Պարգև արքեպիսկոպոսը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, անկարելի է նրա ապահով վերադարձը հայրենիք. Մայր Աթոռ

Պարգև արքեպիսկոպոսը գտնվում է բժիշկների հսկողության ներքո և, պայմանավորված առողջական վիճակով, անկարելի է նրա ապահով վերադարձը հայրենիք։ Մամուլում տարածված լուրին արձագանքելով՝ գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Պարգև արքեպիսկոպոսը գտնվում է բժիշկների հսկողության ներքո և, պայմանավորված առողջական վիճակով, անկարելի է նրա ապահով վերադարձը հայրենիք։ Սրբազան Հոր վաստակը Հայոց Եկեղեցու անդաստանում, հատկապես արցախյան ազատամարտում և անկախ Արցախի կայացման գործում նշանակալի է և անուրանալի։
Պետք է լինել արդարամիտ ու երախտագետ և անհնարինության պարագայում գեթ ձեռնպահ մնալ նման նյութերով մեր ժողովրդի կողմից սիրված և հարգված եկեղեցականին վարկաբեկելուց և նրա անձի հանդեպ նման տրամադրություններ ձևավորելուց։

Աղոթում ենք Սրբազանի շուտափույթ ապաքինման համար և սիրով սպասում Մայր Աթոռ նրա վերադարձին»,.-նշել է նա:

Կասեցվել է դեղորայքի մատակարարումը Արցախ, կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները

Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: Այդ մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

«Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:

Այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման: Հիվանդների տեղափոխում չի իրականացվում, գնալով այդ խնդիրը հրատապ է դառնում:

Ներկա դրությամբ կասեցվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախի Հանրապետության տարածք, բայց հուսանք այն շուտով կվերսկսվի:

Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհաստատություններում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ: Այս խնդրի լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրվում և հույս ունենք, որ կարճ ժամկետում Կարմիր խաչի անխափան տեղաշարժը կվերականգնվի», — նշված է հաղորդագրությունում։

Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին Արցախից հիվանդներ տեղափոխել Հայաստան

Ադրբեջանի իշխանությունը Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո արգելում է Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։

«Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ», — «Թվիթեր»-ում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Եղանակը Հայաստանում

Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 11-ի գիշերը եւ կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաեւ հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կբարձրանա մի քանի աստիճանով։ Երեւանում երեկոյան ժամերին առանձին վայրերում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։
Շիրակում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+21,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 17 + 21,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +23+25,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 17 + 21,

Լոռիում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 18 + 22,

Տավուշում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 22 + 25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 17 + 20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 21 + 26,

Արարատում՝ գիշերը՝ +13 + 16, ցերեկը՝ + 27 + 29,

Արմավիրում՝ գիշերը՝ +12 + 14, ցերեկը՝ + 26 + 28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+29,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 + 16, ցերեկը՝ + 24 + 31,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+24,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +11 + 15, ցերեկը՝ + 22 + 27։Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +25+27։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Հադրութի կենտրոնական գրադարանը

Ադրբեջանցիներն ավերել են բռնազավթված Հադրութ քաղաքի կենտրոնական գրադարանը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Վարսիկ Ամիրջանյանը, ով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում է նկատել, որ շինությունը բացակայում է:

«Հադրութի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել էր դեռևս 1932 թվականին: Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից երևում է, որ գրադարանի շենքից գրեթե ոչինչ չի մնացել», — ասել է գրադարանի տնօրենը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի տվյալներով, գրադարանի ֆոնդը կազմում էր մոտ 39 հազար 720 կտոր գիրք։ «Մոտ 750-800 ընթերցող ունեինք: Այս պահին գրքային ֆոնդից տեղեկություն չկա», — նշել է Վ. Ամիրջանյանը՝ հավելելով, որ դիմելու են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդին՝ ադրբեջանական մշակութային հերթական վանդալիզմի դրսևորման մասին միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար:

Գյումրիու բնակիչը սպանել է 54-ամյա տղամարդուն, հետո հետքերը թաքցնելու նպատակով դիակը նետել ջրափոսը

Մայիսի 5-ին, ժամը 09.00-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում դիակ կա:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նշված վայր մեկնած օպերատիվ խումբը ջրափոսում հայտնաբերել է նույն փողոցի 54-ամյա բնակիչ Աշոտ Ավագյանի դիակը՝ բերանքսիվայր ընկած, դեմքի վնասվածքով:

Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 4-ին նախկինում դատված գյումրեցի 44-ամյա տղամարդը Գոգոլի փողոցի իր տանը ոգելից խմիչքի ազդեցության տակ ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել Աշոտ Ավագյանին, ինչի հետևանքով նա մահացել է:

Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով 46-ամյա համաքաղաքացու հետ դիակը տեղափոխել և գցել են ջրափոսը:

44-ամյա և 46-ամյա տղամարդիկ կալանավորվել են:

Թանկանալու են բժշկական անխտիր բոլոր ծառայությունները, եթե չասեմ, որ նույնիսկ բժշկին տեսնելը

Բարեփոխումներ բառը ներկայիս կառավարիչներն օգտագործում են միայն քաղաքացիներից նոր փողեր կուտակելու համար։ Քաղաքացիներից փող քաշելու նոր թեման մարդու առողջությունն է։ Նոր տուրքեր բժիշկների համար, որոնք դժվար չէ կռահել թե ում գլխին են ջարդվելու։
Թանկանալու են բժշկական անխտիր բոլոր ծառայությունները, եթե չասեմ, որ նույնիսկ բժշկին տեսնելը։ Քաղաքացուց փող քաշելու համար անգամ մարդակենտրոն ոլորտները խոչընդոտ չեն։

Թուրքական կողմը Հայաստանին ասել է՝ իրենց համար հասկանալի չէ՝ ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին «Նեմեսիս»-ի հուշարձան բացել Հայաստանում

«Նեմեսիս»-ի հուշարձանի հարցը Անկարայում քննարկման առարկա է դարձել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հանդիպման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը։

Թուրքական կողմը, Թունյանի խոսքով, նշել է, թե իրենց համար հասկանալի չէ՝ ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին նման հուշարձան բացել Հայաստանում։

«Ալեն Սիմոնյանը պատասխանել է՝ եթե կա հարաբերությունները կարգավորելու կամք, ապա չենք կարծում, որ նման իրադարձությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար, որովհետև շատ ավելի կարևոր խոչընդոտներ են եղել ու, միգուցե, դեռ կլինեն», — նշեց Թունյանը։

Թե ինչ է լինելու հուշարձանի ճակատագիրը՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց՝ հարցի հասցեատերն ինքը չէ։

Նա ասաց, թե հայկական պատվիրակությանն ուղիղ տեքստով չի ասվել, որ պետք է հեռացվի հուշարձանը։

«Ամեն դեպքում, մենք հասկանում ենք, որ այդ արձանի բացումը որոշակի դժվարություններ է առաջացրել, ինչը, կարծում եմ, հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով», — հավելեց Բաբկեն Թունյանը։

Մայիսի 12-ին ժամանակավորապես կդադարեցվի Արարատի մարզի որոշ բնակավայրերի, Սևանի տարածաշրջանի մի շարք կազմակերպությունների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի ՈԿՖ բանավանի, Սուրենավան բնակավայրի, Արարատ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 12-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում գործող «ՎովՍամ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Լիհնիտիս» ՍՊԸ-ի և սեփականատեր Ալավերդյան Հովհանեսի գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:                 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Hyundai Sonata»-ն եւ «Keeway» մոտոցիկլետը. կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 07։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) և «Keeway» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Հ․ Ս․)։

Փրկարարները Հ․ Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։