեկի՝ Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։

Ցավալի տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Զինծառայող Գագիկ Բարսեղյանը զորակոչվելուց 1 տարի առաջ Գերմանիայից վերադարձել էր Հայաստան՝ զինվորական ծառայության անցնելու համար։

ԵԽ պատգամավորը այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, հանդիպել է Արցախի բժիշկներին, որոնք չեն կարողանում վերադառնալ ԼՂ

Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 22-ին այցելել է ՀՀ Սյունիքի մարզ: Պատգամավորներին դեպի Հայաստանի հարավ ուղեկցել է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

ԱԺ-ից  հայտնում են, որ Գորիսում հյուրերին ընդունել է Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը եւ ներկայացրել անվտանգային իրավիճակը մարզում: Բերտ-Յան Ռուիսենը նշել է, որ հայ ժողովուրդը վայելում է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը եւ ինքը Հայաստանում է` ցույց տալու իրենց աջակցությունը Հայաստանին եւ, մասնավորապես, սյունեցիներին` գիտակցելով, թե որքան բարդ իրավիճակում են գտնվում վերջիններս:

Կողմերը կարեւորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը Սյունիքի մարզում:

Հաջորդիվ հայ եւ նիդերլանդացի պատգամավորները հանդիպել են արցախցի երիտասարդ բժիշկների հետ, որոնք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո չեն կարողանում վերադառնալ Արցախ եւ կատարել իրենց առաքելությունը` բժշկական ծառայություններ մատուցել Արցախի ժողովրդին: Նրանք ներկայացրել են շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրները:

Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ առկա իրավիճակից ելքը Ադրբեջանի վրա հասցեական ճնշումն ու կոնկրետ պատժամիջոցների կիրառումն է: Արձանագրվել է, որ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտություն կա` կանխելու վերահաս հումանիտար աղետը:

Օրենսդիրները եղել են նաեւ Լաչինի միջանցքի սկզբնամասում, քննարկել պաշտպանական տարբեր մեխանիզմների ներդրման հարցը` տեւական խաղաղության հասնելու նպատակով:

Ձեթի մասին սոցիալական հարթակներում տարածվող տեսանյութի պնդումներն անհիմն են. ՍԱՏՄ

Վերջերս սոցիալական հարթակներում տարածվել է Ռուսաստանի Դաշնությունում արված մի տեսանյութ այն մասին, թե իբրև ձեթի վրա առկա «рафинированное, дезодорированное» բառը վկայում է դրա անորակ, վտանգավոր լինելու մասին: Ավելին, եթե շշի վրա գրված է «дезодорированное», ապա այն մշակված է նավթամթերքով՝ հեքսանով։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացիների և հասարակության անհանգստությունները փարատելու համար տեղեկացնենք, որ բուսայուղը ստացվում է երկու եղանակով՝ մեխանիկական մզվածքի և լուծահանման:

Առավել մեծ արդյունաբերական քանակների համար կիրառվող լուծահանման մեթոդն իրականցվում է վակուումի պայմաններում՝ հատուկ լուծահանման աշտարակներում: Այնուհետև լուծահանված բուսական յուղը մաքրվում է ռաֆինացման միջոցով: Ռաֆինացման երեք փուլից մեկը՝ դեզոդորացիան է, որով արտադրողներն ազատվում են տհաճ համ և հոտ հաղորդող նյութերից:

Լուծահանումը հնարավոր է կատարել նավթամթերք հանդիսացող «հեքսանի» միջոցով, սակայն եթե նույնիսկ այն օգտագործվում է, ապա այնքան չնչին քանակություններով և այնքան հազվադեպ, որ նույնիսկ Մաքսային Միության ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգով այդ նյութի նորմավորում չի նախատեսվել:

Այսպիսով, բազմափուլ մաքրման պրոցեսներ անցած բուսական յուղերի պիտակների վրա նշվող ռաֆինացված կամ դեզոդորացված մակնշումը փաստում է միայն տվյալ բուսական յուղի մաքրման աստիճանի մասին և մարդու առողջության համար վտանգավոր չէ:

Այսպիսի դեպքերում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության գործիքներն են սննդամթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերը և լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները: Այդ արդյունքները համեմատվում են իրավական փաստաթղթով (տվյալ դեպքում՝ Մաքսային Միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 883 որոշմամբ հաստատված «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ»-ով (ՄՄ ՏԿ 024/2011)) սահմանված վնասակար նյութերի նորմերի հետ (սահմանված չլինելը ենթադրում է լաբորատոր փորձի անհրաժեշտության բացակայություն): Հետևաբար մենք պատրաստ ենք բոլոր դեպքերում ոչ միայն փաստաթղթային, այլև լաբորատոր փորձաքննություններով հավաստիանալ, որ սննդամթերքն անվտանգ է, եթե դրա նորմավորումը կանոնակարգված է։

Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթային ստուգումներին ապա՝ եթե բուսայուղը բերվում է ԵԱՏՄ անդամ որևէ երկրից և ունի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթեր, այն ներմուծվում է երկիր: Իսկ եթե բերվում է երրորդ երկրից, ապա Հայաստանում պետք է դիմել հայտարարագրման մարմիններին և ստանալ համապատասխանության վկայական (ստուգվում է մակնշումը, ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, տրվում է համապատասխանության հավաստագիր, EAC պիտակը), ինչն էլ ստուգում է Տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումների ժամանակ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ուսումնասիրում է ստացված ԲՈԼՈՐ ահազանգերը, և, ինչպես այս դեպքում, վերցնում նախնական վերահսկողության: ԻՐԱԿԱՆ վտանգի կասկածի դեպքում՝ իրականացվում են օրենսդրությամբ վերապահված համապատասխան գործողություններ։ Տվյալ դեպքում տեսանյութի պնդումը հիմնավորված չէ:

Տեսչական մարմինը հորդորում է սպառողներին լինել առավելագույնս պահանջատեր և դիմել մեզ ցանկացած խախտում, անհամապատասխանություն նկատելու դեպքում, քանի որ բոլոր ահազանգերը օգնում են վերահսկողական միջոցառումներն իրականացնել ավելի թիրախային ու արդյունավետ՝ նպաստելով մեր հասարակության համար որակյալ և անվտանգ սննդամթերքի մատակարարմանը:            

ՍԱՏՄ թեժ գիծը՝ 118, ԱՆՎՃԱՐ Է:

Տավուշում բախվել են Mercedes-ն ու Volkswagen միկրոավտոբուսը, կա 8 վիրավոր․ Shamshyan.com

Տավուշի մարզում, այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։40-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան Մ16 ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, Ծաղկավան գյուղի վարչական տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նելլի Մ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և 58-ամյա Կամո Օ.-ի վարած Volkswagen մակնիշի միկրոավտոբուսը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները 1 մարտական հաշվարկով։

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Կարող ենք պահպանել Արցախը՝ գտնելով ոչ ստանդարտ, «այլընտրանքային» լուծումներ․ Ռուբեն Վարդանյան

Էթնիկ զտման քաղաքականությունն իրականություն դարձնելու նպատակով Ադրբեջանը շարունակում է ճնշումներն Արցախի բնակչության նկատմամբ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ դրանք աստիճանաբար խորանում են՝ ստանալով տարբեր դրսևորումներ:

«Արդեն 8-րդ օրն է, ինչ Արցախն ապրում է լիակատար շրջափակման պայմաններում: Այստեղ մենք չենք ստանում ո՛չ դեղորայք, ո՛չ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ո ՛չ սնունդ: Կենսական բոլոր ենթակառուցվածքների գործունեությունը ևս խափանված է: Դեռ հունվարի 9-ից ադրբեջանական կողմի միջամտությամբ կտրված է Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, ընդհատված է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, վառելիքի բացակայության պայմաններում գրեթե անհնար է դարձել շրջաններից դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ և հակառակը տեղաշարժը:

Այս անելանելի թվացող իրավիճակում ուզում եմ խոսել մի փոքր ծրագրի մասին, որը ջերմացնում է: «Մենք ենք մեր սարերը» գործակալությունն Արցախում սկսել է նոր ծրագիր, որի շրջանակում Ստեփանակերտում, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում 70-ից ավելի մանկապարտեզներում և առողջապահական հաստատություններում արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվելու: Սա նշանակում է, որ անկախ հոսանքազրկումից ու գազազրկումից՝ այս կարևոր սոցիալական հաստատություններն ունենալու են տաք ջուր՝ այլընտրանքային եղանակով՝ արևային էներգիայի շնորհիվ: Սա ևս այն ծրագրերի թվում է, որի «գաղափարի հեղինակը» շրջափակումն է եղել: Փոքրամասշտաբ ծրագիր է, բայց չեզոքացնում է ադրբեջանական կողմի ջանքերի ազդեցությունը առնվազն 70 հաստատության համար:

Այս օրինակը բերելով՝ ուզում եմ ասել, որ կարող ենք: Կարող ենք դիմակայել, կարող ենք պահպանել Արցախը, եթե գործենք խելացի, գտնելով ոչ ստանդարտ, «այլընտրանքային» լուծումներ, ոչ համաչափ, բայց ուժեղ պատասխաններ, որոնք հակառակորդին ստիպելու են հաշվի նստել մեզ հետ: Ամեն ինչ մեր ձեռքերում է», — գրել է նա։

Ադրբեջանցիները ջարդել են Հադրութի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերը

arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանը տեսանյութ է հրապարակել ու գրառում արել:

«Սա ինչպե՞ս է դասակարգվում։ Արդյո՞ք սա էթնիկ զտման և ազգային ատելության ապացույցներ չեն։

Պարզվեց, որ այս տեսանյութում ներկայացված է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղի զոհված զինվորների շիրմաքարերի ջարդը»։

Ջերմուկ տանող ճանապարհին «Renault»-ն երթևեկելի հատվածում շրջվել է. կան վիրավորներ

Հունիսի 22-ին, ժամը 09։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Հ․, ծնված 1989 թ․) ճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է․ երթևեկությունը դարձել է միակողմանի։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ռ․ Խ․-ն (ծնված 1964 թ.) և Վ․ Խ․-ն (ծնված 1961 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Վայքի ԲՄ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը. երթևեկությունը վերականգնվել է։