Արդեն 6 ամիս է՝ Լաչինի միջանցքն արգելափակված է․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը թվիթերյան իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս ձգվող արգելափակման կապակցությամբ։

Գրառումը՝ ստորև․

«Արդեն 6 ամիս է՝ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է՝ Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շարունակական խիստ սահմանափակումներով, ինչը բացասական ազդեցություն ունի 30.000 երեխայի և 9000 հաշմանդամություն ունեցող անձի վրա:

Եվ այս ամենը՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի 22.02.23 օրինականորեն պարտադիր վճռին և միջազգային հաստատությունների բազմաթիվ զանգերին»։

«Երևանի ոսկերչական գործարանը» զրկվել է 1,1 մլրդ դրամ պարտքը վերադարձնելուց. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Երևանի ոսկերչական գործարան» և «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲ ընկերությունների պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ 80 տոկոս պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության և «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲ ընկերությունների միջև 2007թ. հունվարին կնքվել է համագործակցության պայմանագիր, որով «Գնոմոն» ԲԲԸ-ն պարտավորվել է վճարել «Երևանի ոսկերչական գործարան»-ին ունեցած  դեբետորական պարտքը: «Գնոմոն» ԲԲԸ-ն մի մասը վճարել է՝ պարտք մնալով 1.092.593.543 ՀՀ դրամ:

«Գնոմոն» ԲԲ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Է.Գ.-ն, ով, միաժամանակ հանդիսանում է նաև ընկերության բաժնետեր, խորհրդի անդամ, դեբետորական պարտքը չվճարելու համար նախնական համաձայնության է եկել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Գ.Կ.-ի հետ՝ պարտավորությունների վճարման ժամկետները և ՀՀ օրենսդրությամբ այն հետ վերադարձնելուն ուղղված գործընթացը անհիմն երկարաձգելու շուրջ:

Հաստատապես իմանալով քննարկվող պայմանագրի առկայության մասին, օգտվելով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրեն Գ.Կ.-ի նկատմամբ ունեցած իր ազդեցությունից՝ Է․Գ․-ն վերջինիս դրդել է կատարել այնպիսի գործողություններ, որոնցով նախ հետաձգվել է պետական բաժնեմասով ընկերության կողմից դեբետորական պարտքը ստանալուն ուղղված գործընթացը, ապա, հետագայում,  ի սկզբանե գիտակցելով նման պայմանագրի բացակայության պայմաններում հայցապահանջը դատարանի կողմից մերժելու հանգամանքի մասին, խոչընդոտել է հիմնավորող պայմանագիրը ընկերության շահերը ներկայացնող անձանց կողմից դատարանում ներկայացնելուն։

Մասնավորապես, Է.Գ.-ն, օրենսդրության պահանջների խախտմամբ, 2012-2016թթ. ընկած ժամանակահատվածում, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության բաժնետերերի կողմից անցկացվող խորհրդի նիստի դրական կարծիքի բացակայության և միանձնյա խոշոր գործարք կնքելու իրավասություն չունենալու պայմաններում, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նախկին տնօրենի կամքի վրա ազդելու միջոցով, դրդել է վերջինիս, լիազորություններն անցնելով, կնքել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ-համաձայնագրեր:

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրեն Ա.Ա.-ն, ՀՀ պետ գույքի կոմիտեի պահանջով, 2017թ․ մայիսին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության կողմից ընդդեմ «Գնոմոն» ԲԲ ընկերության՝ 1.092.593.543 ՀՀ դրամի բռնագանձման պահանջով։ Ապա «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պաշտոնատար անձանց հետ նա պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հայցապահանջը հիմնավորող, ընկերությունների միջև առկա ակտ-համաձայնագրերի հիմք հանդիսացող պայմանագիրը դատարանին չտրամադրելու շուրջ:

Արդյունքում, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության ներկայացուցչի կողմից առաջին ատյանի դատարանին և Վերաքննիչ դատարանին չի տրամադրվել ընկերությունների միջև 2007թ. հունվարին կնքված համագործակցության պայմանագիրը և ներկայացված հայցադիմումի քննության արդյունքում, դատարանի 2018թ. հուլիսի վճռով, մերժվել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պահանջը՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի հիմք հանդիսացող կողմերի միջև կնքված պայմանագիրը հայցվորի կողմից չներկայացնելու և կողմերի միջև պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելը չապացուցելու հիմնավորմամբ:

2018թ․ հոկտեմբերի 25-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վճիռը թողել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրենի կողմից բերված վճռաբեկ բողոքը 2019թ․ հունվարի որոշմամբ թողել է առանց քննության։ Այդ կերպ պետական բաժնետոմսով ընկերությունը ոչ միայն զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբետորական պարտքը ստանալու հնարավարությունից, այլ նաև ծանրաբեռնվել է շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականությամբ։ Այդ կերպ հիմքեր են ստեղծվել հետագայում ընդհանրապես պարտավորության կատարումը անհնարին դարձնելու նպատակով։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Գնոմոն» ԲԲ ընկերության տնօրեն Է.Գ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-ին մասով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Գ.Կ.-ին՝ 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), իսկ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրեն Ա.Ա.-ին՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին):

Պետական բաժնեմասով ընկերությանը պատճառված վնասի վերականգնման իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով մեղադրյալների անշարժ գույքերի նկատմամբ կալանք է կիրառվել։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Տավուշում ՊՆ զորամասի շտաբի պետի և պարեկների մասնակցությամբ միջադեպով քրվարույթ է հարուցվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ՀՀ քննչական կոմիտեն հաստատել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի՝ Տավուշում ՊՆ N զորամասի շտաբի պետն ու ընկերները հարվածել ու հայհոյել են պարեկներին։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՔՕ 452 հոդվածի 3-րդ մասի և 297 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով․ այն է՝ պաշտոնական անձի ծառայողական գործունեությունը խոչընդոտելու և խուլիգանության հատկանիշներով։ Այս պահին երեք անձ ձերբակալված է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Shamshyan.com-ի՝ Տավուշում ՊՆ N զորամասի շտաբի պետն ու ընկերները հարվածել ու հայհոյել են պարեկներին։ Ըստ կայքի՝ ունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները ծառայություն կատարելիս, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենա։

Պարեկները պարզում են, որ ավտոմեքենան վարում է երեխա, ով 13-ամյա Վրեժ Խ․-ն է։

Երբ պարեկները փորձում են ավտոմեքենան տեղափոխել Ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք, ուղևոր՝ 20-ամյա Վարդան Պ․-ն փորձում է պարեկներին համոզել, որպեսզի չտեսնելու տան այդ ամենը և ավտոմեքենան չտեղափոխեն տուգանային հրապարակ։

Հասնելով «Ուտիք» ռեստորանային համալիրի մոտ, մի պահ կանգ են առնում և այդ պահին ռեստորանից դուրս են գալիս մի խումբ անձինք, այդ թվում զինվորականներ, և նրանց մեջ է լինում նաև 38-ամյա Միհրան Խ․-ն։ Վերջինս ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես շտաբի պետ։

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տարոն Մարգարյանի և բազմաթիվ թիմակիցների հետ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

Ադրբեջանը ականանետ է կիրառել Սոթքի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

«Հայկական կողմում տուժածներ չկան»,- հայտնում է նախարարությունը:

Մարտունիում հենասյունն ընկել է շտապօգնության ավտոմեքենայի վրա

Հունիսի 12-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պարույր Սևակ փողոցում հենասյունն ընկել է շտապօգնության ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հենասյունն ընկել է շտապօգնության «Ford» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Գ.) վրա:

Փրկարարները ուղղել են հենասյունը. ավտոմեքենան շարունակել է ընթացքը։

Ավելի քան 46 մլն դրամ՝ լուսաթափանցելիությունը ստուգող սարքեր ձեռք բերելու համար

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկաններն ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափը՝ 70 %-ը, գերազանցած վարորդներին ենթարկում են վարչական պատասխանատվության։ Ապակիների մգեցվածության չափը ոստիկանները պարզում են հատուկ սարքերի միջոցով։

NEWS.am-ը հարցում է ուղարկել ՆԳՆ ոստիկանություն՝ հասկանալու համար, թե ինչ ընթացակարգով եւ որ ընկերությունից են ձեռք բերվել լուսաթափանցելիությունը ստուգող սարքերը։

Սարքերը ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարվել երկու անգամ։ Առաջին անգամ մրցույթում հաղթել է «Արմինոլի» ՍՊԸ-ն՝ 19 980 000 դրամով, երկրորդ անգամ՝ «ԻՄՊԵՔՍ» ՍՊԸ-ն՝ 26 400 000 դրամով։

Ոստիկանությունից հարցմանն ի պատասխան նաեւ հայտնում են, որ ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 343 սարք, որոնցից 67-ը գտնվում է Երևան քաղաքի գնդի հաշվեկշռում, 120-ը՝ ՊԾ կողմից սպասարկվող մարզերում՝ յուրաքանչյուր մարզում՝ 20-ական։ 4-ը փոխանցվել է ՊԾ վարչակազմին, 5 սարք ունի տեխնիկական խնդիր։ ՃՈ ծառայությանը տրամադրվել է 20 հատ ստուգաչափող սարք։

Ստուգաչափման ենթարկելու նպատակով, ըստ հերթականության՝ 127 լուսաթափանցելիությունը ստուգաչափող սարքեր պետք է ուղարկվեն «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ:

Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ. ԳՄ նոր կազմը հայտնի է

2023 թ․ հունիսի 9-11-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 26-րդ Գերագույն ժողովը։

ՀՅԴ-ից հայտնում են, որ Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված իրավիճակը, նախանշել առաջիկա անելիքները և սահմանել ՀՅԴ Հայաստանի կառույցի գործունեության ուղենիշները։

Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին հետևյալ կազմով.

Ավետիսյան Թադևոս

Գալստյան Լիլիթ

Գևորգյան Արգիշտի

Հակոբյան Վարդան

Մաթիլյան Հակոբ

Մանուկյան Գեղամ

Մեղրյան Պետրոս

Սաղաթելյան Իշխան

Սարգսյան Իգոր

Սիմոնյան Աշոտ

Ստեփանյան Խաչատուր

Վարդանյան Գերասիմ

Տոնոյան Տարոն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը։

Հայտնի է՝ երբ Նիկոլ Փաշինյանը կներկայանա 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը հունիսի 20-ին՝ ժ․10։00-ին, հրավիրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

«Քննիչ հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է դրական պատասխան»,- ասված է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում։

Ինչո՞ւ են հավաքների հրավիրվում 44-օրյա պատերազմի մասնակիցները. Ահազանգում է Տիգրան Աբրահամյանը

Վարժական հավաքների կարևոր սկզբունքների պահպանման անհրաժեշտության մասին բազմիցս եմ խոսել, սակայն դրանց առանցքային նպատակները երկրորդ պլան են մղված: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քատուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Ինչո՞վ բացատրել երևույթը, երբ հավաքների են հրավիրվում 3-4 տարի առաջ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած, 44-օրյա պատերազմին մասնակցած անձինք:

Մի կողմ դնենք պատերազմին նրանց մասնակցությունը: Եթե վերջիններս 3 տարի առաջ ծառայության մեջ են գտնվել, ապա դեռ «նորմալ մարզավիճակում են» և նրանց վարժական հավաքների ներգրավելու նպատակահարմարություն չկա:

Եթե գլխավոր խնդիրը պահեստազորի մարտունակության հարցն է, ապա հավաքների առաջին հերթին պետք է ներգրավել այն անձանց, ովքեր 7-8 ու ավել տարի առաջ են ծառայել ու ակնհայտորեն նրանց հետ աշխատելու տեղ կա:

Բացառություն կարող են լինել հերթական կոչումի կամ նոր զինատեսակների մասնագիտացման հետ կապված հավաքները:

Իսկ երբ պաշտպանության նախարարությունը համալսարանական կրթության ավարտին` դիպլոմ ստանալուց առաջ, վարժական հավաքի ծանուցագիր է տալիս պատերազմի մասնակցին, ապա դա խոսում է այն մասին, որ կառավարությանը խնդիրը ոչ թե կոնկրետ օրենքով սահմանված առաջնահերթություններն են, այլ թիվ, պլան կատարելը»։