Լոռու մարզում 28-ամյա վարորդը բեռնատար կցորդիչով Mercedes-ով բախվել է ապառաժ քարերին և կամրջի երկաթե ճաղավանդակին

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում բեռնատար կցորդիչով Mercedes մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կցորդիչի հատվածով բախվել է ապառաժ քարերին և կամրջի երկաթե ճաղավանդակին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը 28-ամյա Հուրալի Ումուտզհանն է՝ Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի: Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Արմավիրի մարզում 2-ամյա տղան ընկել է ջրով լցված տարայի մեջ և ջրահեղձ եղել․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 14:50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 2-ամյա Դավիթ Ա.-ն է, իսկ ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ երեխան ընկել է տան բակում տեղադրված ջրով տարայի մեջ և ջրահեղձ եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Գոռ Մինասյանը՝ Ասիայի կրկնակի չեմպիոն

Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը (+109 կգ) դարձել է Ասիայի ծանրամարտի առաջնության կրկնակի չեմպիոն, հայտնում է armsport.am-ը։

Նա հրում վարժությունում գրանցել է 217 կգ, իսկ երկամարտի արդյունքում՝ 464 կգ արդյունք․ այս երկու արդյունքները նոր ռեկորդ են Ասիայի առաջնության համար։

2022 թվականին գերծանր քաշային հայ ծանրորդ Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում ևս դարձել էր Ասիայի չեմպիոն (452 կգ՝ երկամարտում)։

Ասիայի 2023 թվականի առաջնությունն անցկացվում էր կորեական Չինջու քաղաքում՝ մայիսի 5-ից 13-ը։

Արտակարգ դեպք՝ Գյումրիում․ նռնակով զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել այն

Shamshyan.com-ի տեղեկություններով` քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կումայրիի բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները Գյումրի քաղաքի Մյասնիկյան 18 տան բակում կարողացել են պրոֆեսիոնալ ու գրագետ գործողությունների արդյունքում վնասազերծել մի քաղաքացու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ, 53-ամյա Համլետ Մ․-ն է, ով ունեցել է ընտանեկան խնդիրներ, և եթե ոստիկանները օպերատիվ չգործեին, հնարավոր է` նա նռնակը պայթեցներ։

Դեպքի փաստով Ոստիկության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախաքննության շահերից ելնելով՝ դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ չեն հրապարակվում։

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ձյուդոյիստ Արման Ադամյանին՝ աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոյիստ Արման Ադամյանին՝ 2023 թվականին Քաթարում կայացած ձյուդոյի աշխարհի առաջնությունում հաղթանակի կապակցությամբ։

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի կապակցությամբ։ Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում Դուք համոզիչ կերպով հաստատեցիք առաջատարի Ձեր հատկանիշները, դրսևորեցիք կամքը ու նոր վառ էջ բացեցիք ձյուդոյի ազգային դպրոցի հաղթական տարեգրության մեջ», — նշված է Պուտինի հեռագրում՝ հղված Արման Ադամյանին։

ՌԴ նախագահը հայազգի ձյուդոյիստին նոր նվաճումներ է մաղթել։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Արման Ադամյանը դարձել է ձյուդոյի աշխարհի առաջնության չեմպիոն՝ մինչև 100 կգ քաշային կարգում։

Մեքենայում ապօրինի պահվող ատրճանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները մայիսի 12-ին համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ժամը 19.45-ին Ակնալիճ-Տարոնիկ ճանապարհին հայտնաբերել, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Մեծամորի բաժին են տեղափոխել Ակնալիճ գյուղի 31-ամյա մի բնակչի՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով:

Բաժնում երիտասարդը հայտնել է, որ մեքենայի խցիկում պահում է ատրճանակ: Նա ոստիկաններին է ներկայացրել նշված ատրճանակը և հայտնել, որ այն ձեռք է բերել Մոսկվա քաղաքում և չունի համապատասխան փաստաթուղթ:

Հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

ԱՄՆ դեսպանը հանդիպել է անհետ կորած զինվորների ու գերեվարվածների ընտանիքի անդամներին

Դեսպան Քվինը հանդիպել է անհետ կորած զինվորների ու գերեվարվածների ընտանիքի անդամներին, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Գերեվարվածները պետք է հայրենադարձվեն, իսկ հակամարտության երկու կողմերում զոհվածների աճյունները հնարավորության դեպքում պետք է վերադարձվեն նրանց հարազատներին», — նշված է հաղորդագրության մեջ։

Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ, հայրենասեր մեր տղա. Կոտայքի մարզպետ

Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

«Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա։

Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի՝ մեր զինվորի կորուստը։ Փա՛ռք Նարեկին, համբերություն ընտանիքին ու մեզ բոլորիս։

Հավերժ խոնարհում հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր հայորդիներին», — գրել է մարզպետը։

Քանի իրավիճակի ապակայունացման պատճառներն առկա են, դրանք պարբերաբար արտահայտվելու են սահմանագծին. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Թուրքիան և այդ երկրում ընթացող գործընթացները մեծ ազդեցություն ունեն առաջնագծում տեղի ունեցող զարգացումների վրա, սակայն դրանք իրադրության այսպիսի ընթացքի միակ պատճառը չեն:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններում նկատելի խնդիրներն են, որ առաջին հերթին հետպատերազմյան իրավիճակում բերել են բախումների և ագրեսիայի:

Բանակցային առումով ՀՀ իշխանությունը շարունակում է զիջողականություն դրսևորել, սակայն Ադրբեջանի պահանջները շեշտակի աճում են:

Այն, ինչ տեղի է ունենում առաջնագծում վերջին 3 օրերին, ընդամենը դրսևորման ձև է:

Քանի իրավիճակի ապակայունացման պատճառներն առկա են, դրանք որոշակի պարբերականությամբ արտահայտվելու են սահմանագծին:
Իրադրության բարդությունից է կախված, թե դրանք ինչ մասշտաբի կլինեն և ինչպես կզարգանան»։

Առեղծվածային դեպք՝ Երևանում. դատաբժիշկը արձանագրել է խնամքի կենտրոնում բնակվող տղամարդու մահը, դին տեղափոխվել է դիահերձարան, բժիշկները վերակենդանացրել են նրան

Shamshyan.com-ի տեղեկություններով, մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում. 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Գ. Շամշյանը հայտնում է, որ խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատները կգնային հիվանդանոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է։

Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։