Սերժ Սարգսյանը հետևել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի 6-րդ խաղափուլի ընթացքին

Հայաստանի շախմատի Ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը այսօր հետևելու էին եկել Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի 6-րդ խաղափուլի ընթացքին։ Այս մասիմ հայտնել է ֆեդերացիան։

«Նշենք, որ մայիսի 2-ից 12-ը ընթացող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից և Հայաստանից։

Դե իսկ 6-րդ խաղափուլի ընթացքում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝ Արթուր Դավթյանը հաղթեց Թայ Դայ Վանի Նգույենին, իսկ Նոդիրբեկ Յակուբբոյեվը՝ Ս.Լ. Նարայանանին:

Մնացած պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝

Անդրեյ Եսիպենկո — Ռոբերտ Հովհաննիսյան
Ամին Տաբատաբայ — Ֆրեդերիկ Սվանե
Սամուել Սեվիան — Հայկ Մարտիրոսյան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Եթե չլիներ Ռուսաստանը, ապա այսօր Ստեփանակերտը չէր լինի այն տեսքով, որով կա․ Կոպիրկին

Չնայած հետզհետե բարդացող պայմաններին, պետք է հստակ հասկանալ, որ եթե չլիներ Ռուսաստանը և չլիներ ռուս խաղաղապահների մուտքը, ապա այսօր Լեռնային Ղարաբաղի մի հատվածը՝ Ստեփանակերտը, չէր լինի այն տեսքով, ինչպիսին որ կա, «Սպուտնիկ Արմենիա»-ի  հետ զրույցում այս տեսակետն է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով հայաստանյան քաղաքական և տեղեկատվական շրջանակներում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հասցեին հնչող քննադատական հայտարարությունները։

«Ես հասկանում եմ, որ բնակչությունը հիասթափության որոշակի զգացում ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂ-ում ինչ-որ ուժային գործողություններ են տեղի ունենում, Լաչինի միջանցքն այժմ արգելափակված է։ Ռուսաստանն ի սկզբանե հստակ դիրքորոշում է հայտնել այդ առթիվ, որ դա հակասում է եռակողմ հայտարարությանը», — ասել է Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով` իրականացվում է շարունակական աշխատանք, և խաղաղապահ զորակազմի նոր ղեկավարությունն ամեն ինչ անում է տվյալ խնդիրը լուծելու համար։

Դեսպանը կոչ է արել  ըմբռնումով մոտենալ այն իրողությանը, որ խաղաղապահների գործառույթները սահմանափակ են, նրանք քաղաքական գործիչներ կամ գերագույն դատավորներ չեն։

«Խաղաղապահները օկուպացիոն ուժ չեն ինչպես հետպատերազմյան Գերմանիայում, երբ կար պարետատուն, որտեղ որոշումներ էին կայացվում: Խաղաղապահների գործառույթները բոլորովին այլ են: Ես միանգամայն համոզված եմ, որ ամենակարևոր հարցում խաղաղապահները պատշաճ կերպով կատարում են իրենց գործառույթը։ Այլ բան է, որ առաջանում են խնդիրներ, որոնք պահանջում են քաղաքական լուծում` եռակողմ հայտարարության ներքո ստորագրած բոլոր կողմերի մասնակցությամբ։ Այստեղ պետք է համատեղ ջանքեր գործադրվեն։ Այդ հիմքի վրա էլ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես աշխատում է առկա խնդիրների լուծման ուղղությամբ։ Հեշտ չէ, բայց աշխատանքը շարունակվում է»,- ընդգծել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը։

«Նիկոլ դավաճան» վանկարկած քաղաքացու ձերբակալման դեմ բողոքի քննությունը նշանակվել է մայիսի 11-ին

Հասցեատիրոջ երեսին «դավաճան» գոչելուց հետո «սառը զենք կրելու» կասկածով մեկ ու կես ժամով ազատությունից զրկված Սամվել Վարդանյանի ձերբակալման դեմ մեր բողոքի քննությունը նշանակվել է մայիսի 11-ին ժամը 11:30-ին՝ Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Ավելի վաղ Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ ապրիլի 25-ին երիտասարդ տղամարդու, ձերբակալել են վարչապետի աթոռը զբաղեցնողին փողոցում դեմ առ դեմ «նիկոլ-դավաճան» կոչելու համար։ Դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովայի փողոցում:

Սևանցի 50-ամյա տղամարդը խոստովանել է, որ ինքն է սպանել 85-ամյա մորը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Սևան քաղաքի 85-ամյա բնակչուհու սպանության մի շարք հանգամանքներ: Վերջինիս որդին ձերբակալվել է:

2023թ. մայիսի 6-ին՝ ժամը 20:55-ին, «Սևան» ԲԿ է զանգահարել Սևան քաղաքի վերոնշյալ բնակչուհու որդին և հայտնել, որ մայրը իրենց տանը հանկարծամահ է եղել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ դիակի վրա՝ մասնավորապես դեմքի ու պարանոցի շրջանում, հայտնաբերվել են կապտուկներ և արյունազեղումներ, վնասվածքներ են հայտնաբերվել նաև դիակի վերին և ստորին վերջույթների վրա:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 50-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել մորը և ձեռքերով պարանոցը սեղմելու եղանակով խեղդամահ արել վերջինիս:

50-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Տուժողի որդին հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 50-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Գագիկ Ծառուկյանի հանդեպ հետապնդումները սկսել են 2020 թվականի հայտնի ելույթից հետո. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի հանդեպ հետապնդումները սկսել են 2020 թվականի հայտնի ելույթից հետո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ-ական գործիչ Իվետա Տոնոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ գործի քննությունը։

Հասկանում եմ Գագիկ Ծառուկյանի անձի նկատմամբ լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը և հարգում եմ իմ գործընկերների մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ցանկացած եղանակով իրենց հուզող հարցի պատասխանը ստանալու ցանկությունը, սակայն պետք է ընդունենք, որ դատարանն ամենահաճելի միջավայրը չէ տարբեր ոլորտների ու հարցերի վերաբերյալ տեսակետներ հստակեցնելու համար, այն էլ դատական նիստի մեկնարկից վայրկյաններ առաջ: Լրատվամիջոցների իմ գործընկերներին առաջարկում եմ հետագայի համար միասին քննարկել արդյունավետ ձևաչափ՝ ձեզ հուզող հարցերի հստակ և տարընթերցումների տեղիք չտվող պատասխանները ստանալու համար:

Վերադառնալով բուն քրեական գործին, պետք է ասեմ, որ իմ անձնական կարծիքով Գագիկ Ծառուկյանի հանդեպ հետապնդումները սկսել են 2020 թվականի հայտնի ելույթից հետո, որտեղ նա հայտարարեց, որ երկրում բազմաթիվ գործընթացներ գնում են սխալ ուղղությամբ և այդ տեմպերով շարունակվելու դեպքում երկիրը կանգնելու է պատերազմի առաջ, ինչը և տեղի ունեցավ»։

Հիշեցնենք, որ այսօր դատարանի բակում Գագիկ Ծառուկյանը լրագրողների հարցերին ի պատասխան ասել էր՝ «անկապ հարցեր մի տվեք» և խնդրել էր, որ իրեն ուղղեն «խորիմաստ» հարցեր։

Եղանակը Հայաստանում

Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաեւ ՝ հարավ-արեւմտյան քամու ուժգնացում ՝ 15-20 մ/վրկ։ Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +21+23։

Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 13 + 15,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +19+21,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2 + 7, ցերեկը՝ + 10 + 14,

Լոռիում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 12 + 15,

Տավուշում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 16 + 19,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 12 + 14,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+22,

Արարատում՝ գիշերը՝ +11 + 13, ցերեկը՝ + 22 + 24,

Արմավիրում՝ գիշերը՝ +10 + 12, ցերեկը՝ + 22 + 24,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 15 + 17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +23+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+22,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 14 + 17,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +10 + 14, ցերեկը՝ + 16 + 21։

Արցախի հերոս Սերժ Սարգսյանի կողմից հաստատված օպերացիայի շնորհիվ մայիսի 9-ը գրվեց հայոց պատմության էջերում` որպես Շուշիի ազատագրման օր

1992 թվականի այս օրը` մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին:
Շուշիի ազատգրման օպերացիան ստացել էր «Հարսանիք լեռներում» անվանումը, որը հաստատվել էր Սերժ Սարգսյանի կողմից: Այդ օպերացիան վճռորոշ էր հետագա բոլոր գործընթացների համար:
Շուշի բերդաքաղաքի ազատագրումը արմատական բեկում մտցրեց Արցախյան ազատամարտում, և, նաև պաշտպանության կեմիտեի ղեկավարի շնորհիվ հնարավոր եղավ բեկել Արցախյան ազատամարտի ելքը` տանելով նոր հաղթանակներ:
Արցախի հերոս Սերժ Սարգսյանի կողմից հաստատված օպերացիայի շնորհիվ մայիսի 9-ը գրվեց հայոց պատմության էջերում` որպես Շուշիի ազատագրման օր:
Մինչև այս դավաճանների իշխանության գալը, մայիսի 9-ը նշվում էր հատուկ տոնակատարությամբ. հրապարակ էին մտնում այն զենքերն ու զինտեխնիկան, որոնց միջոցով կերտվել են մեր հաղթանակները, իսկ սրանց իշխանության գալուն պես մենք կորցրեցինք Շուշին ու մեր բոլոր հաղթանակները:
Շուշին հայկական է և միշտ հայկական է մնալու:

Նորոգվում են «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնն ու թիվ 8 պոլիկլինիկայի «Կիլիկիա» մասնաճյուղը

Ընթացքում է Երևանի թիվ 5 պոլիկլինիկայի հիմնանորոգման ու բակի բարեկարգման և թիվ 12 պոլիկլինիկայի վերանորոգման ծրագիրը: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 8-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգվարական խորհրդակցության ժամանակ:

Կառավարության աջակցությամբ էլ նորոգվում են «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնն ու թիվ 8 պոլիկլինիկայի «Կիլիկիա» մասնաճյուղը:

Ավարտական փուլում է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի հիմնանորոգումը:

Երևանում երիտասարդների մոտ զենք են գտել, նրանցից 1–ը փախչելիս ընկել է և վնասվածքներ ստացել

Երևանի Չարենցի փողոցում 28-ամյա և 37-ամյա երիտասարդների են ձերբակալել, որոնց մոտ հայտնաբերվել են զենքեր և փամփուշտներ։

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանները Չարենցի փողոցում գիշերը ժամը 02։25-ին հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա և 37-ամյա երկու երիտասարդի՝ «Հունդաի» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են կարճեցված փողով 2 հրազեն և «Վինչեստր» տեսակի հրացան, իսկ 37-ամյա վարդենիսցի վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի 4 փամփուշտ:

Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին

Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին
Այսօր՝ ագրեսոր թշնամու դեմ Արցախյան ազատամարտում հերոսաբար պայքարած և ազգային բանակի միջուկը դարձած Երկրապահի, ինչպես նաև 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Ստեփանակերտի պաշարման ավարտի օրը, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
Հավերժ փա´ռք Հայրենիքի նվիրյալ նահատակներին,
Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին: