Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է առեւանգված հայ զինծառայողներին

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան այցելել է առեւանգված հայ զինծառայողներին։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Ալիեւային ուղեկցել են Խոշտանգումների կանխարգելման օմբուդսմենի ազգային կանխարգելիչ խմբի անդամները, այցը տեղի է ունեցել առանց նախնական նախազգուշացման։ Այցի նպատակն է եղել ծանոթանալ հաստատությունում պահման եւ բուժման պայմաններին, անձանց իրավունքների հետ կապված իրավիճակին։

Այցի ընթացքում ընդունվել են երկու հայ զինծառայողներ՝ Հովակիմյան Հարութ Յուրիկին եւ Ղազարյան Կարեն Աշոտին, որոնք մայիսի 26-ին ձերբակալվել էին՝ Ադրբեջանի Զանգիլանի շրջանի Ռազդերե գյուղով անցնող Ադրբեջանի պետական ​​սահմանը խախտելու եւ այլ ապօրինի գործողությունների պատճառով՝ դատարանի որոշմամբ որպես մեղադրյալ ներգրավվելով»,- հայտնում է լրատվամիջոցը։

«Սաբինա Ալիեւան ընդունել է նրանցից յուրաքանչյուրին, տեղում լսել նրանց դիմումները։ Օմբուդսմենի կողմից ընդունված անձինք չեն դժգոհել իրենց պահման պայմաններից եւ իրենց նկատմամաբ վերաբերմունքից, շնորհակալություն հայտնել ադրբեջանական պետությանը ստեղծված պայմանների համար»,- անամոթաբար նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հայ զինվորականների առեւանգման փաստով քրեական գործ է հարուցվել։

«Ո՞նց կարելի էր․ Ամոթ, ամոթ ու ամոթ»․ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հիշեցնում է՝ հունիսի 10-ին տիկին Գայանեի անմահացած որդու տարեդարձն է

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանը մայրիկին՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու՝ դատարանի որոշմանը․

«Ուղղակի զզվելի է։ Հունիսի 10-ին տիկին Գայանեի անմահացած որդու տարեդարձն է։ Ո՞նց կարելի էր։ Ո՞նց կարելի էր։

Ամոթ, ամոթ ու ամոթ։

Հ․Գ. «Մաքուր իրավական գործընթացի» ջատագով գալստուկավորներին կհիշեցնեի դեռ 2000 տարի առաջ հնչած հարցադրումը. «Մա՞րդն է օրենքի համար, թե՞ օրենքը՝ մարդու»։ Կհիշեցնեի, բայց չեմ հիշեցնի»,- գրել է իրավապաշտպանը։

Երեք օր Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի նվիրված միջոցառումների շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի Մետրոպոլիտենը։

«Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն ս․թ․ հունիսի 6-ին, 7-ին, 8-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից եւ կավարտվեն ժամը 01:00-ին:

Հագեցած ու տպավորություններով լի օրեր ենք մաղթում ձեզ»,- ասվում է հայտարարությունում։

Աշոտ Փաշինյանի «առևանգման» մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանը կալանավորվեց 1 ամիս, 15 օր ժամկետով

Րոպեներ առաջ դատարանը որոշում կայացրեց կալանավորել զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին, ում մեղադրանք են առաջադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի «առևանգման» համար։

«Դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշեց մեղադրյալ Ազգուշ Մարտիրոսյանի (Գայանե Հակոբյանի անձնագրային անուն-ազգանունն է-խմբ․) նկատմամբ ընտրված տնային կալանքը փոխել, ընտրել խափանման միջոց կալանքը՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։ Կալանքի սկիզբը հավել 05․06․2023 թվականից»,- հայտարարեց նիստը նախագահող դատավորը։

Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում. Տեսնում ենք՝ քծնող ժպիտ ու արհամարհական սառը հայացք. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Նիկոլ Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը եւ նշել, թե այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում:

Նա նաեւ գրել է. «Ինչ ենք մենք այստեղ տեսնում՝ քծնող ժպիտ ու արհամարհական սառը հայացք: Շատերը դա ընկալում են որպես եսասիրության բացակայություն, կամ այն բանի փաստում, որ Հայաստանի ղեկավար համարվող անձը փորձում է սիրաշահել Էրդողանին, որ Հայաստանի վտանգները, թեկուզ քծնանքի միջոցով, թեթևացնի:

Իրականում այս նկարն այլ երևույթի խորհրդանիշն է: 2020 թվականի պատերազմից հետո Հարավային Կովկասը ռուսական ազդեցության տարածքից վերածվել է ռուս-թուրքական ազդեցության տարածք, իսկ ՛՛ազդեցության տարածք՛՛ երևույթի հիմնական տարրերից մեկն այն է, որ նման զոնաներում ազդեցություն ունեցող երկրներն են որոշում, թե որ անձերն ու ուժերն են կարող գալ իշխանության, նաև՝ նրանք պետք է իրենց վրա որոշակի պարտավորություններ վերցնեն և այդ պարտավորությունների ընդունման ակտ պետք է կատարվի:

Այս նկարն ուղղակի ցուցադրում է վասալի ու սուզերենի (հենց ամենաուղիղ իմաստով) հանդիպում: Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը:

Վասալներն, իրենց հերթին, վասալության տարբեր աստիճան են ունենում: Այն, որ Էրդողանը հյուրի ցանկը հայտարարելու ժամանակ չի նշում Հայաստանի փոքրիկ դիկտատորի անունը, դա փաստում է նրա վասալության ցածր աստիճանը: Ավելի ցածր, քան մյուսներինն, ում անունները հայտարարվել է, սակայն նաև ընդունում է, որ ինքն էլ է նրա իշխանություն ունենալու երաշխավորը:

Նկարի մարդը գնացել է Էրդողանի մոտ իր իշխանության վկայագիրը (ֆարմանը) հաստատելու համար:

Սա էմոցիոնալ գրառում չէ, սա շատ սառը գլխով իրականության արձանագրում է, որը մեր հասարակությունը դեռևս չի կարողանում ընկալել:

«Վանաձոր» ՔԿՀ կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել. դատախազը գործն ուղարկել է դատարան

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ.Բ.-ն 2022 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, ինչպես նաև 2023 թվականի հունվարին զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին ահազանգեր հնչեցրել:

Մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Բ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչություն և հայտնել, որ իր ցուցումով Լոռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Լոռու մարզի դատախազության շենքերի նկուղներում տեղադրվել է ռումբ: Դատարանի և դատախազության շենքերում իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում ռումբ կամ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Մեկ այլ դեպքում՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, զանգահարել է Լոռու մարզի փրկարար ծառայություն և հայտնել, որ Լոռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Ա.-ի և Լոռու մարզի դատախազ Կ.Գ.-ի աշխատասենյակներում ռումբ է տեղադրված: Կատարված ստուգողական գործողությունների արդյունքում ռումբ կամ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Դրանից բացի՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ին և 16-ին Գ.Բ.-ն զանգահարել է Լոռու մարզի փրկարար ծառայություն և տեղեկացրել, որ «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում և Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Տ.Թ.-ի աշխատասենյակում տեղադրված է ռումբ և պայթուցիկ սարք: Տեղեկությունը ստուգվել է և պարզվել, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում:

2022 թվականի դեկտեմբերի 2-ին, 21-ին, և 30-ին Գ.Բ.-ն կրկին զանգահարել է Լոռու մարզի փրկարար ծառայություն, Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և Արդարադատության նախարարություն ու տեղեկացրել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Ա.-ի աշխատասենյակում, Երևան քաղաքի դատախազության և Արդարադատության նախարարության շենքերում ռումբ կա տեղադրված: Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Բ.-ի հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

2023 թվականի հունվարի 6-ին Գ.Բ.-ն զանգահարել է ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ԱԱԾ Լոռու մարզային վարչության շենքում ռումբ կա տեղադրված: Ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

2023 թվականի մայիսի 26-ին հսկող դատախազի կողմից Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելը) (չորս դրվագ) և 314-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելը, որը անզգուշությամբ առաջացրել է հիմնարկի գործունեության կազմալուծում կամ ծանր հետևանք) (վեց դրվագ):

Դատախազը 2023 թվականի հունիսի 2-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյան

Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Մարտիրոսյանի կալանքի տնային կալանքով փոխարինելու որոշումը կբողոքարկի։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, դատական նիստի ժամանակ հայտարարեց գործով մեղադրող դատախազը։

«Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն օրինական եւ պատճառաբանված չէ, ինչի համար վճռաբեկ բողոք կներկայացվի։ Խափանման միջոց կալանքի հիմքերն առկա են՝ նոր հանցանք կատարելը։ Միայն կալանքն է ի զորու սույն փուլում ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Մարտիրոսյանի՝ կալանավայրում գտնվելու ժամանակ զոհված զինծառայողների ծնողներից մեկը՝ Վիգեն Ազատյանը, զանգահարել է Աշոտ Փաշինյանին եւ հորդորել ԶԼՄ-ներով հայտարարել մեջբերում եմ․ «իրենց հետ կապ չունես, որ մեր խոսքը համապատասխանի»։ Բացի այդ, Աշոտ Փաշինյանին ասել են, որ եթե այս անգամ չի հաջողվել նրան տեղափոխել «Եռաբլուր», մյուս անգամ կտանեն»,- ասաց դատախազը։

Աշոտ Փաշինյանը զերծ մնաց Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցով դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, որ դա իրավաբանների գործն է։

«Հաստատում եմ, որ ինձ զանգահարել է Վիգեն Ազատյանը, ով այդ օրը եղել է դատարանի բակում Գայանե Մարտիրոսյանի հետ։ Հաստատում եմ, որ եղել են փորձեր իմ նկատմամբ դիմումս հետ վերցնելու համար»,- նշեց Փաշինյանը։

Նշենք, որ ավելի վաղ դատարանում Աշոտ Փաշինյանը հայտարարեց, որ ապրում է Գարեգին Նժդեհ փողոցում (այսինքն՝ ծնողներից առանձին) եւ չի աշխատում։

Պարեկների գործունեությանը միջամտելու վերաբերյալ ևս 3 վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ավարտվել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների ծառայողական գործունեությանը խոչընդոտելու մի քանի դեպքերի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ․ հունվարի 11-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները նկատել են, որ BMW մակնիշի ավտոմեքենան առանց լուսաթարթիչը միացնելու շրջադարձ է կատարել՝ թույլ տալով ՃԵ կանոնների խախտում: Ոստիկանները, ծառայողական ավտոմեքենայով, լուսաձայնային ազդանշան տալով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան, վարորդից պահանջել փաստաթղթերը՝ միաժամանակ պարզաբանելով, որ ավտոմեքենան կանգնեցնելու մասին հրահանգ ստանալիս անհրաժեշտ է նույն պահին կանգնեցնել և չշարունակել երթևեկելը:

Ի պատասխան պարեկների պարզաբանմանը՝ վարորդը՝ 36-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Նա ավտոմեքենան կանգնեցնելու հարցի շուրջ վիճաբանել է ոստիկանության ծառայողների հետ, ապա, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ ագրեսիվ վարքագիծ չցուցաբերելու օրինական պահանջներին և ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել նրանց հասցեին՝ սպառնալով հարվածել։ Ապա նա քաշքշել և ձեռքով հարվածել է ոստիկանի կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և միայն ոստիկանների կողմից հատուկ միջոց կիրառելու արդյունքում է հնարավոր դարձել կանխել վարորդի հակաիրավական գործողությունները:

36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

Քննչական նույն բաժնում մեկ այլ վարույթով կատարված քննությամբ էլ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկային գումարտակի երկու ծառայողներ, 2022թ․ հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս, ակումբի դիմաց նկատել են, որ մի խումբ անձինք աղմկում են: Պարզաբանումներ ստանալու նպատակով մոտեցել են, որի ժամանակ հավաքվածներից մեկը՝ Երևան քաղաքի 24-ամյա բնակիչը, չենթարկվելով ոստիկանության ծառայողների՝ հանգիստ վարքագիծ դրսևորելու ու պարզաբանումներ տալու օրինական պահանջներին, իրավապահների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել վերջիններիս հասցեին՝ սպառնալով մոտենալու դեպքում դանակով հարվածել: Ոստիկանության ծառայողների բազմաթիվ հորդորների և հակաիրավական գործողությունները դադարեցնելու կոչերի արդյունքում երիտասարդը, դանակը գցելով գետնին, դիմել է փախուստի, սակայն ոստիկանության ծառայողներին հաջողվել է վերջինիս բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Իսկ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ. մայիսի 15-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի 39-ամյա բնակիչը Քասախի կիրճում գտնվող «Ծիծեռնակ» ռեստորանային համալիրի դիմաց վիճաբանել է ՀՀ ՆԳՆ ՊԾ Արագածոտնի մարզի երկու ծառայողների հետ, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել շրջապատի նկատմամբ։ Իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված՝ հայհոյախառն և ստորացուցիչ արտահայտություններ է թույլ տվել պարեկային ծառայողների հասցեին, քաշքշել է նրանց, որի ընթացքում հարվածել է ոստիկաններից մեկի կրծքավանդակի և ճակատի հատվածներին, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք, պոկվել է համազգեստին ամրացված տեսախցիկը։ Ապա 39-ամյա բնակիչը փորձել է դիմել փախուստի, սակայն Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված անհրաժեշտ գործողությունների արդյունքում օրինազանց քաղաքացու գործողությունները հնարավոր է եղել կանխել:

Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշված 3 քրեական դեպքերի նախաքննությունն ավարտվել է և վարույթների նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում՝ հունիսի 12-ին. ԱԳՆ

Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։ «Այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը։

Առեղծվածային դեպք՝ Երեւանում. «Թոխմախ գյոլում» հայտնաբերվել են մեծ քանակությամբ սատկած ձկներ․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 5-ի վաղ առավոտյան քաղաքացիները Վարդավառի այգում գտնվող «Թոխմախ գյոլ»-ում հայտնաբերել են մեծ քանակով սատկած և ջրի ափին հայտնված ձկներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, խնդրի մասին տեղյակ են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, Երևանի քաղաքապետարանը, Շրջակա միջավայրի նախարարությունը և համապատասխան փորձաքրեագիտական կենտրոնը։

Թե ինչ հանգամանքներոմ են ձկները սատկել, իսկ մեծ մասը դուրս եկել ջրի երես, հայտնի չէ։

Տեղում նաև մի քաղաքացիներ, ովքեր երկար տարիներ զբաղվել են ձկնորսությամբ, 2 վարկած էին առաջ քաշում․ կա՛մ թթվածնի պակասն է, կա՛մ թունաքիմիկատներ են լցրել լճի մեջ։