Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը լրացել է, սակայն դատավորը նրան պահում է անազատության մեջ. փաստաբան

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը լրացել է, սակայն դատավոր Արամ Գրիգորյանը նրան պահում է անազատության մեջ: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Փաստաբանը հայտնեց, որ դատարանը նրան հեռացրել է վարույթից:
«Հենց հիմա այս դատական նիստերի դահլիճում դատավոր Գրիգորյանը հանցագործություն է կատարում: Մեր կողմից փորձ կատարվեց՝ կանխել այդ հանցագործությունը, վերջինս որոշեց, որ այդ հանցագործությունից թաքնվելու միակ տարբերակը ինձ վարույթից հեռացնելն է:

Գրիգորի Խաչատուրովը 16:45-ից հանդիսանում է ազատ մարդ, այսինքն՝ կալանքի որոշման ժամկետը լրացել է, դատարանը ապօրինի կերպով մարդուն պահում է անազատության մեջ, այն դեպքում, երբ կալանքի վերաբերյալ դատարանի որոշում առկա չէ: Հենց հիմա անձն ազատ քաղաքացի է հանդիսանում: Գրիգորի Խաչատուրովը դատավոր Գրիգորյանի մոտ գտնվում է պատանդի կարգավիճակում, որովհետեւ գոյություն չունի դատական որոշում, որով նրան կարող են պահել կալանքի տակ: Այդ գործողությունները բարձրաձայնելու հետեւանքով ինձ դատական նիստերի վարույթից հեռացրին առանց պատճառաբանելու, թե ինչու են ինձ հեռացնում»,- նշեց Պողոսյանը:

Ըստ փաստաբանի՝ այդ իրավիճակն աննադեպ է:

Նա նաեւ նշեց, որ պաշտպանական կողմը ցանկանում է դատավորին ինքնաբացարկ հայտնել, սակայն դատավորը թույլ չի տալիս այդ միջնորդությամբ հանդես գալ:

«Արմավիր» ՔՀԿ-ում դատապարտյալի սայլակի սննդի տարայից գտել են ապակյա սրվակ՝ թմրանյութով

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում նախապես ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ն.Խ.-ն պատրաստվում է մեկ այլ դատապարտյալի փոխանցել կասկածելի զանգված, մայիսի 15-ին խուզարկության են ենթարկել նրա մոտ առկա, ազատազրկված անձանց սնունդ մատակարարելու համար նախատեսված սայլակը:

ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ խուզարկության արդյունքում սայլակի մեջ եղած սննդի տարայից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված ապակյա սրվակ՝ թմրանյութին նմանվող հեղուկով: Դատապարտյալ Ն.Խ.-ն բանավոր հայտարարել է, որ սրվակում մեթադոն է:
Հայտնաբերված հեղուկը հանձնվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Երեւանի մանկապարտեզներում նախատեսվում է ներդնել երկարօրյա ծառայություն

Համայնքային մանկապարտեզներում նախատեսվում է ներդնել երկարօրյա ծառայություն, ինչն աշխատող ծնողներին հնարավորություն կտա երեխաներին վերցնել աշխատանքային ժամերից հետո: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 15-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:

Թե որ ծառայությունը ինչ սկզբունքով կմատուցվի՝ հավելյա՞լ վճարով, թե՞ այլ տրամաբանությամբ, քաղաքային իշխանությունը դեռ կքննարկի:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է նաև փոխել մեթոդաբանությունը:

«Մեզ մոտ կրթության որակին առնչվող բազմաթիվ հարցեր կան: Անկախ այն բանից, որ մանկապարտեզների աշխատանքի կազմակերպչական դերը Երևանի քաղաքապետարանինն է, բովանդակային իմաստով, կարծում եմ, մի փոքր ակտիվ կարող ենք լինել, աշխատել ԿԳՄՍ նախարարության հետ և որպես առաջնային օղակ ներկայացնել բովանդակությունը լրամշակելու մեր առաջարկները: Այս առումով կարելի է մեր համակարգում ներդնել նաև մասնավոր մանկապարտեզների հաջողված փորձը»,-նշել է փոխքաղաքապետը:

Խորհրդարանում պետք է մեկնարկեր վարչապետին անվստահության հայտնելու գործընթաց. Գոհար Մելոյան

Երեկ տարածվեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթն առ այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ-ի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ2) և Ադրբեջանի (86,600 կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը, իսկ սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:

Նա նաեւ նշել է. «Վերոգրյալից բխում է, որ Հայաստանի ղեկավարը՝

.ուրանալով հայ ժողովրդի տասնամյակների արյունալի արդար պայքարը,

.խախտելով հայոց պետականության հիմնարար իրավական փաստաթղթերն

ամփոփում է Արցախի Հանրապետության գոյության հիմքերի վերացման փուլը՝ ճանաչելով այն Ադրբեջանի կազմում։ Ինչ տեղի կունենար, եթե մենք ապրեինք իրավական պետության պայմաններում.

Կնախաձեռնվեր քրեական վարույթ ԱՌՆՎԱԶՆ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ՝ «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» վերտառությամբ հոդվածով.
խորհրդարանում կմերկնարկվեր վարչապետին անվստահության հայտնելու գործընթաց։
Ի վերջո, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշել էր՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում. ԵՒ ԱՅՍ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է»։

Մեկնարկում են էքսկուրսիաները. Պահպանե՛ք սննդամթերքի անվտանգության պարզ կանոնները. ՍԱՏՄ

Շուտով կավարտվի ուսումնական տարին և ամառային սեզոնը կազդարարի տարբեր ավարտական էքսկուրսիաների մեկնարկը, որոնք նաև բնության գրկում բացօթյա խնջույքների առիթ են:

Սպասվող միջոցառումներին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով նախորդ տարիներին արձանագրված խնդիրները, ինչպես նաև թունավորումներից խուսափելու, երեխաների առողջությունը չվնասելու նպատակով՝ հորդորում է ուսուցիչներին և ծնողներին պահպանել սննդամթերքի անվտանգության մի շարք պարզ կանոններ և հատուկ ուշադրություն դարձնել ձեռք բերվող սննդամթերքին ներկայացվող որոշ պահանջների.

համոզվեք, որ սննդամթերքը թարմ է,

նայեք պիտանիության ժամկետներին,

համոզվեք, որ գնման պահին սննդամթերքը պահվում էր մակնշմանը համապատասխան ջերմային ռեժիմում,

մի գնեք սննդամթերք փողոցից,

մի գնեք սննդամթերք, որը չունի մակնշում,

միս գնելուց պահանջեք անասնաբուժական ձև N5 վկայականը։

Փոխադրամիջոցով տեղափոխվող սննդամթերքն անհրաժեշտ է պահել փակ տարաներում, բացառել հում և պատրաստի սննդամթերքի շփումը։

Հորդորում ենք հատուկ ուշադրություն դարձնել հատկապես արագ փչացող սննդամթերքին (կաթնամթերք, մսամթերք, ծովամթերք, կրեմային հրուշակեղեն, ըմպելիքներ, արագ սառեցրած մթերք և այլն), որոնք ենթակա չեն պահման առանց սառնարանային պայմանների: Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման պայմաններն ու ժամկետները խախտելու դեպքում, դրանցում կարող են զարգանալ ինչպես մթերքի փչացմանը նպաստող, այնպես էլ սննդային թունավորումներ և աղիքային սուր վարակիչ հիվանդություններ առաջացնող ախտածին մանրէներ:

Առաջարկում ենք կենդանական ծագման սննդամթերքը (միս, ձուկ, ձու, մայոնեզ, կաթնամթերք և այլն) անպայման պահել-տեղափոխել սառնարան-պայուսակներում, որոնցում ջերմաստիճանային ճիշտ պայմաններ (-2 — +4) կապահովվեն:

Կրեմային հրուշակեղենից առհասարակ հրաժարվեք և խուսափեք ճաշակել բարձր ջերմաստիճանի տակ եղած աղցաններ:

Անհրաժեշտ է նաև տեղում՝ բնության գրկում, հետևել պատրաստվող սննդամթերքի հիգիենայի պահանջներին, պատրաստման ջերմաստիճաններին և տևողությանը։ Նախքան երեխաներին միրգ-բանջարեղեն մատուցելը՝ պետք է պատշաճ լվանալ դրանք խմելու հոսող ջրով և ցանկացած սննդամթերք պատրաստել-օգտագործելուց առաջ, խաչաձև աղտոտումից (ձեռքերի վրա գտնվող բակտերիաներն ու վիրուսները մթերքին փոխանցելուց), խուսափելու նպատակով՝ օճառով լվանալ ձեռքերը:

Հաշվի առնելով սննդային թունավորումների ժամանակ հավի մսի ռիսկայնությունը՝ առաջարկում ենք հավի մսից պատրաստվող կերակրատեսակների ժամանակ առավել ուշադիր լինել, ինչպես պատրատման հիգիենային՝ խաչաձև աղտոտում (ոչ պատշաճ լվացված և ախտահանված ձեռքեր, հում և պատրաստի սննդամթերքի համար օգտագործվող գույք), այնպես էլ պատրաստման ջերմաստիճանին և տևողությանը (մսի խորքում ջերմաստիճանը պետք է հասցնել 65-700C)։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում պահպանել նշված կանոնները՝ թունավորման հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:

Այս վայրկյանից սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ. Արցախի ԱԺ նախագահ

Արցախում այս վայրկյանից սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ստեփանակերտում՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրային հավաքի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Արցախում այս պահին կան 120 հազար հայրենապաշտ մարդիկ, որովհետեւ հայրենիքը պաշտողը կարող է այստեղ ապրել: Հայրենասեր մարդիկ այն արցախցիներն են, որոնք ապրում են Արցախի սահմաններից դուրս, եւ Արցախը չեն մոռանում: Աշխարհում ապրում է մոտ 2 միլիոն արցախցի, բայց այստեղ է 120 հազարը: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր հասարակության մեջ բեւեռներ չառաջանան: Հույսն ու հավատը գործի կեսն է: Եթե մենք հավատում ենք, որ այս սուրբ հողը պետք է հայկական պահենք,եւ այստեղ հայեր պիտի ապրեն, ապա մենք պետք է համերաշխ ու հանդուրժող լինենք: Եթե մեզ լքի համերաշխությունն ու հանդուրժողականությունը, ապա մենք կորցնելու ենք Արցախը, եւ դրա պատասխանատուները ցանկացած հարահավաքի առաջնորդներ»,- հայտարարեց Արթուր Թովմասյանը:
Նա ասաց, որ հանրահավաքի մասնակիցների պահանջները ինքը կներկայացնի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին. «Այսօրվանից այս վայրկյանից ես հայտարարում եմ քաղաքական կոնսուլտացիաներ: Խնդրելու եմ գործող նախագահին, որպեսզի սկսի այդ քաղաքական կոնսուլտացիաները: Եթե քաղաքական կոնսուլտացիաներից հետո արցախյան քաղաքական ուժը, որը երկրորդն էր Խորհրդարանում, չբավարարի, ապա դուք կարող եք սրանից ավելի հուժկու հանրահավաքներ անել եւ ասել, որ համաձայն չեք:

Ես ծանոթ եմ Սամվել Բաբայանի ճանապարհային քարտեզին, մյուս կողմի ճանապարհային քարտեզին, թե որն է իրատեսականը, դա կանենք մեր քննարկումների ժամանակ»:

Անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցին՝ Թովմասյանն ասաց. «Միշելն Ալիեւի եւ Փաշինյանի հետ խոսել է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, նրա ժողովրդի անվտանգության եւ իրավունքի մասին, ոչ թե ինքնորոշման իրավունքի մասին. դա Շարլ Միշելի կարծիքը չէ, դա Արեւմուտքի հավաքական կարծիքն է: Արցախի հիմնախնդրի լուծման բանալին տրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Ռուսաստանի Դաշնության կարծիքը նույնպես պարզ է: Հնչում է, որ գործ չենք անում, գիշերս ու ցերեկս խառնվել են իրար»:

Ալեքսիս Օհանյանը վստահ է, որ կրկին աղջիկ է ունենալու

Ալեքսիս Օհանյանը վստահ է, որ կրկին աղջիկ է ունենալու: Օրերս հայտնի դարձավ, որ Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը սպասում են իրենց երկրորդ երեխային։

Հեռուստալրագրող Քրիս Ուոլեսին տված հարցազրույցում Օհանյանն ասել է, որ «համոզված է», որ երեխան աղջիկ է լինելու:

«Համոզված եմ, որ աղջկա հայր եմ դառնալու»,- ասել է նա՝ պատասխանելով Ուոլասի հարցին։ Օհանյանը, խոստովանել է, որ դեռ չգիտեն երեխայի սեռը, բայց կանխատեսել՝ «…եթե մենք 50 երեխա էլ ունենանք, նրանք բոլորն աղջիկ կլինեն»։
Զույգն իր երկրորդ հղիության մասին հայտարարել էր 2023 թվականի Met Gala-ի ժամանակ՝ մայիսի 1-ին, միաժամանակ Instagram-ում հրապարակելով Ուիլյամսի լուսանկարը, որտող երեւում էր նրա փորը։ Ավելի ուշ Ուիլյամսը նշել է, որ իրենք դստեր՝ Ալեքսիս Օլիմպիայի հետ նորությամբ կիսվել են գալայից անմիջապես առաջ, քանի որ նա «գաղտնիքներ պահել չի կարող»։
Ուիլյամսն իր Instagram-ում տեսանյութ է տարածել, որում նա եւ Օհանյանն իրենց դստերը՝ Օլիմպիային ասում են, որ նա մեծ քույր է դառնալու։

Ձյան ծածկի բարձրությունը առանձին բնակավայրերում կազմել է 15-20սմ

Ինչպես և կանխատեսվել էր, արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր հանրապետության մի շարք շրջաններում, մասնավորապես Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում դիտվել են ձյան առատ տեղումներ, իսկ օդի ջերմաստիճանն առանձին բնակավայրերում մոտեցել է 0 աստիճանի։ Ձյան ծածկի բարձրությունը նշված մարզերի առանձին բնակավայրերում կազմել է 15-20սմ, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Այսօր ցերեկը տեղումները հանարպետության առանձին շրջաններում կպահպանվեն, մայիսի 16-ին, 17-ին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 18-ից սկսած առանձին մարզերում կրկին սպասվում է անձրև և ամպրոպ։

Վաղը ցերեկվանից սկսած Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ին այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Վթար՝ Ասկերանի շրջանում, կա տուժած

Մայիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչ Հ. Թովմասյանը պարզել է, որ նույն օրը ժամը 17:50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի 32-ամյա բնակիչ Մ.Լ.-ն, վարելով իրեն պատկանող «Mercedes-Benz» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել հողաթմբին և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Վթարի նախնական պատճառ է հանդիսացել արագության գերազանցումը: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։

Կրակոցներ՝ Երևանում, ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր․ Shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ ժամը 19։00-ի սահմաններում կրակոցներն են հնչել Ներքին Չարբախի 1-ին փողոցում։

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 2/1 հասցեի դիմաց հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի հետքեր։ Դեպքի վայրի զննությամբ էլ հայտնաբերվել է 5 հատ 20 մմ տ/չ կրակված պարկուճ