Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Քուվեյթում է

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետը մայիսի 9-ին ժամանել է Քուվեյթ։

Հնգօրյա այցի շրջանակում նա պաշտոնական հանդիպումներ է ունենալու, այցելելու է Քուվեյթի հայկական կառույցներ, հանդիպելու եկեղեցիների առաջնորդների, ազգային մարմինների ու հարակից միությունների ներկայացուցիչների հետ։

Նիկոլ Փաշինյանն այս փուլում առանց թուղթ ստորագրելու իրականացնում է ադրբեջանցիների պահանջները. Արթուր Վանեցյան

Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, ցանկացած քայլի գնում է՝ իր իշխանությունը պահելու համար, փաստաթուղթ ստորագրելուց կա վտանգ, որ հանրությունը դուրս կգա փողոց և իր իշխանությանը վտանգ կսպառնա, ուստի Նիկոլ Փաշինյանն այս փուլում առանց թուղթ ստորագրելու իրականացնում է ադրբեջանցիների պահանջները, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Տեղ գյուղում տեղի ունեցածը դրա վառ օրինակն է։ Ինչ-որ մի օր իմացանք, որ ՀՀ ԶՈՒ կողմից պահպանվող տարածքից հայկական կողմը դուրս է եկել, և առանց մարտերի այդ տարածքը զբաղեցրել են ադրբեջանական զինված ուժերը։ Փաստացի զբաղեցրել են ՀՀ սուվերեն տարածքը»։

Արցախը կործանման տարանք մենք. բանակը վիրավորվել է, բայց չի մահացել, ի զորու է անսպասելի հրաշքներ գործելու. Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության խոսք է հղել մայիսյան եռատոնի առթիվ:

«Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի, թե գլորվեցի, նորից կկանգնեմ, քանի որ եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը» (Միքիա 7:8)

Սիրելի հայրենակիցներ,

Աստծուց ներշնչված այս խոսքերով է դիմում իր թշնամիներին Միքիա մարգարեն, երբ իր հայրենակիցների տառապանքը և երկրի ավերածությունը տեսնելով` Աստծուց փրկություն էր խնդրում իր ազգի համար: Բայց արդարության քարոզիչ լինելով՝ նա թշնամու առաջ ներկայացնում է նաև իրենց պարտության պատճառները. «Քանի որ մեղանչեցի Տիրոջ դեմ, համբերությամբ կտանեմ նրա բարկությունը, մինչև որ Նա արդարացնի իմ դատաստանը, իրավունք տա ինձ, ինձ հանի դեպի լույսը, և ես տեսնեմ Նրա արդարությունը» (Միքիա 7:9)։

Մայիսյան եռատոնը տարիներ շարունակ բոլորիս համար եղել է ուրախության և ուժի աղբյուր: Իհարկե, այսօր մենք չենք կարող ինքներս մեզ խաբելով նույն ոգևորությամբ տոնել և ուրախանալ, բայց չենք կարող նաև անտեսել և մոռանալ՝ այն պարզ պատճառով, որ ներկայի որևէ անհաջողություն չի կարող արժեզրկել անցյալում եղած սխրանքը, սերն ու նվիրումը: Ուստի, չնայած այդ տոները դադարել են մեզ համար ուրախության աղբյուր լինելուց, բայց չեն դադարել ուժի աղբյուր լինելուց:

Մեր հայրերը ամբողջական նվիրումով մասնակցեցին երկրորդ համաշխարհային պատերազմին: Պատմությունը հստակ ցույց է տվել, որ չարի ամենավտանգավոր գործիքներից մեկը, որով նա ավեր է գործում ամբողջ աշխարհում՝ ֆաշիզմն է, որը թե՛ հակամարդկային է և թե՛ հակաքրիստոնեական։ Ցավոք սրտի պատմությունն ունի մի անցանկալի հատկություն՝ կրկնվելու բնույթ, և պարտված չարիքը ժամանակ առ ժամանակ նորից գլուխ է բարձրացնում: Մենք նորից բախվեցինք ազգային ատելության ու դրա վայրենի դրսևորումների հետ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ թշնամին հաճույք էր ստանում անօգնական գերիներին խոշտանգելով, որովհետև նրանք իրենց ազգից չէին: Նացիզմի այդպիսի մի խայտառակ դրսևորում էր նաև Բաքվում բացված հաղթանակի պուրակը:

Մայիսի 9-ը նաև Արցախյան Շարժման անդրանիկ զավակի՝ Արցախի Պաշտպանության Բանակի ծննդյան օրն է, որը հերոսական ուղի անցնելով՝ հայ ժողովրդին նվիրեց հայրենի երկիր ազատագրելու ուրախությունն ու դարերով չիրականացված երազի իրականացումը։ Վերջին ծանր փորձությունից հետո Պաշտպանության Բանակը վիրավորվել է, բայց չի մահացել և ի զորու է անսպասելի հրաշքներ գործելու:

Եվ վերջապես արցախյան գոյամարտի «մատանու քարը» եղավ ազատագրված Շուշին: Որքան մեծ էր ուրախությունը այն օրերին, նույնքան և ավելի խորն է կորստի ցավը այսօր: Աստծո նախախնամությամբ օրվա ռազմական ու հոգևոր իշխանությունները որոշեցին Շուշիի ազտագրման օպերացիան սկսել Խաչի երևման տոնի օրը` հիշելով հենց այն պատգամը, որ Կոստանդիանոս կայսրը ստացավ Երուսաղեմի երկնքում Տիրոջ Խաչի նշանի հայտնությամբ`թե «Սրանով կհաղթես»: Մեր զինվորականնները և զինտեխնիկան իրենց վրա սպիտակ խաչի նշանն ունենալով հայոց բերդաքաղաքի ազատագրումը վերածեցին լեռներում կատարված մի մեծ հարսանիքի:

Հայրենիքի կերտման գործում հաղթանակ նվաճելը դեռ գործի կեսն է, մյուս կեսը այդ հաղթանակը պահելն ու դրան արժանի լինելն է։ Հաճախ մենք մեծարում ենք մեր նահատակներին և հաղթանակը ենթագիտակցորեն վերագրում միայն նրանց ու բավարարվում սրանով: Բնականաբար Նրանց զոհողությունն ամենամեծն է ու անգանահատելի, բայց նրանց բաժին գործը արդեն կատարված փաստ է, իսկ ապրողների գործը և պատասխանատվությունը մնում է ընթացքի մեջ, որպեսզի կարողանան պահել արյամբ ձեռքբերվածը: Ցավոք, շատ հաճախ հաղթում ենք արյունոտ պատերազմներում և պարտվում անարյուն պատերազմում:

Երբ մենք հավատարիմ եղանք Տիրոջ Խաչի խորհրդին, որ նշանակում է սեր առ Աստված և Հայրենիք, այն ժամանակ ունեցանք մեծ հաղթանակներ, բայց երբ խաղաղ ժամանակ հեռացանք Խաչի խորհրդից, մեզ վրա հասավ պատուհասն ու հայրենիքի կորուստը: Փոխանակ խոնարհությամբ ու արժանապատիվ կերպով Աստծուց մեզ շնորհված հաղթանակին տեր կանգնելու, մենք հպարտացանք, մեծամտացանք ու սկսեցինք վատնել մեր հաղթանակն ու ժամանակը: Կարող է խիստ հնչել, բայց Արցախը կործանման տարանք մենք, որ Աստծո օգնությամբ ազատագրել էինք Արցախը:

Բայց ոչինչ անհետ կորած չէ, և փրկություն միշտ էլ կա: Այսօր, մեր հարևանները չարի ձեռքին գործիք դարձած՝ փորձում են հենց չարի վաղեմի զենքերով ընկճել մեզ: Վախ, անորոշություն, հացի խնդիր և նյութական նեղություններ, որոնցով փորձում են մեզ ներքաշել քաոսի մեջ: Իսկ չարի դեմ մարտնչելու զենքերը մեզ համար միշտ էլ իրական են ու հասանելի. Հույս, Հավատ, Սեր, ահա սա է իրականում Խաչի ամբողջ իմաստն ու խորհուրդը և քաոսը հաղթահարելու զինանոցը: Ինչքան էլ տարբեր հարթակներում բանակցություններ լինեն, մենք որպես հավաքական ազգ, պիտի հասկանանք, որ առաջին հերթին պիտի հաջողենք Աստծո հետ բանակցություններում, իսկ Աստված դիվանագիտորեն չի բանակցում, այլ պարզ և հստակ. «Դարձեք դեպի ինձ, և ես կդառնամ դեպի ձեզ»: Ինչքան էլ փակ լինեն բոլոր ճանապարհները և բոլոր դռները, Աստծո ողորմության դուռը միշտ բաց է, իսկ բանալիները մեր ձեռքում:

Ուստի սիրելիներ, վերաիմաստավորելով մեր անցած հաղթանակները, հավատով ու հույսով լցվենք մեր ապագայի հանդեպ, ապավինենք Աստծուն և մեր միասնական բազկի ուժին, ու ժամագրքի աղոթքով առ Աստված դիմենք ասելով. «Թագավոր խաղաղության, մեր անձերի Փրկիչ՝ Քրիստոս Աստված մեր, պարսպած պահի՛ր Քո ժողովրդին, սուրբ և պատվական Խաչիդ հովանուներքո՝ խաղաղությանդ մեջ, փրկի՛ր տեսանելի և անտեսանելի թշնամուց,և արժանի արա գոհությամբ Քեզ փառավորելու՝ Հոր և Սուրբ Հոգու հետ. այժմ և հավիտյաններում: Ամեն»։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Մայիսի 9-ի կեսօրից հետո, 10-12-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում մայիսի 9-ի երեկոյան ժամերին, 13-14-ը սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Եթե մի երկրում կա 5-րդ շարասյուն, ապա իրավապահ համակարգն ի՞նչ է անում. Արթուր Վանեցյան

Արդեն անիմաստ եմ համարում մեկնաբանել այն անհեթեթությունները, որոնք արտահայտում են այս իշխանությունները, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով իշխանությունների կողմից հնչեցված 5-րդ շարասյան թեմային։

«Երկիր, պետություն, իրավապահ համակարգ. պատերազմից անցել է շուրջ 3 տարի, մինչ օրս մեղավորներ են ման գալիս։ Մի փուլում էլ փորձեցին ասել, թե Շուշիի հանձնման մեղավորներից մեկն էլ ես եմ, ասում էին՝ պետք է նստի, դատվի։ 3 տարի անցել է, ինպես տեսնում եք, ոչ մի բան չկա։ Եթե մի երկրում կա 5-րդ շարասյուն, ապա իրավապահ համակարգն ի՞նչ է անում։ 3 տարին, հավատացեք, շատ մեծ ժամանակահատված է, որպեսզի, այսպես կոչված, 5-րդ շարասյունը բացահայտվի», — ասաց Վանեցյանը։

Նրա գնահատմամբ, այս պարտության ընթացքում ամենամեծ դավաճանությունները գործել են գործող իշխանությունները։

«Նրանք անպայման դրա համար պետք է պատասխան տան», — նշեց Արթուր Վանեցյանը։

Մենք հաղթանակի սերունդ ենք և պարտավոր ենք ոչ միայն պահել, այլև սերունդներին հանձնել նորօրյա, զարգացող ու հզորացող երկիր

Կար ժամանակ, երբ մայիսի 9-ը, թե´ Շուշիում, թե´ Երևանի կենտրոնում նշվում էր մեծ շքերթով, մարդիկ Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններից գնում էին Շուշի կամ հասնում Երևան` բաց չթողնելու այդ շքերթները:
Հենց նախկինների օրոք էր այս օրը տոն, հենց նախկինների շնորհիվ էր այս օրը մեծ հպարտությամբ նշվում, սակայն այս իշխանությունները մեզնից գողացան մեր հաղթանակները, հանձնեցին Սերժ Սարգսյանի և իր մարտական ընկերների կողմից ազատագրված տարածքները, որոնց մեջ է նաև Շուշին:
«Հարսանիք լեռներումը» թույլ տվեց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին ծածանել եռագույնը:
Անզիջում պայքարով հասանք ազատ ու անկախ Հայաստանի կերտմանը։ Մենք հաղթանակի սերունդ ենք և պարտավոր ենք ոչ միայն պահել, այլև սերունդներին հանձնել նորօրյա, զարգացող ու հզորացող երկիր։
Հայոց բանակին անուն կպցնող, բանակը պարտության տարած, սխալ արտաքին ու ներքին քաղաքականություն վարած մարդիկ ովքեր միայն գերեզմաններ են մեծացրել, մեզանից խլել են մեր հաղթանակները պետք է ստանան արժանի պատիժ:

Այո՛, ծանր է մեր վիճակը, բայց մենք դիմանում ենք. Ռուբեն Վարդանյան

Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաքը, որը նախաձեռնել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանրահավաքին հայտարարեց, որ էլի հաղթանակներ ենք տոնելու:

«Շատ շնորհակալ եմ, որ այս կազմակերպիչ երիտասարդներն ինձ հրավիրեցին ելույթ ունենալու իրենց հետ: Սա այսօրվա Արցախի ամենակարևոր օրերից է: Ես վստահ եմ, որ միայն դուք՝ երիտասարդներդ, կարող եք կերտել արժանապատիվ ապագա ձեր և ամբողջ Արցախի համար: Ես վստահ եմ՝ մենք լինելու ենք արժանապատիվ հայ, արժանապատիվ արցախցի և մենք պահելու ենք այդ արժանապատվությունը, չնայած բոլոր դժվարություններին: Մենք քննարկման ժամանակ նշել ենք բոլոր կարմիր գծերը, որոնք անընդունելի են արցախցիների համար: Դրանք 6-ն են: Ապրելի 23-ին Ադրբեջանը խախտեց այդ կարմիր գծերը», — նշեց նա:

Ռուբեն Վարդանյանն ավելացրեց, որ միակ տարբերակը մնացել է պայքարը.«Ոչ ոք իրավունք չունի սահմանափակելու մեր ազատ մուտքն ու ելքը դեպի Հայաստան: 149 օր մենք շրջափակման մեջ ենք, մենք չունենք գազ, լույս, դուք գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը, մենք մեծ քանակի խնդիրներ ունենք, սակայն մենք դիմանում ենք: Այո՛, ծանր է մեր վիճակը, բայց մենք դիմանում ենք: Պետք է ասել ոչ օկուպացիային: Մենք պաշտպանում ենք մեր տունը, մեր քաղաքներն ու գյուղերը, գերեզմանները, մեր իրավունքը՝ ապրելու մեր հողերի վրա: Մենք ոչ ոքի վրա չենք ուզում հարձակվել, պարզապես ուզում ենք հանգիստ ապրել մեր հողի վրա: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց դրանք չպետք է լինեն Ադրբեջանի քմահաճույքով»:

Մեր պարտության հիմնական պատճառն այն էր, որ բանակցային գործընթացը տապալվեց և ոչինչ չարվեց պետությունը ռազմական ռելսերի վրա դնելու համար. Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իշխանության այն հայտարարություններին, թե պատերազմում տարածքներ կորցնելը նաև պայմանավորված է եղել նրանով, որ որոշ տարածքներ բնակեցված չեն եղել:

«Հայ ժողովրդի պատմության նորագույն ժամանակահատվածում մենք ձեռք ենք բերել անկախություն և պատերազմում հաղթանակ ենք տարել, Հայաստանն ու Արցախը կուռ ինտեգրված, տարբեր ոլորտներում միասնական զարգացումն ապահովել են: Իհարկե, բազմաթիվ թերություններ են եղել, բայց դա չի նշանակում, որ չենք պայքարել անկախության համար, ամեն ինչ չի արվել, որպեսզի բանակցային գործընթացն առաջ մղվի: Պարտության հիմնական պատճառն այն է եղել, որ բանակցային գործընթացը տապալվեց, երկիրը մտավ պատերազմի մեջ և այդ ժամանակ ոչինչ չարվեց պետությունը ռազմական ռելսերի վրա դնելու, բանակին աջակից լինելու, բանակի թիկունքը պահելու, այն համալրելու համար, նաև պատերազմը կանգնեցնելուց հետո ՀՀ տարածքային անվտանգությունը ապահովելու համար:

Եթե դրա մասին խոսում են այսօրվա իշխանությունները, ապա հիմնական պատասխանատուներն իրենք են», — նշեց նա:

Անդրադառնալով օտարերկրյա գործակալներին՝ Օհանյանը նշեց, որ խելացի պետության մեջ, եթե լինում են այլ երկրների գործակալներ, ոչ թե միանգամից հայտնում են այդ գործակալների մասին, այլ փորձում են այդ գործակալների հետ աշխատել եւ այդ ամենն ուղղել հակառակ կողմի վրա:

Բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չունենք. ԱԽ քարտուղար

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չունեն, լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն 29800 քկմ-ի արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծումն է», — ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի տարրերի պահպանումն այսօր չի հաջողվում.

«Օրինակ, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանը Լաչինի միջանցքում ներկա չպետք է լինի, բայց այս պահին ներկա է։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ունենանք միջազգային երաշխավորների ինստիտուտ, որով կլուծենք նման հարցերը»։

ԱԽ քարտուղարը նշեց, թե այս պահին բանակցություններն, ընդհանուր առմամբ, երկկողմ են, միջնորդները փորձում են օգնել, որպեսզի առաջընթաց գրանցվի։

«Հայաստանի համար տարբերություն չկա, թե որ կողմում են դրանք ընթանում»։

Հարգանքի տուրք՝ պատերազմում հաղթանակած հերոսների հիշատակին

Հարգանքի տուրք՝ պատերազմում հաղթանակած հերոսների հիշատակին
Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հաղթանակի և խաղաղության տոնի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակի առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողին: