Մյասնիկյան փողոցում հրազենով սպանության մեղադրանքով կալանավորվել է Արտաշատ քաղաքի 41-ամյա բնակիչ

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական, վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում կատարված սպանության էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2023թ. ապրիլի 30-ին` ուշ երեկոյան, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի դիմաց արնահոսող, անգիտակից վիճակում, գետնին ընկած տղամարդու դի էր հայտնաբերվել՝ գլխի շրջանում առերևույթ հրազենային վնասվածքով:

Պարզվել է, որ սպանվողը նույն շենքի բնակիչ Ս.Վ.-ն է։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու հատ պարկուճ, շքամուտքի դռան վրայից առերևույթ հրազենային զենքից կրակված գնդակի բեկոր, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:

Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։

Առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց շուրջ իրականացվել են համակարգված և անհետաձգելի լայնածավալ վարույթային և ապացուցողական, օպերատիվ-հետախուզական գործողություններ։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Երևան քաղաքի Սարալանջի փողոցի աջակողմյան հատվածում միմյանցից տարբեր հեռավորությունների վրա, հայտնաբերվել են հանցագործության գործիք ատրճանակը, ատրճանակի փողատուփի կափարիչը, փամփշտատուփը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի վերարկուն և գլխարկը, որոնք վարույթն իրականացնող մարմնի կողմից վերցվել են:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Արտաշատ քաղաքի 42-ամյա բնակիչ Գ.Հ.-ն է:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինս 2023 թվականի ապրիլի 30-ին Nissan մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել Հերացի փողոցում գտնվող դպրոց, որտեղ սպասել է տուժողին: Երբ վերջինս մոտեցել է իր բնակության հասցեին, մոտեցել է նրան, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից երկու անգամ կրակել է վերջինիս ուղղությամբ և դիմել փախուստի:

2023 թվականի մայիսի 2-ին՝ Գ. Հ.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետի տարածքում: Վերջինս ձերբակալվել է վերը նկարագրված հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքացին ընկել է 20 մետր խորությամբ ձորը. վիճակը ծանր է. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 5-ին, ժամը 11։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի լճերից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է քարափից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

քարտուղար Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով, երեկ՝ մայիսի 4-ին, ֆեյսբուքյան որոշ օգտատերերի գրառումներին, որոնցում ասվում էր, որ ադրբեջանական կողմը կրակել է Ջերմուկի դիրքերի ուղղությամբ։
Պարզվել է, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում Ց․ Ս․-ն (ծնված 2000 թ․) ժայռից ընկել է մոտ 20 մ խորությամբ ձորը։

Փրկարարները տուժածին մոտ 150 մ պատգարակել են դեպի ձորում գտնվող օժանդակ տրանսպորտային միջոց, որով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածը հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2023

Մայիսի 2-ից 12-ը «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում տեղի է ունենում Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2023 միջազգային շրջանային մրցաշարը:

Մրցաշարը անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով: 

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, «Ջերմուկ Աշխարհ» հյուրանոցի տնօրեն Կարեն Ավագյանը, ինչպես նաև Ջերմուկի քաղաքապետը և փոխքաղաքապետը։

Մրցաշարի մասնակիցներն են՝ 
ՄԳ Սամուել Սեվիան՝ 2684
ՄԳ Անդրեյ Եսիպենկո՝ 2679
ՄԳ Ամին Տաբատաբաի՝ 2677
ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 2675
ՄԳ Ս. Լ. Նարայանան՝ 2660
ՄԳ Թայ Դայ Վան Նգուեն՝ 2645
ՄԳ Նոդիրբեկ Յակուբոև՝ 2630
ՄԳ Ֆրեդերիկ Սվանե՝ 2600
ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2596
ՄՎ Արթուր Դավթյան՝ 2506

Մրցանակային ֆոնդը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ: 

Եղանակը Հայաստանում

Մայիսի 6-ի երեկոյան Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ ամպրոպի ժամանակ արեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա, սակայն կիրակի օրը կրկին կսկսի նվազել։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +25+27։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 16 + 21,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 16 + 19,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +7 + 9, ցերեկը՝ + 21 + 24,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +1 + 5, ցերեկը՝ + 16 + 19,

Լոռիում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 20 + 23,

Տավուշում՝ գիշերը՝ +5 + 10, ցերեկը՝ + 23 + 26,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 16 + 18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6 + 11, ցերեկը՝ + 21 + 25,

Արարատում՝ գիշերը՝ +9 + 12, ցերեկը՝ + 25 + 28,

Արմավիրում՝ գիշերը՝ +8 + 10, ցերեկը՝ + 25 + 27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 17 + 20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +26+28,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9 + 12, ցերեկը՝ + 27 + 30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3 + 7, ցերեկը՝ + 20 + 23,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +9 + 11, ցերեկը՝ + 23 + 28։

Նեղոցի դպրոցին հարակից ճանապարհին տեղադրվել է արագաչափ. Թույլատրելի արագությունը՝ 60 կմ/ժամ. Այն կգործի մայիսի 15-ից

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Նեղոց բնակավայրի հիմնական դպրոցին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է 2023 թվականի մայիսի 15-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքը՝ բեսթսելերների շարքում է, այն կվերահրատարակվի

ՀՀ երրորդ նախագահի ելույթների, ուղերձների, հարցազրույցների ժողովածուն՝ «Բանակցային առաջնագծում» գիրքը, ըստ «Բուկինիստ» գրախանութի, մարտ ամսվա բեսթսելերներից է և ամենաշատ վաճառված գրքերի շարքում 1-ինն է: Այս տեղեկությունը «Բուկինիստը» հրապարակել էր դեռևս անցած ամսվա սկզբին։

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնելով փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ մարտի վաճառքների, այսօր իր հերթին արձանագրել է, որ առաջին տեղում է Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքը:
«Անշուշտ, ուրախալի է փաստել, որ լույս ընծայումից հետո, չափազանց կարճ ժամանակահատվածում, ժողովածուն այսպիսի մեծ պահանջարկ ունի:

Նկատի առնելով, որ «Զանգակ»-ում և մյուս բոլոր գրախանութներում ևս կամ ամբողջությամբ սպառվել է, կամ գրքի շատ քիչ քանակ է մնացել վաճառքում, իսկ գրքով հետաքրքրվող՝ գրասենյակ դիմողների թիվը բավականին մեծ է, հրատարակիչը և ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը որոշել են վերահրատարակել ժողովածուն:

Գործն ընթացքի մեջ է, և շատ շուտով գրախանութները կհամալրվեն գրքի նոր խմբաքանակով»,- հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

Հայտնաբերվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին կրակած անձը․ 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Մայիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցի կրթահամալիրի պատուհանին կրակոցի հետքեր կան:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ապրիլի 15-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ ատրճանակով դիտավորությամբ վնասել է կրթահամալիրի պատուհանների ապակիները՝ պատճառելով 200.000 դրամի վնաս:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Բաբաջանյան փողոցի 17-ամյա բնակիչը: Նա մայիսի 4-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

«Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված հողամասն օտարվել է շուկայականից մոտ 4.4 մլրդ դրամով պակաս

Երևան քաղաքի Սարալանջի 1 հասցեում գտնվող նախկին «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ հանձնված 31780,0 քմ ընդհանուր մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը կազմել է 805 մլն 623 հազար դրամ, իսկ շուկայականին մոտարկված արժեքը՝ 4 մլրդ 430 մլն 926 հազար 500 դրամ՝ 2004 թվականի հունվարի 16-ին օտարվել է 62 մլն 973 հազար 405 դրամով:

Դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում, առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2004 թվականին Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ 2004 թվականի հունվարի 16-ին Երևանի քաղաքապետը, խախտելով «Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշումը, ինչպես նաև Հողային օրենսգրքի պահանջները, պետական սեփականություն հանդիսացող՝ նախկին «Երիտասարդական պալատ» ՊՓԲ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված Սարալանջի 1 հասցեում գտնվող 31780,0 քմ մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը 805 մլն 623 հազար դրամ է, իսկ շուկայականին մոտարկված արժեքը՝ 4 մլրդ 430 մլն 926 հազար 500 դրամ, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքից էականորեն պակաս գնով՝ 62 մլն 973 հազար 405 դրամով, առանց օրինական հիմքերի օտարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Բացի այդ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով 2011 թվականին «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը կադաստրային արժեքով օտարվել են նաև Սարալանջի 1 հասցեում գտնվող 53.0 քմ և 4854.86 քմ մակերեսներով հողամասերը, մինչդեռ դրանցից 53.0 քմ մակերեսով հողամասը, համաձայն Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ-ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2005 թվականի գրության, ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ենթակա չի եղել օտարման:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, նոտարի, ինչպես նաև այլ անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպք՝ 2023 թվականի ապրիլի 20-ին դատախազի կողմից առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի ապրիլի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք կատարելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի մայիսի 5-ին, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, հայց է ներկայացրել Վարչական դատարան:

Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են երկու «ՎԱԶ»-երը. 5 տուժածներից մեկն անչափահաս է

Մայիսի 5-ին, ժամը 07։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է օգնություն։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Հ․ Ռ․-ն (ծնված 1996 թ.), Ա․ Թ․-ն (ծնված 1988 թ.), Խ․Ո․-ն (ծնված 2006 թ․) և Հ․Ա․-ն (ծնված 1960 թ.) տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ Հ․Ռ․-ի և Ա․Թ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Խ․Ո․-ինը՝ միջին ծանրության, իսկ Հ․Ա.-ինը՝ բավարար։

Փրկարարները «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ․ Վ․-ին (ծնված 2002 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

«Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ գոտում հայտնաբերվել է տղամարդու դի․ Shamshyan.com

Մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում. ժամը 22։55-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի «Ավիաբուժ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սահմանապահ գոտում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Խաչատուր Խ․-ն է, ով Երևան-Մինվոդի չվերթի հաշվառումից հետո անցել է սահմանապահ գոտի, որտեղ էլ ինքնազգացողությունը վատացել է և գրանցվել նրա կենսաբանական մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։