ՄԻՊ գրասենյակից հայտարարել են՝ այցելել են Արմեն Աշոտյանին

ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 19-ին, այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել Արմեն Աշոտյանի հետ:
ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նրա առողջական վիճակին և պահման պայմաններին։ Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ի վարչակազմի վերաբերմունքից, ինչպես նաև պահման պայմաններից բողոքներ չի ներկայացրել։ Նախաձեռնված քրեական վարույթի և ընտրված խափանման միջոց կալանքի առնչությամբ Արմեն Աշոտյանը ներկայացրել է իր մտահոգություններն ու դիրքորոշումը։
Այցի արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն»։
Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական Խորհրդարանի ԵԺԿ խմբակցության ներկայացուցիչներին

Այսօր ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ընդունել է Եվրոպական Խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր Մայքլ Գահլերին և ԵԺԿ խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ռոբերտ Գոլանսկիին:
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են դատապարտյալների կողմից պատրաստված հերթական թաքստոցը

Դատապարտյալների կողմից արգելված իրերի հնարավոր շրջանառության մասին ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունիսի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, հիմնարկի բնակելի գոտում իրականացրել են խուզարկություններ: Այս մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:
Արդյունքում՝ կացարաններից մեկի ընդհանուր օգտագործման բաղնիքում՝ լվացքի մեքենայի մեջ թաքցված, հայտնաբերվել է բջջային հեռախոսի 2 մարտկոց, 5 հատ USB լար և USB լարի 1 գլխիկ, 2 ականջակալ, երկուական դանակ և դաջվածքի սարք, 1 ծխամորճ, 88 խաղաթուղթ, 2 զառ ու այլ կտրող-ծակող առարկաներ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Չենք մասնակցի այդ շոուին, Փաշինյանի ուղիղ եթերում ցուցմունք տալու նախաձեռնությանը․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությունը

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել․
«2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանի՝ նախապես ազդարարված մասնակցության եւ հրապարակային ցուցմունք տալու նախաձեռնության առիթով, վերաշարադրելով ընդդիմության նախկինում հրապարակած դիրքորոշման փաստարկները, վերահաստատում ենք.
1. Քննիչ հանձնաժողովի ձեւավորումն ինքնին իշխանական մեծամասնության կողմից չի կարող ապահովել անաչառություն, համապարփակություն, քանի որ իշխող ուժի՝ ճնշող մեծամասնություն ունեցող հանձնաժողովն ի զորու չէ առարկայական քննել սեփական իշխանության, կառավարության գործունեությունը։
2. Քննիչ հանձնաժողովները ձեւավորվում եւ ձեւավորվել են կամ ընդդիմության, կամ խնդրո առարկա հարցի շուրջ շահերի բախում չունեցող ուժի կողմից, ինչպես եղավ Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրելու պարագայում։ Իշխանությունը քննություն անցկացնելու համար ունի վարչական, իրավական, դատական բոլոր գործիքներն ու հնարավորությունները։
3. Համապարփակ, ամբողջական եւ հանրային վստահություն ունեցող, Ազգային ժողովից դուրս, համախոհությամբ եւ համաչափությամբ հանձնաժողով ձեւավորելու համար ընդդիմությունը հադես էր եկել նոր որակի եւ կառուցվածքի քննիչ հանձնաժողով ձեւավորելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ, որն էլ մերժվեց իշխանությունների կողմից։
4. Նախապես հայտարարված Փաշինյանի հրապարակային, ուղիղ եթերում ցուցմունք տալու նախաձեռնությունը, որեւէ կերպ չի նպաստելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուն, քանի որ հրապարակային վկայությունների պարագայում, անհնար է լինելու պետական, ռազմական, դիվանագիտական գաղտնի տեղեկությունների հրապարակումը, կամ դրանց շուրջ հարցադրումների ներկայացումը։
5. Փաշինյանի հրապարակային ցուցմունք տալու նախաձեռնությունը, շտապողականությունը պայմանավորված է քաղաքական շահարկումների նպատակով ձեւավորված եւ ժամկետները երկարաձգած քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտով եւ ծառայելու է իշխանությանը, քաղաքական մեծամասնությանն ու անձամբ Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելու նպատակին։
6. Մեկ հարցաքննվողի համար բացառություն անելու դեպքում քննիչ հանձնաժողովը հավասարության համար պարտավոր է հրապարակել բոլոր հարցաքննության ենթարկվածների ցուցմունքներն ու պատասխանները։ Հակառակ պարագայում ստեղծվում են անհավասար պայմաններ եւ քննիչ հանձնաժողովը լինելու է Փաշինյանի քաղաքական թիրախավորումների, «մեղավորներ» նշանակելու հարթակ։
Առ այդ, այս եւ նախկինում հրապարակված մեր հիմնավորումների, ինչպես նաեւ նախկինում քննիչ հանձնաժողովի նիստերին պատգամավորների կողմից հարցեր տալու ծավալների սահմանափակումների, իշխանության եւ անձամբ Փաշինյանի կողմից հետեւողականորեն իր վրայից պատասխանատվությունը գցելու, պարբերաբար տարատեսակ մեղավորներ կարգելու գործելաոճը հաշվի առնելով, ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի այդ շոուին»։
Մեկ շաբաթում սակրավորներն Արցախում հայտնաբերել են 224 միավոր ռազմամթերք

Հունիսի 12-19-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1101 զանգ: Կանչերից 9-ը տեխնածին, 38-ը՝ կենցաղային բնույթի են:
Տարվա այս սեզոնին օձերի ակտիվացման շրջանի հետ կապված՝ ավելացել է սողունների հայտնաբերման մասով կանչերի թիվը: Թունավոր օձերի հայտնաբերման 11 դեպք է գրանցվել, որից 7-ը՝ մայրաքաղաքում, 2-ը՝ Մարտակերտի և մեկական դեպքեր՝ Ասկերանի և Մարտունու շրջաններում: Վիճակագրության համաձայն, սողունների հայտնվելու մասով կանչերի մեջ գերակշռում են բնակելի տարածքներից հայտնաբերման դեպքերը: ԱԻ ծառայությունը խորհուրդ է տալիս տանը կամ տնամերձ այգիներում, հասարակական վայրերում օձ նկատելու դեպքում՝ անմիջապես զանգահարել ծառայության թեժ գիծ՝ 911 կարճ հեռախոսահամարին: Այդ մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը:
Հրդեհի վերաբերյալ գրանցվել է 4 կանչ՝ տրանսպորտային միջոցում, օժանդակ շինությունում և էլեկտրալարերում: Արձանագրվել է նաև հրդեհի վերաբերյալ կեղծ ահազանգի մեկ դեպք: Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարներն արձագանքել և իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում տեղացած հորդառատ անձրևների և կարկուտի հետևանքով, Ստեփանակերտում և Ասկերանի շրջանում փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը, մոտոպոմպով իրականացնելով ջրահեռացման աշխատանքներ:
Հունիսի 12-19-ն ընկած ժամանակահատվածում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 6 դռան և 7 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 5 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:
Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները հետախուզական աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքից հայտնաբերել են շուրջ 224 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք, որին զուգահեռ, բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով՝ իրականացվում է տարածքների մաքրման աշխատանքներ:
Շուրջօրյա ծառայության ընթացքում ՆԳՆ ծառայողները արձագանքում են բնածին, մարդածին և տեխնածին բոլոր կանչերին՝ իրականացնելով պատահարների հետևանքների մեղմացման և համապատասխան կանխարգելիչ գործողուններ:
Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հունիսի 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +28+30։
Օդի ջերմաստիճանը մարզերում`
Շիրակում՝ գիշերը՝ +7 + 12, ցերեկը՝ + 20 + 24,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+23,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +26+29,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +18+22,
Լոռիում՝ գիշերը՝ +8 + 13, ցերեկը՝ + 17 + 20,
Տավուշում՝ գիշերը՝ +11 + 16, ցերեկը՝ + 19 + 22,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+22,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+30,
Արարատում՝ գիշերը՝ +17 + 20, ցերեկը՝ + 30 + 33,
Արմավիրում՝ գիշերը՝ +13 + 16, ցերեկը՝ + 30 + 32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 20 + 23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +26+31,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+22,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +15 + 19, ցերեկը՝ + 22 + 27։
Արցախի բոլոր բուժհաստատություններում այսօրվանից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և վիրահատությունները

Հունիսի 15-ից արդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Կարմի խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ։
Հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 20 տոկոսի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հանրապետության բոլոր բուժհաստատություններում այսօրվանից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և միջամտությունները (վիրահատությունները)։
Շուրջ 175 բուժառուներ՝ տարբեր ախտորոշումներով, սպասում են Հայաստանի Հանրապետության բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար։ Անհապաղ տեղափոխման ենթակա անձինք ունեն ուռուցքային և սիրտ- անոթային համակարգի հիվանդություններ։
Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։
ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Ադրբեջանցիները կրակել են Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

Հունիսի 19-ին՝ ժամը 13:25-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Մանանդյան փողոցի շենքերից մեկի վերելակի մոտ դանակահարել են 64-ամյա տղամարդու

Հունիսի 18-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 64-ամյա տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մանանդյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու հիմքով ձերբակալել և բաժին են տարել 53-ամյա մի տղամարդու: Բաժնում նա խոստովանել է, որ Մանանդյան փողոցի իրենց շենքի 9-րդ հարկում՝ վերելակի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել և մարմնական վնասվածք է պատճառել չարենցավանցի 64-ամյա տղամարդուն: Նաև ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
53-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երևանում Հնդկաստանի քաղաքացիների միջև վեճն ու ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ․ Shamshyan.com

Երեւանում, այսօր՝ հունիսի 19-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 00։50-ի սահմաններում 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գ․ Հասրաթյան փողոցի 11 հասցեում գտնվող բենզալցակայանի հետնամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Ա․ Սուրադինն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի մեջքի հատվածում կա կտրած-ծակած վերք։
Մինչ ոստիկաններն ու քննիչները աշխատում էին դեպքի վայրում, «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Մ․ Լինդոնն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գ․ Հասրաթյան փողոցից։
Ոստիկանները ժամանելով դեպքի վայր, Գ․ Հասրաթյան փողոցի 10/9 հասցեի հարևանությամբ՝ հենց տեղում վնասազերծել են Հնդկաստանի Հանրապետության մի քանի քաղաքացիների, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր, մի քանիսի հագուստները՝ պատառոտված։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, պատառոտված վերնաշապիկ, բջջային հեռախոս, պատառաքաղ, որի վրա նույնպես առկա է արնանման հետք, ինպես նաև սպանվածի հողաթափերը, որոնց վրա նույնպես արյան հետքեր են եղել։
Դեպքի փաստով՝ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀԿԳ ավագ քննիչ Ժ․ Հովհաննիսյանի որոշմամբ՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են ոչ միայն կռվի մասնակից բոլոր հնդիկների, այլև սպանություն կատարողի ինքնությունը։